2 Մակաբայեցիներ


1 «Եգիպտոսի կողմերում ապրող հրեայ եղբայրներին ողջո՜յն Երուսաղէմի ու Հրէաստանի հրեայ եղբայրներից։ 2Աստուած թող ձեզ յարատեւ խաղաղութիւն պարգեւի, յիշի իր հաւատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ կնքած ուխտը, 3ձեզ տայ սիրտ, որ ըստ ամենայնի պաշտէք իրեն, յօժարակամ ու սրտանց կատարէք նրա կամքը, 4իր օրէնքների ու հրամանների համար բաց անէք ձեր աչքերն ու ձեր սրտի ականջները, խաղաղութիւն հաստատէք, եւ նա էլ լսի ձեր խնդրանքները, 5բարեհաճ լինի ձեր նկատմամբ, ձեզ չլքի նեղութեան ժամանակ։ 6Ահա այժմ մենք աղօթում ենք ձեզ համար։ 7Դեմետրիոսի թագաւորութեան օրօք, հարիւր վաթսունինը թուականին մենք՝ հրեաներս, գրեցինք եւ ուղարկեցինք ձեզ այս աղօթքը այն ժամանակ, երբ նեղութիւն է հասել մեզ վրայ, այն ժամանակ, երբ Յասոնն ու նրա հետ եղածները հրաժարուել են սուրբ հողից ու թագաւորութիւնից, 8կրակի մատնել տաճարի դարպասը, անմեղ արիւն թափել։ Այս աղօթքը մենք մատուցեցինք Տիրոջը, եւ նա լսեց մեզ. մենք ուխտ կատարեցինք, մատուցեցինք խունկ ու ընտիր ալիւրի ընծաներ եւ ամենօրեայ հաց։ 9Արդ, Տաղաւարահարաց տօնը կատարեցէ՛ք Քասղեւ ամսին։ 10Սա գրուեց հարիւր ութսունութ թուականին»։ 11«Երուսաղէմացիները, Հրէաստանի ծերակոյտը եւ Յուդան ողջունում են ու խաղաղութիւն մաղթում Պտղոմէոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծուած քահանաների ցեղից է, ինչպէս նաեւ Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։ 12Մենք՝ Աստծու շնորհիւ մեծամեծ փորձութիւններից փրկուածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետեւ մենք թէեւ թագաւորի դէմ պատերազմելու պատրաստութիւն էինք տեսել, բայց նա ինքը հետապնդեց նրանց, 13ովքեր եկել, շրջափակել ու պաշարուած էին պահել սուրբ քաղաքը, 14որովհետեւ երբ Ատիոքոս թագաւորն ինքը անթիւ-անհամար զօրքերով յարձակուել էր պարսից կողմերի վրայ, նրանք ընկել-կոտորուել էին Նանէի տաճարի շուրջը, նրանց դէմ խորամանկ դաւ էին լարել Նանէի տաճարի քրմերը, 15իբր Անտիոքոսն ինքը եկել էր այդտեղ, երբ ուզում էր բնակուել այդտեղ, իսկ իր հետ եղած բարեկամները մտադրուել էին այդտեղի բոլոր գանձերը վերցնել իբրեւ օժիտ։ 16Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրել էին նրա առաջ, եւ նա համաձայնել էր ներս մտնել սակաւաթիւ մարդկանցով։ Երբ նա հասած է եղել սրահի մէջտեղը, յանկարծ փակել են պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտած է եղել Անտիոքոսը, 17բացել են առաստաղի տակ գտնուող գաղտնի պատուհանները եւ սկսել այնտեղից մեծ-մեծ քարեր նետել եւ տեղնուտեղը սպանել են առաջնորդին ու զինուորներին։ Ներսում նրանց կտոր-կտոր անելուց յետոյ կտրել են նրանց գլուխները եւ պարսպից շպրտել զօրքերի մէջ։ 18Այս ամենի համար օրհնեալ է ամբարիշտներին պատժող Աստուածը։ 19Արդ, երբ ուզեցինք Քասղեւ ամսի քսանհինգին մաքրել տաճարը, յարմար գտանք այդ մասին յայտնել նաեւ ձեզ, որպէսզի դուք եւս կատարէք Տաղաւարահարաց ու կրարի տօնը այնպէս, ինչպէս Նէեմին, որը տաճարն ու սեղանը կառուցելուց յետոյ այնտեղ զոհեր էր մատուցում։ 20Երբ մեր հայրերին քշում էին պարսից կողմերը, կրօնասէր քահանաները զոհասեղանից գաղտնի կրակ վերցրին եւ տարան թաքցրին մի անջուր ջրհորի խորշերում։ Այդ տեղը զգուշութեամբ քօղարկեցին այնպէս, որ այդ վայրն աննկատ մնայ։ 21Շատ տարիներ յետոյ, Աստծու կամեցողութեամբ, պարսից արքայի հրամանով Նէեմին կրակի յետեւից ուղարկեց այն քահանայապետերի թոռներին, որոնք պահել թաքցրել էին կրակը, որպէսզի յետ բերեն այն։ Նրանք եկան, պատմեցին ու ասացին. «Մենք այնտեղ կրակ չենք գտել, այլ միայն՝ լճացած ջուր»։ 22Դրանից յետոյ նա նրանց հրաման տուեց գնալ, հաւաքել ջուրն ու բերել։ Երբ հասաւ ողջակէզներ մատուցելու ժամանակը, Նէեմի քահանայապետը հրաման տուեց, որ այդ ջուրը շաղ տան փայտերի ու ողջակէզների վրայ։ 23Երբ դա արեցին, անցաւ մի փոքր ժամանակ, արեգակը շառագոյն շողեր արձակեց դրա վրայ, եւ կրակի բոցեր ելան սեղանի վրայի փայտերից ու լափեցին ողջակէզները, այնպէս որ բոլորը սքանչացան։ 24Քահանաները ձայնակցեցին իրար եւ սկսեցին օրհնել, քանի դեռ ողջակէզներն այրւում էին։ Յովնաթանն առաջ ինքը սկսեց, իսկ Նէեմին եւ միւսները նրա յետեւից ձայնակցում էին։ Աղօթքն այսպիսին էր. 25Տէ՛ր, բոլոր արարածների Տէ՛ր Աստուած, ահեղ, հզօր, ճշմարիտ, արդար եւ ողորմած, դու ես միակ թագաւորը, որ քաղցր ես, 26դու ես, որ բոլորին մատակարարում ես ամէն ինչ, դու ես միայն արդար եւ ճշմարիտ, դու ես յաւիտենապէս Ամենազօրը, որ Իսրայէլը փրկում ես բոլոր պատուհասներից։ Դու ես, որ հայրերին ընտրեալներ դարձրիր եւ սրբագործեցիր նրանց։ 27Յանուն քո ամբողջ ժողովրդի ընդունի՛ր այս զոհերը եւ պահի՛ր ու պահպանի՛ր քո ժառանգութիւնը։ 28Սրբագործի՛ր ու հաւաքի՛ր ցրուած մեր գերիներին, ազատի՛ր նրանց, որ անարգ ու պիղծ մարդկանց ծառայութեան տակ են, նայի՛ր քո ծառաներին, որպէսզի թշնամիներն իմանան, թէ դու ես մեր Աստուածը։ 29Քո հարուածներն իջեցրո՛ւ պիղծ ու անարգ հեթանոսների գլխին, որոնք մեզ հետ ամբարտաւանօրէն են վարւում։ 30Քո ժողովրդին բեր հասցրո՛ւ քո սրբավայրը, ինչպէս ասել է Մովսէսը։ 31Քահանաներն իրենց օրհնութիւնն էին մատուցում, 32իսկ ողջակէզները տակաւին այրւում մոխրանում էին։ Երբ զոհաբերութիւնն աւարտուեց, Նէեմին հրամայեց մնացած ջուրը շաղ տալ քարերի վրայ։ 33Երբ դա կատարեցին, բոցն աւելի բորբոքուեց։ Երբ բոցի լեզուները բարձրացան, զոհասեղանի կրակն աւելի բորբոքուեց ու մոխրացաւ այն ամէնը, ինչ դեռեւս մնացել էր։ 34Երբ այս հրաշքը բացայայտ երեւաց բոլորին, ու այս դէպքը յայտնեցին թագաւորին, թէ այն վայրում, ուր գերի քահանաները կրակն էին թաքցրել, ջուր է բխել, եւ Նէեմին ու նրա մօտ գտնուող քահանաները դրանով են ողջակէզները սրբագործել։ 35Երբ թագաւորը վերահասու եղաւ այս դէպքերին, հրամայեց շուրջանակի փակել այդ վայրը եւ տաճար կառուցել։ 36Երբ թագաւորը կամենում էր որեւէ մէկին մեծարել, ապա տալիս էր այն պարգեւներից, որ իրեն էին մատուցում։ 37Նէեմիի մօտ գտնուողներն այդ վայրը անուանեցին Նեփթէ, որ թարգմանաբար նշանակում է սրբագործող։ Շատերն էլ դրան Եփրաթա անունն են տալիս»։
2 Նախկին մատեաններում գրուած է, թէ Երեմիա մարգարէն դրանից յետոյ հրամայել է վերցնել այդ կրակից, այնպէս, ինչպէս ցոյց է տրուած։ Մարգարէն նրանցից յետոյ եկած սերնդին պատուիրել 2եւ օրէնք է դրել, որ, երբ տեսնեն քանդակուած կուռքեր, ոսկուց ու արծաթից կերտուած նկարներ ու դրանց շուրջը գտնուող զարդեր, չմոլորուեն իրենց խորհուրդների մէջ. 3նա պատուէր տալով աղաչում էր, որ չմոռանան եւ իրենց սրտից չհանեն Տիրոջ Օրէնքը։ 4Նրա մատեանում նաեւ այսպէս է գրուած եղել. իբր թէ մարգարէն, երկնային հրամանի համաձայն, հրամայել է վկայութեան խորանն ու կտակարանների տապանակը իրենց հետ ման ածել, հասցնել այն լեռը, որտեղ բարձրացել էր Մովսէսը Աստծու ժառանգութիւնը տեսնելու համար։ 5Երբ Երեմիա մարգարէն եկաւ հասաւ այդ վայրը, այնտեղ գտաւ անտառապատ ամուր քարանձաւներ. վկայութեան խորանը, կտակարանների տապանակը, խնկերի սեղանը նա տարաւ դրեց ներս եւ փակեց մուտքը։ 6Նրան ուղեկցող մարդիկ մօտեցան, որ գտնեն այդ վայրը, բայց այդ վայրը տանող ճանապարհն իսկ չգտան։ 7Երբ Երեմիան իմացաւ դա, սկսեց յանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թէ չգիտէիք, որ, ըստ հրամանի, անյայտ պիտի մնայ այդ վայրը, մինչեւ որ Տէրերի Տէրը բարեհաճ վերաբերմունք ցոյց տայ իր արարածների նկատմամբ, եւ Աստուած հրամայի ի մի հաւաքել իր ժողովրդին։ 8Դրանից յետոյ միայն Տէրը ցոյց կը տայ այդ վայրը, Տիրոջ փառքը կ՚երեւայ ամպի սիւնից, ինչպէս Մովսէսի ժամանակ։ Եւ ինչպէս Սողոմոնն էր աղաչել, Տիրոջ այդ վայրը կատարելապէս կը սրբագործուի»։ 9Պատմում էին նաեւ այն մասին, թէ ինչպէս, իմաստութեամբ լցուած, Սողոմոնը մատուցել էր նաւակատիքի ու տաճարն աւարտելու զոհերը։ 10Ինչպէս որ Մովսէսն աղօթել էր Աստծուն, կրակն իջել էր երկնքից, լափել փայտն ու պատարագների ողջակէզները, նոյն ձեւով էլ աղօթքի էր կանգնել Սողոմոնը, եւ կրակն իջնելով լափել էր զոհասեղանի վրայի ողջակէզները։ 11Մովսէսը չէր հրամայել, որ մեղքերի համար մատուցուած զոհերի միսն ուտէին, ուստի կրակն իջնում ու լափում էր զոհերը։ 12Նոյն ձեւով Սողոմոնն էր ամբողջ ութ օր տօն կատարել։ 13Նէեմիի օրօք գրուած հին մատեաններում՝ յիշատակարաններում, գրուած է նաեւ, թէ ինչպէս են հաւաքուել թագաւորների ու իշխանների, նաեւ Դաւթի մասին գրուած բոլոր գրքերը, ինչպէս նաեւ թագաւորների այն հրովարտակները, որ տարբեր պատճառներով տաճարին էին նուիրուել։ Այդ բոլորը հաւաքուել է մի տեղ։ 14Նոյն ձեւով Յուդան է մի տեղ հաւաքել պատերազմի պատճառով կորած ու ցրուած գրքերը։ Դրանք հիմա մեզ մօտ են պահւում։ 15Արդ, եթէ դրանց կարիքն ունէք, մա՛րդ ուղարկեցէք, որ դրանք բերեն ձեզ։ 16Բարի գործ կատարած կը լինէք, եթէ միշտ պահէք տօն օրերը։ 17Ամբողջ ժողովրդին փրկութիւն պարգեւած Աստուածն ինքը բոլորին վերադարձրել է իրենց ժառանգութիւնը, թագաւորութիւնը, քահանայութիւնն ու սրբութիւնները, 18ինչպէս խոստացել էր Կտակարանների մէջ։ Յուսանք, որ Աստուած շուտով բոլորին կը հաւաքի սուրբ վայրում, 19որովհետեւ նա է փրկել մեզ մեծամեծ փորձանքներից ու մաքրել սրբավայրը։ 20Ինչ վերաբերում է Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների օրօք կատարուած դէպքերին, մեծ տաճարի սրբագործմանը, նաւակատիքի զոհասեղանի 21կամ Անտիոքոս Երեւելու, ինչպէս նաեւ ազնուազարմ Հօր որդու դէմ մղուած ճակատամարտերին, յանուն օրէնքների քաջագործութիւն կատարած ու հաստատակամութիւն ցուցաբերած մարդկանց երկնքից երեւացած յայտնութեանը 22կամ աշխարհին տիրանալ ցանկացող խուժդուժ ազգերին հալածելու համար մահուանն ընդառաջ գնացած սակաւաթիւ մարդկանց, 23ամբողջ տիեզերքում հոյակապ, շքեղ տաճարը նորից կառուցելուն կամ մեծ քաղաքն ամէն փորձանքից ազատելուն կամ Տէր Աստծուն քաղցրութեամբ ու խաղաղութեամբ մեր նկատմամբ հաճելի դարձնելուն, - 24ահա այս բոլորի մասին հանգամանօրէն եւ ժամանակին գրուած է Յասոն Կիւրենացու գրքի հինգ գլուխներում։ Այս ամէնը աշխատեցինք մի գրքում համառօտակի վերարտադրել։ 25Մենք նկատեցինք, որ նրանք, ովքեր կ՚ուզենան խորամուխ լինել այդ մատեաններում նկարագրուած դէպքերին, կարող են խճճուել թուերի շատութեան պատճառով, 26մոլորուել շարադրուող նիւթերի մանրամասնութեան մէջ։ Մենք հոգ ենք տարել, որ իմաստուն ընթերցողների գործը հեշտանայ, նրանք յիշեն առանց չարչարուելու եւ առանց որեւէ բան եղծելու։ 27Չկարծէք թէ հեշտ, քիչ քրտինք ու տքնութիւն պահանջող գործ ենք ձեռնարկել, եթէ յանձն ենք առել համառօտ բան գրելու աշխատանքը։ 28Եթէ մէկը պատրաստւում է հիւրասիրել խնջոյքի հրաւիրուած իր ընկերներին, ապա նրանց ուրախացնելու համար պէտք է ճոխ սեղան բաց անի եւ ոչ թէ իր հանգստեան մասին մտածի։ Մենք շատերին հաճոյք պատճառելու համար ենք ջանք թափել։ 29Ճշտելն ու ճշգրտելը մեր նախորդների գործն է եղել, մենք յանձն ենք առել միայն համառօտել, պարզ ու սեղմ դարձնել ընդարձակ խօսքը։ 30Ինչպէս ապարանքի շինութեան ժամանակ շատերին է գործ յանձնարարւում, բայց գործի սկիզբն ու աւարտը բուն ճարտարապետի գործն է, իսկ ծեփելը, ներկելը, զարդարելն ու նկարելը արուեստագէտի գործն է, 31նոյնը վերաբերում է մեզ. հարցուփորձ անելը, քննելը, ճշմարիտ խօսքին հետամուտ լինելը, գաղտնիքների մէջ թափանցելը մատենագրութեանը հետեւողների խնդիրն է, 32իսկ համառօտ պատմութիւն ներկայացնելը, որ այժմ յանձն եմ առնում, կարող էք պահանջել ինձանից։ 33Արդ, այստեղ սկսենք պատմել այն, ինչ խոստացել էինք։ Անմտութիւն է գրքի նախաբանն ընդլայնել, իսկ բուն մատեանի բովանդակութիւնը ներկայացնել համառօտակի։
3 Կար ժամանակ, որ սուրբ տաճարի բարեպաշտ ու չարատեաց Օնիա քահանայապետի շնորհիւ սուրբ քաղաքի բնակիչները ապրում էին խաղաղ եւ սրբութեամբ պահում ճշմարիտ օրէնքները։ 2Եթէ անգամ հարկ էր լինում, թագաւորներն իրենք էին պատւում երեւելի տաճարը հրովարտակներով, բազմաթիւ նուէրներով ու ընծաներով. 3նոյնիսկ ինքը՝ ասիացիների կողմերի արքայ Սելեւկիոսը մասնակցում էր ծիսակատարութեանը եւ իր եկամուտներից էր ծախսում ողջակիզման զոհեր մատուցելու համար։ 4Բաղգեղի ցեղից Սիմոն անունով մէկը, որն իր տոհմի առաջնորդն էր, մեղադրեց քահանայապետին քաղաքում կատարուող անօրէնութիւնների համար։ 5Տեսնելով, որ չի կարողանում յաղթել կամ վնասել Օնիային, նա եկաւ կանգնեց Դրասէի որդի Ապոլոնի առաջ, որն այդ ժամանակ Ստորին Ասորիքի եւ Տաճկաստանի սպարապետն էր։ 6Նա նրան յայտնեց, որ Երուսաղէմի գանձատունը բազում գանձեր ունի, եւ տարբեր տեսակի այդ գանձերի թիւն ու հաշիւը ոչ ոք չի կարող պահել։ Նա ասաց. «Այդ գանձերը պէտք է արքային պատկանեն եւ յատկացուեն զոհեր մատուցուելուն»։ 7Ապոլոնիոսն այդ մասին իրազեկ դարձրեց թագաւորին, եւ նրանք յանձն առան հետաքրքրուել այդ գանձերով։ Թագաւորը կանչեց իր հանդերձապետ Հելիոդորոսին, հրամայեց այդ գանձը հանել ու բերել քաղաքից։ 8Հելիոդորոսն շտապ գնաց իբր թէ Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի քաղաքների վիճակն ստուգելու, բայց իրականում թագաւորի հրամանն էր կատարում։ 9Երբ հասաւ Երուսաղէմ, այնտեղ քահանայապետն ու քաղաքացիները մեծ պատուով ընդունեցին նրան։ Նա սկսեց նրանց պատմել, թէ ինչ են ասել արքային, ու ասաց. «Ո՞վ, կամ ինչպէ՞ս, կամ ինչո՞ւ են ձեր մասին ամբաստանել արքային, եւ կամ իրօ՞ք այնքան գանձ կայ, որքան ասել են»։ 10Քահանայապետն առաջ եկաւ ու ասաց. «Ճիշտ է, հարստութիւններ կան, բայց դրանք այրիների ու որբերի պահ դրուած աւանդներն են։ 11Այստեղ բաժին ունի նաեւ Տուբիի որդի Օրկանիոսը՝ մի մեծ մարդ, բայց չկայ այնքան գանձ, որքան ասել է ամբաստանութեան նամակ գրող անօրէն Սիմոնը։ Այդտեղ ընդամէնը կայ չորս հարիւր քանքար արծաթ եւ երկու հարիւր քանքար ոսկի։ 12Չի կարելի հաւատացեալներին զրկել այն հաւատից, որ նրանք ունեն ամբողջ աշխարհում փառաւոր հռչակ ունեցող սուրբ տաճարի նկատմամբ»։ 13Երբ Հելիոդորոսը լսեց քահանայապետի խօսքերը, յիշեց արքայի հրամանն ու ասաց. «Հրամայուած է, որ յօգուտ արքունիքի վերցուի այդ գանձը»։ 14Նա օր ու ժամ նշանակեց եւ, ըստ արքունի հրամանի, պատրաստւում էր մտնել, հաշուել ու բռնագրաւել գանձը։ Այդ ժամանակ քաղաքում քիչ յուզումներ ու խռովութիւններ չառաջացան. 15քահանաներն իրենք սրբազան պատմուճաններով ընկնում, թաւալւում էին սեղանի առաջ, աղաչում էին նրան, ով այդ աւանդները սրբութեամբ պահելու համար օրէնքներ էր սահմանել, որ կարողանան այդ բոլոր աւանդներն անվնաս իրենց աւանդատուներին հասցնել։ 16Մարդ խոցւում էր իր սրտում, երբ տեսնում էր քահանայապետի դէմքը, նրա երեսի արտայայտութիւնն ու գոյնը, որ նրա հոգու տրտմութիւնն էին արտացոլում, 17որովհետեւ ահն ու սարսափն էր պատել նրան, եւ մարմինը դողում էր։ Այդ ամենից յայտնի էր դառնում նրա սրտի մորմոքը։ 18Բոլոր տներից ընտանիքները խումբ-խումբ դուրս էին գալիս ընդհանուր աղօթքի, որպէսզի չոտնահարուի մեծ տաճարի պատիւը։ 19Կանայք քուրձ էին հագնում ու ողբում հրապարակներում, ճգնաւոր կոյսերը կուսանոցներից գնում էին դէպի դարպասներն ու պարիսպները, ոմանք պատուհաններից բազուկները դուրս էին կարկառում, 20եւ բոլորն առհասարակ, ձեռքերը դէպի երկինք բարձրացնելով եւ մատները տատանելով, աղօթք էին մրմնջում։ 21Ողորմելի տեսարան էր դա, որովհետեւ մարդիկ առհասարակ գետին ընկնելով, թաւալուելով՝ աղօթք էին մատուցում դէպի երկինք. մեծապէս տագնապած՝ քահանայապետը կարծէք հրաշքի էր սպասում։ 22Նրանք այսպէս, ընկնելով ու թաւալուելով, դիմում էին Ամենակալին, որ հաւատացեալների աւանդները լրիւ ու անվնաս հասցնի հաւատացեալներին։ 23Հելիոդորոսն ուզում էր կատարել այն, ինչ յանձնարարուած էր իրեն։ 24Դրա համար նա իր թիկնապահների հետ մտաւ գանձատուն, բայց բոլոր հոգիների եւ իշխանութիւնների վրայ զօրութիւն ունեցող Տէրը մի մեծ հրաշք ցոյց տուեց. բոլոր նրանք, ովքեր յանդգնել էին նրա հետ ներս մտնել, խեղուեցին, անդամալոյծ դարձան Աստծու վախից։ 25Նրանց յանկարծ երեւաց մի փառահեղ ձի հեծեալի հետ, որն ունէր ոսկեզարդ հանդերձանք։ 26Հեծեալի առաջ կանգնած էին գեղեցիկ զարդերով զարդարուած երկու երիտասարդներ։ Սրանք աջ ու ձախ կողմերից անմիջապէս մօտենալով սաստիկ հարուածներ տեղացին Հելիոդորոսի վրայ, 27այնպէս որ սա մերձիմահ, անզգայ ընկաւ գետին, եւ վերցրին նրան։ 28Նա, որ այդպիսի շուքով, պատուով, սպառնալիքով եւ թիկնապահներով մտել ու ճեմում էր գանձատանը, այժմ նրան բարձրացրած տանում էին անզգայ վիճակում։ 29Պարզ երեւում էր, որ Աստծու զօրութիւնն էր վրայ հասել, եւ նա անմռունչ ու անբարբառ, փրկութեան ամէն մի յոյսից կտրուած, կիսամահ գետին էր ընկել։ 30Ինչ վերաբերում է Օնիայի շուրջը գտնուողներին, ապա սրանք օրհնում էին Տիրոջը, որն ամէն ինչով փառաւորում էր իր սրբավայրը, եւ այն տաճարը, որը քիչ առաջ խռովութեամբ էր լցուած, Տիրոջ երեւալով լցուեց խնդութեամբ ու անսպառ ուրախութեամբ։ 31Այն ժամանակ եկածներից մի քանի բարեսիրտ մարդիկ՝ զօրավարի աւագ ընկերները, շտապ հասան Օնիայի մօտ, որպէսզի սա խնդրի Բարձրեալից գոնէ կենդանի թողնել նրան, այնպէս չանել, որ կեանքի վերջին տարիներին այդ մարդը չարաչար տանջուելով սմքի։ 32Քահանայապետը մտահոգուեց, որ գուցէ թագաւորը մտածի, թէ այդ մարդը տուժել է իր կամ հրեաների նիւթած դաւից, ուստի աղաչեց Աստծուն, զոհ մատուցեց այդ մարդու կեանքը փրկելու համար։ 33Երբ քահանայապետը մատուցեց քաւութեան զոհերը, նոյն երիտասարդները, նոյն շքեղ զգեստները հագած, անմիջապէս իջան ու եկան Հելիոդորոսի առաջ եւ ասացին. «Դու Օնիա քահանայապետից շատ շնորհակալ եղիր, որովհետեւ նրա համար, նրա միջոցով Տէրը քեզ կեանք շնորհեց։ 34Իսկ դու, որ նրա համար այդքան տանջանքներով պատժուել ես, պատմի՛ր բոլորին Աստծու մեծ զօրութեան մասին»։ Այս բանն ասելուց յետոյ նրանք անմիջապէս աներեւութացան։ 35Երբ Հելիոդորոսն սթափուեց, անմիջապէս Տիրոջը ողջակէզ զոհեր մատուցեց, Տիրոջը մեծամեծ ուխտեր եւ աղօթքներ արեց, որ նա իրեն շնորհեց իր կեանքը եւ պարգեւեց առաջուայ ուժն ու եռանդը։ Նա Օնիա քահանայապետին մեծամեծ նուէրներով պատուեց ու այնտեղից շարժուեց ու գնաց թագաւորի մօտ։ 36Ամէն տեղ նա վկայութեամբ հաստատեց Աստծու հրաշքները, որ ինքն իր աչքերով էր տեսել։ 37Երբ թագաւորը հարց տուեց Հելիոդորոսին, թէ՝ «Ինչպէ՞ս, ի՞նչ արեցիր, ինչո՞վ վերջացրիր այն գործը, որի համար գնացել էիր», ապա սա սկսեց պատմել գանգատուելով ու ասաց. 38«Ո՜վ տէր, Երուսաղէ՛մ ուղարկեցէք նրան, ով ձեր թշնամին է ու ձեր մեծ գործերի հակառակորդը։ Հրամայեցէ՛ք ուղարկել նրան եւ նրան կը գտնէք այնտեղ չարաչար բրածեծ եղած, եթէ միայն մահուանից փրկուել կարողանայ։ 39Այնտեղ, իրօք, մեծ հրաշքներ են կատարւում։ Նա, որի զօրութիւնը երկնքում է, Նա՛ է այդ երկրի հովանաւորն ու օգնականը։ Եւ ով մի անգամ թշնամութեամբ կամ արհամարհանքով է այդ երկիրը մտնում, մեծամեծ չարիքներ կը կրի, եթէ միայն կարողանայ կենդանի դուրս գալ այդտեղից»։Այսքանը բաւական է Հելիոդորոսի ու գանձատունը պաշտպանելու հետ կապուած դէպքերի մասին։
4 Դարձեալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը եւ դաւաճանել իր երկրին։ Նա սկսեց աւելի յաճախ ամբաստանել Օնիային, որ նա ինքն է անձամբ դրդել Հելիոդորոսին այդ քայլին ու ինքն էլ լլկել է նրան, եւ որ նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտաւորին, օրէնքների նախանձախնդիր այդ մարդուն նա ներկայացրեց իբրեւ արքունի գործերի վնասարար։ 3Նա կարողացաւ թշնամական այնպիսի զգացումներ հրահրել, որ Սիմոնի նշանակած մարդկանցից մի քանիսն ուզում էին մահուան դատապարտել այդ մարդուն։ 4Օնիան տեսաւ, որ հակառակութիւնը դառնում է անհանդուրժելի, իսկ Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել եւ աջակցում է Սիմոնի չար գործերին, որ նրանք գրգռում են նաեւ թագաւորին։ 5Նա գտաւ, որ այլեւս անհնար է առանց թագաւորի հրամանի հասարակութեանը օգուտ տալ, 6մանաւանդ որ անհանգիստ Սիմոնին տեսնում էր, որ անընդհատ խարդախութիւններ է նիւթում։ 7Երբ Սելեւկիոսը մեռաւ, եւ գահ բարձրացաւ Անտիոքոսը, որ կոչւում էր Երեւելի, Յասոն անունով մէկը, որ Օնիայի եղբայրն էր, անամօթաբար աշխատեց քահանայապետութիւնը խլել Օնիայից։ 8Նա խոստացաւ երեք հարիւր քանքարից բացի արքունիքին յաւելեալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ եւս ութսուն քանքար։ 9«Ես դրան կ՚աւելացնեմ եւս հարիւր, - ասում էր նա, - եթէ գործը գլուխ գայ։ Քաղաքը կ՚ենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկէսներ կը շինեմ, երուսաղէմացիներին ձեր անունով անտիոքացիներ կը գրեմ»։ 10Երբ թագաւորը համաձայնեց, եւ Յասոնը հասաւ իր ցանկացած իշխանութեանը, աշխատեց յոյների հեթանոսութիւնը անմիջապէս ազգային օրէնք դարձնել։ 11Նա վերացրեց նախկին այն արքունական արտօնութիւնները, որ յօգուտ հանրութեան սիրով տրուել էին Փտողոմէոսի հայր Յովհաննէսի առաքելութեան ժամանակ. արգելեցին օրինաւոր կրօնը, ընդունել տուեցին անօրէն նոր կրօնը։ 12Բերդի ներսում նա կառուցեց թատրոն ու մարզարան, ուր ընտիր ու առոյգ պատանիներին մարմնամարզութեան արուեստն էին ուսուցանում։ 13Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնն այնպէս եռանդագին աշխատեց, որ նրա ծայրայեղ մոլորութեան պատճառով այլազգութեան ու հեթանոսութեան սկիզբ դրուեց, 14որովհետեւ դրանից յետոյ քահանաները թողեցին զոհասեղանի իրենց պարտականութիւնն ու տաճարի ծառայութիւն կատարելը եւ արհամարհեցին ողջակէզի զոհաբերութիւնները։ Քահանաների ցեղն աւելի սիրով իրեն նուիրում էր մարզիկներին ու բռնցքամարտին, կաքաւիչներին պիղծ նուէրներ տալուն, աղմուկ-աղաղակով գունդ հրելուն եւ նիզակ նետելուն։ 15Հայրերի պատիւն արհամարհեցին, անօրէն հեթանոսութեան փառքը գերադասեցին օրհնութեան փառքից։ 16Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրայ թափուեցին այն նեղութիւնները, որոնք պատել էին նրանց։ Ում բարքին ու սովորութեանը նախանձում էին ու աշխատում ամէն ինչով նմանուել նրանց, հէնց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17Անպատիժ չեն մնայ նրանք, ովքեր կ՚անարգեն աստուածային օրէնքները։ Ստորեւ պատմուող դէպքերը բացայայտ կերպով այդ են ցոյց տալիս։ 18Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագաւորի ներկայութեամբ աստուածների պաշտամունք կատարէին։ 19Անօրէն Յասոնը, իբրեւ այդ խաղերի մասնակից ու հանդիսատես, անտիոքացիներին ուղարկեց սուրբ Երուսաղէմից եւ նրանց յանձնարարեց, որ այնտեղ մուծեն երեք հարիւր սատեր՝ իբրեւ Վահագնի պաշտամունքի համար զոհերի գին։ Երբ սրանք եկան ու բերեցին այն, ինչ պէտք է բերէին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետեւ պարտ ու պատշաճ չէր սուրբ վայրի գանձը յատկացնել դիցապաշտութեան կուռքերի զոհերին։ 20Ընդունելով պաշտամունքի համար բերուած զոհերի գինը՝ այն չխառնեցին Վահագնի պաշտամունքի զոհերի համար յատկացուածներին, այլ, բերողների աղաչանքին անսալով, յատկացրին արքունի գործերին՝ նաւեր պատրաստելու համար։ 21Մենեսթէոսի որդի Ապոլոնիոսը պատգամաւորութիւնից յետոյ գնաց Եգիպտացիների երկիրը, որպէսզի մասնակցի եգիպտացիների թագաւոր Փտողոմէոսի թագադրութեանը։ Անտիոքոսը զգաց, որ իրեն այս կողմերի համար օտար մարդ են համարում, ուստի վերադարձաւ, եկաւ յոպպէացիների քաղաքը։ 22Այդտեղից էլ եկաւ Երուսաղէմ, որտեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատուով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Այնտեղից նա իր ողջ զօրքով գնաց Տաճկաստանի կողմերը։ 23Երեք տարի անց Յասոնն ազատ արձակեց մոլեգնած Սիմոնի եղբօրը՝ Մենելաւոսին, եւ նրա ձեռքով արքունի գանձերն ուղարկեց արքային։ 24Երբ նա հանդիպեց արքային ու մեծարուեց նրա կողմից, սկսեց քահանայութիւն պահանջել ու Յասոնին մեղադրել։ Նա իր յանձնած գանձի վրայ աւելացրեց եւս երեք հարիւր քանքար 25եւ արքայից իշխանութիւն ստանալու հրաման առնելով՝ վերադարձաւ։ Նա հասաւ իշխանութեան, բայց քահանայապետութեանը արժանի ոչ մի գործ չկատարեց, այլ գազանի նման դառն զայրոյթ էր յարուցում։ 26Յասոնը, որ իր եղբօր քահանայութիւնը խլել էր դաւով, ինքը նոյնպէս զրկուեց քահանայութիւնից եւ հալածական դառնալով՝ փախաւ Ամոնացիների երկիրը։ 27Մենելաւոսը իր ձեռքն առաւ քահանայութեան իշխանութիւնը, սակայն ամբողջութեամբ չկարողացաւ տալ այն գումարը, որ խոստացել էր թագաւորին։ Դղեակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը, 28որովհետեւ նրան էր յանձնարարուած հաւաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչուեցին։ 29Երբ Մենելաւոսը տեսաւ, որ հարկը չի կարող վճարել, իր փոխարէն փոխանորդ նշանակեց իր եղբայր Լիւսիմաքոսին, իսկ Սուստրատոսը դարձաւ կիպրացիների գործերի կառավարիչ։ 30Երբ այս դէպքերը տեղի էին ունենում, տարսոնացիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետեւ իրենք իբրեւ սեփականութիւն յանձնուել էին թագաւորի հարճ Անտիոքիդէին։ 31Թագաւորը գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ Նա իր փոխարէն փոխանորդ նշանակեց բարձրաստիճան Անդրոնիկոսին։ 32Մենելաւոսը տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, զգուշութեամբ տաճարից ոսկէ սպասներ գողացաւ, մի մասը տուեց Անդրոնիկոսին, իսկ միւս մասն էլ վաճառեց Ծուրում եւ դրա շրջակայքում գտնուող այլ քաղաքներում։ 33Օնիան այդ մասին տեղեկանալով՝ մեղադրեց նրան եւ գնաց անտիոքացիների Դափնա քաղաքը։ 34Դրա համար էլ Մենելաւոսը Անդրոնիկոսին իբրեւ իւրային համարելով՝ աղաչում էր նրան ու աշխատում նրա միջոցով իր ձեռքը գցել Օնիային։ Նա գնաց Օնիայի մօտ, նենգութեամբ համոզեց նրան եւ մեծ երդումներով հաւատարմութեան դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թէեւ բնաւորութեամբ կասկածամիտ էր, բայց համաձայնեց դուրս գալ բերդից։ Հէնց որ դուրս եկաւ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենեւին չվախենալով արդար դատաստանից։ 35Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլեւ անգամ հեթանոսները զայրացել էին յատկապէս այդ մարդու անարդար սպանութեան համար։ 36Երբ թագաւորը վերադարձաւ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները նրա մօտ սրտի կսկիծով դժգոհութիւն յայտնեցին այդ մարդու անարդար սպանութեան եւ նրա տարապարտ մահուան համար։ 37Անտիոքոսն անկեղծօրէն խղճաց, զգացուեց ու խիստ սգաց սուրբ ու շատ իմաստուն մարդու մահը։ 38Բարկութիւնից նա եռաց, հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման ածել քաղաքում եւ հէնց այն վայրում, ուր նա Օնիայի նկատմամբ անօրէնութիւն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը։ Այսպիսով Տէրը արժանի պատիժ հասցրեց չարագործին։ 39Երբ շատ գանձեր գողացուեցին Լիւսիմաքոսի ձեռքով ու Մենելաւոսի խորհրդով, եւ երբ այդ լուրը տարածուեց, զօրքը հաւաքուեց Լիւսիմաքոսի դէմ, որովհետեւ ոսկէ շատ առարկաներ էին կորել գանձատնից։ 40Երբ ժողովուրդը յուզուած ու զայրացած ոտքի ելաւ, Լիւսիմաքոսն սկսեց սպառազինել մօտ երեք հազար մարդ եւ ձեռնարկեց չար գործերի, առաջնորդութեամբ մի մարդու, որը որքան դժնադէմ էր, նոյնքան էլ՝ թանձրամիտ։ 41Երբ տեսան Լիւսիմաքոսի գործած դաւն ու նենգութիւնը, անմիջապէս հաւաքուեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մէկը քար, միւսը փայտ, երրորդը աւազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին բոլոր յարձակուողների վրայ։ 42Ոմանց վիրաւորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին, սուրբ տաճարի զոհասեղանը կողոպտողին գանձատնից հալածեցին։ 43Այս ամենի համար դատեցին Մենելաւոսին։ 44Երբ թագաւորն եկաւ Ծուր, տեղի էր ունենում դատը։ Ժողովրդի ծերակոյտից ընտրուած երեք մարդ եկան նրան բողոք ներկայացնելու։ 45Երբ Մենելաւոսը մեղաւոր ճանաչուեց, խոստացաւ շատ գանձեր տալ Փտողոմէոսին, եթէ սա սիրաշահէր թագաւորի սիրտը։ 46Այդ մտադրութեամբ սա, իբրեւ թէ թագաւորի հետ զբօսնելու նպատակով, նրան մի կողմ տարաւ, յեղաշրջեց նրա միտքը, 47համոզեց, որ մեղապարտ Մենելաւոսն ազատուի բոլոր տեսակի մեղադրանքներից, իսկ այդ տառապեալներին, որոնց թէեւ խաղտէացիների առաջ դատել էին եւ անպարտ համարել, ազատ էին արձակել եւ անմեղ ճանաչել, - մահուան դատապարտեցին։ 48Անարդար պատիժն անմիջապէս ի գործ դրեցին նրանց նկատմամբ, ովքեր յանուն քաղաքի, բանակի ու սրբազան անօթների պաշտպանութեան, բողոք էին բարձրացրել։ 49Ահա թէ ինչու չարատեաց ծուրացիները սրտացաւութեամբ ու առատապէս հոգացին այն ամէնը, ինչ պէտք էր նրանց յուղարկաւորելու համար։ 50Իշխանների ժլատութիւնից ու դժգոհութիւնից օգտուելով՝ Մենելաւոսը չարախօսութեամբ էր զբաղւում եւ իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։
5 Այդ ժամանակ Անտիոքոսը պատրաստուեց անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ յարձակուել Եգիպտացիների երկրի վրայ։ 2Այնպէս պատահեց, որ քառասուն օր անընդհատ ամբողջ քաղաքի վրայ՝ երկնքում եւ երկրի վրայ երեւացին նիզակակիր հեծեալ զինուորներ, 3որոնք զարդարուած էին ոսկէ զարդերով։ Սրանք արշաւում էին իրար խռնուած։ Վահանները բախւում էին, աղեղները՝ շաչում, սուսերները՝ շողում, դրօշները՝ փողփողում, նետերը՝ շառաչում։ Փայլատակում էին զէնքերը ոսկու պէս։ 4Բոլորը ծնկի չոքած աղաչում էին, որ այդ տեսարանը բարի գործի նախանշան լինի։ 5Երբ յանկարծակի լուր տարածուեց, թէ Անտիոքոսը հրաժեշտ է տուել կեանքին, Յասոնը ոչ պակաս քան քսան հազար սպառազէն զինուորներ վերցնելով՝ յարձակուեց քաղաքի վրայ։ Մինչ քաղաքի բնակիչները անսպասելի դաւից վախեցած՝ պարսպից հեռացան, Մենելաւոսն արշաւելով եկաւ հասաւ քաղաք, 6ուր մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում։ Կարծես նա թշնամիներ էր կոտորում՝ չմտաբերելով, որ սրանք իր տոհմակիցներն ու համաքաղաքացիներն են, եւ պէտք է մտածել սրանց կեանքի ապահովութեան մասին, մինչդեռ նա թշուառութեան էր մատնում նրանց։ Տոհմակից քաղաքացիների վրայ յարձակուելով ու նրանց կոտորելով կարծում էր, թէ թշնամու նկատմամբ է արագ յաղթանակ տանում ու յաղթութեան յուշարձան կանգնեցնում։ 7Բայց եւ այնպէս նա իշխանութեան հասնել չկարողացաւ, այլ ի վերջոյ կրեց դաւաճանի նախատինքն ու փախաւ ամոնացիների կողմերը։ 8Իր անփառունակ կեանքի վերջում նրան բանտարկեց արաբների արքայ Արետասը։ Յետոյ Յասոնը քաղաքից քաղաք փախաւ, իբրեւ օրէնքի դէմ ընդվզող՝ բոլորի աչքին ատելի դարձաւ ու հալածական, պիղծ ու գարշելի համարուեց իբրեւ գաւառի, քաղաքի, բանակի մատնիչ ու դահիճ, վտարուեց Եգիպտոս։ 9Նա շատերին, անթիւ-անհամար մարդկանց տարագրեց իրենց երկրից, եւ ինքն էլ օտարների մէջ օտարանալով՝ 10կորաւ անխնամ, անզգեստ, ոչ ոք չսգաց նրան, եւ նա արժանի չեղաւ հայրենի գերեզմանին։ 11Երբ այդ դէպքերի մասին տեղեկացաւ արքան, կարծեց, թէ Հրէաստանն ապստամբել է իր դէմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկաւ Եգիպտացիների երկրից եւ քաղաքը գրաւելով՝ սրի քաշեց։ 12Նա զինուորներին հրաման տուեց, որ, ով իրենց ձեռքն ընկնի, անխնայ կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նոյն տեղում էլ սպանեն նրանց։ 13Տղամարդիկ ու ծերերն առհասարակ կոտորուեցին, կանայք ու մանուկներն առհասարակ սպանուեցին, կոյսերն ու աղջիկներն առհասարակ սրի քաշուեցին։ 14Այդ երեք օրուայ ընթացքում ընդհանրապէս ութսուն հազար մարդ կոտորեցին. քառասուն հազար մարդկանց սրի քաշեցին եւ համարեա նոյնքան մարդկանց էլ վաճառքի հանեցին։ 15Երբ նա չյագեցաւ այս չարագործութիւններով, որոշեց ձեռքը բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրայ, յանդգնեց մտնել տաճար՝ իբրեւ առաջնորդ ունենալով Մենելաւոսին, որը օրէնքի, երկրի, բանակի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16Իրենց պիղծ ու անօրէն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագաւորներ ու այլ քաղաքներ նուիրել էին սրբարանին ի բարգաւաճումն ու ի փառս այդ վայրի։ 17Գուցէ հպարտացել, յամառել էր իր մտքում Անտիոքոսը, երբ ասում էր, թէ՝ «Այս քաղաքի բնակիչների անօրէն մեղքերի համար է բարկացել Տէրը սրանց վրայ, դրա համար էլ անարգուել են սուրբ վայրերը։ 18Եթէ մեծ մեղքեր գործած չլինէին, ապա կը լինէին այնպէս, ինչպէս Հելիոդորոսն էր եղել, որին Սելեւկիոս արքան ուղարկել էր, որպէսզի հաշուի գանձերը, եւ երբ սա մտել էր այնտեղ, անմիջապէս կործանուել էր իր յանդգնութեան պատճառով»։ 19Ոչ թէ տեղի համար էր Տէրն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20Դրա համար էլ տեղն ինքը ժառանգել էր ազգի մոլորութիւնը, որպէսզի այնուհետեւ նորից արժանանայ Տիրոջ բարերարութեանը, նորից ճշմարիտ փառքով հաճելի լինի մեծ Աստծուն։ 21Անտիոքոսը ինը հարիւր քանքարի վրայ գումարած եւս ութ հարիւր քանքար վերցնելով յափշտակեց տաճարից, շտապ գնաց անտիոքացիների քաղաքը։ Նա գոռոզամտութեամբ կարծում էր, թէ կարող է ծովը ցամաքի վերածել եւ ցամաքը՝ ծովի։ 22Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպէսզի սրանք չարչարեն ժողովրդին։ Երուսաղէմում թողեց ազգով փռիւգացի Փիլիպպոսին, որն իր բարքով աւելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ, 23իսկ Գարգարիզում՝ Անդրոնիկոսին։ Բացի այդ, սրանց վրայ նշանակեց Մենելաւոսին, որը նրանցից աւելի չար լինելով՝ դատ ու դատաստան էր տեսնում քաղաքացիների հետ։ 24Բայց քանի որ Մենելաւոսը քիչ էր խղճում հրեաներին, Մաշուէ Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինուորներով, չհաշուած նախկին հազար զինուորները, որպէսզի բոլոր չափահաս մարդկանց կոտորի, կանանց ու մանուկներին վաճառի։ 25Ինքը եկաւ Երուսաղէմ, նախ կեղծ խաղաղութեամբ, ապա դաւով մտաւ եւ այնտեղ մնաց մինչեւ սուրբ շաբաթ օրը։ Երբ տեսաւ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, հրաման տուեց իր զինուորներին զինուել։ 26Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրով սպանեց նրանց։ Սպառազինուած զինուորները երթեւեկում էին ողջ քաղաքում այստեղ-այնտեղ եւ բոլորին դիաթաւալ գետին փռում։ 27Յուդա Մակաբայեցին տասը հոգով միասին փախուստի դիմելով՝ գնաց անապատ, լեռներում գազանների նման կեանք վարեց։ Նոյն ձեւով իր հետ եղած զինուորները խոտաբոյսեր ուտելով էին անցկացնում իրենց ժամանակը, որպէսզի հեռու մնան պղծութիւններից։
6 Կարճ ժամանակ անց թագաւորն ուղարկեց Աթենեբիոս ծերունուն, որ սա ստիպի հրեաներին հրաժարուել իրենց հայրերի օրէնքներից, այլեւս չենթարկուել Աստծու օրէնքներին, 2պղծել Երուսաղէմի տաճարը եւ այնուհետեւ այն անուանել ողոմպիացիների Որմիզդ աստծու անունով, իսկ Գարգարիզում գտնուող տաճարը՝ հիւրընկալ Որմիզդ աստծու՝ Վանատուրի անունով, որովհետեւ այնտեղ բնակութիւն հաստատած հեթանոսները այդ էին պահանջում։ 3Նրանք սաստիկ նեղութիւններ պատճառեցին։ 4Սուրբ տաճարը լցուեց հեթանոսական բարքերի պղծութիւններով, տղամարդիկ ու կանայք միմեանց խառնակուելով սրբարանի գաւիթը արատաւորեցին, ինչ անթոյլատրելի իրեր կային, համարձակօրէն ներս էին տանում։ 5Զոհասեղանն ամբողջութեամբ լցրին օրէնքով չթոյլատրուած ու մերժուած իրերով։ 6Ո՛չ շաբաթ օրերն էին կարողանում պահել, ո՛չ հայրերի տարեկան տօները նշել, ո՛չ իսկ համարձակւում էին իրենք իրենց հրեայ անուանել։ 7Թագաւորի ծննդեան օրը, իւրաքանչիւր ամսուայ այդ օրը ստիպում էին զոհեր մատուցել։ Երբ հասնում էր պտղաբերութեան պաշտամունքի տօնը, ստիպում էին նրանց թաւ ոստերից հիւսուած պսակներով պարել Բաքոսի կուռքի մօտ։ 8Պտղոմէացիների դրդմամբ հրաման ուղարկուեց բոլոր մօտակայ քաղաքները, որ հեթանոսութիւն ընդունեն եւ հրեաներին ստիպեն զոհեր մատուցել կուռքերի համար։ 9Ովքեր յանձն չառնէին զոհեր մատուցել, պէտք է սրատուէին։ Պէտք էր տեսնել, թէ ինչպէս էին տառապում խեղճերը։ 10Երկու կնոջ գրաւոր ամբաստանել էին, թէ սրանք թլփատել են իրենց որդիներին։ Շտապ բերեցին երեխաներին, կախեցին իրենց մայրերի ստինքներից, հրապարակներում նրանց խայտառակելով ման ածեցին, իսկ յետոյ պարիսպներից ներքեւ գլորեցին։ 11Մարդկանց մի մասը գաղտնի փախաւ մօտակայ քարանձաւները, որ շաբաթ օրերն այնտեղ անցկացնի, բայց երբ բռնեցին սրանց, կենդանի-կենդանի այրելով սպանեցին, որովհետեւ սրանք երկիւղածութիւն ունէին հանգստեան օրուայ ու սրբութեան օրէնքների նկատմամբ։ 12Ես խնդրում եմ այս գիրքն ընթերցողներին, որ մեր ազգի նկատմամբ խղճահարութիւն չունենան, որովհետեւ այդ աղէտները ոչ թէ բնաջնջել են մեր ցեղը, այլ խրատ են եղել մեր ազգի համար։ 13Արդարեւ, Տէրը ոչ միայն անօրէններին երկար ժամանակ յաջողութիւն չի պարգեւում, այլեւ անմիջապէս ցոյց է տալիս իր հրաշքներն ու յայտնի դարձնում իր շնորհները։ 14Բայց Աստուած միւս հեթանոս ազգերի նկատմամբ համբերատար է լինում. նա պատժում է նրանց, երբ նրանց մեղքերի չափը լցւում, եւ նրանք հասնում են իրենց անխուսափելի դատաստանին։ 15Ինչ վերաբերում է մեզ, ապա նա այդպիսի դատաստան չի անում մեզ հետ, 16այլ ստէպ-ստէպ է խրատում եւ արագ-արագ էլ ներում է։ 17Այս բանն ասում ենք ձեզ, որպէսզի յիշէք այս խօսքերը։ Արդ, դառնանք մեր պատմելիք նիւթին։ 18Կար Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դէմքով մի մարդ, որը օրէնսգէտների խմբի մէջ առաջիններից մէկն էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19Նա որոշեց յամառել, սրտապնդուել, գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակուել ընկերներից։ Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնուել, համարձակուեց թքել, անարգել նրանց պաշտամունքները, 20ինչպէս վայել է կեանքի հաճոյքներից բացայայտ կերպով հրաժարուած մարդուն։ 21Նրանք, ովքեր իրենց տկարամտութեան պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու եւ ծանօթ էին այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապոյրներով յետ կանգնեցնել նրան իր հաստատ որոշումից։ «Ենթարկուի՛ր, - ասում էին, - թագաւորի հրամանին, 22քեզ ուրիշ միս կը տանք, որպէսզի կասկածները փարատես եւ մահուանից ազատուես»։ 23Նա, ինչպէս վայել էր ծերունական իր հասակի վեհութեանն ու իմաստութեանը, իր տարիքին, պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը, մանաւանդ առաւել եւս ինչպէս վայել էր աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, ոգեշնչուած, տեղը տեղին եւ անմիջապէս պատասխան տալով՝ ասաց. 24«Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծաւորութիւն անելով մտնի սուրբ դատաստան։ Կարող են շատ երիտասարդներ խէթ նայել ինձ վրայ, մտքում կասկածել ու ասել. «Եղիազարը իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան դուռը. դաւանափոխ եղաւ»։ 25Նրանք իմ պատճառով կեղծաւորութեամբ կը գայթակղուեն։ Ես խղճի խայթ կ՚ունենամ եւ աշխարհում վատ ծերունու անուն կը թողնեմ։ 26Արդ, եթէ ինձ նոյնքան կեանք շնորհեն, եւ ես այլեւս մարդկանց ձեռքը չընկնեմ, ապա թէ՛ կենդանութեանս օրօք եւ թէ՛ իմ կենդանութիւնից յետոյ ես չեմ կարող խուսափել մշտնջենաւոր Աստծու ձեռքից։ 27Դրա համար էլ քաջութեամբ կը հեռանամ այս աշխարհից, որպէսզի արժանի լինեմ իմ ծերութեանը, 28երիտասարդներին բարութեան ու առաքինութեան օրինակ թողնեմ, որպէսզի նրանք յօժար կամքով ու քաջութեամբ, կեանքի գնով կարողանան պաշտպանել սուրբ օրէնքները»։ Երբ այս խօսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ ու սրտանց գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29Նրանք, ովքեր նրա շուրջը գտնուելով՝ կարեկցում էին նրան, սկսեցին նրա մխիթարանքի խօսքերը թշնամաբար ընդունել, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարել, աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30Երբ կտտանքներ կրելով նա մօտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց իր բերանը, սկսեց խօսել Տիրոջ՝ սուրբ խորհուրդներն իմացողի հետ, ու ասաց. «Քեզ յայտնի է, որ իմ ձեռքին էր այս տաժանելի մահուանից ազատուելու կարողութիւնը։ Մարմնով այս խիստ տանջանքներն ընդունելով համբերում եմ, բայց հոգով դրանք հաճելի քաղցրութեամբ եմ ընդունում քո՝ Տիրոջ հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»։ 31Ազնիւ մաքառման այսպիսի օրինակ տալով՝ նա հեռացաւ այս աշխարհից։
7 Մի անգամ բռնեցին եօթը եղբայրների իրենց մօր հետ եւ թագաւորի ատեան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2Նրանցից մէկը համարձակ առաջ եկաւ, սկսեց խօսել ու ասաց. «Ի՞նչ էք ուզում անել մեզ, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից, մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբեք մեր հայրերի օրէնքներից հրաժարուել»։ 3Թագաւորը լցուեց զայրոյթով. նա հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիւներ տաքացնել, տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ Երբ դրանք տեղնուտեղը տաքացրին, 4նա հրամայեց խօսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, յետոյ իր մօր ու եղբայրների առաջ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին։ 5Երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին նրան, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրայ։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց ելնել ու բարձրանալ, եղբայրներն իրենց մօրն ու միմեանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջութեամբ մեռնենք եւ անուն ու հոգի ժառանգենք։ 6Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում մեր այս պայքարում, Նա իր գթասրտութիւնը ցոյց կը տայ իր ծառաների նկատմամբ, ինչպէս իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը. «Նա կարեկից կը լինի իր ծառաների նկատմամբ»։ 7Երբ եղբայրներից առաջինն այս կերպ հրաժեշտ տուեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կ՚ուտե՞ս, թէ՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8Նա իրենց մայրենի լեզուով պատասխան տուեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նոյնպէս նոյն տանջանքներին ենթարկուելով՝ վախճանուեց։ 9Շունչը փչելուց առաջ նա սկսեց խօսել ու ասաց թագաւորին. «Ա՜յ դու գոռոզ, ինքնահաւան ու ամբարտաւան, դու կարծում ես, թէ մեզ զրկում ես այս աշխարհի կեանքից։ Թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, բայց Նա, որ աշխարհի թագաւորն է, յաւիտենական կեանքում երկրորդ ծննդեան ժամանակ մեզ նորից կը պարգեւի։» 10Սրանից յետոյ երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա ինքն անմիջապէս հանեց այն, քաջաբար մեկնեց նաեւ ձեռքերը, 11այնպէս որ թագաւորն ինքն իսկ զարմացաւ պատանու մտքի ուշիմութեան ու սրտի քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է ցաւերը։ 12Երբ սա մահացաւ, չորրորդին էլ բերելով նոյն տեղը՝ նոյն տանջանքներին մատնեցին։ 13Նախքան հոգին աւանդելը նա այսպէս խօսեց. «Լաւ է, որ հեռանում ենք մարդկանցից, որովհետեւ մենք հաւատում ենք մեռելների յարութեանը՝ երկրորդ ծննդեանը։ Դու թէեւ կենդանի ես մնում, բայց յարութեան չես արժանանայ»։ 14Սրանից յետոյ հինգերորդին բերեցին տանջելու։ Սա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ ու ասաց. 15«Դու, որ իշխանութիւն ունես մարդկանց վրայ, ո՜վ մահկանացու, եւ անում ես այն, ինչ կամենում ես, բայց չկարծես, թէ ինչ-ինչ չարագործութիւններով մեր ազգը կը վերացնես, կամ չկարծես, թէ Աստուած կը լքի մեզ։ 16Դու շարունակի՛ր ապրել եւ կը տեսնես այն մեծամեծ հրաշքները, թէ ինչպիսի չարաղէտ պատուհասներով Տէրը պատժելու է քեզ ու քո ազգատոհմը»։ 17Սրանից յետոյ բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մօտ էր, նա ասաց. «Դու իզուր ես մոլորուել։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետեւ մենք Աստծու առաջ ապշելու աստիճան մեղքեր ենք գործել։ 18Դու, սակայն, երբեք չակնկալես, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ եւ առողջ ու անվնաս կը մնաս»։ 19Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի սքանչելի մայրը։ Նա Աստծու յոյսին ապաւինելով՝ այսպիսի եօթը որդի էր կորցնում մէկ օրում, նոյն ժամին։ 20Քաջալերուելով նրանցից իւրաքանչիւրով՝ ինքն էլ նրանց էր քաջալերում, մխիթարում իրենց մայրենի լեզուով։ Կին լինելով, բայց հանդէս բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք, 21նա քաջաբար առաջ եկաւ ու ասաց. «Ես չգիտեմ, թէ դուք ինչպէս էք յայտնուել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կեանք ու հոգի եմ պարգեւել եւ ոչ էլ կերպարանք տուել ձեզանից իւրաքանչիւրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել եմ այս հասակին։ Սրանից յետոյ ես ոչինչ իմը չեմ համարում, 22այլ նրան, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, ով իր ողորմածութեամբ ու իր գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»։ 23Անտիոքոսը թէեւ նախատինքի այս խօսքերի համար իրեն արհամարհուած զգաց, բայց որովհետեւ դեռեւս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կեանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ իրօք երդւում էր, թէ նրան հարստութիւն կը պարգեւի, աւագութեան կը հասցնի, երանելի կը դարձնի երկրում, միայն թէ հրաժարուի իր նախնիների օրէնքից։ Նրան իշխանութիւն կը տայ եւ թագաւորների բարեկամ կը դարձնի։ 24Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին երբեք չի հնազանդւում իր խօսքերին, կանչեց մօրը եւ խնդրեց նրան, որ նա պատանուն խորհուրդ տայ, որ սա փրկուի։ 25Երբ շատ ստիպեց, մայրը յանձն առաւ խօսել որդու հետ։ 26Թեքուեց նրա կողմը, սկսեց ծաղրել գոռոզ ու ամբարտաւան թագաւորին ու ասել. «Գթա՛ ինձ, որդեա՛կ իմ, յիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եմ քեզ եւ հասցրել այս հասակին։ 27Արդ, աղաչում եմ քեզ, որդեա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին, այդտեղ ապրող արարածներին։ Յիշի՛ր, որ Աստուած նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպէս էլ նա մարդկային ցեղն է ստեղծել։ 28Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թէ աշխարհի կեանքը, որպէսզի մեծ Աստծու ողորմածութեամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։ 29Քանի դեռ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խօսել ու ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում։ Թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդւում եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին։ 30Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքներ ես յօրինում եբրայեցիների համար, չես փրկուի Աստծու ձեռքից, 31որովհետեւ եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար է պատուհասի ենթարկում, մի փոքր բարկանում մեզ վրայ, 32ապա նորից ողորմածութիւն է հանդէս բերում իր ծառաների նկատմամբ։ 33Իսկ դու, անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի յոյսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրայ։ 34Դու չես փրկուի ամենագէտ, ամենազօր Աստծու դատաստանից։ 35Այժմ մեր եղբայրները, յանուն յաւիտենական կեանքի, Աստծու կտակարանի ուխտի համար մի քիչ ցաւերին դիմանալով՝ մահ ընդունեցին։ 36Ես էլ, իմ եղբայրներին հաւասար, պատրաստ եմ իմ շունչն ու մարմինը հայրերի օրէնքի համար զոհել։ Յուսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քաւութիւն պարգեւի, իսկ քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տայ, որ միայն ինքն է Աստուած, եւ ուրիշ մէկը չկայ։ 37Իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բարկութիւնները կ՚անցնեն ու կը մոռացուեն»։ 38Եօթը պատանիների այսպիսի քաջասրտութիւնից թագաւորը թեւաթափ եղաւ, դրա համար էլ կրտսերին աւելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 39Սակայն նա էլ, իր հաւատարմութեամբ ու անմեղութեամբ Տիրոջն ապաւինելով, հեռացաւ այս աշխարհից։ 40Որդիներից յետոյ երանելի մայրն էլ նոյն ձեւով նահատակուեց։ 41Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին, ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով։
8 Յուդա Մակաբայեցին եւ նրանք, որ նրա հետ էին, գաղտագողի մտնում էին այստեղ ու այնտեղ՝ գիւղեր, քաղաքներ ու ագարակներ, եւ իրենց շուրջն էին հաւաքում իրենց ցեղակիցներին։ Նրանք ներգրաւում էին այն հրեաներին, որոնք հաւատարիմ էին մնացել իրենց ուխտին։ Սրանք հաւաքուեցին, շատացան, բանակ կազմեցին։ Դրանց թիւը հասաւ մօտ վեց հազար մարդու։ 2Նրանք խնդրում էին Տիրոջը, որ օգնի, բարի աչքով նայի հեթանոսներից ոտնակոխ արուած իր ժողովրդին, խնայի ամբարիշտների ձեռքով պղծուած տաճարը, 3կարեկցի ապականուած, տակնուվրայ եղած քաղաքին, ականջ դնի թափած արեան կանչին, 4յիշի իզուր նահատակուած անմեղ մարդկանց, միտքը բերի իր սուրբ անունը հայհոյողներին։ 5Երբ Մակաբայեցին հաւաքեց մարդկանց ու զօրք կազմեց, հեթանոսները նրան չդիմադրեցին, որովհետեւ մեծ Աստծու զայրոյթը ողորմածութեան էր վերածուել։ 6Նա յարձակուեց գիւղերի ու քաղաքների վրայ, հրդեհի մատնեց թշնամիների տարբեր վայրերի բերդերը, նուաճելով վերադարձրեց թշնամիների գրաւած տեղերը, թշնամիներին մեծամեծ հարուածներ հասցրեց, 7մանաւանդ որ գիշերը դարձրել էր իրեն օգնական ու աջակից։ Նրա քաջագործութիւնների համբաւը տարածուեց ամէն կողմ։ 8Երբ Փիլիպպոսը տեսաւ, որ այդ մարդու գործերը գնալով յաջողւում են, արքունի հրովարտակներով պատգամաւորներ ուղարկեց Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Պտղոմէոսի մօտ, որ սա օգնական զօրք ուղարկի իրեն։ 9Հրովարտակներն ստանալուց անմիջապէս յետոյ նա Պատրոկլէսի որդի Նիկանորին՝ իր աւագների մէջ առաջին սիրելի մարդուն յանձնեց ոչ պակաս քան քառասուն հազար մարդ, որ առհասարակ բնաջնջի, երկրի վրայից վերացնի հրեայ ազգը։ Նրան օգնական տուեց Գորգիաս սպարապետին, որը մի քաջ, պատերազմական գործերին տեղեակ, ամէն ինչին հմուտ մարդ էր։ 10Նիկանորը յանձն առաւ հռոմէացիներին վճարուող նախկին հարկը՝ հարիւր քանքարը լրացնել հրեայ գերիների վաճառքից։ 11Ծովեզերքում բնակուող վաճառականներին հրամայեց գալ Հրէաստան մարդիկ գնելու եւ խոստացաւ մի քանքարի դիմաց նրանց տալ իննսուն մարդ։ Նա չգիտէր, թէ երկնքից նայող Ամենակալը ինչ դատաստան է պատրաստել իր համար։ 12Յուդան ունէր մարդիկ, որոնք գուշակել էին Նիկանորի արշաւանքը։ 13Եղան մարդիկ, որոնք վախից այս ու այն կողմ փախան 14եւ ինչ որ ունէին, վաճառեցին ու սկսեցին աղօթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրէն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած՝ արդէն իսկ սահմանել էր նրանց վաճառքի գինը։ 15Արդ, Աստուած եթէ ոչ իրենց համար, ապա իրենց հայրերի ուխտի ու կտակարանների, իր փառաւոր ու սուրբ անուան համար կարող էր նրանից փրկել իրենց։ 16Մակաբայեցին իր մօտ գտնուող մարդկանցից մօտ վեց հազարանոց զօրք հաւաքեց, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զօրքի բազմութիւնից, իզուր չյուսալքուեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջութեամբ, 17վրէժխնդիր լինեն սուրբ վայրերում կատարուած անարգութիւնների, գերուած քաղաքի կրած չարչարանքների, նախնիների սուրբ օրէնքների ոտնահարման համար։ 18«Նրանք, - ասում էր նա, - յոյս են դրել իրենց զէնքի եւ իրենց հզօրութեան վրայ, իսկ մենք՝ Ամենակալ Աստծու վրայ, որը մեզ ու ողջ աշխարհը ընկճել ցանկացող այդ մարդկանց կարող է իր մի շնչով կոտորել»։ 19Նա սկսեց մէկ առ մէկ յիշեցնել նախնիների քաջագործութիւնները, Տիրոջ ցոյց տուած ամէն մի օգնութիւն. «Յիշեցէ՛ք Սենեքերիմի եւ հարիւր ութսուն հազար մարդկանց միանգամից կոտորուելը, 20յիշեցէ՛ք գաղատացիների դէմ հռոմէացիների պատերազմը, ուր հարիւր քսան հազար յարձակուող մարդկանց դէմ ելան վեց հազար զինուորներ եւ Բարձրեալի օգնութեամբ հարիւր քսան հազար զինուորներին մի ժամում կոտորեցին»։ 21Այսպիսի մխիթարական, քաջալերիչ խօսքերով կռուի էր պատրաստում նա նրանց, որ, յանուն իրենց օրէնքների ու իրենց աշխարհի, քաջաբար մարտնչեն, հերոսաբար մեռնեն։ 22Նա զօրքը բաժանեց երեք գնդի. երկու գնդերի զօրավար նշանակեց իր երկու եղբայրներին՝ Շմաւոնին ու Յովսէփին։ 23Զօրքերին քաջալերելու, սրտապնդելու համար կանչեց Եզրասին, նրանց առաջ կարդալ տուեց սուրբ գիրքը, ամէն մի գնդին Տիրոջ անունով զինանշաններ բաշխեց, ինքն անցաւ առաջամարտիկ գնդի գլուխը եւ արշաւելով յարձակուեց Նիկանորի վրայ։ 24Ամենակալն օգնութեան հասաւ նրան. յարձակուեցին, հարուածեցին թշնամու զօրքին եւ առաջին իսկ յարձակման ժամանակ աւելի քան ինը հազար սպառազէն մարդ սպանեցին, կոտորեցին նրանց զօրքերը, շատերին խոցոտեցին, խեղանդամ ու վիրաւոր դարձրին եւ գերեցին։ 25Ստրկավաճառների ունեցուածքն ու գանձերը խլեցին, Նիկանորի կենդանի մնացած զինուորներին մինչեւ օրը մթնելը հալածելով փախուստի մատնեցին։ 26Երբ օրը տարաժամել էր, այդտեղից շտապ վերադարձան ու նորից, թէեւ կարճ ժամանակով, հալածեցին նրանց, որովհետեւ յաջորդ օրը շաբաթ էր։ 27Հասնելով ճակատամարտի վայրը՝ նրանք հաւաքեցին ընկածների զէնքերը, հանեցին սպանուածների հագուստները եւ պատրաստուեցին տօնելու շաբաթ օրը։ Օրհնեցին, գովեցին, փառաբանեցին Տիրոջը, որովհետեւ այդ օրը նա իրենց փրկել էր նրանցից։ Այդ օրը ողորմութիւն արեցին եւ յաղթութեան տօն կատարեցին։ 28Շաբաթ օրից յետոյ ստացուած աւարից մաս հանեցին կարիքաւորներին, այրիներին ու որբերին, եւ ապա իրենք էլ ստացան իրենց բաժինն այդ աւարից։ 29Երբ այս բանն արեցին, բոլորը ծնկի եկած աղօթեցին ողորմած Աստծուն, աղաչեցին, որ մինչեւ վերջ հաշտ լինի իր ծառաների հետ։ 30Դրանից յետոյ նրանց վրայ յարձակուեցին Տիմոթէոսն ու Բաքիդէսը։ Մակաբայեցու զօրքերը հետապնդեցին, նեղեցին, նրանցից սպանեցին աւելի քան քսան հազար հոգու։ Բազմաթիւ բերդեր ու բարձունքներ գրաւեցին քաջութեամբ, բռնագրաւեցին նրանց բազմաթիւ գանձերը, ինչքն ու ունեցուածքը։ Աւարից բաժին հանեցին նաեւ աղքատներին, որբերին ու ծերերին։ 31Հանեցին սպանուածների զէնքերը, թողեցին յարմար տեղերում եւ իրենց աւարով եկան Երուսաղէմ՝ ազգերի նահապետի մօտ։ 32Այդտեղ նրանք սպանեցին Տիմոթէոսին, որ բազում չարիքներ էր հասցրել հրեայ ազգին։ 33Նրանք հաւաքեցին գաւառներից եկած մարդկանց, ուրախութեան օր արեցին, յաղթանակի յուշակոթող կանգնեցրին։ Բերեցին փախստական Կալիսթենէսին ու նրա հետ եղողներին, որոնք տաճարի դռներն էին հրդեհել, ու ողջ-ողջ այրեցին, 34իսկ ոճրագործ Նիկանորը, որ հազար վաճառական էր բերել հրեաներ գնելու համար, 35Տիրոջ հրամանով մեծ տառապանքների մէջ ընկած, փառքի հանդերձներից զրկուած, նուաստանալով մուրացկան դարձած, իր զօրքը կորցնելու համար մեծ սգի մատնուած, փախստական դարձած՝ անտիոքացիների քաղաքն ընկաւ։ 36Նա, որ խոստանում էր, թէ Երուսաղէմը գերելով կը լրացնի հռոմէացիներին վճարուող հարկը, ինքն իր բերանով պատմում էր, թէ Աստուած յայտնապէս օգնում է նրանց, եւ դրա համար էլ նրանք պատերազմից դուրս են գալիս ողջանդամ, առանց վէրք ստանալու, որովհետեւ նրանք հաւատարմութեամբ են պահպանում Նրա սահմանած օրէնքները։
9 Այդ ժամանակներում այնպէս պատահեց, որ Անտիոքոսը խիստ գլխիկոր վերադարձաւ Պարսկաստանի կողմերից, որովհետեւ նա գնացել էր նրանց գլխաւոր քաղաքը՝ մտածելով տիրանալ գանձերին, իսկ եթէ հնարաւոր լինէր, նաեւ աւերել քաղաքը։ Երբ դա զգացին քաղաքի զօրքերը, բոլորը վերցրին իրենց զէնքերը եւ նրան, որ մեծ խստութեամբ յարձակուել էր, խայտառակ կերպով, կորագլուխ յետ շպրտեցին։ 2Անտիոքոսը ամօթահար հեռացաւ Պարսկաստանի կողմերից, եկաւ հասաւ Եկբատանի կողմերը։ Նրան տեղեակ պահեցին իր զօրքի հետ պատահած դէպքերի մասին։ 3Յիշելով իրեն փախուստի մատնած Երուսաղէմ քաղաքի բնակիչների ստահակութիւնը 4եւ զայրանալով երկու կողմերի՝ իր զօրավարների ու երուսաղէմացիների վրայ, նա որոշեց իր զայրոյթը թափել երուսաղէմացիների վրայ։ Դրա համար հրամայեց կառապանին անընդհատ քշել կառքը՝ ճանապարհը շուտ անցնելու համար։ Նա չէր մտածում, որ երկինքը բարեհաճ չէր իր հանդէպ, իսկ ինքը մեծամտաբար փքւում էր եւ ասում. «Հրեաների Երուսաղէմը անբնակ պիտի դարձնեմ»։ 5Ամենակալ Բարձրեալը՝ Իսրայէլի Տէր Աստուածը, սակայն, նրան պատուհասեց աներեւոյթ հարուածներով. հազիւ էր նա ասել այս խօսքերը, որ անասելի սուր ցաւերով բռնուեցին նրա ոսկորները, տանջող խիթեր սկսուեցին որովայնում։ 6Նա շատ արժանի էր դրան, քանի որ բազմաթիւ ու նորանոր ինչպիսի տանջանքներ, որ նա պատճառում էր ուրիշների մարմիններին, նոյնպիսի սաստիկ ցաւեր պատեցին իրեն։ 7Այդուհանդերձ նա իր գոռոզութիւնից չէր հրաժարւում, այլ եբրայեցիների վրայ աւելի մեծ ամբարտաւանութեամբ ու բարկութեամբ էր բռնկւում։ Նա ստիպեց աւելի արագ քշել կառքը եւ սրընթաց այդ վազքի ժամանակ էլ ընկաւ կառքից։ Սոսկալի տանջանքներ պատեցին նրան, որովհետեւ նրա բոլոր ոսկորները ջարդուել էին։ 8Նա, որ ուզում էր ամբարտաւանութեամբ սաստել ծովի ալիքները, լերան գագաթները շուռ տալ ներքեւ, ստորոտները բարձրացնել վերեւ, ի՛նքն էր գետին տապալուած, իրե՛ն էին շալակած ման ածում։ Աստծու զօրութեան բացայայտ ցուցադրումն էր դա։ 9Այդ անօրէնի աչքերից վխտալով որդեր էին բխում ու թափւում դուրս։ Իր կենդանութեան օրով մարմնի անդամները հիւանդութեան ցաւերից բաժանուեցին իրարից, մարմնի նեխահոտից ամբողջ բանակն սկսեց նեղուել։ 10Նա, որ առաջ գոռոզամտութեամբ ուզում էր երկնքի աստղերը հաւաքել, իր նեխահոտի պատճառով բոլորից մեկուսացել էր, եւ ոչ ոք չէր կարողանում նրան այս ու այն կողմ շրջել։ 11Այդ պահից սկսած՝ նա չափաւորեց իր ամբարտաւան խստութիւնը եւ Աստծու պատճառած տանջանքների հետեւանքով ներքուստ մեղմացաւ, որովհետեւ մարմնի ցաւերը գնալով ուժեղանում էին։ 12Ինքն իսկ չէր կարող տանել իր մարմնի նեխահոտը։ Նա սկսեց այսպէս խօսել. «Պէտք է հնազանդ լինել Տէր Աստծուն, մահկանացու մարմինը չպէտք է բարձրացնել եւ աստուածակերպ համարել»։ 13Աղաչում էր Նրան, որ սուրբ քաղաքը հիմնայատակ կործանելու եւ ամայի դարձնելու սպառնալիքի համար այլեւս չէր գթալու իրեն. 14խոստանում էր, որ այն մարդաշատ ու ազատ կը դարձնի։ 15Եբրայեցիներին, որոնց ինքը սպառնում էր չարժանացնել ո՛չ պատանքի, ո՛չ էլ թաղուելու, կանանց ու երեխաներին գազանների կեր դարձնել ու գիշատիչ թռչունների բաժին անել, այժմ խոստանում էր աթենացիներին հաւասար համաքաղաքացիներ հռչակել հրովարտակով։ 16Սուրբ տաճարը, որ առաջ սպառնում էր կողոպտել, այժմ խոստանում էր այն զարդարել գեղեցիկ նուէրներով, նախկինում տաճարի կողոպտուած զարդերի ու սպասքի փոխարէն բազմապատիկը վերադարձնել, զոհերի համար անհրաժեշտ պիտոյքները արքունիքից լրացնել, 17այս ամենից բացի եբրայեցի դառնալ, մարդաբնակ բոլոր վայրերը շրջել ու Աստծու մեծ զօրութեան մասին պատմել։ 18Երբ տեսաւ, որ ցաւերը ոչ մի կերպ չեն դադարում (որովհետեւ Տիրոջից նրա վրայ արդար դատաստանով պատիժ էր հասել), երբ յոյսը կտրեց, թէ այլեւս չի կարող ազատուել, եբրայեցիներին մեծ խոնարհութեամբ հրովարտակներ գրեց հետեւեալ բովանդակութեամբ. 19«Քաղցր եբրայեցիներին, ընկերներին, եղբայրներին, համաքաղաքացիներին սրտագի՜ն ողջոյն։ 20Ձեր շնորհիւ Աստծուց մեծ շնորհ եմ ստացել 21եւ ծանր հիւանդութիւնից տկարանալու ժամանակ անգամ մեծ գորովանքով եմ յիշել ձեզ։ Ես վերադարձայ Պարսկաստանի կողմերից ու ծանր հիւանդացայ։ Մտքումս լաւ համարեցի հոգ տանել հասարակութեան օգտի ու խաղաղութեան մասին։ 22Դեռ յոյսս չեմ կտրում, որ կ՚ապրեմ, անգամ հաւատացած եմ, որ կ՚ազատուեմ նաեւ այս ծանր հիւանդութիւնից։ 23Ես յիշում եմ, որ երբ հայրս երկրի վերին կողմերում էր շրջագայում, նշանակել էր իր փոխանորդին, 24որպէսզի, եթէ որեւէ դէպք պատահի իրեն կամ աղէտ տեղի ունենայ, իմանան, թէ ով է նկատի առնուած իր գործերը վարելու համար, եւ իրենց չկորցնեն։ 25Բացի այդ, նկատելով, որ մեր շրջապատում մեր թագաւորութեան հարեւան երկրները նայում են մեզ, ես իմ որդի Անտիոքոսին թագաւոր նշանակեցի իմ փոխարէն։ Երբ ես շրջագայում էի երկրի վերին կողմերը, բազմաթիւ անգամներ ես վստահել եմ ձեզանից շատերին։ Ձեզ վստահելով ու ապաւինելով եմ ես գնացել։ Ձեզ գրած այսպիսի հրովարտակի մի պատճէնն էլ ուղարկել եմ նրանց։ 26Արդ, աղաչում եմ ձեզ, որ յիշէք առհասարակ իմ երախտիքն ու կատարած բարեգործութիւնները եւ իւրաքանչիւրիդ նկատմամբ իմ տածած սէրը, որպէսզի պահպանէք իմ ու իմ որդու նկատմամբ ձեր միաբանութիւնն ու հաւատարմութիւնը։ 27Հաստատ համոզուած եմ, որ իմ կատարած բարեգործութիւնները նկատի ունենալով՝ նա աւելի սիրալիր ու մարդասէր կը լինի ձեր նկատմամբ»։ 28Եւ Անտիոքոսը՝ այս արիւնարբուն ու անօրէն հայհոյիչը այսպէս տանջուելով սատկեց։ Այն տանջանքները, որ նա պատճառել էր ուրիշներին, նոյն տանջանքները կրելով նա չարաչար մեռաւ օտար լեռներում, 29իսկ իր դայեկորդի Փիլիպպոսը, որ վերցրել եւ տարել էր նրա մարմինը, վախեցաւ նրա որդուց եւ փախաւ Պտղոմէոսի մօտ, Եգիպտացիների երկիրը։
10 Մակաբայեցին եւ ովքեր նրա հետ էին, Տիրոջ օգնութեամբ զօրացած՝ գերութիւնից ազատեցին քաղաքն ու տաճարը, 2քաղաքի մէջ այլազգիների կառուցած բագիններն ու պաշտամունքի տեղերը քանդեցին, 3տաճարը մաքրեցին, կրակով մաքրագործուած քարերով մէկ այլ զոհասեղան շինեցին ու դրանցից նորից կրակ առնելով՝ երկամեայ ընդմիջումից յետոյ ողջակիզման զոհեր մատուցեցին։ Ճրագներ վառեցին, խնկեր ծխեցին, սկսեցին հացի մշտական նուէրներ տալ։ 4Երբ դա կատարեցին, երեսի վրայ գետին ընկնելով՝ աղաչում էին Տիրոջը, որ նոյն չարիքներն այլեւս չկրկնուեն իրենց նկատմամբ, իսկ եթէ երբեւէ յանցանք գործեն, ինքն իր հեզութեամբ խրատի եւ ոչ թէ հայհոյող, խուժդուժ հեթանոսների ձեռքը մատնի իրենց։ 5Արդ, այն օրը, երբ տաճարը հեթանոսների ձեռքով պղծուել էր, նոյն օրն էլ նորից նորոգեցին սրբարանը, այն է՝ Քասղեւ կոչուող ամսի քսանհինգերորդ օրը։ 6Որոշեցին Տաղաւարահարաց տօնի նման ութ օր ցնծութեամբ եւ ուրախութեամբ տօն կատարել, յիշելով, որ վերջին ժամանակներս ինչպէս էին կատարել Տաղաւարահարաց տօնը լեռներում, քարանձաւներում եւ ծերպերում՝ երէների նման խոտ ուտելով ու շրջելով։ 7Դրա համար թաւ ծառերից գեղեցիկ ճիւղեր ու արմաւի ոստեր վերցնելով՝ մատուցեցին նրան, որ յաջողութիւն էր տուել իրենց՝ սրբագործելու իր սրբավայրը։ 8Եբրայեցի ազգի ընդհանուր համաձայնութեամբ հրաման տրուեց, որ այդ օրը դասուի տարեկան տօների շարքը, տօն կատարուի ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ 9Այսքանը՝ Երեւելի մականուամբ Անտիոքոսի մասին. 10իսկ ազնուազարմ հօր որդի՝ անօրէն Անտիոքոսի վերաբերեալ համառօտակի կը պատմենք միայն այն, ինչ կատարուեց քաղաքներում։ 11Երբ Անտիոքոսը գահ բարձրացաւ, Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի կողմերի արքունի կառավարիչ նշանակեց Լիւսիասին, որովհետեւ Պտղոմէոսը, 12որին Բարձրանձն էին կոչում, եբրայեցիների իրաւունքները հաստատուն պահեց եւ գործերը խաղաղ հունի մէջ դրեց այն բանից յետոյ, երբ խախտել էին եբրայեցիների հետ կնքուած ուխտը եւ նրանց զրկել իրաւունքներից։ 13Դրա համար նրան Անտիոքոսի մօտ ամբաստանել էին իր ընկերները եւ մատնիչ էին անուանում այն բանի համար, որ նա թողել էր Փիլոմիտորէսի հրամանով իրեն յանձնուած Կիպրացիների երկիրը եւ եկել Անտիոքոսի մօտ։ Չդիմանալով իր հասցէին ասուած նախատինքներին, նա թոյն խմեց ու մեռաւ։ 14Այդ վայրերի զօրավար Գորգիասը եդոմացիներից զօրք էր հաւաքում ու յարձակումներ գործում, յարմար դիրքեր գրաւում։ 15Նրանք դուրս էին գալիս, անհանգստացնում եբրայեցիներին, փախուստի մատնում նրանց Երուսաղէմից, գնդեր էին կազմում, մարտի պատրաստւում։ 16Իսկ նրանք, որ մակաբայեցիների հետ էին, աղօթեցին Աստծուն, նրա օգնութիւնը հայցեցին, որ իրե՛նք նախայարձակ լինեն եդոմայեցիների բերդերի վրայ։ 17Եկան, խմբեր կազմեցին, յարձակուեցին, խորտակեցին բերդերը, հարուածեցին, կոտորեցին բոլոր նրանց, ովքեր ընկան իրենց ձեռքը, սպանեցին նրանց։ 18Ոմանք ազատուեցին, փախան ու եկան ապաստանեցին երկու ամուր բերդերում։ Նրանք իրենց մօտ ունէին մարտական պատրաստի ամէն տեսակ մեքենաներ՝ պաշարման դիմանալու համար։ Նրանք մեքենաները կանգնեցրին պարիսպների մօտ։ 19Մակաբայեցին բերդի վրայ յարձակուելու համար այնտեղ թողեց Շմաւոնին, Յովսէփին, Զաքէին ու նրա հետ եղող զինուորներին, որպէսզի պաշարեն բերդերը, իսկ ինքը գնաց։ 20Բերդի շուրջը նստած Շմաւոնի զինուորները բանագնացներ ուղարկեցին, կաշառք վերցրին, բերդերում պաշարուածներից առան եօթանասուն հազար սատեր արծաթ եւ թոյլ տուեցին, որ նրանք դուրս գան բերդերից ու փախչեն։ 21Երբ կատարուած դէպքերի մասին տեղեակ պահեցին Մակաբայեցուն, նա հաւաքեց բոլոր իշխաններին, դատապարտեց, մեղադրեց, որ արծաթով վաճառել են եղբայրներին եւ ազատ արձակել թշնամիներին։ 22Օրէնքը խախտողներին բերեցին, սպանեցին նրանց եւ իրենք արշաւեցին դէպի բերդը։ 23Եկան, շրջապատեցին այդ երկու բերդերը, եւ որովհետեւ յաջողութիւնը նրա կողմն էր, նրանք այդտեղ աւելի քան քսան հազար մարդ կոտորեցին։ 24Տիմոթէոսը, որ առաջ պարտութիւն էր կրել եբրայեցիներից, նորից աշխուժացաւ, նորից զօրք հաւաքեց օտար երկրներից, ասիացիներից մեծաթիւ այրուձի ժողովեց՝ մտադրուելով գալ, սրի ուժով Հրէաստան երկիրը գրաւել։ 25Մակաբայեցիների հետ եղածները նրանց մօտենալու պահին պաղատանքով դիմում էին Աստծուն, գլուխներին հող էին ցանում, քուրձ հագնում, 26զոհասեղանի առաջն ընկած՝ թաւալւում էին աստիճանների վրայ, խնդրում էին, որ սրանից յետոյ նա հաշտ լինի իրենց հետ, վանի իրենց թշնամիներին, դէմ կանգնի իրենց հակառակորդներին. աղաչելով աղօթում էին այնպէս, ինչպէս հրահանգում էր օրէնքը։ 27Երբ աղօթելը վերջացրին, բոլորը զէնք վերցրին, սպառազինուեցին, պատրաստուեցին ու քաղաքից բաւական հեռու գնացին։ Երբ թշնամու գնդին մօտեցան, ըստ կարգի դասաւորուեցին, ճակատ կազմեցին։ 28Երբ շառագոյն արեգակն սկսեց իր ճառագայթները սփռել երկրի երեսին, երկու կողմերը բախուեցին միմեանց։ Օրը բախուողների մի կէսին ուրախութեան բարի նշան էր պատրաստում եւ ուրախալի յաղթութիւն պարգեւում, որովհետեւ երկնքի զօրութեան փառքն ու իրենց Տիրոջ օգնականութիւնը լոյսի պէս իջնելով՝ անվտանգ էին պահում նրանց, իսկ միւս կէսին, նրանց բիրտ գոռոզութեան համար, տագնապ էին պատճառում։ 29Այն պահին, երբ պատերազմի անաչառ, անողորմ ձեռքը իր գործն էր անում, երկնքից երեւացին սպառազէն հինգ հեծեալներ՝ զինուած ոսկէ զէնքերով ու ոսկէ զարդերով։ Նրանք իջան թշնամու բանակի մօտ, բայց եկան խառնուեցին եբրայեցիների գնդին։ 30Սրանք Յուդա Մակաբայեցուն իրենց մէջն առնելով առաջ գնացին, իրենց աներեւոյթ զէնքերով աւելի մեծ նախճիր գործեցին, քան Յուդան իր զէնքերով, որովհետեւ նրանք սրա վրայ թափուող բոլոր նետերն ու տէգերը վանում էին, եւ բարկութեամբ լցուած, իրենց նետերով թշնամու աչքերն էին կուրացնում։ Թշնամու ահաբեկուած զօրքն սկսեց իրար խառնուել։ 31Այդ օրը թշնամու բանակից սպանուել էր քսան հազար հինգ հարիւր սպառազէն զինուոր, 32իսկ Տիմոթէոսն ինքը մազապուրծ եղած՝ ամբոխի հետ փախուստի դիմեց։ Նա եկաւ ընկաւ Գազարա անունով պարսպապատ քաղաքը, ուր զօրավար էր Քերէասը։ 33Մակաբայեցին իր զօրքով եկաւ ու չորս օր պաշարեց բերդը։ 34Ներսում գտնուողները վստահ լինելով քաղաքի ամրութեան վրայ, ծաղրում էին եբրայեցիներին, իրենց չարութիւնից թշնամական, անարգալից խօսքեր էին շպրտում նրանց հասցէին։ 35Հինգերորդ օրը, երբ պիտի ծագէր շաբաթ օրուայ լոյսը, եբրայական բանակի միջից քսան ընտիր երիտասարդներ Մակաբայեցու հետ զէնքեր վերցնելով՝ քաջաբար, բարկութեամբ յարձակուեցին քաղաքի դարպասներից մէկի վրայ։ Ում պատահեցին դարպասի մօտ, տեղնուտեղը սպանեցին։ 36Յարձակում գործեց նաեւ պարիսպների շուրջը գտնուող ամբողջ զօրքը։ Աղմուկ-աղաղակը հասաւ քաղաք։ Պարսպապահ զինուորները, որոնք պարսպի վրայ էին, պարսպից դուրս ու ներս, խմբեր կազմած, տեղատարափ անձրեւի պէս վերեւից վայր էին թափւում։ Բոլոր մակաբայեցիները խուժեցին ներս, բերդի աշտարակն ու քաղաքի բոլոր փայտակերտ շինութիւնները կրակի տուեցին, դարպասներն ու մարտական մեքենաներն այրեցին, աչքի ընկնող ամէն ինչ խորտակեցին, յետոյ քաղաքի մէջ խարոյկ վառեցին ու իրենց հայհոյող թշնամիներին դրա վրայ այրեցին, 37քաղաքի ամբողջ ինչքը, գանձերն ու հարստութիւնը կողոպտեցին եւ քաղաքի օրէնքն ու կարգերը վերցրին իրենց ձեռքը։ Եկան գտան նաեւ փախած, մի գբի մէջ թաքնուած Տիմոթէոսին. նրան, նրա եղբայր Քերէասին ու Ապոլոփանէսին նոյն գբի մէջ էլ մորթեցին։ 38Երբ այս բոլոր գործերն արեցին վերջացրին, ցնծութեամբ եւ ուրախութեամբ օրհնեցին Տիրոջը, որ արժանի ու փառաւոր յաղթանակ էր պարգեւել Իսրայէլին։
11 Երբ քիչ ժամանակ անց այդ մասին լսեց արքայի հազարապետ Լիւսիասը, խիստ զայրացաւ, վրէժխնդրութեամբ լցուեց կատարուած դէպքերի համար։ 2Նա զօրք ժողովեց, ութսուն հազար զինուոր հաւաքեց, ութսուն հազարանոց զօրքի հետ վերցրեց իր ունեցած ամբողջ հեծելազօրը, նրանց իր հետ առնելով յարձակուեց եբրայեցիների վրայ այն մտադրութեամբ, որ նրանց գլխաւոր քաղաքը վերածի հեթանոսների բնակավայրի, 3սրբութեան տաճարը միւս մեհեանների նման դարձնի հարկատու, իսկ քահանայապետութեան պաշտօնը ամէն տարի լինի վաճառքի ենթակայ։ 4Նա անտեսելով Աստծու զօրութիւնը, հազարաւոր հետեւակ զինուորներ, հեծելազօր եւ փղեր հաւաքելով՝ գոռոզամտութեամբ առաջ էր շարժւում։ 5Երբ Հրէաստան մտաւ ու մօտեցաւ Երուսաղէմից հինգ ասպարէզ հեռու գտնուող Բեթսորի բերդին, հազարաւոր զինուորներով շրջապատեց բերդը եւ սկսեց ճնշում գործադրել։ 6Երբ մակաբայեցիներն իմացան իրենց բերդի պաշարման մասին, ժողովրդի հետ ողբալով ու արտասուելով աղաչում էին Աստծուն, որ բարի հրեշտակ առաքի իսրայէլացիներին փրկելու համար։ 7Մակաբայեցին նախ ինքը զէնք վերցրեց, զօրքին հրաման տուեց սպառազինուել, կազմ ու պատրաստ լինել, նեղութիւն յանձն առնելով՝ օգնութեան հասնել նեղութեան մէջ գտնուող եղբայրներին։ 8Այդ ժամանակ նրանք միաբան, միահամուռ սպառազինուելով՝ առաջ գնացին։ Երբ նրանք հասան Երուսաղէմ քաղաքի մերձակայքը, նրանց առաջ եկաւ իջաւ ոսկէ զէնքերով սպառազինուած, սպիտակ ձի հեծած մի մարդ։ Նա նիզակ էր ճօճում ու պատրաստւում էր յարձակում գործել։ 9Բոլորը, գօտեպնդուած, օրհնեցին ողորմած Աստծուն եւ այդպէս քաջալերուած ու ոգեւորուած՝ յարձակման անցան։ Կարծես գնում էին ոչ թէ մարդկանց վրայ յարձակուելու, այլ հանդիպել էին սոսկալի գազանների, դէմ էին առել երկաթէ պարիսպների եւ ուզում էին հարուածել, կոտորել, կործանել, թափով անցնել, համարձակ յարձակուել՝ 10ընդունելով երկնային նիզակակցի ողորմածութիւնը։ 11Քաջի պէս, առիւծի նման յարձակուեցին թշնամի բանակի վրայ եւ նոյն տեղում էլ հարուածելով՝ դիաթաւալ արեցին տասնմէկ հազար ընտիր զինուոր, հազար վեց հարիւր հեծեալ 12եւ ամբողջ զօրքը փախուստի մատնեցին։ Նրանցից շատերը ծանր վիրաւորուելով՝ տկար ու տկլոր փախան-փրկուեցին։ Լիւսիասը գլխիկոր, մազապուրծ փախաւ։ 13Կարծես ինքը եղած չլինէր այդ ապիկարութեան պատճառը։ Նա խօսում էր ինքն իր հետ եւ մտածում, որ եբրայեցիներն անյաղթելի են, քանի որ հզօր Աստուած օգնում է նրանց։ 14Լիւսիասը պատգամաւորներ ուղարկեց նրանց մօտ, որ նրանց իրաւունքները հաշուի առնելով՝ հաշտութիւն կնքի, 15յանձն առաւ թագաւորի համաձայնութիւնն ստանալ ու համոզել թագաւորին, որ բարեկամանայ նրանց հետ։ 16Յուդան, յանուն հասարակութեան շահերի, համաձայնեց այն պայմաններին, որ ժամանակին առաջարկել էր Լիւսիասը։ Արքան թոյլ տուեց անել այն, ինչ հրեաների վերաբերեալ պահանջել էր Մակաբայեցին Լիւսիասին գրած նամակում։ 17Հրեաներին գրուած նամակներն ունէին այս բովանդակութիւնը. 18«Լիւսիասը ողջունում է հրեաների բանակին։ Յովհաննէսն ու Աբեսալոմը, որոնց դուք ուղարկել էիք մեզ մօտ, մեզ յանձնեցին ձեր նամակը եւ խնդրեցին այն, ինչ գրուած է նրա մէջ։ Ինչ արժանի էր թոյլ տալու, թոյլ տուեցի, 19ինչ պէտք էր ցոյց տալ թագաւորին, ցոյց տուեցի, որպէսզի ձեզ թոյլատրուի անել այն, ինչ թոյլատրելի է։ 20Մենք եւ դուք պէտք է հոգ տանենք միմեանց նկատմամբ, ուստի սրանից յետոյ կը ջանամ բարիք անել ձեզ։ 21Յետագայ գործերի մասին պատուիրեցինք, որ խօսեն ձեզ հետ։ Ո՛ղջ եղէք։ 22Հարիւր քառասունութ թուականին, Որմիզդի տօնի օրը, ամսի քսանչորսին»։ 23Իսկ արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան ողջունում է եղբայր Լիւսիասին։ 24Երբ մեր հայրը գնաց աստուածների մօտ, կամեցանք, որ մեր թագաւորութեան ենթակայ ժողովուրդները խռովութիւն չբարձրացնեն։ 25Հրեաներից աւելի ո՞վ խախտեց այդ օրէնքը։ Նախ նրանք չենթարկուեցին հեթանոսութիւն ընդունելու իմ հօր առաջարկութեանը, այլ խնդրեցին, որ թոյլ տանք պաշտել իրենց օրէնքները։ 26Որպէսզի այս ազգը խռովութիւն չբարձրացնի, մենք յանձն առանք եւ հրաման տուեցինք իրենց տաճարը իրենց վերադարձնել եւ թոյլ տալ, որ ապրեն ըստ իրենց նախնիների օրէնքների։ 27Արդ, լաւ կ՚անես, եթէ մարդ ուղարկես նրանց մօտ, պայման կապես ու դաշինք կնքես, որ նրանք հասկանան, թէ մենք հոգ ենք տանում նրանց համար, ուրախանան, յօժարակամ, բարեացակամ դառնան նրանց նկատմամբ, ովքեր յարգում են իրենց օրէնքները»։ 28Ժողովրդին ուղղուած արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան բարեկամաբար ողջունում է հրեաների ծերակոյտին, հրեայ զինուորներին ու զօրքերին։ 29Ո՛ղջ եղէք, եւ եթէ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս մենք ենք կամենում, ապա մենք էլ ողջ կը մնանք։ 30Լիւսիասը մեզ այնպէս տեղեկացրեց, թէ դուք ուզում էք իջնել Երուսաղէմում գտնուող հրեաների մօտ։ 31Ովքեր այժմ կարող են գնալ, դրանց թող դա թոյլատրուի մինչեւ Ահեկան ամսի երեսունը։ 32Հրեաների հետ կնքուած դաշինքի համաձայն, թող թոյլ տրուի, որ նրանք առաջուայ նման դաւանեն իրենց կրօնն ու օրէնքները, եւ ոչ ոք թող նրանց նեղութիւն չտայ որեւէ ձեւով։ 33Մենք ուղարկում ենք Լիւսիասին ուՄենելաւոսին, որ ձեզ մխիթարեն։ Ո՛ղջ եղէք։ 34Հարիւր քառասունութ թուական, Ահեկան ամսի տասնհինգ»։ 35Հռոմէացիները նոյնպէս ուղարկեցին այսպիսի նամակ. «Կոյինդոս Մեմիոսն ու Տիտոս Մանիոսը՝ հռոմէացիների գլխաւորները, ողջունում են եբրայեցի ժողովրդին։ 36Ինչ արտօնութիւն որ տուել է ձեզ թագաւորի եղբայր Լիւսիասը, մենք նոյնպէս համաձայն ենք։ 37Ինչ որ արժանի էք համարում հաղորդել արքային, իմաստութեամբ խորհելուց յետոյ արա՛գ հաղորդեցէք մեզ, որպէսզի որեւէ կերպ կարողանանք ձեզ օգտակար լինել, որովհետեւ մենք ահա շուտով գնալու ենք անտիոքացիների քաղաքը։ 38Դրա համար էլ դուք շտա՛պ ուղարկեցէք մէկին, որ մենք էլ իմանանք, թէ դուք ինչ էք խորհում։ Ո՛ղջ եղէք։ 39Այս դաշինքը կնքուեց քառասունութ թուականին Որմիզդի տօնին»։
12 Լիւսիասը նորից անցաւ գնաց թագաւորի մօտ, իսկ հրեաներն սկսեցին զբաղուել հող մշակելով։ 2Զօրքի զօրավարները՝ Տիմոթէոսը, քաջազգի Ապոլոնիոսը, Հերոնիմոսն ու Դիմոփոնը, նաեւ Նիկանորը, երբեք թոյլ չէին տալիս սրանց հանգիստ ու խաղաղ ապրել։ 3Յոպպէացիներն այնքան համարձակութիւն ստացան, որ սկսեցին անօրէնութիւններ անել։ Միջնորդներ եկան ու համոզեցին իրենց շրջակայքում գտնուող հրեաներին, որ սրանց, իրենց կանանց ու երեխաների հետ, նաւերով բերեն, 4եւ որ ամբողջ քաղաքը համաձայն է դրան։ Սրանք համաձայնեցին, որպէսզի իրենց միջեւ խաղաղութիւնն ու միաբանութիւնը պահպանուի, յանձն առան գնալ, որովհետեւ ոչնչի նկատմամբ ոչ մի կասկած չունէին։ Բերեցին սրանց ու ոչ պակաս քան երկու հարիւր մարդու ծովի մէջ խեղդեցին։ 5Երբ Յուդա Մակաբայեցին իմացաւ կատարուած այդ անօրէն ու տմարդի գործի, այդ աղէտի մասին, հրաման տուեց իր շուրջը գտնուող զինուորներին կանչել արդար Դատաւորի անունը, 6իսկ ինքն անմիջապէս յարձակուեց մարդասպանների վրայ։ Գիշերով նրանք նաւահանգիստը հրդեհի մատնեցին, նաւերն այրեցին, իսկ այնտեղ ապաստան գտած մարդկանց կոտորեցին։ 7Քանի որ բերդերն զգուշութեան համար փակ էին պահել, Մակաբայեցին որոշեց, որ միւս անգամ վերադարձին առհասարակ կը կոտորի յոպպէացիներին։ 8Նա յարձակուեց նաեւ յամնէացիների վրայ, որոնք կարծես նոյն պատուհասն էին ուզում բերել իրենց հետ բնակուող եբրայեցիների գլխին։ 9Գիշերով նա յարձակուեց յամնէացիների վրայ եւ նաւահանգիստը նաւերով հանդերձ հրդեհեց, այնպէս որ կրակի ցոլքերը երեւում էին Երուսաղէմում, թէեւ այստեղից մինչեւ այնտեղ մօտ չորս հարիւր ութսուն ասպարէզ էր։ 10Այնտեղից շրջանցելով մօտ քսան ասպարէզ՝ ուզեցին Տիմոթէոսի վրայ յարձակուել, բայց նրանց առաջը կտրեցին մօտ հինգ հազար հինգ հարիւր արաբ հեծեալներ։ 11Գնդերը բախուեցին միմեանց, ու մարտը սաստկացաւ։ Յուդայի բանակը ապաւինեց Տիրոջ օգնութեանը, որովհետեւ յաղթանակի բարեգուշակ նշանը տեսան իրենց աչքի առաջ։ Երբ անապատաբնակ արաբները պարտութեան մատնուեցին, եկան կանգնեցին Յուդայի բանակի առաջ եւ հլու-հնազանդ խնդրեցին դաշինք կնքել։ Բացի այդ, խոստացան ոչխարի հօտեր տալ նրանց եւ ամէն ինչում օգտակար լինել նրանց։ 12Յուդան մտածեց, որ սրանք կարող են շատ պէտք գալ իրենց, ուստի համաձայնեց, ներեց ու նրանց հետ խաղաղութիւն հաստատեց։ Երբ դաշինքը կնքեցին, իւրաքանչիւրն իր բանակը գնաց։ 13Հրեաները ասպատակեցին մի կողմի վրայ եւ պաշարեցին պարիսպներով ամրացուած, խառնիճաղանջ ազգերի բնակիչներով լցուած մի քաղաք, որի անունը Կասպ էր, եւ այն պաշարուած պահեցին։ 14Բերդի ներսում գտնուողները իրենց յոյսը դրել էին պարիսպների ամրութեան եւ իրենց պաշարների շատութեան վրայ։ Արհամարհոտ գոռոզութեամբ նրանք նայում էին Յուդայի ու նրա զօրքի վրայ, քսու խօսքերով հայհոյում սրանց, ասում էին այն, ինչ պատշաճ չէր։ 15Իսկ սրանք հայցեցին երկնքի ու երկրի ամենազօր, մեծ ու հզօր Տիրոջ օգնութիւնը, որ Նաւէի որդի Յեսուի օրօք առանց մարտական մեքենաների, առանց խոյերի ու մանգղիոնների կործանել էր Երիքովը, խմբեր կազմեցին, եւ բոլորը միասին քաջաբար յարձակուեցին պարիսպների վրայ։ 16Գրոհեցին ու Աստծու կամքով գրաւեցին պարսպապատ քաղաքը եւ այնքան շատ զինուորներ կոտորուեցին, որ այնտեղ գտնուող երկու ասպարէզ երկարութեամբ ծովակը արեամբ ներկուեց։ 17Այնտեղից գնացին Քարայի կողմը, մօտ հինգ հարիւր յիսուն ասպարէզ, եւ մօտեցան տուբէական կոչուող հրեաներին։ 18Այդտեղ գտան անյաջողութիւն կրած, ուժասպառ եղած Տիմոթէոսին, որը, սակայն, պահապան զօրքեր էր թողել խիստ ամրացուած մի վայրում։ 19Դոսիթէոսն ու Սոսիպատրոսը՝ մակաբայեցիների գնդի հզօր զօրավարները, բանակից դուրս էին եկել ու շրջագայում էին իրենց գնդով։ Երբ սրանք եկան ու հանդիպեցին այդ բերդին, յարձակուեցին ու այդտեղ սպանեցին աւելի քան տասը հազար մարդ, 20իսկ Մակաբայեցին իր բանակը գնդերի բաժանեց եւ իր գնդով յարձակուեց Տիմոթէոսի վրայ։ Սա ունէր հարիւր քսան հազար վահանակիր զինուորներ եւ մօտ երկու հազար հինգ հարիւր հեծեալ։ 21Երբ Տիմոթէոսն իմացաւ, որ մակաբայեցիները արշաւում են իր վրայ, անմիջապէս իր ունեցուածքը, գանձը, զինուորների կանանց ու երեխաներին իր մօտից ուղարկեց կառնացիների բերդը։ Այդ բերդն անհնար էր պաշարել այդ վայրերի անմատչելի, անանցանելի լինելու պատճառով։ 22Երբ երեւաց Յուդայի գունդը, թշնամու զօրքն սկսեց առաջ շարժուել, որովհետեւ Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Նրանք անմիջապէս լեղապատառ եղան, խառնուեցին իրար, սկսեցին խոցոտել միմեանց, ցրուեցին ու փախուստի դիմեցին։ Շատ էին նաեւ այնպիսիք, որոնք յիմար վախից զէնքերով բախւում էին իրար։ 23Յուդայի գունդը փախուստի դիմածներին խստագոյնս հալածեց, անխնայ հարուածեց ու կոտորեց։ Այդտեղ թշնամու զինուորներից դիաթաւալ ընկաւ մօտ երեսուն հազար զինուոր։ 24Դոսիթէոսի ու Սոսիպատրոսի գնդերը գերի վերցրին Տիմոթէոսին։ Նրանց ձեռքն ընկնելով՝ սա ամէն հնարքի դիմելով աղաչում էր նրանց, որ կենդանի թողնեն իրեն։ Նա ասում էր. «Ձեզանից շատերի բարեկամներն ու եղբայրները ինձ մօտ գերի են։ Նրանց բոլորին իմ գլխի փոխարէն ազատ կ՚արձակեմ եւ ձեզ կը յանձնեմ»։ 25Ստանալով իր փոխարէն շատերին ազատ արձակելու այսպիսի խոստում՝ նրանք նրան ազատ թողեցին իրենց եղբայրներին փրկելու յոյսով։ 26Երբ Տիմոթէոսը բերդ հասաւ, որ Շռնչանանի կենտրոնում էր, բերեց, կոտորեց նրանց, որոնց խոստացել էր ազատ արձակել։ Դրանց թիւն աւելի քան քսան հազար մարդ էր։ 27Նրանք անմիջապէս արշաւեցին Եփրոն կոչուող ամուր քաղաքը, ուր բնակւում էր Լիւսիասն ինքը։ Բազմաթիւ զինուորներ, նետաձիգ մեքենաներով ու զէնքերով զինուած, ներսից հեշտութեամբ պաշտպանում էին պարիսպները, կռւում դրսի մարդկանց դէմ։ 28Սրանք օգնութեան կանչեցին հզօր Ամենակալին, որը կարող էր խորտակել պատերազմողների զօրութիւնը, եւ անմիջապէս գրաւեցին քաղաքը բերդով հանդերձ։ Այնտեղ՝ ներսում, դիաթաւալ սպանեցին մօտ քսան հազար հինգ հարիւր մարդ։ 29Այնտեղից ասպատակեցին սկիւթացիների մի քաղաք, որը Երուսաղէմից հեռու էր մօտ վեց հարիւր ասպարէզ։ Սրանք իրենց երախտապարտ էին համարում հրեայ ազգի նկատմամբ։ 30Քաղաքում բնակուող հրեաներն իրենք էլ վկայեցին, որ, երբ իրենք նեղութեան մէջ են եղել, այդ քաղաքացիները օգնել են իրենց։ 31Երբ նրանց յաջողուեց մակաբայեցիների գնդի հետ խաղաղութեան գործը գլուխ բերել, նրանք գնդի առաջ բարձրաձայն խոստացան առաւել եւս հնազանդ լինել նրանց ազգին։ Սրանք նրանց մօտից շտապեցին Երուսաղէմ քաղաքը, որովհետեւ մօտենում էին եօթներորդ շաբաթի տօները։ 32Երբ կատարեցին Պենտեկոստէի տօնը, նրանք յարձակուեցին Գորգիասի վրայ, որը եդոմացիների կողմի կուսակալն էր։ 33Նրանք նրա դէմ ելան երեսուն հազար վահանակիր զինուորներով ու չորս հազար հեծեալներով։ 34Երբ այս ու այն կողմում բանակները ճակատ կազմեցին, եբրայեցիների մի փոքրիկ խումբ ընկաւ երկու ճակատների միջեւ։ 35Տոբեկենացիների գնդից Դոսիթէոս անունով մէկը, որ հզօր, հմուտ պատերազմող էր, յարձակուեց Գորգիասի վրայ։ Այն պահին, երբ ուզում էր անօրէնին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազէն մի մարդ հասաւ, հարուածեց ուսին, տապալեց ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը մազապուրծ ճողոպրելով՝ փախաւ Միմարէն ամրոցը։ 36Երբ ճակատամարտը երկարեց, ու շատ կոտորած եղաւ, այն ժամանակ մակաբայեցի զինուորները Ամենակալ Աստծուն օգնութեան կանչեցին, որպէսզի նա պատերազմում առաջնորդի իրենց։ 37Իրենց լեզուով խրախուսեցին միմեանց, գործի անցան եւ նոյն պահին էլ Գորգիասին իր գնդով հանդերձ փախուստի մատնեցին։ 38Յուդան վերցրեց զօրքը, հասցրեց Սոդոմ կոչուող քաղաքը։ Երբ շաբաթը մօտեցաւ, իրենց օրէնքների համաձայն, լուացուելով ու մաքրուելով, անցկացրին շաբաթ օրը։ 39Յաջորդ օրը եկան Հրէաստանի կողմերը, որպէսզի թաղեն պատերազմում ընկածներին. եւ տոհմակից եղբայրներից իւրաքանչիւրին թաղեցին իրենց հայրերի գերեզմանոցում։ 40Երբ հասան ճակատամարտի տեղը, գտան իրենց ազգակիցների դիակները, որոնց զգեստների տակ, թեւատակին, յուռութքի ուլունքներ եւ ամէն տեսակ կուռքերի բժժանքներ կային, մի բան, որ յատկապէս մերժելի էր օրէնքով, եւ եբրայեցիներն այդպիսի բանից խիստ հեռու էին փախչում։ Գտնելով դրանք՝ հրեաները հասկացան, որ նրանց կոտորածը եղել է այդ պատճառով։ 41Դրանից յետոյ բոլորն էլ առհասարակ օրհնեցին արդար դատաւոր Տիրոջը, որ բացայայտում է գաղտնիքները։ 42Ծնկի իջած խնդրում էին, որ անցեալում իրենց կատարած մեղքերը բարեսրտօրէն ների։ Քաջ Յուդան սփոփեց զինուորներին, խնդրեց, որ զգոյշ լինեն նման մեղքեր գործելուց։ «Ձեր աչքերով տեսաք, - ասում էր, - որ այս պատուհասը տեղի է ունեցել նրանց կատարած մեղքերի պատճառով»։ 43Սթափ մտածելով՝ նա չորս սատեր արծաթ հաւաքեց եւ տուեց, որ տանեն, Երուսաղէմում զոհեր մատուցեն կատարուած մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետեւ ինչ որ անում էր, մեռելների յարութեան մասին մտահոգուելով էր անում։ 44Եթէ պատերազմում ընկածների յարութեան ակնկալութիւն չունենար, զուր կը լինէր մեռելների համար աղօթք մատուցելը։ 45Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում։ 46Նա հաւատում էր, որ քաջութեամբ ընկածները մեղքերի թողութիւն կը ստանան։
13 Հարիւր քառասունինը թուականին, Յուդա Մակաբայեցու ժամանակ 2Անտիոքոսը Լիւսիասի հետ բազմաթիւ զօրքերով եկաւ Հրէաստան։ Նա ունէր հարիւր տասը հազար վահանակիր զինուորներ, հինգ հազար երեք հարիւր հեծեալներ, քսաներկու փղեր եւ երեք հարիւր գերանդակիր մարտակառքեր։ 3Շմաւոնն իրեն խելօք կարծելով՝ ընկել էր նրանց մէջ, որ աշխարհի խաղաղութեան մասին բարեխօսի, մինչդեռ իր մտքի խորհուրդը երկրի քահանայապետութիւնը ստանալն էր։ 4Արքայից արքան խիստ շարժել էր Անտիոքոսի բարկութիւնը Շմաւոնի դէմ, մանաւանդ Լիւսիասը հաստատեց, որ այս Շմաւոնն է այդ երկրում կատարուող բոլոր չարագործութիւնների պատճառը, ուստի հրաման տուեց, որ բռնեն նրան ու տեղի օրէնքի համաձայն ոչնչացնեն։ 5Այդտեղ կար յիսուն կանգուն բարձրութեամբ մի աշտարակ, որը լցուած էր մոխրով։ Նա ունէր ձագարաձեւ, պտտուող մի գործիք։ 6Դուռը շինել էին այնպէս, որ բացւում էր հակառակ՝ դէպի ներսի, մոխրի կողմը։ Նրա մէջ էին նետում այն յանցագործին, որ տաճարին վնաս էր տուել կամ այլ մեծամեծ չարիքներ էր գործել։ 7Հրամայեցին այսպիսի պատժով մէջտեղից վերացնել անօրէն Շմաւոնին, 8որ երկրի վրայ արժանի չլինի հողի ու պատանքի։ Քանի որ նա բազում չարիքներ էր գործել այն սեղանի հանդէպ, ուր պահւում էին սուրբ կրակն ու աճիւնը, դրա համար էլ նա մոխրահեղձ մահով գտաւ իր վախճանը։ 9Անտիոքոս արքան պատրաստուեց աւելի վայրենի տանջանքների ենթարկել հրեաներին, քան իր հայրը։ 10Երբ դա իմացաւ Յուդան, ժողովրդին պատուիրեց, որ գիշեր-ցերեկ կանչեն Տիրոջ անունը, որ Նա, ինչպէս նախկինում, հիմա էլ լինի օգնական այն մարդկանց, 11ում ուզում են հեռացնել իրենց հայրերի օրէնքներից ու սուրբ տաճարից, իրենց չմատնի անօրէն հեթանոսների ձեռքը։ 12Երբ բոլորն առհասարակ արտասուելով ու ծոմ պահելով միահամուռ այս ուխտը կատարեցին, երեք օր անընդհատ գետին ընկած աղօթք արեցին, այն ժամանակ Յուդան յորդորեց նրանց, որ պատրաստ լինեն։ 13Նա առանձին հաւաքեց ժողովրդի ծերերին, խորհուրդ արեց։ «Քաղաքներն ամրացնենք, - ասաց, - քանի դեռ թագաւորի զօրքերը Հրէաստան չեն մտել։ 14Աստծու կամքով մենք քաջութեամբ ելնենք, կեանքի եւ մահու կռիւ մղենք ի պաշտպանութիւն քաղաքի, օրէնքների, տաճարի, երկրի ու տէրութեան»։ Երբ այս բանն ասաց, անմիջապէս զօրքով արշաւեցին Մոդիիմ քաղաքի կողմերը. նա բանակատեղի էր հաստատում, զինանշան էր բաշխում, 15իր անձը, զօրքն ու բանակի յաղթութիւնը յանձնում Աստծուն։ Նա ընտրեց Արիստիդէսին, լաւ սպառազինուած երիտասարդներ, գիշերով խուժեց թագաւորի բանակի մէջ, մտաւ վրանը, կոտորեց մօտ չորս հազար գիշերային պահակներ, սպանեց առաջնորդող փղին ու փղապետին եւ առհասարակ դռան բոլոր պահապաններին դիաթաւալ գետին տապալելով՝ վերադարձաւ։ 16Այն ժամանակ ամբողջ բանակը խառնաշփոթութեամբ ու սարսափով բռնուեց։ 17Բոլորը յուսալքուած, թուլացած, ուժասպառ եղած ու տարակուսած՝ դիմաւորեցին առաւօտը։ 18Թագաւորը եբրայական բանակի այսպիսի համարձակութիւնն ու խիզախութիւնը երկնքի օգնութեանը վերագրելով՝ աշխատեց խորամանկութեամբ նոյնպիսի մի հարուած հասցնել նրանց, բայց անյաջողութիւն կրեց։ 19Նա Բեթսոր արշաւելով՝ պաշարեց այն, ասպատակեց, բայց այդտեղ էլ հարուածներ ստանալով՝ պարտութիւն կրեց, 20որովհետեւ ներսում գտնուողներին Յուդան ինքը գաղտնի պահեստներից նետ, զէնք, մթերք էր մատակարարում։ 21Հրեաների գնդից Ռոդոկ անունով մէկը այս գաղտնիքը յայտնեց թշնամուն։ Փնտռեցին, գտան նրան ու պատժեցին. նա սրի զոհ դարձաւ։ 22Երբ թագաւորին յայտնի դարձաւ, թէ բերդում գտնուողները ուժեղ են, ուժի գործադրումից հրաժարուելով՝ սկսեց խորամանկօրէն համոզել բերդում գտնուողներին, թէ դաշինք է առաջարկում, խոստանում է հրաժարուել բերդերը գրաւելուց, 23մինչդեռ յարձակուեց Յուդայի բանակի վրայ, բայց երկու կողմից էլ անյաջողութիւն կրելով՝ ընկրկեց։ Երբ դրանից յետոյ նրան յայտնեցին, թէ Փիլիպպոսը ստոր արարք է կատարել՝ երկրում շրջագայելով արքունի գործերին վերաբերող կարգադրութիւններ է արել, թուլացաւ, յուսալքուեց, տրտմեց եւ եբրայեցիներին խնդրեց համաձայնութեան գալ։ Ուխտ դրեց, երդում տուեց, որ նրանց բոլոր իրաւունքները կը վերականգնի։ Խաղաղութեան դաշինք կնքեց, զոհ մատուցեց ու պատիւ տուեց տաճարին։ Նա քաղցր սիրով գթութիւն եւ մարդասիրութիւն ցոյց տուեց նրանց բոլոր վայրերում, 24փառաբանեց Մակաբայեցուն եւ նրան աւելի հարուստ դարձրեց, քան առաջ էր։ Այնտեղ՝ Դորայից մինչեւ Գերար, սպարապետ նշանակեց Հեգեմոնիդէսին, 25իսկ ինքն եկաւ մտաւ Պտղոմայիս։ Քաղաքի բնակիչները խիստ զայրացել էին, որ նա խաղաղութեան դաշինք է կնքել։ Նրանք չէին հանդարտւում, խռովութիւն էին պատրաստում նրա դէմ, ստիպում, որ չեղեալ յայտարարի հաշտութեան համաձայնութիւնը։ 26Եկաւ Լիւսիասն ինքը, մօտեցաւ, ողջախոհութեամբ համոզեց նրանց, մեղմացրեց։ Անտիոքոսը նորից վերադարձաւ անտիոքացիների կողմերը։ Ահա այսպիսի վախճան ունեցաւ ասպատակող թագաւորի այս արշաւանքը։
14 Երեք տարի անց Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը մեծ բանակով յարձակուեց եբրայեցիների Երեքքաղաքեան նաւահանգստի վրայ։ 2Բազմաթիւ զինուորներով նա խուժեց երկիր, որպէսզի արտաքսի-հեռացնի Անտիոքոսին ու սրա եղբայր Լիւսիասին։ 3Նախկինում եղել էր Ալկիմոս անունով մի քահանայապետ, որը խառնակ ժամանակներում իր կամքով պղծուել ու դարձել էր հեթանոս. սա միտք արեց ու ասաց. «Ինչ էլ լինի, չեմ կարող փրկութիւն գտնել, չեմ կարող այլեւս մօտենալ սուրբ զոհասեղանին»։ 4Հարիւր յիսունմէկ թուականին նա եկաւ կանգնեց Դեմետրիոս արքայի առաջ, նրան նուիրեց ոսկէ պսակ ու արմաւենու տերեւ եւ, ի պատիւ մեհեանի, ձիթենու թաւ ճիւղեր։ 5Այդ օրը նա լուռ մնաց. իր անմտութիւնը իրագործելու համար յարմար ժամանակի էր սպասում։ Մի օր Դեմետրիոսը նրան կանչելով խորհրդի՝ հարցրեց. «Հրէաստանի եբրայեցիները ի՞նչ օրէնք են դաւանում, ի՞նչ են կամենում, ի՞նչ են խորհում մեր մասին»։ 6Նա այսպէս պատասխանեց. «Հրեաների մէջ ասիդացի կոչուողները, որոնց սպարապետ ու զօրավար է հռչակել իրեն Յուդա Մակաբայեցին, զօրք են կազմել, պատրաստւում են պատերազմի, անընդհատ հրահրում են ժողովրդին եւ թոյլ չեն տալիս, որ խաղաղութեամբ հնազանդուեն ձեր տէրութեանը։ 7Դրա համար էլ ես, ահա, զրկուած իմ հայրենի փառքից՝ քահանայութիւնից, եկել հասել եմ քեզ մօտ։ 8Նպատակս է նախ՝ արքունի գործերի մասին սրտացաւութիւնս յայտնել եւ ապա՝ իմ մտահոգութիւնը մեր մասին։ Այդ մարդկանց անմտութեան պատճառով խիստ անհանգստացած եկել հասել եմ քեզ մօտ, որովհետեւ մեր անմեղ ամբողջ ժողովուրդն իզուր խռովքի մէջ է։ 9Թէ ինչ նպատակներ ու մարդասիրական ցանկութիւններ ունէք տարբեր կողմերի ու ամբողջ աշխարհի նկատմամբ, այդ բոլորը քաջ գիտեմ։ 10Քանի Յուդան կենդանի է, անհնար է, որ Հրէաստանում արքունի գործերը խաղաղ ընթանան»։ 11Երբ նա այս խօսքերն ասաց նրա մասին, Յուդայի նկատմամբ թշնամական ոխ ունեցող աւագանին առաւել եւս զայրացրեց թագաւորին։ 12Սա հրամայեց անմիջապէս կանչել փղապետ Նիկանորին, նրան զօրք յանձնեց ու նշանակեց Հրէաստանի կողմերի սպարապետ։ 13Նրա հետ ուղարկեց մեծ սպառազինութիւն՝ խստագոյնս պատուիրելով, որ Յուդային անձամբ կենդանի բռնի, նրա գունդը այս ու այն կողմ ցրի եւ Ալկիմոսին նշանակի տաճարի քահանայապետ։ 14Յուդայի պատճառով Հրէաստանից փախած մարդիկ պառակտուած եկան խառնուեցին Նիկանորի գնդին։ Սրանք հրեաների դժբախտութիւնը իրենց համար մխիթարութիւն էին համարում։ 15Երբ հրեաները լսեցին Նիկանորի արշաւանքի ու հեթանոսների այդ առաջխաղացման մասին, հող էին լցնում իրենց գլխին, թաւալւում էին գետնին, օգնութիւն հայցում Տիրոջից, որ ի սկզբանէ յաւիտեանս հաստատել էր իր ժողովրդին եւ ամէն անգամ բացայայտ օգնութեան ձեռք էր մեկնել իրենց։ 16Երբ զօրավարը հրաման տուեց, Դեսաոմ գիւղում անմիջապէս նրան ընդառաջ գնաց 17Յուդայի եղբայր Շմաւոնը, որը ելաւ Նիկանորի դէմ, բայց նիզակակիցների փոքրիկ խումբը անզգոյշ լինելու պատճառով պարտութիւն կրեց։ 18Նիկանորը, սակայն, լսել էր այդ մարդկանց քաջութեան, յանուն իրենց երկրի մղած մարտերում նրանց ցուցաբերած խիզախութեան մասին։ Նա վախենում էր գործն աւարտել արիւնալի դատաստան տեսնելով։ 19Դրա համար նա մարդ ուղարկեց, կանչեց Պոսիդոնիոսին, Թէոդոտոսին ու Մատաթիասին, որպէսզի սրանք համոզեն հրեաներին, որ դաշինք կնքեն։ 20Բազմաթիւ առարկութիւններ ու տարակարծութիւններ եղան, բայց երբ զօրապետը շատերին համոզեց, զինուորներն էլ միաձայն յանձն առան հաշտութիւն կնքել։ 21Պայման դրեցին ու դաշինք կնքեցին։ Ժամկէտ նշանակեցին, թէ երբ մի տեղ հաւաքուելով պէտք է հաստատեն դաշինքը։ Եկան իրար մօտ, նստեցին աթոռներին, խորհուրդ արեցին ու դաշինք կնքեցին։ 22Յուդան իր գնդին հրաման էր տուել, որ կազմ ու պատրաստ զինուեն, դարանամուտ լինեն, չլինի թէ թշնամին յանկարծ մի չար դաւ նիւթած լինի։ Այսպէս զգուշութեամբ միմեանց հետ օրինական դաշինք կնքեցին։ 23Նիկանորը մտաւ Երուսաղէմ ու շրջագայեց այնտեղ առանց անկարգ ու անօրէն որեւէ բան կատարելու։ Իր մօտ կուտակուած խառնիճաղանջ բանակի զինուորներին ուղարկեց իրենց տեղերը։ 24Նիկանորը Յուդայի հետ սիրալիր ու յարգանքով էր վերաբերւում։ 25Խնդրեց, որ Յուդան իր ազգից կին առնի, զաւակ ունենայ, որպէսզի միմեանց նկատմամբ յարգանք լինի։ Յուդան համաձայնեց, ու նրանք բարեկամացան։ 26Երբ Ալկիմոսը տեսաւ նրանց միաբանութիւնը եւ միմեանց հետ կնքած դաշինքը, անմիջապէս եկաւ Դեմետրիոսի մօտ։ Նա ամբաստանեց Նիկանորին եւ ապացուցում էր, որ նա արքունական օրէնքի նկատմամբ խորթ, թշնամական մտադրութիւններ ունի, քանի որ արքունական գործերի դէմ գնացող մի մարդու իբրեւ որդեգիր ժառանգ է դարձրել եւ նշանակել իր փոխանորդը։ 27Երբ թագաւորը լսեց անօրէն բանսարկուի այս խօսքերը, խիստ զայրացաւ։ Թագաւորը հրամայեց հրովարտակ արձակել, որ ինքը համաձայն չէ միաբանութեան դաշինքին։ Նոյն հրովարտակում նա հրամայում էր, որ Մակաբայեցուն, ոտքերն ու ձեռքերը կապկպած, բերեն հասցնեն անտիոքացիների քաղաքը։ 28Երբ այս ամէնը յայտնի դարձաւ Նիկանորին, նա մտամոլոր ու գլխահակ դարձաւ, տրտմեց, որ դաշինքը կեղծիք է դառնալու, ուխտը՝ իզուր մի բան։ Այդ արդար մարդը ոչ մի վնաս չէր ուզում պատճառել։ 29Բայց քանի որ թագաւորի հրամանն անտեսել չէր կաող, սպասեց յարմար առիթի, որպէսզի հնարագիտութեամբ կատարի թագաւորի հրամանը։ 30Երբ Մակաբայեցին տեսաւ, որ Նիկանորը ինչ-որ նենգութիւն է նիւթում, հպատակութեան օրէնքը շատ խիստ ու կոպտօրէն է կիրառում իր նկատմամբ, Նիկանորի յանդգնութիւնը չար բան համարեց։ Եւ քանի որ նա շատ մարդկանց էր լարել իրար դէմ, ուստի ելաւ գնաց Նիկանորի մօտից։ 31Երբ Նիկանորը տեսաւ, որ նրան չի կարողանում իր ձեռքը գցել այնպէս, ինչպէս ինքն էր կամենում, եկաւ սրբութեան տաճարը՝ քահանաների մօտ, երբ սրանք զոհեր էին մատուցում։ Նա պահանջում էր նրանցից, որ անմիջապէս իրեն յանձնեն այդ մարդուն։ 32Սրանք երդուելով ասացին. «Այդ մարդուն մենք չենք էլ տեսել»։ Նա ձեռքը մեկնեց դէպի տաճար ու այսպէս երդուեց. 33«Եթէ Յուդային, ոտքերն ու ձեռքերը կապած, ինձ չյանձնէք, Աստծու այս տաճարը գետնին կը հաւասարեցնեմ, զոհասեղանը կը կործանեմ, նուիրական այս տաճարը Որմիզդի աստուածների մեհեան կը դարձնեմ»։ 34Այս խօսքերն ասաց նա ու ելաւ գնաց։ Քահանաները ձեռքերը դէպի երկինք պարզեցին, դիմեցին Նրան, ով բոլոր ժամանակներում իրենց ազգի օգնականն ու պաշտպանն էր եղել, եւ ասացին. 35«Դու, ո՜վ ամէն բանի Տէր, որ ոչ մի բանի կարիք չունես եւ ամէն ինչով լի ես, կամեցար, որ քո բնակութեան տաճարը հաստատուի մեր մէջ։ 36Արդ, քո բոլոր սրբութիւններով, Տէ՜ր, յաւիտեան պահպանի՛ր նորոգ սրբագործուած քո այս տաճարը»։ 37Երուսաղէմի զօրքի, ժողովրդի ծերերի մէջ կար Ռաքս անունով մէկը, որին խիստ ընկերասէր, մարդասէր, բարեհամբոյր եւ բարեհամբաւ, բարեսիրտ ու հոգատար լինելու պատճառով եբրայեցիների հայր էին անուանում։ 38Հին ժամանակ, հրէութեան օրէնքների նկատմամբ անխառն, մաքուր հոգով ու մարմնով նախանձախնդիր մարդ էր նա եւ իրեն նուիրել էր իր ազգի ազատութեանը։ 39Երբ Նիկանորը ցանկացաւ իր բացայայտ թշնամութիւնը յայտնել հրեաների նկատմամբ, աւելի քան հինգ հարիւր զինուոր յատկացրեց, որպէսզի գնան ու բռնեն նրանց, որովհետեւ այսպէս էր մտածում. 40«Եթէ կարողանամ դրանց ընկճել, մեծ գործ կատարած կը լինեմ այս քաղաքում»։ 41Երբ զինուորները հասան ու պաշարեցին աշտարակը եւ դարպասի վրայ ուժ գործադրեցին, միմեանց ձայն տուին, որ կրակ բերեն, դարպասներն այրեն։ 42Երբ այդ մարդը, տագնապած, տեսաւ, որ իրեն պիտի բռնեն, սուրը խրեց իր պորտի տակ. նա գերադասեց ազատ մեռնել, քան անօրէնների ձեռքն ընկնել, պղծել իր հոգու ազնուութիւնը։ 43Քանի որ զօրքը դարպասից ներս էր խուժել եւ բռնուելու վտանգը մօտենում էր, շտապելուց նրա հարուածը մահացու չէր եղել։ Նա ուզեց վեր բարձրանալ եւ իրեն պարսպի բարձրութիւնից նետել ցած։ 44Երբ ներքեւում գտնուողները տագնապահար այս ու այն կողմ ընկան, եւ ամբոխը նրանից հեռացաւ, նա սուրը դրեց ու պառկեց վրան։ 45Քանի դեռ շնչում էր, նա ուժ առաւ ու ոտքի կանգնեց բարկութեամբ լցուած, թէեւ արիւնը գունդ-գունդ հոսում էր, եւ վէրքը գնալով մեծանում։ Ամբոխն այս ու այն կողմ ցրուեց։ 46Նա ելաւ կանգնեց երկու կողմից երեւացող մի ցից ժայռի վրայ, թեքուեց, իր ձեռքերի մէջ առաւ արնաթաթախ աղիքները, ցոյց տուեց երկնքին եւ դիմելով կենդանի հոգիների ու մարմինների Տիրոջը՝ ասաց. «Այս հատուցմա՛մբ հատուցիր նրան»։ Եւ նա այսպէս հրաժեշտ տուեց աշխարհին։
15 Երբ Նիկանորն իմացաւ, որ Յուդայի զինուորները սամարացիների կողմերում են, որոշեց, որ շաբաթ՝ հանգստեան օրը կը յարձակուի նրանց վրայ։ 2Նիկանորը բռնի տարաւ իր մօտ գտնուող հրեաներին։ Սրանք սկսեցին աղաչել ու ասացին. «Տէ՛ր, քո կամքն այդպէս խիստ ու դաժանօրէն մի՛ կատարիր, այլ փա՛ռք տուր, յարգի՛ր այս օրը, որ սուրբ Ամենակալն է իբրեւ հանգստեան օր սահմանել»։ 3Այն ժամանակ անօրէնն սկսեց հարցնել ու ասաց. «Մի՞թէ երկնքում գոյութիւն ունի Ամենակալ Աստուած, որը հրամայել է ձեզ շաբաթ օրը նուիրական պահել»։ 4Նրանք պատասխանեցին ու ասացին. «Այո՛, գոյութիւն ունի ամենազօր, կենդանի Տէր, որը հրամայել է նուիրական պահել շաբաթուայ եօթներորդ օրը»։ 5Ամենաժանտ այդ մարդն արհամարհանքով ասաց. «Իսկ ես ամենազօր եմ այս երկրի վրայ, որ հրամայում եմ գործել զէնքով ու զրահով եւ կատարել արքունական ծառայութիւն»։ Այդ անօրէնը չէր հրաժարւում իր գոռոզամտութիւնից։ 6Նիկանորը յամառօրէն որոշել էր յարձակուել Յուդայի մարդկանց վրայ, կոտորել եւ յաղթութեան նշան կանգնեցնել։ 7Մակաբայեցին ամէն ժամ յոյսը դնում էր Տիրոջ վրայ, որ երբեք չէր դադարում նրան օգնելուց։ 8Նա յուսադրում էր իր հետ գտնուողներին եւ ասում. «Չվախենաք, չսարսափէք անօրէն հեթանոսներից։ Նախնիների քաջագործութիւնները յիշելով՝ յարձակուեցէ՛ք, որովհետեւ երկնքից է գալու ձեր օգնութիւնը։ Ապաւինեցէ՛ք այն յաղթութեանն ու մխիթարութեանը, որ Տէրն է առաքելու»։ 9Օրէնքներով ու մարգարէներով նա քաջալերում էր նրանց՝ յիշեցնելով նրանց մղած պատերազմները։ 10Սրտապնդելով համոզում էր նրանց, նաեւ հեթանոսների կեղծիքը ցոյց տալով յիշեցնում էր, թէ որքան են նրանք ուխտը դրժել եւ երդմնազանց եղել։ 11Նրանցից ամէն մէկին սրտապնդում էր առաւել ոգեւորիչ խօսքերով, քան զէնքով՝ տէգերով ու վահաններով։ Նա այդ ժամանակին պատշաճ մի երազ պատմեց, որով աւելի զուարթացրեց բոլորին։ 12Նրա տեսած երազը հետեւեալն էր. Օնիա անունով մէկը, որն իր ժամանակին գեղեցիկ դէմքով, շքեղ արտաքինով, հեզաբարոյ ու սրտով խաղաղ մի քահանայապետ էր, եկաւ ու սկսեց գեղեցիկ խօսքեր ասել մարդու անձնական քաջագործութիւնների մասին, մի բան, որ սովորել էր մանուկ հասակից։ Նա ձեռքը բարձրացրած աղաչում էր, որ հաստատ մնայ հրեայ ազգը։ 13Դրանից բացի, նա տեսաւ մի փառահեղ, սքանչելի ու խիստ վայելուչ ծերունու, որ կանգնած էր նրա մօտ։ 14Այդտեղ խօսել սկսեց Օնիան ու ասաց. «Սա մեր եղբայրասէր ծերունին է, որ միշտ ու յաճախ աղօթք է մատուցում Աստծուն»։ Դա Աստծու մարգարէ Երեմիան էր։ 15Երեմիան իր աջ ձեռքը մեկնելով՝ Յուդայի ձեռքին դրեց ոսկէ մի սուսեր։ Տալու ժամանակ նա այսպէս ասաց. 16«Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրեւ Տիրոջ կողմից տրուած պարգեւ, որովհետեւ դրանով ես ոչնչացնելու բոլոր թշնամիներին»։ 17Այս ազդու եւ գեղեցիկ խօսքերից խիստ քաջալերուեցին, ոգեւորուեցին, նոր ուժ ստացան Յուդան ու երիտասարդները։ Որոշեցին այլեւս չխոտորուել, այլ ոտքերը հաստատուն դնել գետին, ապաւինել համբերութեանը, պատրաստ լինել պատերազմի, քաջի անուն վաստակել, հաւատարմութեան ուխտը հաստատ պահել, քաղաքի մասին հոգ տանել, 18նաեւ կանանց, երեխաների, հարազատ եղբայրների, տոհմակից քաղաքացիների, տեղացի դայեակների մասին հոգալ։ Այս ամենից աւելի, սակայն, պէտք է մտահոգուէին յանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու համար։ 19Քաղաքացիները նուազ չէին անհանգստանում մղուող պատերազմի, նրա ելքի համար։ 20Երկու կողմերի զօրքերը միմեանց վրայ յարձակուելուց առաջ շեփոր էին հնչեցնում, պատրաստութիւն էին տեսնում, ճակատ կազմում, բոլոր գնդերի գլուխ կանգնեցնում սպառազինուած փղեր, հեծելազօրը կանգնեցնում էին աջ ու ձախ կողմերում։ 21Այդ սոսկալի երազում Յուդան տեսնում էր, որ գնդերն իրենց դրօշները պարզած՝ պատրաստութիւն էին տեսնում, տարբեր զէնքերով զինւում։ Փողփողում էին տարբերանշանները, խիստ գազազում էին հսկայ գազանները։ Այն ժամանակ Յուդան ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ Տիրոջը, որը յաղթանակ է պարգեւում ոչ թէ ըստ մարդկանց ցանկութեան, այլ ըստ իր իրաւադատ կամքի այն մարդկանց, որ արժանի են իրեն։ 22Նա դիմեց Նրան այսպիսի աղաչանքով. «Դու, Տէ՛ր տէրերի, Եզեկիէլ արքայի ժամանակ ուղարկեցիր քո հրեշտակին եւ Սենեքերիմի զօրքից կոտորեցիր հարիւր ութսունհինգ հազար սպառազէն հեծեալ։ 23Արդ, ո՛վ ամենազօր Տէր, որ բնակւում ես երկնքում, ուղարկի՛ր մեզ քո հրեշտակին որպէս ահ ու սարսափ տարածող, որպէս քո բազկի զօրութիւն, 24որպէսզի սարսափեն ու դողան քո ժողովրդի վրայ հայհոյելով յարձակուող թշնամիները»։ Եւ այսպէս նա վերջացրեց իր խօսքը։ 25Երբ Նիկանորը շեփորներ հնչեցնելով, բազմաթիւ նուագարաններ նուագելով իր զօրքն էր առաջ շարժում, 26սրանք բազմաթիւ աղօթքներով ու պաղատանքներով յարձակուեցին նրանց վրայ։ 27Սրանց ձեռքերը կռուի մէջ էին, իսկ սրտերը աղօթքներով դարձած էին դէպի երկինք, դէպի Աստուած։ Մակաբայեցի Յուդայի բանակը հեթանոսների զօրքից կոտորեց ոչ պակաս քան երեսունհինգ հազար մարդ՝ խիստ ուրախանալով, որ Աստուած մեծապէս օգնեց իրենց։ 28Այսպէս գործը յաջող աւարտելով՝ նրանք վերադարձան ուրախութեամբ։ Երկու կողմերի սպանուած զինուորների մէջ գտնելով Նիկանորի դիակը իր զէնքերով ու զինանշաններով հանդերձ, 29իրենց մայրենի լեզուով ու բարձր ձայնով օրհնեցին իրենց Ամենազօր Աստծուն։ 30Ազգի համար յօժարակամ նահատակուելու պատրաստ Յուդան հրամայեց, որ կտրեն Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը ուսով հանդերձ եւ տանեն Երուսաղէմ։ 31Երբ ինքն եկաւ հասաւ, զոհասեղանի մօտ կանչեց իր ազգատոհմի մարդկանց, քահանաներին, բերել տուեց նաեւ միջնաբերդում մնացած մարդկանց, 32նրանց ցոյց տուեց անօրէն, հայհոյող Նիկանորի գլուխը եւ այն ձեռքը, որ ամբարտաւան գոռոզութեամբ յանդգնել էր երկարել Ամենակալ Աստծու տաճարի դէմ։ 33Նա հրամայեց կտրել հանել անօրէն Նիկանորի լեզուն եւ ասաց. «Սա մանր-մանր կտրատելով՝ գիշակեր թռչուններին կեր պիտի դարձնեմ»։ Նա հրամայեց նրա անխոհեմ բազուկը կախել տաճարի դիմաց։ 34Բոլորը դէպի երկինք՝ փառապանծ Աստծուն ուղղեցին իրենց օրհնութիւնները եւ ասացին. «Թող օրհնուի Նա, ով իր սուրբ վայրը անարատ պահեց»։ 35Մակաբայեցին Նիկանորի գլուխը կախեց բարձրապարիսպ աշտարակից ի ցոյց բոլորի՝ որպէս նշան Տիրոջ պարգեւած յաղթութեան ու բացայայտ օգնութեան։ 36Բոլորի համաձայնութեամբ ամբողջ ազգին հրաման տուեցին, որ այդ օրը ամենամեայ տօն լինի, որպէսզի այդ օրն աննկատ չանցնի։ 37Դա տասներկուերորդ ամսի՝ ասորերէն Ադար կոչուող ամսի տասներեքերորդ օրն է եւ տօնւում է մարդքէական ամսից մի օր առաջ։ 38Նիկանորի հետ կապուած դէպքերի պատմութիւնն այսքան է։ Այստեղ ես էլ աւարտում եմ այն ժամանակների պատմութիւնը, երբ եբրայեցիները տիրեցին այդ քաղաքին։ 39Եթէ գովութեան արժանի է շարադրանքս, ապա գոհ եմ, որովհետեւ դա եղել է իմ ցանկութիւնը, իսկ եթէ խօսքս եղել է պարզունակ ու թոյլ, ապա այդքանն եմ կարողացել։ 40Եթէ որեւէ մէկը գինին առանձին ու ջուրն առանձին է խմում, անդուր է, իսկ եթէ մէկը ջուրը խառնում է գինու հետ, ապա քաղցր ու հաճելի է դառնում դրա համը։ Նոյն ձեւով մեր խօսքի կառուցուածքը հաճելի պէտք է լինի նրանց ականջին, ովքեր ընդունում են այն։ Այստեղ աւարտում ենք մեր խօսքը։