1 Եզրաս


1 Յոսիա թագաւորը Տիրոջ զատիկը կատարեց Երուսաղէմում. Տիրոջ զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։ 2Ըստ իրենց ծառայութեան օրերի՝ նա Տիրոջ տաճարում քահանաներ կանգնեցրեց, որոնք քահանայական պատմուճաններ էին հագած, 3եւ ասաց ղեւտացի սպասաւորներին. «Մաքրեցէ՛ք ձեր անձերը եւ պատրաստեցէ՛ք ձեզ ըստ Տիրոջ ուխտի տապանակի սրբութեան, թող ձեր մէջ չլինի աղտեղութիւն եւ պղծութիւն։ 4Արդ, պաշտամո՛ւնք մատուցեցէք ձեր Տէր Աստծուն, հաւաքեցէ՛ք ու պատրաստեցէ՛ք Իսրայէլի բոլոր ազգերին եւ կանգնեցրէ՛ք նրանց ըստ իրենց հայրապետների եւ ցեղերի հերթականութեան, 5ինչպէս սահմանել եւ գրել է Իսրայէլի Դաւիթ թագաւորը եւ հրահանգել նրա որդի մեծն Սողոմոնը. թող ղեւտացիները ըստ իրենց հայրերի կարգի տաճարում կանգնեն, իրենց եղբայրների՝ իսրայէլացիների առաջ։ 6Ըստ առաջին կարգերի հերթականութեան՝ մորթեցէ՛ք զատկի գառը, պատրաստեցէ՛ք զոհերն ու զատիկը կատարեցէ՛ք ըստ Տիրոջ այն հրամանի, որ նա պատուիրել էր Մովսէսի միջոցով»։ 7Եւ իբրեւ պարգեւ Յոսիան ժողովրդին տուեց երեսուն հազար գառներ եւ ուլեր, երեք հազար հորթեր։ 8Այս բոլորը, թագաւորի հրամանի համաձայն, տրուեց ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին։ Բացի դրանից, նա Քեղկիա եւ Զաքարիա քահանայապետներին, ժողովրդի առաջնորդներին եւ քահանաներին տուեց եւս երկու հազար վեց հարիւր ոչխար։ 9Յեքոնիասը, Սամէասն ու նրա եղբայր Նաթանայէլը, Ռաբիասը, Օզիէլը եւ Յորամը, որոնք հազարապետներ էին, զատկի համար ղեւտացիներին տուեցին հինգ հազար ոչխար եւ հինգ հարիւր հորթ։ 10Վերցնելով այս բոլորը՝ քահանաները մեծ շուքով, ամենայն վայելչութեամբ եւ բազմազան ձեւերով պատրաստեցին Բաղարջակերաց զատիկը 11եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար Տիրոջ զատիկը։ 12Ահա այսպէս նրանք առաւօտեան կրակի վրայ խորովեցին ու պատրաստեցին Տիրոջ զատիկը. մնացած հում միսը անուշահոտ համեմունքներով եփեցին կաթսաների եւ սաների մէջ եւ մատուցեցին ժողովրդին։ 13Սրանից յետոյ քահանայապետները զատիկը պատրաստեցին իրենց եւ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար, 14որովհետեւ քահանաները ճարպ էին մատուցում կրակը բորբոքելու համար, ղեւտացիներն իրենք էլ զատիկը պատրաստեցին թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց քահանայ եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Ասափի որդիները՝ սաղմոսների երգիչները, նոյնպէս զատիկը պատրաստեցին իրենց համար, ինչպէս սահմանել էր Դաւիթ թագաւորը ժամանակին Ասափի, Զաքարիայի եւ Ելդինոնի համար։ 16Դռնապանները, որոնցից իւրաքանչիւրը հսկում էր իր դռան վրայ՝ ըստ ամէն օրուայ կարգի, քանի որ իրենք էլ Ղեւիի որդիներ էին, իրենք նոյնպէս պատրաստեցին զատիկը։ 17Այդ օրը բոլորը միաբան կատարեցին Տիրոջ զոհը 18եւ, ինչպէս հրամայել էր Յոսին թագաւորը, Տիրոջ զատիկը մատուցեցին սեղանի վրայ։ 19Այն իսրայէլացիները, որ այդ ժամանակ գտնւում էին այնտեղ, եօթը օր կատարեցին Տիրոջ զատիկը եւ Բաղարջակերաց տօնը։ 20Երբեք այդպիսի զատիկ չէր եղել Իսրայէլում, քանի որ ոչ ոք նման զատիկ չէր արել Սամուէլ մարգարէի ժամանակից ի վեր։ 21Իսրայէլի բոլոր թագաւորներն էլ այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիա թագաւորը, նաեւ քահանաները, ղեւտացիները, հրեաներն ու բոլոր իսրայէլացիները, որոնք այն ժամանակ ապրում էին Երուսաղէմում։ 22Այդ զատիկը Յոսիան կատարեց իր թագաւորութեան տասնութերորդ տարում։ 23Յոսիա թագաւորի գործերը ուղիղ էին իր Տէր Աստծու առաջ, եւ նա Տիրոջը ծառայում էր իր ամբողջ սրտով ու մտքով։ 24Բայց նրանից առաջ եղել են ուրիշ թագաւորներ, որոնց մասին ստոյգ գրուած է, թէ նրանք մեղանչել, անօրէնութիւն են գործել բոլոր ազգերի մէջ, վշտացրել են Տիրոջը եւ Իսրայէլի մէջ դէմ են կանգնել Նրա խօսքին։ 25Յոսիա թագաւորի այս բոլոր առաքինի գործերից յետոյ եգիպտացիների Փարաւոն թագաւորը եկաւ պատերազմելու Կարքամուսում՝ Եփրատի կողմերում, եւ Յոսիան ելաւ պատերազմելու նրա դէմ։ 26Եգիպտացիների թագաւորը բանագնաց ուղարկեց նրա մօտ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ո՛վ Հրէաստանի թագաւոր, 27չէ՞ որ Տէր Աստուածն ինձ չի ուղարկել քեզ մօտ, այլ ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերում։ Այժմ Տէրը ինձ հետ է, եւ դու մի՛ խանգարիր ինձ, քանի որ Տէրը ստիպում է ինձ գնալ ու պատերազմել Եփրատի կողմերում. դու հեռո՛ւ կաց ինձնից եւ մի՛ հակառակուիր Տիրոջը»։ 28Բայց Յոսիան յետ չդարձրեց իր մարտակառքը, այլ ձեռնամուխ եղաւ նրա դէմ պատերազմելու, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասում էր նրան Տիրոջ բերանով։ 29Նա համախմբեց զօրքը, իջաւ Եդդաւուսի դաշտ՝ այնտեղ ճակատամարտ տալու Փարաւոնի դէմ. եւ իշխաններն էլ իջան Յոսիա թագաւորի մօտ։ 30Յոսիա թագաւորն ասաց իր ծառաներին. «Ինձ դո՛ւրս տարէք ռազմադաշտից, ես խիստ թուլացել եմ»։ Ծառաներն անմիջապէս նրան դուրս հանեցին մարտադաշտից։ 31Յոսիան բարձրացաւ իր երկրորդ կառքը եւ հասնելով Երուսաղէմ՝ վախճանուեց։ Նրան թաղեցին իր հայրերի գերեզմանատանը։ 32Ամբողջ ժողովուրդը ողբաց եւ սգաց Յոսիայի վրայ, իսկ Երեմիա մարգարէն ողբ հիւսեց Յոսիայի մասին։ Մինչեւ այսօր կանայք նստում եւ ողբում են Երեմիայի այդ ողբը։ Դրանից յետոյ հրաման տուեցին, որ միշտ իրենց ազգերի մէջ այդպէս ողբան Իսրայէլում։ 33Այս բոլորի մասին գրուած է Իսրայէլի թագաւորների պատմութիւնների գրքում, նաեւ նրա կատարած գործերի, նրա բարեմասնութիւնների, առաքինութեան, նրա մեծ արդարութեան ու փառքի մասին, եւ թէ ինչպիսի իմաստուն հոգատարութիւն ունէր նա Տիրոջ Օրէնքի նկատմամբ։ Այս բոլորի մասին մինչեւ այժմ պատմում են Իսրայէլի եւ Յուդայի երկրի թագաւորների գրքերը։ 34Յոսիայի մահից յետոյ նրա տոհմից թագաւոր դարձրին Յեքոնիային՝ Յոսիայի որդուն։ Յեքոնիան քսաներեք տարեկան էր, երբ թագաւորեց իր հօր՝ Յոսիայի փոխարէն։ 35Նա Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ թագաւորեց երեք ամիս։ Եգիպտացիների թագաւորը արգելեց, որ նա թագաւորէր Երուսաղէմում 36եւ, իբրեւ ծախս, հրեաներից պահանջեց հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ոսկի։ 37Եգիպտացիների թագաւորը նրանց վրայ թագաւոր կարգեց Յովակիմին՝ Յեքոնիայի եղբօրը, եւ Յովակիմը թագաւորեց Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ։ 38Յովակիմը կալանաւորեց Իսրայէլի տան մեծամեծներին ու իշխաններին, եւ իր եղբօրը՝ Զարային, հանեց Եգիպտացիների երկրից եւ բերեց իր մօտ։ 39Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւորեց Հրէաստանի ու Երուսաղէմի վրայ եւ չարիքներ գործեց Տիրոջ առաջ։ 40Բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը յարձակուեց նրա վրայ, նրան կապեց պղնձէ կապանքներով եւ տարաւ Բաբելոն։ 41Նաբուքոդոնոսորը վերցրեց նաեւ Տիրոջ տան սպասքից, տարաւ ու Բաբելոնում դրեց իրենց կուռքերի տանը՝ պահելու համար։ 42Նրա այս բոլոր գործերի՝ նրա պղծութիւնների եւ անօրէնութիւնների մասին գրուած է թագաւորների ժամանակագրութիւնների գրքում։ 43Նրա փոխարէն թագաւորեց Յովակիմը՝ նրա որդին, որ տասնութ տարեկան էր։ 44Նա թագաւորեց երեք ամիս եւ տասն օր Երուսաղէմում եւ չարիք գործեց Տիրոջ առաջ։ 45Մէկ տարի յետոյ Նաբուքոդոնոսորը վերցրեց ու տարաւ նրան Բաբելոն՝ Տիրոջ տան գանձերով հանդերձ։ 46Նաբուքոդոնոսորը Հրէաստանի եւ Երուսաղէմի թագաւոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմէկ տարեկան էր եւ թագաւորեց տասնմէկ տարի։ 47Նա եւս չարիք գործեց Տիրոջ առաջ եւ յետ չկանգնեց իր չարիքներից, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասել էր նրան Տիրոջ բերանով։ 48Նա հաւատարիմ չմնաց իր երդմանը, որ Տիրոջ անունով տուել էր Նաբուքոդոնոսոր արքային, այլ դրժեց երդումը եւ հեռացաւ Նաբուքոդոնոսորից, խստացրեց պարանոցը եւ սիրտը փակեց Իսրայէլի Տէր Աստծու օրէնքների հանդէպ։ 49Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան բոլոր հեթանոսները եւ նոյնիսկ պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղէմում։ 50Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր թէ՛ նրանց եւ թէ՛ իր սուրբ տաճարը, 51բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում նրա մարգարէներին։ 52Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին, 53որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին, կոյսերին, ծերերին ու նրանց երիտասարդներին։ 54Աստուած նրանց ձեռքը յանձնեց այս բոլորը՝ թէ՛ Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր անօթները, թէ՛ Տիրոջ տապանակի կայքն ու սպասքը եւ թէ՛ Իսրայէլի թագաւորի գանձերը. այս ամէնը նրանք վերցրին ու տարան Բաբելոն։ 55Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քարուքանդ արեցին Երուսաղէմի պարիսպը, կրակի մատնեցին նրա աշտարակները, եւ հասաւ նրա բոլոր փառքերի վախճանը։ 56Իսկ մնացածներին, սրի առաջ գցած, գերի տարան Բաբելոն։ 57Սրանց եւ իրենց որդիները մնացին ստրկութեան մէջ մինչեւ պարսիկների թագաւորների ժամանակը, մինչեւ որ կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով. 58«Մինչեւ Տէրը բարեհաճի, որ թափուր այս երկիրը տօնի իր շաբաթները, ամբողջ ժամանակ այն պիտի լինի անապատ, պիտի լրանայ եօթանասուն տարին, որպէսզի շաբաթը տօն լինի նրա համար»։Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում լրանում էր Յուդայի եւ Բենիամինի ցեղերի գերութեան եօթանասուն տարին։ Կիւրոսը ընդամէնը թագաւորեց երեսուն տարի։
2 Պարսկաստանի թագաւոր Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով։ 2Տէրն արթնացրեց Կիւրոս թագաւորի ոգին, եւ Կիւրոսը հրամայեց իր ամբողջ թագաւորութեան մէջ ազդարարել եւ ասել. 3«Այսպէս ասաց Պարսկաստանի Կիւրոս թագաւորը. ինձ յայտնեց Իսրայէլի Տէր Աստուածը, որ բովանդակ տիեզերքի թագաւորն է եւ բարձրեալ Տէրը, 4կանխանշանով ցոյց տուեց ինձ, որ ես նրա համար տաճար կառուցեմ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում։ 5Արդ, ով էլ որ լինի, ում մօտ էլ որ մարդ լինի հրեաների ցեղերից, - թող Տէր Աստուածը լինի նրա հետ, - նա կարող է ելնել եւ հրեաների հետ գնալ Երուսաղէմ, որպէսզի կառուցի Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ Սա այն Տէրն է, որ բնակւում է Երուսաղէմում։ 6Եւ բոլոր նրանք, ովքեր կը մնան իրենց բնակավայրում, թող օգնեն նրանց ոսկով ու արծաթով, ձիերով ու այլ անասուններով 7եւ թող իրենց ունեցուածքից նուէրներ տան Տիրոջ տաճարին, որը գտնւում է Երուսաղէմում։ 8Թող իշխաններ նշանակուեն ըստ ազգերի, ըստ Յուդայի ազգի եւ Բենիամինի ցեղի տոհմապետերի, քահանաների եւ ղեւտացիների ու բոլոր նրանց վրայ, ում ոգին արթնացրեց Տէրը՝ գնալու եւ կառուցելու Տիրոջ տունը Երուսաղէմում ու նրա շուրջը, 9եւ թող բոլորն օգնեն արծաթով, ոսկով, ձիերով, անասուններով եւ նուիրեն Տիրոջը, ում սիրտն ինչքան կը կամենայ»։ 10Եւ Կիւրոսը բերել տուեց Տիրոջ սուրբ սպասքը, որը Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղէմից եւ դրել էր իրենց կուռքերի տանը պահելու համար։ 11Պարսկաստանի Կիւրոս թագաւորը բերել տուեց այն եւ հրամայեց սպասքը տալ իր գանձապետ Միթրիդատին։ 12Միթրիդատը հաշուեց եւ տուեց Յուդայի հանդերձապետ Սամանասարին։ 13Ահա Տիրոջ սպասքի թիւը. ոսկեղէն սպասք՝ հազար, արծաթէ սպասք՝ նոյնպէս հազար, արծաթէ դանակներ՝ քսանինը, ոսկէ ափսէներ՝ երեսուն, արծաթէ ափսէներ՝ երկու հազար չորս հարիւր քսան, եւ այլ անօթներ՝ հազար։ 14Ոսկէ եւ արծաթէ այդ ամբողջ կայքն ու սպասքը, որ բերեցին, հինգ հազար չորս հարիւր վաթսունինն էր։ 15Այդ ամէնը տուեցին Սամանասարի ձեռքը, եւ նա բոլոր գերիների հետ դրանք վերցրեց եւ Բաբելոնից բերեց Երուսաղէմ։ 16Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ Հրէաստանի եւ Երուսաղէմի շրջակայ բնակիչները ամբաստանութեան մի նամակ գրեցին նրան։ Այդ թուղթը գրել էին Բաաղսամոսը, Միթրիդատը, Բելլիոսը, Ռաթիմոսը, Բելտէթմոսը եւ գրագիր Սամելիոսը, նրանց հետ նաեւ շատ ուրիշներ, որոնք բնակւում էին ծովեզերքում՝ քանանացիներ, տիւրոսացիներ, ամոնացիներ, մովաբացիներ, սամարացիներ եւ այլ տեղերում ապրող բազմաթիւ ուրիշներ։ 17Նամակը գրուած էր այսպէս. «Արտաշէ՛ս թագաւոր, տէ՛ր մեր, քո ծառաները՝ Ռաթիմոսը, որ երկրպագում է քեզ, Սամելիոս գրագիրը, մեր բոլոր խորհրդականները եւ Ասորիքի ու քանանացիների կողմերի դատաւորները ողջունում են քեզ։ 18Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, թող քեզ յայտնի լինի հրեաների մասին, որ երբ նրանք քեզնից հեռացան եւ եկան մեզ մօտ, գնացին Երուսաղէմ՝ ապստամբող եւ խռովարար մի քաղաք։ Այնտեղ նրանք վերաշինում են նրա հրապարակները, ուզում են ամրացնել նրա պարիսպները, կամենում են կառուցել նրա բարձր տաճարը։ 19Արդ, եթէ նրանք շինեն այս քաղաքը եւ աւարտեն նրա պարիսպը, ապա նրանք ոչ միայն հարկ չեն տայ ոչ մէկին, այլեւ ոտքի կը կանգնեն թագաւորների դէմ, 20որովհետեւ, պարծենալով, նրանք յոյսը կը դնեն իրենց տաճարի վրայ։ 21Այժմ մեզ թւում է լաւ կը լինի, որ դու նկատի ունենաս այս բաները, տէ՛ր մեր թագաւո՛ր, քննես եւ տեսնես, թէ ինչ են գրել քո հայրերն ու նախնիները, 22գտնես նրանց յիշատակարանների մատեանը եւ իմանաս, որ այս քաղաքը ապստամբների քաղաք է, 23որ սրա թագաւորներն ու հրեաներն ապստամբներ են, սրա բնակիչները միշտ սուտ են երդուել, եւ հէնց դրա համար էլ աւերուել ու անապատ է դարձել այս քաղաքը։ 24Արդ, ծանուցում ենք քեզ՝ մեր տիրոջն ու թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը վերաշինուի, եւ սրա պարիսպները վերականգնուեն, ապա դու այլեւս իշխանութիւն չես ունենայ սրանց վրայ եւ ոչ էլ ճանապարհ՝ դէպի Ասորիքի ու քանանացիների կողմերը»։ 25Այն ժամանակ Արտաշէս թագաւորը գրեց Ռաթիմոսին, Բելտէթմոսին, գրագիր Սամելիոսին եւ բոլոր նրանց, որոնք բնակւում էին Սամարիայի, Ասորիքի ու քանանացիների կողմերում եւ որոնք թուղթ էին գրել իրեն։ 26«Կարդացի, - ասում է, - ձեր թուղթը, որ գրեցիք ինձ։ Ես հրամայեցի, որ նայեն յիշատակարանների մատեանները, եւ իմացայ, որ այդ քաղաքը թէ՛ սկզբից իսկ եւ թէ՛ մշտապէս դէմ է կանգնել բոլոր թագաւորներին, 27որ զօրաւոր պատերազմողներ են եղել, որոնք բնակուել են այդ բոլոր կողմերում եւ դրա մէջ, որ հզօր ու խիստ թագաւորներ են ապրել Երուսաղէմում, որոնք տիրել եւ հարկեր են գանձել Ասորիքի եւ քանանացիների կողմերից։ 28Այժմ, ահա, ես հրամայեցի, որ դուք այդ մարդկանց արգելէք վերաշինել այդ քաղաքը, 29իսկ դուք յանձն առէք ջանք չխնայել, որպէսզի էլ աւելի չշատանայ դրանց չարութիւնը՝ մեզ ընդդիմանալու եւ մեր թագաւորութեանը նեղութիւն պատճառելու համար»։ 30Երբ Արտաշէս թագաւորի թուղթը կարդացին Ռաթիմոսի, գրագիր Սամելիոսի եւ նրանց հետ ուրիշ շատերի համար, սրանք անմիջապէս յարձակուեցին Երուսաղէմի վրայ, ձիերով եւ զօրքով հանդերձ, եւ արգելեցին հրեաներին վերաշինել քաղաքը։ 31Եւ այսպէս խափանուեց Տիրոջ տաճարի շինարարութիւնը Երուսաղէմում՝ մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի թագաւորութեան երկրորդ տարին։
3 Դարեհ թագաւորը մեծ խրախճանք սարքեց, հրաւիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոծիններին, մարերի, պարսիկների եւ քաղդէացիների բոլոր մեծամեծներին, 2եւ այն բոլոր նախարարներին, զօրապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնւում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները. այդ նախարարները հարիւր քսանեօթն էին։ 3Նրանք կերան, խմեցին, յագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքն աւարտուեց, Դարեհ թագաւորը մտաւ իր սենեակը, բազմեց իր գահին եւ քնեց։ 4Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագաւորը դեռ քնած էր, սենեակի ներսում կանգնել էին նրան սպասաւորելու համար եւ պահպանում էին նրան։ Նրանք սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին. 5«Եկէ՛ք իւրաքանչիւրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից աւելի իմաստուն եւ ուժեղ բան ասի, թող Դարեհ թագաւորը մեծամեծ պարգեւներ տայ նրան, թող նա մեծ ու անուանի լինի բոլորից, 6թող նրան ծիրանի զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար ոսկի սպասք տայ, նստելու եւ քնելու համար՝ ոսկեղէն գահաւորակ, թող նա ոսկեսանձ նժոյգ հեծնի, բեհեզեայ խոյրով թագ կապի նրա գլխին եւ ոսկէ մանեակ՝ նրա պարանոցին։ 7Թող նա իր իմաստութեան համար նստի Դարեհի երկրորդ աթոռին եւ կոչուի Դարեհի ազգական»։ 8Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին. 9«Երբ արթնանայ, այդ գրութիւնները կը տանք նրան. թող թագաւորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խօսքը գտնեն առաւել իմաստուն, յաղթողի պարգեւը թող տան նրան»։ 10Առաջինը գրեց եւ ասաց. «Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ 11Երկրորդը գրեց եւ ասաց. «Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը»։ 12Երրորդը գրեց եւ ասաց. «Կանայք են բոլորից յաղթողն ու զօրաւորը, բայց ճշմարտութիւնը յաղթում է բոլորին»։ 13Երբ թագաւորը արթնացաւ, վերցրեց գրութիւնները, որ տուեցին նրան, կարդաց 14եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ իշխաններին։ 15Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրութիւնները։ 16Թագաւորն ասաց. «Այստե՛ղ կանչեցէք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խօսքերը»։ 17Երբ կանչուած պատանիները եկան նրանց առաջ, բոլորը նրանց ասացին. «Բացատրեցէ՛ք մեզ ձեր այս գրածները»։ 18Առաջինը, որ գինու զօրութեան մասին էր գրել, սկսեց խօսել եւ այսպէս ասաց. «Ո՜վ մարդիկ, մի՞թէ ամենից զօրաւորը գինին չէ. բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն, գինին յիմարեցնում է նրանց մտքերը. 19թագաւորների ու տառապեալների միտքը նա դարձնում է նոյնը, այդպէս էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը։ 20Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դէպի ուրախութիւն։ Նրանք երբեք չեն յիշում տրտմութիւն եւ որեւէ ցաւ, 21քանզի գինին բոլորի սրտերը լցնում է զուարթութեամբ եւ մեծութեամբ. 22երբ խմում են, էլ չեն յիշում թագաւորներին կամ իշխաններին եւ դառնում մեծախօս։ Մարդ երբ խմում է, չի յիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ յաճախ սուր է հանում, 23եւ երբ անցնում է գինու ազդեցութիւնը, չի էլ յիշում, թէ ինչ է արել։ 24Ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել»։ Եւ այս ասելով՝ նա լռեց։
4 Երկրորդը, որ գրել էր թագաւորի զօրութեան մասին, սկսեց խօսել եւ ասաց. 2«Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ։ 3Իսկ հզօր թագաւորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապէս. նոյնիսկ եթէ հրամայի, որ ընկերը պատերազմի ընկերոջ դէմ, նրանք չեն համարձակուի զանց առնել թագաւորի խօսքը։ 4Իսկ եթէ նրանց ուղարկի պատերազմելու թշնամիների դէմ, ապա նրանք իսկոյն կը գնան, կը պատրաստեն մարտական մեքենաներ, ամրութիւններ, պարիսպներ եւ աշտարակներ, 5կը սպանեն եւ կը մեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագաւորի հրամանը. իսկ եթէ յաղթեն, բոլոր բարիքները կը բերեն թագաւորի համար։ 6Ոչ միայն պատերազմող զօրականները, այլեւ այն մշակները, որ հող են հերկում, ցանում են եւ հնձում, նրանք եւս իրենց բերքից բերում են թագաւորի համար. նաեւ հարկահանները, որոնք ստիպում են երկրի բնակիչներին, դարձեալ հարկ են հաւաքում թագաւորի համար։ 7Թագաւորն է միայն, որ հզօր իշխան է բոլորի վրայ. եթէ հրամայում է սպանել, կը սպանեն, ապրեցնել՝ կ՚ապրեցնեն, 8կառուցել՝ կը կառուցեն, քանդել՝ կը քանդեն, 9եթէ հրամայում է տնկել՝ կը տնկեն։ 10Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակայ է թագաւորի ուժին եւ լսում է նրա հրամանը. արքան ինքը ինչ որ կամենում է, այն է անում. ինքը հանգիստ բազմում է, ուտում, խմում, քնում, 11մինչդեռ միւս բոլորը նրա շուրջը պատրաստ՝ պահպանում են նրան, լսում նրա հրամանները եւ չեն համարձակւում ըստ իրենց կամքի գնալ մի տեղ կամ մի բան անել, սիրտ չեն անում զանց առնել թագաւորի հրամանը։ 12Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը թագաւորը չէ, որի հրամանի խօսքը լինում է այսքան հզօր, եւ նա իշխում է բոլորի վրայ»։ Այս ասաց եւ լռեց։ 13Երրորդը, որ ասել էր կանանց զօրութեան եւ ճշմարտութեան մասին, Զորոբաբէլն էր։ Նա սկսեց խօսել եւ ասաց. 14«Ո՛վ մարդիկ, եթէ մեծազօր է թագաւորը կամ բազմաթիւ այլ մարդիկ, կամ թէ զօրաւոր է գինին, ապա ո՞վ է, որ յաղթում եւ տիրում է բոլորին. կանայք չե՞ն արդեօք, 15քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից։ 16Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ գինի ստանում դրանցից։ 17Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարւում եւ փառաւորւում են նրանք. տղամարդիկ էլ, առանց նրանց, չեն կարող լինել։ 18Եթէ տղամարդիկ ոսկի, արծաթ եւ ամէն տեսակ բարիքներ էլ հաւաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ կին՝ շրջւում են դէպի նա, 19բերանները բաց նայում եւ ամբողջ սրտով սիրում են նրան՝ ոսկուց, արծաթից եւ բոլոր բարիքներից առաւել։ 20Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ, 21եւ հոգով այնպէս է միանում նրան, որ մինչեւ իսկ չի յիշում ո՛չ հօրը, ո՛չ մօրը եւ ո՛չ էլ իր երկիրը։ 22Հէնց սրանից էլ արժէ, որ դուք իմանաք, թէ ձեր կանայք սիրում են ձեզ, քանզի այն ամէնը, ինչ դուք անում էք եւ վաստակում, բերում եւ տալիս էք ձեր կանանց։ 23Եթէ մարդ իր սուրը վերցնելով՝ գնայ հեռու ճանապարհ, եւ ինչ-որ բան ձեռք բերի՝ աւազակութիւն անի կամ գողանայ, նաւարկի ծովով կամ գետերով, 24գազանների պատահի կամ անցնի խաւար տեղերով, երբ գողանայ, յափշտակի, անցնի բոլոր նեղութիւններից, ապա պիտի գայ եւ իր ամբողջ վաստակը պիտի բերի կնոջ համար, 25որովհետեւ մարդ կնոջն աւելի է սիրում, քան իր հօրն ու մօրը։ 26Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ, 27շատերն են մատնուել կորստի, մեռել ու սպանուել, սխալուել ու ընկել մեծ մեղքերի մէջ՝ կանանց պատճառով։ 28Հիմա դուք ինձ չէք հաւատում. ահա այդ մեծ թագաւորը. անձնիշխան է չէ՞ ինքը. մարդկանցից ամէն մէկը չի համարձակւում մօտենալ նրան։ 29Բայց ես տեսել եմ, թէ ինչպէս թագաւորի հարճի աղջիկը, որ նստել էր թագաւորի աջ կողմում, 30թագաւորի գլխից վերցնելով թագը՝ դնում էր իր գլխին, 31ապտակում թագաւորին, բայց թագաւորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած՝ նայում էր նրան. եթէ աղջիկը ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում նրա հետ, եթէ նա տխրում էր, թագաւորը փաղաքշում էր, մինչեւ որ սփոփէր նրան։ 32Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը կանայք չեն, որ անում են այս բոլորը»։ 33Թագաւորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մէկը միւսին, ընկերն՝ ընկերոջը։ Զորոբաբէլն սկսեց խօսել ճշմարտութեան մասին եւ ասաց. 34«Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զօրաւոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշաւելով երկնքի կամարաձեւ խորանի միջով՝ մի օրուայ մէջ դարձեալ արագ սլանում եւ հասնում է իր տեղը։ 35Արդեօ՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը։ Արդարեւ, մեծ է ճշմարտութիւնը եւ ամէն ինչից զօրաւոր։ 36Ամբողջ երկիրը ապաւինում է ճշմարտութեանը, երկինքը օրհնում է ճշմարտութիւնը, ամէն ինչ սասանւում եւ դողում է նրա առաջ. ճշմարտութեան մէջ անիրաւութիւն չկայ, ոչ մի անիրաւութիւն։ 37Անիրաւ է գինին, անիրաւ է թագաւորը, անիրաւ են նաեւ կանայք, անիրաւ են բոլոր մարդկանց որդիները, անիրաւ են նաեւ նրանց բոլոր գործերը, ճշմարտութիւն չկայ նրանց մէջ, եւ իրենց անիրաւութեան մէջ էլ կը կորչեն իրենք։ 38Իսկ ճշմարտութիւնը կայ, մնում է եւ զօրաւոր է յաւիտենապէս, կենդանի է նա, եւ նրա իշխանութիւնը՝ յաւիտենական։ 39Աչառութիւն չկայ նրա մէջ, նա չի փոփոխւում երբեք, այլ միշտ հաստատում է արդարութիւնը, մերժում չարութիւնն ու անիրաւութիւնը. ճշմարտութեան բոլոր գործերը հաճելի են ամենքին։ 40Անիրաւութիւն չկայ նրա դատաստանի մէջ. ճշմարտութիւնն է թագաւորների հզօրութիւնը, նրանց իշխանութիւնն ու նրանց մեծութիւնը։ Օրհնեալ է ճշմարտութեան Տէր Աստուածը»։ 41Այս խօսքն ասաց եւ լռեց։ Այդ ժամանակ բոլոր հաւաքուածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտութիւնը, ե՛ւ յաղթող, ե՛ւ զօրաւոր»։ 42Իսկ թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կը տամ գրուածից աւելին, քանզի դու բոլորից իմաստուն գտնուեցիր. դու կը նստես իմ երկրորդ աթոռին եւ կը կոչուես իմ ազգականը»։ 43Այն ժամանակ Զորոբաբէլն ասաց թագաւորին. «Յիշի՛ր այն ուխտը, որ արեցիր Երուսաղէմը վերաշինելու մասին այն օրը, երբ թագաւոր դարձար։ 44Դու ասացիր. «Երբ Կիւրոսը գրաւեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղէմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց վերադարձնելու Տիրոջ սպասքը։ 45Նոյնպէս եւ դու, ո՛վ թագաւոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդոմայեցիները, երբ քաղդէացիները Հրէաստանը անապատ դարձրին։ 46Այժմ, ահա, աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ եւ թագաւո՛ր, խնդրում եմ քեզանից. այս մեծ պարգեւը շնորհի՛ր դու ինձ. սրա համար աղաչում եմ քեզ. կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնային թագաւորին, արա՛ այնպէս, ինչպէս խոստացար քո բերանով»։ 47Այն ժամանակ Դարեհ թագաւորը վեր կացաւ եւ համբուրեց Զորոբաբէլին։ Նրա համար թղթեր գրեց բոլոր գաւառապետներին, տեղերի կառավարիչներին, զօրապետներին եւ նախարարներին, որպէսզի նրանք ճանապարհ տան նրան, ինչպէս եւ նրանց, ովքեր նրա հետ էին՝ վերադառնալու եւ վերաշինելու Երուսաղէմը։ 48Թագաւորը թուղթ գրեց նաեւ Ասորիքի, Փիւնիկէի եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ առաքեն Երուսաղէմ եւ Զորոբաբէլի հետ վերաշինեն քաղաքը։ 49Գրեց նաեւ բոլոր հրեաներին, որոնք Հրէաստան էին վերադառնում իր թագաւորութիւնից, նրանց ազատեց հարկերից եւ բոլոր զօրապետներին, նախարարներին, կառավարիչներին ու գաւառապետներին ասաց, որ ոչ ոք հարկի համար չմօտենայ նրանց դռներին, 50որ բոլոր այն վայրերում, ուր բնակւում են նրանք, հարկ չտան եւ լինեն ազատ, որ բոլոր եդոմացիները հրեաներին տան այն բոլոր գիւղերն ու վայրերը, որ վերցրել էին նրանցից, 51որ տաճարի շինութեան համար արքունիքից տան տարեկան քսան տաղանդ, մինչեւ որ տաճարը կառուցուի։ 52Նաեւ ողջակէզների զոհասեղանի համար զոհեր տան բոլոր այն օրերին, ինչպէս գրուած է Օրէնքում, եւ անխափան մատուցեն եօթնորդներն ու տասանորդները, ինչպէս նաեւ՝ տարեկան տասը տաղանդ։ 53Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Երուսաղէմ, թող վերաշինեն քաղաքը, ազատ լինեն եւ հարկ չվճարեն՝ թէ՛ իրենք ու իրենց տոհմերը եւ թէ՛ բոլոր քահանաները։ 54նաեւ հրամայեց գրել, որ ամէն տեսակ մթերք եւ պատմուճան տան քահանաներին՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։ 55Գրեց, որ ղեւտացիներին ռոճիկ տան, մինչեւ որ աւարտուի Տիրոջ տաճարի շինութիւնը, եւ Երուսաղէմը վերաշինուի։ 56Գրեց նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր պահպանում են քաղաքը, հողաբաժիններ տան եւ ռոճիկ։ 57Նա Բաբելոնից ուղարկեց տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ առանձնացրել էր Կիւրոսը. եւ ամէն բան, որ ասել էր Կիւրոսը, Դարեհը նոյնն արեց եւ կատարեց ճշտութեամբ. Տիրոջ ամբողջ սպասքը տուեց, որ տանեն։ 58Երբ Զորոբաբէլը դուրս եկաւ թագաւորի մօտից, ձեռքերը բարձրացրեց դէպի երկինք, դէպի Երուսաղէմի կողմը, օրհնեց երկնքի Տէր թագաւորին եւ ասաց. 59«Քեզանից է յաղթութիւնը, քեզանից է իմաստութիւնը եւ քեզ է վայել փառքը. 60ես քո ծառան եմ եւ օրհնում եմ քեզ, որ իմաստութիւն տուեցիր ինձ, ես գոհութիւն եմ մատուցում քեզ՝ մեր հայրերի Աստծուն»։ 61Նա վերցրեց թղթերն ու գնաց։ Եկաւ Բաբելոն, ամէն ինչ պատմեց իր եղբայրներին։ 62Նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, քանի որ Տէրը նրանց ազատութիւն շնորհեց։ 63Թոյլ տուեց գերութիւնից վերադառնալ եւ վերաշինել Երուսաղէմն ու Տիրոջ տաճարը, որն այդ քաղաքում կոչուեց իր անունով։ Եւ եօթը օր նրանք մեծ ուրախութիւն արեցին ամէն տեսակ նուագարաններով։
5 Այս բոլորից յետոյ նրանք ընտրեցին տոհմերի, ազգերի ու ցեղերի նահապետներ ու առաջնորդներ, որպէսզի իրենց կանանց, տղաների, աղջիկների ու ծառաների հետ եւ իրենց ամբողջ կայքով ու ունեցուածքով վերադառնան Երուսաղէմ։ 2Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիաւոր, որպէսզի նրանք ապահով հասնեն Երուսաղէմ, 3յետոյ թմբուկների, փողերի եւ այլ նուագարանների նուագով, պարով եւ մեծ ուրախութեամբ նրանց ճանապարհեց Երուսաղէմ։ 4Ըստ իրենց հայրերի անունների եւ ըստ իրենց ազգատոհմերի, ահա սրանք են անուններն այն մարդկանց, որ վերադարձան Երուսաղէմ. 5Քահանաներից՝ Ահարոնի որդի Փենեէսի որդիները, Յոսեդեկի որդի Յեսուն, Յուդայի ցեղից, Փարէսի տոհմից, Դաւթի ազգից՝ Յովակիմը, որ Սաղաթիէլի որդի նոյն Զորոբաբէլն էր, 6հէնց նա, որ Դարեհ արքայի առաջ իմաստուն խօսքեր ասաց Նիսան ամսին՝ նրա թագաւորութեան երկրորդ տարուայ առաջին ամսին։ 7Սրանք բոլորը հրեաներ էին, որոնց թոյլ տրուեց գերութիւնից վերադառնալ Երուսաղէմ. սրանց գերի էր տարել Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։ 8Սրանք վերադարձան Երուսաղէմ եւ բնակութիւն հաստատեցին Հրէաստանում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Նրանց առաջնորդներն էին Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն. քահանաների ազգատոհմից՝ Նէեմին, Զարեհը, Ռեսէն, Անանիան, Մուրդքէն, Բեելսարը, Ասփարասը, Բորսէլը, Ռուիբը եւ Բաանան։ 9Ահա եւ նրանց ազգերի տոհմապետների եւ իշխանների անուններն ու թիվը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. Սափատիայի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 10Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց. 11Նեփթաղիմ Մովաբացու որդիները, Յեսուի եւ Ռովաբի որդիները՝ երկու հազար ութ հարիւր տասներկու. 12Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. Բորքիայի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 13Բանիայի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. Բերիայի որդիները՝ վեց հարիւր քսաներեք. Արդիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու. 14Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 15Ազերեղեկիայի որդիները՝ իննսուներկու. Իլանայի որդիները եւ Զետայի որդիները՝ վաթսունեօթը. Ազարիայի որդիները՝ չորս հարիւր երեսուներկու. 16Գերդալի որդիները՝ վեց հարիւր երեսուներկու. Անանիայի որդիները՝ հարիւր քսան. Արոմի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 17Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։ 18Նատոբի մարդիկ յիսունհինգ հոգի էին, Նատտայինը՝ հարիւր յիսունութ, Բեթսամոթինը՝ քառասուներկու, 19Կարիաթարիմինը՝ քսանհինգ, Քափիրինը եւ Թերոնինը՝ եօթը հարիւր քառասունութ, Քադիասիայինը եւ Ամիդայինը՝ չորս հարիւր քսաներկու, 20Կիմարինը եւ Կաբէսինը՝ վեց հարիւր քսանմէկ, Մակալոնինը՝ հարիւր քսաներկու, 21Բետոլիամայինը՝ յիսուներկու։ 22Նեփիսայի որդիները՝ հարիւր յիսունվեց մարդ. Կալամոլի որդիները եւ Օնիայի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 23Երեքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ, Սանասսի որդիները՝ երեք հազար երեք հարիւր երեսունմէկ։ 24Քահանաների որդիները. Յեսուի որդի Յեդդուտի որդիները՝ ինը հարիւր երեսուներկու. Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 25Փասորի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունհինգ. Քարմիայի որդիները՝ հազար տասնեօթը։ 26Իսկ ղեւտացիների որդիների թիւը այս էր. Յեսուինը՝ մէկ, Կոդոլիայինը՝ Բանիայինը եւ Սուդիայինը՝ եօթանասունչորս։ 27Քահանաների ազգատոհմից կային սաղմոս երգողներ. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ մարդ։ 28Դռնապաններից՝ Սալոմիայի որդիները, Ատերի որդիները, Տոլմանիայի որդիները, Գակուբիայի որդիները, Ատերի որդիները, Սաբէի որդիները, բոլորը միասին՝ հարիւր երեսունինը մարդ։ 29Քահանաների ծառաները. Ասիփի որդիները, Տաբալի որդիները, Կերի որդիները, Սուի որդիները, Փալիայի որդիները, Լաբանիայի որդիները, Ադաբի որդիները, 30Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կեդաբի որդիները, Ադաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանի որդիները, Կաթուի որդիները, Գելլուրի որդիները, 31Յաբուի որդիները, Դեսանի որդիները, Նորի որդիները, Ասէբի որդիները, Գազերի որդիները, Օքոզիայի որդիները, Փանիայի որդիները, Ասարի որդիները, Բասիայի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները, 32Փասալոթի որդիները, Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարէսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թումայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։ 33Սողոմոնի ծառաների որդիները. Սափփիոթի որդիները, Փարիդի որդիները, Յեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիայի որդիները, 34Ագիայի որդիները, Փաքարիայի որդիները, Սաբիայի որդիները, Սարոթի որդիները, Մասսիայի որդիները, Գասայի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարոդիայի որդիները, Սափատի որդիները, Ալլոնիայի որդիները։ 35Քահանաների եւ Սողոմոնի բոլոր ծառաները միասին՝ երեք հարիւր եօթանասուներկու մարդ։ 36Բաբելոնից էին վերադարձել թէ՛ սրանք եւ թէ՛ սրանց իշխանները՝ Թերմալէթը, Թելեսիասը, Քարաթալան եւ Ալլաարը։ 37Կային նաեւ ուրիշներ, որ չկարողացան ցոյց տալ ո՛չ իրենց հայրերի տոհմը եւ ո՛չ էլ իրենց սերունդը, թէ իրենք իսրայէլացիներ են։ Դրանք էին՝ Դալանի որդիները, Տուբանի որդիները, Նեկոդանի որդիները՝ վեց հարիւր եօթանասուներկու մարդ։ 38Քահանաներից, որոնք քահանայական ծառայութեան մէջ էին, իրենց նախնիների տոհմերը չկարողացան ցոյց տալ նաեւ Նորդիայի որդիները, Ակբոսի որդիները, Յոգուսի որդիները, որոնք կին էին առել Բերզելիայի աղջիկներից եւ կոչւում էին նրանց անունով։ 39Նրանց անունները փնտռեցին մատեաններում՝ ըստ իրենց տոհմերի եւ ըստ իրենց բնակավայրերի, բայց չգտան. նրանց հեռացրին ծառայութիւնից եւ արգելեցին մօտենալ քահանայութեանը։ 40Նէմիան եւ Ատթարիան նրանց ասացին, որ նրանք սուրբ բաներին չմօտենան այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաանայապետ չի պարզաբանել ճշմարտութիւնը նրանց տոհմերի մասին։ 41Բոլոր իսրայէլացիները, ներառեալ տասներկու եւ աւելի բարձր տարիք ունեցողները, չհաշուած ծառաներին եւ աղախիններին, քառասուներեք հազար երեք հարիւր վաթսուն մարդ էին. 42նրանց ծառաներն ու աղախինները՝ եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ. սաղմոս երգողներն ու պաշտամունքի սպասաւորները՝ երկու հարիւր քառասունհինգ մարդ։ 43Նրանց հետ կար չորս հարիւր երեսունհինգ ուղտ, եօթը հազար քառասունվեց ձի, երկու հարիւր քառասունհինգ ջորի եւ հինգ հազար հինգ հարիւր քսանհինգ էշ։ 44Նրանց իշխաններն ու տոհմապետները եկան, մտան Աստծու տաճարի տեղը, որ գտնւում է Երուսաղէմում, ուխտ արեցին, որ տաճարը նորից կը կանգնեցնեն իր տեղում, եւ 45ի նպաստ գործի, իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան, տաճարի գանձանակին տալիս էր ոսկի՝ հազար մնաս, արծաթ՝ հինգ հազար մնաս եւ քահանայական հարիւր պատմուճան։ 46Քահանաները, ղեւտացիները եւ ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում եւ մօտիկ վայրերում, իսկ սաղմոսասաց պաշտօնեաները, դռնապաններն եւ բոլոր իսրայէլացիները՝ իրենց գիւղերում եւ ագարակներում։ 47Եօթներորդ ամսին բոլոր իսրայէլացիները իրենց բնակավայրերից վեր կացան եւ միահամուռ հաւաքուեցին Երուսաղէմում, ընդարձակ մի տեղ, արեւելեան կողմի դռան առջեւ։ 48Յոսեդեկի որդի Յեսուն ու նրա եղբայրները, քահանաների ամբողջ բազմութիւնը, Սաղաթիէլի որդի Զորոբաբէլն ու նրա եղբայրները պատրաստեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը 49նրա վրայ ողջակէզներ մատուցելու համար ըստ այն կարգի, ինչպէս գրուած է Աստծու մարդու՝ Մովսէսի գրքում։ 50Հրեաները հաւաքուեցին, զատուեցին երկրի հեթանոս այլազգիներից, կանգնեցրին զոհասեղանն իր նախկին տեղում, ու թէեւ հեթանոսներն իրենց թշնամիներն էին, սակայն երկրի բոլոր այլազգիներն էլ օգնում էին իրենց։ Նրանք ժամանակ առ ժամանակ ընծաներ եւ զոհեր էին բերում, իսկ իրենք մատուցում էին Տիրոջ թէ՛ առաւօտեան եւ թէ՛ երեկոյեան ողջակէզները։ 51Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնն այն կարգով, ինչպէս գրուած էր Մովսէսի օրէնքներում եւ մատուցում էին ամենօրեայ զոհերը՝ ըստ ընդունուած կարգի։ 52Նրանք մատուցում էին նաեւ ըստ ժամանակների սահմանուած ողջակէզները՝ շաբաթ օրերի եւ ամէն ամսամտի ողջակէզները եւ, ըստ կարգի, կատարում էին բոլոր սուրբ տօները։ 53Եւ բոլոր նրանք, որ ուխտ էին արել Աստծուն, եօթներորդ ամսի ամսամտին սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, մինչդեռ Տէր Աստծու տաճարը դեռեւս կառուցուած չէր։ 54Նրանք քարհատներին ու հիւսներին փող ու մթերք տուեցին, 55սիդոնացիներին եւ տիւրոսացիներին՝ նոյնպէս, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ բերեն, նաւերով հասցնեն Յոպպէ նաւահանգիստը, ինչպէս ժամանակին նրանց հրամայել եւ կարգադրել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։ 56Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները, նաեւ բոլոր նրանք, որ Երուսաղէմ էին վերադարձել գերութիւնից, Երուսաղէմ գալու իրենց երկրորդ տարուայ երկրորդ ամսին սկսեցին կառուցել տաճարը։ 57Նրանք Տէր Աստծու տան հիմքերը գցեցին գերութիւնից Հրէաստան եւ Երուսաղէմ վերադառնալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի ամսամտին։ 58Քսան տարեկանից բարձր ղեւտացիներին նրանք յանձնարարեցին Տիրոջը սպասաւորելու գործը, իսկ Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, նրա եղբայր Կադմիէլը, Բաբունի որդի Յեբուհէմի որդիները, Ելիադիայի որդի Յովիդէի որդիները՝ իրենց եղբայրների հետ, եւ բոլոր ղեւտացիները միահամուռ աշխատում էին Տիրոջ տաճարի գործի վրայ, իսկ վարպետները կառուցում էին Տիրոջ տաճարը։ 59Քահանայապետները, երկար զգեստներ հագած, դասաւորուել էին նուագարաններ ու շեփորներ ձեռքերին, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել, 60սաղմոսներ էին երգում եւ օրհնում Աստծուն՝ ըստ նուագարանների ու երգերի այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի Դաւիթ թագաւորը։ 61Նրանք բարձրաձայն օրհնում եւ գոհութիւն էին մատուցում Տէր Աստծուն, որ նրա բարերարութիւնը եւ փառքը յաւիտենական է ամբողջ Իսրայէլի համար։ 62Եւ ամբողջ ժողովուրդը լիաշունչ շեփորներ էր փչում, բարձրաբարբառ գոչում եւ օրհնում էր Տիրոջը, որ նա կանգնեցնում է իր սուրբ տաճարը։ 63Եկան եւ շինարարութեան վայր մտան ղեւտացի այն քահանայապետները, որոնք, ըստ իրենց հայրերի նահապետութեան, գահերէցներ եւ առաջնորդներ էին եւ որոնք տեսել էին նախկին տաճարը, որը կառուցուած էր սրանից առաջ։ 64Ոմանք բարձրաձայն լալիս էին, ոմանք շեփորներ էին փչում, ոմանք արձակում ուրախութեան կանչեր, եւ այդ ձայները խառնուել էին այնպէս, 65որ բազմութիւնը, ժողովրդի լացի ձայներից, չէր կարողանում լսել շեփորների ձայնը, թէեւ բազմաթիւ շեփորներ էին փչում, եւ նրանց ձայնը հասնում էր հեռու, հեռաւոր վայրեր։ 66Յուդայի ու Բենիամինի ազգի թշնամիները լսեցին, եկան տեսնելու եւ իմանալու, թէ ինչ էր նշանակում շեփորների այդ ձայնը, 67եւ իմացան, որ Բաբելոնի գերութիւնից վերադարձած հրեաները կառուցում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ 68Նրանք մօտեցան Զորոբաբէլին, Յոսեդեկի որդի Յեսուին եւ այլ իշխանների ու տոհմապետների եւ ասացին նրանց. «Թողէ՛ք մենք էլ ձեզ հետ կառուցենք տաճարը, 69որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք ենք լսում ձեր Տէր Աստծուն, մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այստեղից ձեր գերեվարուելուց յետոյ, այն օրից ի վեր, երբ մեզ Ասորեստանի Սալմանասար թագաւորը գերի վերցրեց, բերեց եւ բնակեցրեց այստեղ»։ 70Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ մենք ձեզ հետ կառուցենք մեր Տէր Աստծու տունը, 71միայն մե՛նք պիտի կառուցենք մեր Աստծու տաճարը, ինչպէս որ հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։ 72Սրանք հէնց այն ազգերն էին, որ միացել էին Յուդայի երկրի թշնամիներին 73եւ արգելք եղել Կիւրոս թագաւորի ժամանակ տաճարը կառուցելուն, քանի որ նա հրամայել էր տաճարը կառուցել իր կենդանութեան ժամանակ. իսկ նրա մահից յետոյ էլ արգելեցին տասներկու տարի՝ մինչեւ Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։
6 Դարեհ արքայի երկրորդ տարում Անգէ եւ Զաքարիա մարգարէները Իսրայէլի Տէր Աստծու անունով մարգարէութիւն էին անում Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին։ 2Այդ ժամանակ էլ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն սկսեցին կառուցել Տիրոջ տաճարը Երուսաղէմում՝ Տիրոջ մարգարէների հետ միասին, որոնք օգնում էին նրանց։ 3Նոյն ժամանակ նրանց մօտ եկան Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանն ու նրանց ընկերները եւ ասացին նրանց. 4«Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տաճարը եւ նրա գաւիթները, կամ այդ ովքե՞ր են կամեցել այդ տաճարը կառուցել եւ աւարտել»։ 5Տիրոջ կողմից, սակայն, շնորհ էր իջել քահանաների եւ հրեաների վրայ, 6եւ նրանք չարգելեցին նրանց կառուցել, մինչեւ որ գրէին Դարեհ թագաւորին եւ հրաման առնէին նրանից։ 7Ահա այն նամակի պատճէնը, որ նրանք գրեցին եւ ուղարկեցին Դարեհ արքային. 8«Սիսինը՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց հետ միասին Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներն ու կառավարիչները ողջունում են Դարեհ թագաւորին։ 9Թող յայտնի լինի քեզ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, որ մենք գնացինք, հասանք Հրէաստան երկիրը, մտանք Երուսաղէմ քաղաքը, այնտեղ գտանք գերութիւնից վերադարձած հրեաներին եւ Երուսաղէմ քաղաքի նրանց քահանայապետներին, 10տեսանք, որ նրանք կառուցում են Տիրոջ մեծաշուք եւ սքանչելի տաճարը կոփածոյ եւ խոշոր քարերով, որոնք պատերի մէջ կապում են փայտէ պահանգներով. գործը յաջողութեամբ առաջ է գնում նրանց ձեռքով, եւ նրանք ուզում են փառք ու պատուով արագ վերջացնել այն։ 11Այն ժամանակ մենք հարցրինք աւագներին եւ ասացինք. «Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տունը, կամ ո՞ւմ խօսքով էք գցում նրա հիմքերը»։ 12Հարցնում էինք, որպէսզի քեզ յայտնենք այդ մասին, մատնանշենք նրանց առաջնորդներին, գրենք այն մարդկանց անունները, որոնք այդ գործի գլխաւորներն են։ 13Նրանք մեզ պատասխանեցին ու ասացին. «Մենք Տէր Աստծու ծառաներն ենք, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ 14Այս տաճարը շատ տարիներ առաջ կառուցուած է եղել Իսրայէլի մի հզօր ու մեծ թագաւորի ձեռքով, 15բայց երբ մեր հայրերը դառնացրին Իսրայէլի Տէր Աստծուն եւ մեղք գործեցին նրա առաջ, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, Տէրն էլ նրանց մատնեց բաբելացիների արքայի՝ քաղդէացիների թագաւոր Նաբուքոդոնոսորի ձեռքը։ 16Բայց Բաբելոնում Կիւրոսի թագաւորութեան հաստատուելու առաջին տարում, Կիւրոս արքան հրովարտակ գրեց եւ հրամայեց կառուցել այս տաճարը, 17եւ ամբողջ կայքը, ոսկէ եւ արծաթէ այն սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղէմի Տիրոջ տաճարից եւ տարել ու տուել էր պահելու իր կուռքերի գանձատանը, Կիւրոսը դարձեալ հանեց բաբելացիների կուռքերի գանձատնից եւ դրանք տուեց Զորոբաբէլին ու Սամանասարին։ 18Արքան պատուիրեց նրանց, որ այդ կայքն ու սպասքը բերեն Երուսաղէմ, դնեն Տիրոջ տաճարում եւ հրաման տուեց այս տաճարը կառուցել իր նախկին տեղում։ 19Երբ Սամանասարը վերադարձաւ Երուսաղէմ, այդ ժամանակ էլ գցեց այս տաճարի հիմքերը, եւ մենք այդ օրից մինչեւ այժմ կառուցում ենք այն ու դեռ չենք աւարտել»։ 20Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր Դարեհ, հրամայի՛ր, որ մատենադարաններում, ուր պահւում են Կիւրոս թագաւորի յիշատակարանների գրքերը, փնտռեն 21եւ գտնեն, որ Կիւրոս թագաւորի հրամանով եւ նրա խօսքով են Տիրոջ տունը կառուցում Երուսաղէմում, ապա վերահասու եղիր Կիւրոս թագաւորի հրամանին եւ այս բոլորի մասին տեղեկութիւն ուղարկիր մեզ»։ 22Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրամայեց փնտռել թագաւորական մատենադարաններում, որոնք գտնւում էին Բաբելոնում։ Մարաստանի Բատանբարիտէն քաղաքում, ուր յիշատակարանների գրքեր կային, գտնուեց մի հրովարտակ, ուր գրուած էր այսպէս. 23«Կիւրոսի թագաւորութեան առաջին տարի. Կիւրոս արքան հրամայեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղէմում, ուր բաց կրակի վրայ զոհեր են մատուցում։ 24Նա հրամայեց տաճարը կառուցել այս չափերով. բարձրութիւնը՝ վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ վաթսուն կանգուն. երեք շարք կոփածոյ քարեր դնել, մի շարք նոր շինափայտ, եւ ծախսերը տալ արքունիքից։ 25Իսկ այն կայքը, ոսկեղէն եւ արծաթեղէն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը Բաբելոն էր բերել Տիրոջ տանից, որ գտնւում էր Երուսաղէմում, Կիւրոս թագաւորը հրամայեց տանել եւ դնել այնտեղ՝ իրենց առաջուայ տեղը»։ 26Ի յաւելումն այս հրամանի, Դարեհ արքան գրում է այսպէս. «Սիսինին՝ ամբողջ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանին, Սաթրուբազանին եւ ձեր միւս ընկերներին, որոնք Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներ են նշանակուած. հեռո՛ւ մնացէք այդ տեղից եւ մի՛ մօտեցէք Տիրոջ ծառայ այդ Զորոբաբէլին՝ հրեաների իշխանին, ինչպէս նաեւ հրեաների քահանայապետներին, որոնք միաբանուած կառուցում են Տիրոջ տունը իր տեղում։ 27Ես հրամայեցի, որ այդ տունը կառուցուի ամբողջապէս, եւ դուք օգնէք Երուսաղէմ վերադարձած հրեաներին, որպէսզի նրանք աւարտեն իրենց Տէր Աստծու տաճարը։ 28Ես հրամայեցի, եւ իմ պատուէրն է, որ այդ մարդկանց նպաստ տաք Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների հարկերից՝ Տիրոջ տան զոհաբերութիւնների համար, եւ թող իշխան Զորոբաբէլը ձեզնից վերցնի արջառներ, խոյեր եւ գառներ. 29նմանապէս նաեւ՝ ցորեն, աղ, գինի ու ձէթ, եւ այդ բոլորը թող ճշտօրէն կատարուի տարէցտարի՝ ըստ այն չափերի եւ ժամկէտների, ինչպէս կը հրամայեն Երուսաղէմի քահանաները Տիրոջն սպասաւորելու ծախսերի համար։ 30Թող այդ ամէնը տրուի օր ըստ օրէ, անխափան, որպէսզի դարձեալ Տէր Աստծուն զոհեր մատուցեն յանուն թագաւորի ու նրա զօրքերի եւ աղօթեն թագաւորի կեանքի համար։ 31Ես հրամայեցի, որ նա, ով կը խուսափի կամ զանց կ՚առնի իմ հրամանը, թող պատժուի, անձամբ տանջանքների ենթարկուի, թող կախեն ու խոշտանգեն նրան եւ նրա ամբողջ ունեցուածքը դարձնեն արքունական սեփականութիւն, 32քանի որ այն տեղի համար, որ կոչւում է Տիրոջ անունով, իմ թագաւորութեան մէջ բոլոր ազգերին հրամայուած էր տալ ամէն բան, իսկ նա համարձակուել է արգելել եւ չար խորհուրդներ է խորհել Տիրոջ տաճարի մասին, որ գտնւում Երուսաղէմում։ 33Ես՝ Դարեհ թագաւորը, հրամայեցի այս բոլորը կատարել մեծագոյն ճշտութեամբ եւ խստութեամբ»։
7 Այն ժամանակ Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների մեծ իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց ընկերները, որոնք արգելել էին տաճարի շինարարութիւնը, երբ ստացան Դարեհ թագաւորի հրամանը, 2սկսեցին վերահսկել եւ հոգ տանել գործի համար՝ գործակցելով հրեաների աւագների եւ քահանայապետների հետ։ 3Գործը յաջողութեամբ առաջ էր ընթանում, մանաւանդ որ նրանց օգնում էին Անգէ եւ Զաքարիա մարգարէները։ 4Եւ, ըստ Իսրայէլի Տէր Աստծու հրամանի եւ ըստ Կիւրոսի ու Դարեհի կամքի, աւարտուեց տաճարը։ 5Դարեհ թագաւորի վեցերորդ տարում աւարտուեց սուրբ տաճարը, ադար ամսի քսանին, Դարեհի թագաւորութեան վեցերորդ տարում։ 6Իսրայէլացիները, քահանաներն ու ղեւտացիները եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, կատարեցին այդ գործը այնպէս, ինչպէս սահմանուած եւ հրամայուած էր Մովսէսի օրէնքների գրքում։ 7Նրանք մատուցեցին Տիրոջ տան նաւակատիքի զոհերը. հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ 8ամբողջ Իսրայէլի մեղքերի համար՝ տասներկու նոխազ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի։ 9Եւ, ըստ ազգերի, նշանակուեցին քահանաներ եւ ղեւտացիներ, որոնք երկար պարեգօտներ էին կրում Իսրայէլի Տէր Աստծու առաջ ծառայելու համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի գրքում. եւ, ըստ իւրաքանչիւր դռան, նշանակեցին դռնապաններ։ 10Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատկի տօնը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը, որովհետեւ քահանաներն ու ղեւտացիները մաքրուել էին միասին, 11ինչպէս եւ բոլոր նրանք, որ վերադարձել էին գերութիւնից։ 12Մաքրուած ղեւտացիները մորթեցին Տիրոջ զատկի գառը գերութիւնից վերադարձած բոլոր իսրայէլացիների համար, իրենց եղբայրների, իրենց եւ քահանաների համար։ 13Կերան գերութիւնից վերադարձած իսրայէլացիները եւ բոլոր նրանք, որ զատուել էին հեթանոսների պղծութիւններից՝ փնտռելով իրենց Տէր Աստծուն։ 14Նրանք Բաղարջակերաց զատիկը կատարեցին եօթը օր եւ ուրախ եղան Տիրոջ առաջ, 15որովհետեւ Տէրը դէպի իրենց դարձրեց Ասորեստանի թագաւորի սիրտը եւ հզօրացրեց իրենց ձեռքը՝ Իսրայէլի Տէր Աստծու գործի համար։
8 Այս բոլոր դէպքերը կատարուելուց յետոյ Պարսկաստանում թագաւորեց Արտաշէս արքան։ Նրա մօտ գնաց Եզրասը, որը որդին էր Ազարիայի, սա՝ Եզեկիայի, սա՝ Քեղկիայի, սա՝ Սաղէմի, 2սա՝ Ադուկի, սա՝ Աքիտոբի, սա՝ Ամարէթի, սա՝ Ազեկի, սա՝ Մարերոթի, սա՝ Զարիայի, սա՝ Սեուիայի, սա՝ Բոկիայի, սա՝ Աբասիայի, սա՝ Փենէեսի, սա՝ Եղիազարի, եւ սա՝ Ահարոնի, որը առաջին քահանայապետն էր։ 3Ահա այս Եզրասը, որ Իսրայէլի Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների հմուտ օրէնսգէտ էր, վերադարձաւ Բաբելոնից։ 4Թագաւորը մեծ պատուի արժանացրեց նրան։ Եզրասը շնորհ գտաւ նրա առաջ, եւ թագաւորը մեծ բարեհաճութեամբ յարգեց նրա խնդրանքը։ 5Եզրասի հետ Երուսաղէմ վերադարձան իսրայէլացիները՝ քահանայապետների եւ ղեւտացիների, սաղմոսասաց սպասաւորների, դռնապանների եւ քահանաների ծառաների որդիները։ 6Նրանք վերադարձան Արտաշէս արքայի թագաւորութեան եօթներորդ տարուայ հինգերորդ ամսին, իսկ Բաբելոնից դուրս էին եկել թագաւորի եօթներորդդ տարուայ առաջին ամսի ամսամտին։ 7Նոյն տարուայ հինգերորդ ամսի ամսամտին էլ նրանք մտան Երուսաղէմ, եւ Տէրը յաջողութիւն տուեց Եզրասին ու նրանց ճանապարհին։ 8Եզրասը, որ ամբողջապէս լցուած էր իմաստութեամբ եւ անթերի գիտէր Տիրոջ բոլոր պատուիրանները, Իսրայէլի ժողովրդին ուսուցանում էր, ըստ Տիրոջ օրէնքների, ամէն դատ ու դատաստան եւ իրաւունք։ 9Այդ ժամանակ Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին, հասաւ Արտաշէս թագաւորի հրովարտակը, ուր գրուած էր այսպէս. 10«Արտաշէս թագաւորը ողջունում է Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մատենագրին։ 11Մարդասիրական ցանկութեամբ կշռադատելով ամէն բան՝ ես հրամայեցի Հրէաստանի ցեղերի բոլոր մարդկանց, ովքեր կամաւոր ուզում են գնալ Երուսաղէմ, նաեւ քահանայապետներին եւ ղեւտացիներին, որ քեզ հետ միասին վերադառնան Երուսաղէմ. 12թող գնան բոլոր նրանք, ովքեր փափագում են մեկնել Հրէաստան եւ Երուսաղէմ, ինչպէս հրամայեցինք մենք՝ ես եւ իմ եօթը խորհրդականները։ 13Թող նրանք վերադառնան եւ կատարեն այն ամէնը, ինչ պահանջում է Օրէնքը. 14Երուսաղէմում թող զոհեր մատուցեն Իսրայէլի Տէր Աստծուն, ինչպէս խոստացանք մենք՝ ես եւ իմ սիրելիները։ Այն ամբողջ ոսկին եւ արծաթը, որ նրանք ունեն բաբելացիների այս երկրում, թող տանեն եւ Երուսաղէմում զոհեր մատուցեն իրենց Տէր Աստծուն։ 15Թող բաբելացիների այս երկրից Տէր Աստծու քահանաները վերցնեն նուիրաբերութիւնները եւ տանեն Երուսաղէմ. ոսկի ու արծաթ, արջառներ, խոյեր, գառներ 16եւ ընծայուած միւս բոլոր զոհերը, եւ Երուսաղէմում Տիրոջ սեղանի վրայ մատուցեն Աստծուն։ 17Այն ամէնը, ինչ դու կամենում ես անել քո եղբայրների հետ միասին, արա՛. ըստ քո Տէր Աստծու կամքի էլ վարուի՛ր թէ՛ ոսկու եւ արծաթի 18եւ թէ՛ քահանայական կայքի ու Տիրոջ այն սպասքի հետ, որ կը տանէք Երուսաղէմ՝ Տէր Աստծու տաճարի կարիքների համար. 19այդ ամէնը դի՛ր քո Տէր Աստծու առաջ, Երուսաղէմում, 20իսկ աւելորդ եւ տաճարի այլ կարիքների համար եղած բաները թող դնեն թագաւորական գանձատանը։ 21Ես՝ Արտաշէս թագաւորը, հրամայեցի Ասորեստանի եւ քանանացիների կողմերի գանձապահներին, որ նրանք Եզրաս քահանային՝ բարձրեալ Տէր Աստծու Օրէնքի մատենագրին անխափան տան այն ամէնը, ինչ կկամենայ վերցնել նա. հարիւր տաղանդ արծաթ, 22նոյն ձեւով՝ հարիւր քոռ ցորեն, հարիւր մար գինի եւ նոյնքան ձէթ. 23նաեւ օրինական միւս բաները՝ բարձրեալ Տէր Աստծու պաշտամունքը կատարելու համար, որպէսզի նրա ցասումը չգայ իմ թագաւորութեան եւ իմ որդու վրայ։ 24Ձեր քահանաների ու ղեւտացիների, սաղմոսասաց պաշտօնեաների ու դռնապանների, քահանաների ծառաների եւ Տիրոջ տան սպասաւորների վերաբերեալ հրամայեցի, 25որ ոչ ոք իշխանութիւն չունենայ նրանցից հարկ կամ այլ տուրք պահանջելու։ 26Իսկ դու, Եզրա՛ս, ըստ քո իմաստութեան, որ Աստուած տուել է քեզ, Ասորիքի եւ փիւնիկեցիների կողմերում դատելու եւ կառավարելու համար վերակացուներ եւ դատաւորներ նշանակիր բոլոր նրանց, որ սովորել են քո Տէր Աստծու Օրէնքը, իսկ նրանց, որ դեռեւս չգիտեն, սովորեցրո՛ւ։ 27Իսկ բոլոր նրանց, որ զանց կ՚առնեն քո Տէր Աստծու Օրէնքը եւ չեն հնազանդուի մեր թագաւորական օրէնքներին, քեզ իշխանութիւն է տրւում նրանց պատժելու եւ խոշտանգելու. եթէ մահապարտ են՝ սպանելու, եթէ պատժի են արժանի՝ պատժելու, եթէ տուգանքի՝ տուգանք պահանջելու»։ 28Այն ժամանակ Եզրասը՝ Տիրոջ Օրէնքի մատենագիրն ասաց. «Օրհնուած է մեր հայրերի Տէր Աստուածը, որ այս ամենի համար շնորհ տուեց թագաւորի սրտին՝ փառաւորելու Տիրոջ տաճարը, որ գտնւում է Երուսաղէմում։ 29Իսկ ինձ մեծապէս պատուի արժանացրեց թագաւորի առաջ, նրա բոլոր խորհրդականների եւ սիրելիների առաջ, նրա բոլոր մեծամեծների առաջ, 30եւ ես լցուեցի անբաւ հրճուանքով՝ իմ Տէր Աստծու օգնութեամբ»։ Դրանից յետոյ Եզրասը հաւաքեց իսրայէլացի այն բոլոր մարդկանց, որոնք իր հետ վերադարձան Երուսաղէմ։ 31Ըստ իրենց հայրերի նահապետութեան եւ ըստ իրենց ցեղերի բաժանման, սրանք են ահա այն իշխանները, որոնք Եզրասի հետ ելան Բաբելոնից Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ. 32Փենէեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից՝ Գամայէլը, 33Դաւթի որդիներից՝ Փարէսը, Փորոսիայի որդիներից՝ Զաքարիասը եւ նրա հետ գերի տարուածներից հարիւր յիսուն մարդ. 34Փաաթի որդիներից՝ Մովաբը, Ելիան, Օնիասը, Զարեան եւ նրա հետ երկու հարիւր մարդ. 35Զաթսէսի որդիներից՝ Յեզոնիասը, Յեթելեան եւ նրա հետ երեք հարիւր մարդ. 36Ադինոբի որդիներից՝ Յովնաթանը եւ նրա հետ երեք հարիւր յիսուն մարդ. Ելամեսիայի որդիներից՝ Գոդողիան եւ նրա հետ եօթանասուն մարդ. 37Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաքարիասը եւ նրա հետ եօթանասուն մարդ. 38Յովաբի որդիներից՝ Եզելիայի որդի Աբադիսերը եւ նրա հետ երկու հարիւր տասներկու մարդ. 39Բանիայի որդիներից՝ Յոսափի որդի Ասալիմոթը եւ նրա հետ հարիւր վաթսուն մարդ. 40Բէերի որդիներից՝ Բերիայի որդի Զաքարիան եւ նրա հետ քսանութ մարդ. 41Ուստաթի որդիներից՝ Կատանի որդի Յովհաննէսը եւ նրա հետ հարիւր տասը մարդ. 42Ադոնիկամի որդիներից՝ Էսփատայի որդիները, որոնց անուններն են՝ Ելիփալատ, Դեւուէլ, Սամեաս եւ նրանց հետ եօթանասուն մարդ. Բանիայի որդիներից՝ Տաւկուրիայի որդի Ութիան եւ նրա հետ եօթանասուն մարդ։ 43Եզրասը նրանց հաւաքեց Թերա կոչուած գետի եզերքին, ուր օթեւանեցին երեք օր, ազգահամար կատարեց, 44բայց քահանաների որդիներից եւ ղեւտացիներից ոչ մէկին չգտաւ նրանց մէջ։ 45«Ես մարդ ուղարկեցի Եղիազարի մօտ, եւ ինձ մօտ եկան Սամեասը, Օրիբոնը, Նաթանը, Եննատանը, Զաքարիան եւ Մոսոլաբոնը. 46սրանք իշխաններ էին եւ օրէնքի վարդապետներ։ Ես նրանց ասացի, որ գնան գանձապահների պետի՝ Լոգէոնի մօտ, 47պատուիրեցի նրանց, որ Լոգէոնին, նրա եղբայրներին եւ տեղում գտնուող միւս գանձապահներին ասեն, որ նրանք Տիրոջ տան համար քահանաներ ուղարկեն մեզ մօտ։ 48Եւ նրանք բերեցին այնպիսի մարդիկ, որոնք զօրաւոր էին Տիրոջ խօսքը քարոզելու գործում եւ լաւ գիտէին Տիրոջ օրէնքը։ Դրանք Իսրայէլի որդի Ղեւիի որդի Մոողիայի որդիներից էին՝ Ասերեւանը եւ նրա տասնութ եղբայրները. 49Քանունիայի որդիներից՝ Ասեբիան, Անունոնը եւ նրա եղբայր Օսետանը իր որդիների հետ՝ քսան մարդ. 50քահանաների այն ծառաներից, որոնց Դաւիթ թագաւորը նշանակել էր ղեւտացիներին սպասաւորելու համար գլխաւորներ, նրանց որդիներից՝ քսան մարդ, որոնցից նշանաւորներին գրեցին անուանապէս։ 51Մենք ծոմ պահեցինք այնտեղ, աղօթք մատուցեցինք մեր Տէր Աստծուն, խնդրեցինք, որ նա դիւրութիւն եւ յաջողութիւն տայ մեզ, մեր որդիներին եւ բոլորին, ովքեր մեզ հետ էին, 52քանի որ մենք ծանր էինք համարել թագաւորից հետեւակ կամ հեծեալ ուղեկիցներ խնդրել՝ մեր թշնամիներից զգուշանալու համար։ 53Մենք թագաւորին ասացինք, որ մեր Տէր Աստծու զօրութիւնը մեզ հետ է եւ բոլոր նրանց հետ, ովքեր խնդրում են նրան։ 54Այս բոլորի համար էր, ահա, որ ծոմ պահեցինք եւ աղաչեցինք, որ Տէրը պահպանի մեզ, յաջողութիւն տայ մեզ՝ մեր ճանապարհին։ 55Ցեղերի քահանաների գլխաւորներից ընտրեցինք տասներկու մարդ՝ Եսեբիային, Ասեմիային՝ իրենց տասը եղբայրների հետ միասին։ 56Կշռեցինք ու նրանց տուեցինք արծաթն ու ոսկին, Տիրոջ տան համար քահանայական կայքն ու սպասքը, որ մեզ էին նուիրել թագաւորն ու նրա խորհրդականները, իշխաններն ու բոլոր իսրայէլացիները։ 57Ես կշռեցի եւ նրանց տուեցի վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ, հարիւր տաղանդ արծաթէ սպասք, հարիւր տաղանդ ոսկէ սպասք, 58ոսկէ այլ անօթներ՝ քսան, նաեւ մաքուր, ոսկեգոյն եւ զուտ պղնձէ անօթներ՝ տասներկու։ 59Ես նրանց ասացի. «Ե՛ւ դուք էք սուրբ Տիրոջ համար, ե՛ւ այս ամբողջ սպասքն է սուրբ Տիրոջ համար, լինի ոսկեղէն թէ արծաթեղէն։ Աղօթեցէ՛ք Տիրոջը, եւ մեր հայրերի Տէր Աստուածը դրանք կը պահպանի եւ խաղաղութեամբ կը հասցնի իր սրբութեան տեղը։ 60Արթո՛ւն կացէք եւ պահպանեցէ՛ք դրանք, մինչեւ որ հասցնէք քահանաների ու ղեւտացիների գլխաւորներին, Իսրայէլի տոհմապետներին եւ իշխաններին, որոնք գտնւում են Երուսաղէմում։ 61Թող Տիրոջ տաճարի պահապանները՝ քահանայապետներն ու ղեւտացիները, վերցնեն արծաթը, ոսկին, սպասքն ու անօթները եւ տանեն, դնեն Տիրոջ տաճարում, որը գտնւում է Երուսաղէմում»։ 62Յետոյ վեր կացանք եւ Թերա գետի մօտից ճանապարհ ընկանք. դա առաջին ամսի տասներկուերորդ օրն էր։ Մենք, Տիրոջ ձեռքով պահպանուած, վեր բարձրացած ու զօրացած, եկանք հասանք Երուսաղէմ։ Մեր Տէր Աստուածը մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, եւ մենք ողջ, անկորուստ եւ խաղաղութեամբ հասանք Երուսաղէմ։ 63Երբ երեք օր հանգստացանք Երուսաղէմում, չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ մեր Տէր Աստծու տանը տուեցինք Ուրիայի որդի Մարմոթ քահանային, 64որի հետ էին Փենեէսի որդի Եղիազարը, Յեսովի որդի Յոսաբոդոսը, Սաբանիայի որդի Մեթորը եւ այլ ղեւտացիներ։ 65Մենք կշռով ու հաշուով դրանք տուեցինք նրանց՝ նոյն օրն էլ գրանցելով կշիռն ու հաշիւը։ 66Նրանք, որ ինձ հետ գերութիւնից վերադարձել էին բաբելացիների մօտից, զոհեր մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծուն, տասներկու արջառ՝ բովանդակ Իսրայէլի համար, 67իննսուն խոյ, եօթանասուներկու գառ, տասներկու նոխազ՝ Իսրայէլի փրկութեան համար, եւ այս բոլոր զոհերը մատուցեցին Իսրայէլի Տէր Աստծու առաջ։ 68Թագաւորի գրաւոր հրամանը տուեցին թագաւորի գործակալներին՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխաններին եւ գաւառապետներին, եւ մեր ազգն ու Տիրոջ տաճարն արժանացան մեծ փառքի ու պատուի։ 69Այս ամէնը կատարուելուց յետոյ իսրայլացիների նահապետներն ու իշխանները եկան իմ առաջ եւ ասացին. «Իսրայէլացիների ամբողջ ազգը, նրանց իշխանները, քահանաներն ու ղեւտացիները, առանց խտրականութիւն դնելու, 70խառնակուեցին հեթանոսների, այլազգիների եւ ամէն տեսակ անհաւատների պղծութիւնների հետ, քանանացիների եւ քետացիների, փերեզացիների եւ յեբուսացիների, մովաբացիների եւ ամոնացիների, եգիպտացիների եւ եդոմացիների հետ, 71քանզի ամուսնացան նրանց աղջիկների հետ՝ թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց որդիները։ Խառնակուեց իրենց սուրբ սերմը երկրի այլազգիների եւ հեթանոսների հետ, քանի որ այս անօրէնութիւններն ընդունեցին եւ յանձն առան թէ՛ իշխանները եւ թէ՛ մեծամեծները՝ իրենք իսկ դառնալով այդ չարաղէտ խառնակութիւնների առաջնորդներ»։ 72Երբ ես լսեցի այս խօսքերը, պատառոտեցի հագուստներս, սկսեցի ողբալ եւ փետել գլխիս ու մօրուքիս մազերը, եւ այդպէս տրտմաբեկ նստեցի մեծ սգի մէջ։ 73Բոլորը, ովքեր լսեցին իմ ողբերի ձայնը, որ Իսրայէլի Տէր Աստծու համար էր, եւ տեսնելով այն, ինչ ես արեցի նրանց անօրէնութեան պատճառով (որովհետեւ այդպէս տրտմահեծ նստեցի մինչեւ երեկոյ, մինչեւ որ հասաւ երեկոյեան զոհերի մատուցման ժամը), 74նոր միայն ես վեր կացայ, հագուստներս այդպէս պատառոտուած, ողբալով ծնկի իջայ եւ, ձեռքերս տարածելով դէպի Տէր Աստուած, աղաղակեցի եւ ասացի. 75«Տէ՛ր, մենք ամաչում եւ դողում ենք քո երեսի առաջ, 76քանզի մեր մեղքերը մեր գլուխներից էլ աւելի վեր բարձրացան, 77մեր անօրէնութիւնները, սկսած մեր հայրերի տարիներից ու ժամանակներից, բարձրացան երկնքից էլ վեր, եւ մենք մեծ մեղքերի մէջ ենք մինչեւ այսօր, մինչեւ այժմ։ 78Մեր մեղքերի ու մեր հայրերի յանցանքների համար էր, որ մենք մատնուեցինք գերութեան մեր եղբայրների հետ, մեր թագաւորների ու քահանայապետների հետ։ Երկրի բոլոր թագաւորները մեզ սրի ու սուսերի քաշեցին, գերեվարեցին մեզ, աւերեցին մեր բնակավայրերը, եւ մենք ամօթահար եղանք մինչեւ այսօր։ 79Եւ հիմա որքա՜ն մեծ է քո ողորմածութիւնը մեր նկատմամբ, Տէ՛ր, որ մեզնից արմատ, սերունդ եւ անուն թողեցիր քո սրբութեան այս վայրում, 80մեզ համար յայտնի դարձրիր մեր Տէր Աստծու տաճարի լոյսը եւ մեզ, մեր ստրկութեան մէջ, կերակուր տուեցիր։ 81Մեր գերութեան մէջ քո ձեռքը չլքեց մեզ, դու օգնական Տէր եղար մեզ եւ արեցիր այնպէս, որ մենք շնորհ գտնենք Պարսկաստանի թագաւորի առաջ։ Նա պատուի արժանացրեց մեզ, հոգաց մեր բոլոր կարիքները, 82փառաւորեց մեր Տէր Աստծու տաճարը, վերականգնեց եւ վերաշինեց Սիոնը, որ անապատ էր, եւ մեզ վերստին հաստատեց Հրէաստանում եւ Երուսաղէմում։ 83Եւ հիմա, այս ամենից յետոյ, քո առաջ ի՞նչ պատասխան տանք քեզ, Տէ՛ր, քանզի մենք անտեսեցինք քո օրէնքն ու հրամանները, Տէ՛ր, որ տուել էիր մեզ քո ծառաների՝ մարգարէների միջոցով, ասելով այսպէս. 84«Այն երկիրը, որը գնում ես դու ժառանգելու, պղծուած է այդ երկրի ազգերի պղծութիւններով եւ լեցուն է նրանց աղտեղութիւններով։ 85Արդ, նրանց աղջիկներից դու կանայք չառնես քո որդիների համար, ոչ էլ քո աղջիկներին կնութեան կը տաս նրանց որդիներին 86եւ ոչ էլ ամէն ժամանակ խաղաղութիւն փնտռիր նրանց հետ. դու զօրաւոր կը լինես այդ երկրի բարիքները ուտելով, եւ քո որդիներն այդ երկիրը կը ժառանգեն յաւիտենական ժամանակների համար»։ 87Թէեւ այն դէպքերը, որ մէկ անգամ կատարուեցին մեզ հետ մեր չար գործերի եւ մեղքերի պատճառով, բայց դու, Տէ՛ր, բազում անգամ ներեցիր մեր մեղքերը, 88եւ մեզ այսպիսի սերունդ ու արմատ տուեցիր, մինչդեռ մենք դարձեալ շեղուեցինք քո օրէնքից եւ խառնակուեցինք այս երկրի հեթանոսների հետ, 89բայց դու մեզ վրայ չբարկացար այն աստիճան, որ մեզնից այսպիսի սերունդ ու արմատ չմնար եւ ոչ էլ՝ մեր անունը։ 90Դու, Տէ՛ր Աստուած Իսրայէլի, արդար ես եւ ճշմարիտ, դու իսպառ չոչնչացրիր մեր սերունդը, եւ մեր սերունդն ու արմատը մնացին մինչեւ այսօր։ 91Արդ, ահաւասիկ մենք, մեր անօրէնութիւններով, կանգնած ենք քո առաջ եւ այլեւս չենք կարող կանգնել քո երեսի դէմ, որովհետեւ բազմացան մեր անօրէնութիւնները, եւ մեր չարիքները բարձրացան մեր գլուխներից էլ վեր»։ 92Երբ Եզրասը աղօթում էր այս խոստովանութիւններով եւ սաստիկ ողբերով, նա երեսնիվայր ընկած էր գետնին, Տիրոջ տաճարի առջեւ։ Բոլորը, ովքեր կային Երուսաղէմում, հաւաքուեցին նրա մօտ, բազմամարդ մի ամբոխ՝ տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ ու կոյսեր. շատերը մեծապէս ողբում էին բազմութեան մէջ։ 93Այդ ժամանակ իսրայէլացիներից Իելուի որդի Յեքոնիան ձայն տուեց եւ ասաց Եզրասին. «Մենք մեղանչել ենք մեր Տէր Աստծու դէմ՝ կին ենք առել այս երկրի այլազգիներից. 94այժմ, այսօր էլ, անօրէնութիւնները մեր մէջ են. եկէ՛ք երդուենք Տիրոջ առաջ, դուրս հանենք եւ հեռացնենք այլազգիներից մեր առած կանանց իրենց զաւակների հետ, 95ինչպէս որ հրամայում է մեր Տէր Աստծու օրէնքը։ 96Շո՛ւտ, վե՛ր կաց, կատարի՛ր այդ գործը, քանզի քո ձեռքին են մեր բոլոր գործերը. մենք քեզ հետ ենք, եւ ինչ որ դու հրամայես, մենք կ՚անենք»։ 97Եզրասը վեր կացաւ, երդուել տուեց ցեղերի իշխաններին, քահանաներին, ղեւտացիներին եւ ամբողջ Իսրայէլին, որ վարուեն ըստ այդ վճռի։ Եւ նրանք երդուեցին։
9 Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ, 2բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ միայն ողբաց ժողովրդի գործած անօրէնութիւնների եւ մեծ մեղքերի համար։ 3Ամբողջ Հրէաստանում եւ Երուսաղէմում մունետիկն ազդարարում էր, որ բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերութիւնից, գան հաւաքուեն Երուսաղէմում, 4իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից, պիտի առգրաւուի նրանց ունեցուածքը, եւ նրանց, իբրեւ օտարների, պիտի արտաքսեն գերեդարձների բազմութիւնից։ 5Եւ երեք օրուայ ընթացքում Երուսաղէմում հաւաքուեցին Յուդայի ազգի ու Բենիամինի ցեղի բոլոր մարդիկ, իններորդ ամսին, ամսի քսաներորդ օրը։ 6Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։ 7Եզրասը կանգնեց եւ ասաց նրանց. «Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել Իսրայէլի վրայ։ 8Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն, 9կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից»։ 10Ամբողջ բազմութիւնը միասին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. 11«Ինչպէս որ դու ասացիր, այնպէս էլ կ՚անենք. բայց մենք մեծ բազմութիւն ենք, ժամանակն էլ ձմեռ է, եւ մենք չենք կարող դիմանալ այս ցաւին ու նեղութիւններին, գործն էլ մէկ կամ երկու օրուայ բան չէ, մանաւանդ որ մեր մեղքերն էլ այս գործում մեծ են ու ծանր։ 12Դրա համար գործը յանձնարարեցէ՛ք իշխաններին եւ առաջնորդներին, թող ամէն տեղ ում տանն այլազգի կին կայ, ժամանակին գնան ու պահանջեն նրանից, 13թող իւրաքանչիւր տեղի ծերերն ու դատաւորները վճռեն գործը եւ Տիրոջ բարկութիւնը հեռացնեն մեզնից մեր գործած այս մեծ չարիքների պատճառով»։ 14Այս գործը յանձն առան Ազայէլի որդի Յովնաթանը եւ Թոկիայի որդի Եզեկիան, իսկ Մոսոլամոսը, Ղեւին ու Սաբատէոսը միացան նրանց, 15եւ նրանք ամէն ինչ արեցին այնպէս, ինչպէս հրամայեցին գերութիւնից վերադարձածները։ 16Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝ գործը քննելու եւ աւարտելու համար։ 17Մինչեւ առաջին ամիսը նրանք հաւաքեցին եւ բերեցին այն տղամարդկանց, որոնք ամուսնացած էին այլազգի կանանց հետ. բերեցին նաեւ նրանց կանանց։ 18Հաւաքուածների մէջ գտնուեցին քահանաներ, որոնք ունէին այլազգի կանայք եւ խառնակուել էին ամբարիշտների հետ. 19դրանք Յոսեդեկի որդի Յեսովի եւ նրա եղբօր որդիներից էին. Մաթելան, Եղիազարոսը, Յորիբոսը եւ Յովադանը, 20որոնք սկսեցին դուրս հանել իրենց այլազգի կանանց եւ մէկական խոյեր մատուցել առանց գիտութեան գործած իրենց մեղքերի թողութեան համար։ 21Յետոյ Եմմորի որդիներից՝ Անանիան, Բադդէոսը, Մանասը, Սամաէասը, Յերիէլը եւ Ազարիասը. 22Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասսիասը, Իսմայէլը, Նաթանայէլը, Սկեթլեդոսը եւ Սալթոսը. 23Ղեւտացիների որդիներից՝ Յոզապտոսը, Սեմիսը եւ Կոնոսը, որ նոյն ինքը Սալիտասն է, Փաթէասը, որ նոյն ինքը Յուդասն է, եւ Յոնասը։ 24Սաղմոսասաց պաշտօնեաներից՝ Ելիասիբոսը եւ Բաքուրոսը։ 25Դռնապաններից՝ Սալոիմոսը եւ Տոլբանէսը։ 26Իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Յերամասը, Յեդդիասը, Մելքիասը, Միալէսը, Եղիազարոսը, Ասաբիասը եւ Բանեասը։ 27Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Յեզորիէլը, Յովադիոսը, Յերիմոթը եւ Այէդիասը։ 28Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։ 29Բեբէի որդիներից՝ Յովհաննէսը, Անանիասը, Յոզաբդոսը եւ Եմաթոսը։ 30Մանիի որդիներից՝ Ելամոսը, Սամումոսը, Յեդէոսը, Յասուբոսը, Յաստելոսը եւ Յերեմոթը։ 31Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։ 32Աննասի որդիներից՝ Ելիոնասը, Ասսէասը, Մելքիասը, Սաբէոսը, Սիմոնը եւ Քոսամէոսը։ 33Ասոմատի որդիներից՝ Աննէոսը, Մատաթիասը, Բանէուսը, Ելիփալատը, Մանասէն եւ Սեմէին։ 34Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոմդիոսը, Իսմաերոսը, Յուէլը, Մամբդէն, Պէդիասը, Անոսը, Րաբասիոնը, Անասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմէիան, Սելեմիասը եւ Նաթանիասը։ Եզորի որդիներից՝ Այէմը, Եզրիէլը, Ազայէլը, Սամատոսը, Զամբրին եւ Յովսէփը։ 35Նաումի որդիներից՝ Զազիկեասը, Լաբադիասը, Եդեսիուէլը եւ Բենեսիասը։ 36Սրանք էին բոլոր այն տղամարդիկ, որոնք կին էին առել այլազգիներից եւ որոնք էլ ազատ արձակեցին իրենց կանանց եւ իրենց որդիներին։ 37Իսրայէլացի քահանաներն ու ղեւտացիները բնակուեցին Երուսաղէմում եւ նրա գաւառում եօթներորդ ամսի ամսամտին, իսկ իսրայէլացիները գնացին իրենց բնակութեան վայրերը։ 38Ամբողջ բազմութիւնը, միաբանուած, հաւաքուեց տաճարի դռան առջեւ, արեւելեան կողմը, ընդարձակ մի տեղ։ 39Նրանք ասացին Եզրաս քահանայապետին՝ Օրէնքի մեկնիչին, որ նա բերի Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների գիրքը։ 40Եզրասը մէջտեղ բերեց օրէնքների գիրքը, ցոյց տուեց բոլոր տղամարդկանց ու կանանց եւ բոլոր քահանաներին։ 41Տաճարի դռան առջեւ, ընդարձակ հրապարակում, առաւօտից մինչեւ կէսօր նա կարդում էր Տիրոջ օրէնքները, բոլոր տղամարդկանց եւ կանանց համար, եօթներորդ ամսի ամսամտի օրերին, եւ ամբողջ բազմութիւնը լսում ու սովորում էր Տէր Աստծու Օրէնքը։ 42Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, կանգնում էր փայտակերտ բեմի վրայ, որ պատրաստել էին նրա համար։ 43Նրա մօտ, աջ կողմից, կանգնում էին Մատաթին, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը եւ Բաալսամոսը, 44իսկ ձախ կողմից՝ Փալթէոսը, Միսայէլը, Մելքիասը, Լոթասը, Ուբոսը, Նաբարիասը եւ Զաքարիասը։ 45Եզրասը, Օրէնքի գիրքը ձեռքին, մեծ պատուով բազմում էր բոլորի առաջ, իսկ ամբողջ բազմութիւնը նստում էր նրա դիմաց։ 46Երբ նա բացեց Օրէնքի գիրքը, ամբողջ բազմութիւնը ոտքի կանգնեց։ Եզրասն օրհնեց բարձրեալ Տէր Աստծուն, զօրութիւնների Աստծուն եւ Ամենակալին, 47իսկ ամբողջ բազմութիւնը միաձայն բացականչում էր՝ ամէն։ Բոլորն իրենց ձեռքերը բարձրացրած դէպի վեր՝ երեսնիվայր ընկնում էին գետին եւ երկրպագում Տէր Աստծուն։ 48Տիրոջ Օրէնքը ժողովրդին ուսուցանում էին նաեւ ղեւտացիները՝ Յեսուսը, Աննուսը, Ասրաբիասը, Յադինոսը, Յակուբոսը, Սաբատէոսը, Աւդէասը, Մաննէասը, Կալիտասը, Ազարիասը, Յոզաբդոսը, Անանիասը եւ Փիլաթասը։ 49Սրանք ժողովրդի համար կարդում եւ բացատրում էին Տիրոջ Օրէնքը։ 50Ատտարատէսը դիմելով Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչին եւ ղեւտացիներին, որոնք Օրէնքը սովորեցնում էին ժողովրդին, բոլորի առաջ ասաց նրանց. 51«Այս օրը սրբութեան օր է Տիրոջ համար, եւ դուք ազատ էք Տիրոջ Օրէնքը լսելուց. 52ցրուեցէ՛ք, գնացէ՛ք եւ պարարտ մի՛ս կերէք, քաղցր ըմպելիքներ խմեցէ՛ք եւ ուղարկեցէ՛ք նաեւ նրանց համար, ովքեր չունեն. 53եւ որովհետեւ Տիրոջ համար սուրբ է այս օրը, թող ոչ ոք տխուր չդարձնի այն, քանզի Տէր Աստուածն է, որ մեզ արժանացրեց փառքի»։ 54Ղեւտացիները նոյնպէս ամբողջ ժողովրդին հրամայեցին եւ ասացին. «Այս օրը սուրբ է, եւ թող ոչ ոք տխուր չդարձնի այն»։ 55Ապա ասացին ժողովրդին. «Ով ունի, թող ուտի, խմի, ուրախ լինի եւ տայ նաեւ նրան, ով չունի. թող բոլորն էլ այսօր շատ ուրախ լինեն, որովհետեւ դուք լսեցիք եւ սովորեցիք Տիրոջ Օրէնքը, դուք հաւաքուեցիք ժողովի, եւ մենք սովորեցրինք ձեզ»։