Սաղմոս
1 Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժւում, մեղաւորների ճանապարհին ոտք չի դնում եւ յանցագործների հետ համախոհ չի լինում, 2այլ հաճոյք է ստանում Տիրոջ օրէնքներից եւ գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատուիրանների մասին։ 3Նա նման է ջրերի հոսանքի վրայ տնկուած ծառի, որն իր պտուղը ժամանակին կը տայ, իսկ նրա տերեւը չի թափուի, ու ամէն բան, ինչ էլ որ անի, կը յաջողուի նրան։ 4Այսպէս չեն ամբարիշտները, այսպէս չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։ 5Ուստի ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ, 6քանզի Տէրը գիտէ արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստեան են տանում։
2 Ինչո՞ւ խռովութիւն արեցին հեթանոսները, եւ ժողովուրդները դատարկ բաներ խորհեցին։ 2Հաւաքուեցին երկրի թագաւորները, եւ միաւորուեցին իշխաններն ընդդէմ Տիրոջ ու նրա օծեալի՝ ասելով. 3«Քանդենք նրանց կապանքները եւ թօթափենք նրանց լուծը մեզանից»։ 4Երկնքում բնակուողը կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց։ 5Այնժամ կը խօսի նրանց հետ իր բարկութեամբ, եւ իր զայրոյթով կը սարսափեցնի նրանց։ 6Ես թագաւոր կարգուեցի նրանից իր սուրբ լերան՝ Սիոնի վրայ, որ հռչակեմ Տիրոջ հրամանները։ 7Տէրն ասաց ինձ. «Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ։ 8Խնդրի՛ր ինձնից՝ եւ հեթանոսներին քեզ կը տամորպէս ժառանգութիւն, ու իշխանութիւն՝ երկրի բոլոր ծագերում։ 9Նրանց կը հովուես երկաթեայ գաւազանով եւ բրուտի անօթի պէս կը փշրես նրանց»։ 10Արդ, թագաւորնե՛ր, ո՛ւշ դարձրէք սրան, եւ խրատուեցէ՛ք ամէնքդ, որ մարդկանց էք դատում։ 11Ծառայեցէ՛ք Տիրոջը երկիւղով եւ ցնծացէ՛ք նրա առջեւ դողալով։ 12Ընդունեցէ՛ք նրա խրատը, որ Տէրը չբարկանայ, որ դուք չկորչէք արդարութեան ճանապարհից, երբ նրա զայրոյթը բորբոքուած լինի։ 13Երանի բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են Տիրոջ վրայ»։
3 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից 2Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ։ 3Շատերն էին ասում իմ մասին՝ «Սա փրկութիւն չունի իր Աստծուց»։ 4Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը։ 5Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից։ 6Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է։ 7Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ։ 8Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես։ 9Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի։
4 Դպրապետին. Դաւթի օրհնութեան սաղմոսերգութիւնը 2Երբ ձայն տուի, իմ արդարութեան համար լսեցիր ինձ, Աստուա՛ծ, նեղութեան մէջ ինձ անդորր տուիր. ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր իմ աղօթքին։ 3Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում։ 4Իմացէ՛ք, որ Տէրը զարմանահրաշ գործեր արեց իր սրբի համար, եւ Տէրը կը լսի ինձ, երբ օգնութեան կանչեմ նրան։ 5Եթէ բարկանաք՝ մի՛ մեղանչէք, ձեր անկողնու մէջ ինչ էլ որ ասէք ձեր սրտում՝ զղջացէ՛ք։ 6Արդարութեան զոհե՛ր մատուցեցէք եւ Տիրոջ վրայ յո՛յս դրէք։ 7Շատերն ասացին՝ «Ո՞վ ցոյց կը տայ մեզ Տիրոջ բարութիւնը»։ Քո երեսի լոյսը ծագեց մեր վրայ, 8եւ ուրախութիւն տուիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձէթի բարիքով յագեցրիր նրանց։ 9Այսուհետեւ մենք խաղաղութեամբ կը ննջենք ու կ՚արթնանանք, 10քանզի դու միայն, Տէ՛ր, ապահովութեան մէջ բնակեցրիր մեզ։
5 Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս 2Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տէ՛ր, եւ ո՛ւշ դարձրու աղաղակիս, 3ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։ 4Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, որ առաւօտեան լսես ձայնն իմ. առաւօտեան պատրաստ կը լինեմ քո առջեւ կանգնելու։ 5Դու անօրէնութիւն կամեցող Աստուած չես, եւ քեզ մօտ չարամիտներ չեն բնակւում։ 6Թող յանցագործները չապրեն աչքիդ առջեւ։ 7Դու ատեցիր անօրէնութիւն գործողներին, կործանում ես բոլոր ստախօսներին, արիւնահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տէ՛ր։ 8Իսկ ես քո ամէնառատ ողորմութեան շնորհիւ կը մտնեմ տունդ, եւ քե՛զ վայել ակնածանքով կ՚երկրպագեմ սուրբ տաճարիդ մէջ։ 9Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո, 10քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ, եւ նրանց սրտերն ունայնացած են։ 11Գերեզմանի պէս բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգութեամբ։ Դատի՛ր նրանց, Աստուա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտութեան համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ։ 12Թող ուրախանան բոլոր նրանք, որ յոյս են դնում քեզ վրայ, յաւիտեան թող ցնծան, եւ դու ապրես նրանց մէջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, 13քանզի դու պիտի օրհնես արդարին. Տէ՛ր, քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ։
6 Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս 2Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։ 3Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։ 4Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...։ 5Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ 6քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։ 7Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։ 8Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ, ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից։ 9Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում։ 10Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները։ 11Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն։
7 Սաղմոս Դաւթի, որ Տիրոջն ասաց Յեմինի որդի Քուսի խօսքերի առթիւ 2Տէ՛ր իմ Աստուած, քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ։ 3Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ եւ պահպանի։ 4Տէ՛ր իմ Աստուած, եթէ արել եմ այս բանը, եթէ իմ ձեռքով անօրէնութիւն եմ գործել, 5եթէ երբեւէ իմ չարակամներին չարութեամբ եմ հատուցել, թող ես էլ իսպառ կորչեմ թշնամիներիս ձեռքով։ 6Թող ուրեմն թշնամին հալածի ինձ, թող վրայ հասնի եւ խորտակի կեանքն իմ՝ կոխոտելով ինձ, իսկ փառքս հողին թող հաւասարեցնի։ 7Ելի՛ր, Տէ՛ր, բարկութեամբ քո եւ բարձրացի՛ր իսպառ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, յանուն քո սահմանուած կարգի։ 8Ժողովուրդների բազմութիւնները շուրջդ կը հաւաքուեն, իսկ դու, Տէ՛ր, բազմի՛ր բարձունքում 9(Տէրն է դատում իր ժողովրդին)։ Դատի՛ր ինձ, Տէ՛ր, իմ մէջ եղած արդարութեան եւ անմեղութեան համեմատ։ 10Մեղաւորների վրայ չարիք կը գայ, իսկ արդարին յաջողութիւն կը տաս, սրտերի ու երիկամների քննիչ արդա՛ր Աստուած։ 11Յիրաւի, օգնողն Աստուած է, որ փրկում է նրանց, ովքեր շիտակ են սրտով։ 12Արդար, հզօր եւ համբերատար դատաւոր է Աստուած, որն իր զայրոյթը չի թափում հանապազ։ 13Սակայն եթէ չդառնաք դէպի Նա, սուրն իր սրած է եւ աղեղն իր՝ լարած։ 14Նա պատրաստել է մահուան գործիքները, իսկ նետերն իր հրանիւթով է սարքել։ 15Ահաւասիկ, ով որ անօրէնութիւն երկնեց, չարիք յղացաւ եւ անիրաւութիւն ծնեց, 16նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց։ 17Նրա գլխին կը թափուեն իր չարագործութիւնները, նրա գագաթին կ՚իջնեն իր անօրէնութիւնները։ 18Գոհութիւն կը մատուցեմ Տիրոջն իր արդարութեան համար, սաղմոս կ՚երգեմ Բարձրեալ Տիրոջ համար։
8 Այսուհետեւ՝ հնձանների մասին, սաղմոս Դաւթի 2Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։ Քո փառքը բարձրացաւ երկնքից վեր։ 3Մանկահասակ եւ ծծկեր երեխաների բերանից թող օրհնութիւն ելնի ընդդէմ քո թշնամիների, Տէ՛ր, որպէսզի ոսոխն ու հակառակորդը կործանուեն։ 4Տեսնեմ երկինքը՝ քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որոնք դու հաստատեցիր։ 5Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։ 6Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան։ 7Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։ 8Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ՝ ոչխար, արջառ եւ ամէն ինչ, 9նաեւ վայրի երէ, երկնքի թռչուններ, ծովի ձկներ, որ շրջում են ծովերի հոսանքներում։ 10Տէ՛ր, ո՛վ մեր Տէր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում։
9 Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի 2Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ։ 3Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով, սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ։ 4Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից։ 5Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար։ 6Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։ 7Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով։ 8Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։ 9Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ։ 10Տէրն եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը։ 11Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։ 12Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։ 13Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝ Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց։ 14Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից։ 15Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին, եւ ցնծամ քո փրկագործութեամբ։ 16Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու։ 17Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի։ 18Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն։ 19Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի։ 20Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ։ 21Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են։ 22Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ։ 23Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք, 24քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է։ 25Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն,թէ չի ստանայ հատուցում։ 26Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները։ Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կը տիրի իր բոլոր հակառակորդներին։ 27Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կ՚ապրի առանց փորձանքի։ 28Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք։ 29Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին։ 30Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է յափշտակելու աղքատին, յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան։ 31Նրան կը գցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի։ 32Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար։ 33Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին։ 34Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի։ 35Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար։ Քեզ է ապաւինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը։ 36Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն։ 37Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից։ 38Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝ 39տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին։
10 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ։ 3Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ։ 4Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց։ 5Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ։ Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին։ 6Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր։ 7Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը։ 8Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա։
11 Այսուհետեւ՝ ութերորդականների մասին, սաղմոս Դաւթի 2Փրկի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի սուրբ չմնաց, նուազեց ճշմարտութիւնը մարդկանց որդիների մէջ։ 3Ստութեամբ խօսեց մարդը մարդու հետ, սրտերը հաղորդակցուեցին նենգ շրթունքներով։ 4Տէրը կ՚ոչնչացնի բոլոր նենգ շրթունքներն ու լեզուները մեծախօս, 5որոնք ասացին. «Երկարեցնենք մեր լեզուները, մենք շրթունք ունենք, արդ՝ ո՞վ է մեր տէրը»։ 6Աղքատի տառապանքին եւ տնանկի հեծութեան համար այժմ ես կ՚ելնեմ, - ասում է Տէրը, - կը բերեմ իմ փրկութիւնը եւ վստահ կը լինեմ նրանց վրայ։ 7Տիրոջ խօսքերը սուրբ խօսքեր են, ինչպէս ընտիր ու փորձուած արծաթ՝ եօթնապատիկ մաքրուած եւ զտուած հողից։ 8Դու, Տէ՛ր, պահպանեցիր մեզ եւ փրկեցիր այս ազգից մինչեւ յաւիտենութիւն։ 9Ամէն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրութեան համեմատ դու մեծութի՛ւն տուր մարդկանց որդիներին։
12 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչեւ ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից։ 2Մինչեւ ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում եւ ամենօրեայ ցաւ՝ իմ սրտում։ 3Մինչեւ ե՞րբ թշնամին պիտի բռնանայ ինձ վրայ։ 4Նայի՛ր եւ լսի՛ր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, լո՛յս տուր, Տէ՛ր, իմ աչքերին, որ երբեք մահուան քուն չմտնեմ։ 5Թշնամիս թող չասի, թէ՝ յաղթեցի նրան, կամ հալածիչներս ցնծան, եթէ սասանուեմ։ 6Ես ողորմութեանդ վրայ յոյս դրի, Տէ՛ր, սիրտս հրճուեց քո փրկագործութեամբ. կ՚օրհներգեմ քեզ, Տէ՛ր, բարերա՛րդ իմ։
13 Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ չկայ Աստուած. ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։ 2Տէրն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն փնտռի։ 3Բոլորը խոտորուեցին, միասին անպիտան դարձան. բարութիւն անող չկայ, ոչ իսկ մէկ հոգի։ 4Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, ովքեր խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակուր ու հաց եւ Տիրոջը չեն դիմում։ 5Այնտե՛ղ են երկիւղից սարսում, ուր երկիւղ չկայ, քանզի Տէրը արդարների ազգի մէջ է։ 6Աղքատի մտածմունքը ամօթ համարեցին, Տէրն է յոյսը նրա։ 7Ո՞վ կը տայ Սիոնից փրկութիւնն Իսրայէլի։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։
14 Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ. 2նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում։ 3Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել, 4Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում։ 5Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։ Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի։
15 Սաղմոս Դաւթի, արձանագիր 2Պահպանի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի քեզ վրայ դրի յոյսն իմ։ Տիրոջն ասացի. «Իմ Տէրն ես դու, ինձ արուած բարիքները քեզնից են։ 3Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործութեամբ ցոյց տուիր իմ բոլոր ցանկութիւնները։ 4Շատացան նրանց հիւանդութիւնները, որ այսուհետեւ յաճախակի են դառնալու։ Չեմ մասնակցի նրանց արիւնալի հաւաքներին եւ նրանց անունը չեմ յիշատակի իմ շրթունքներով։ 5Տէ՜ր, իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժին, ժառանգութիւնս դու ես կրկին ինձ վերադարձնելու։ 6Ինձ վիճակ ընկաւ ընտրեալների մէջ լինելու, եւ իմ բաժին ժառանգութիւնն հաճելի եղաւ ինձ։ 7Պիտի օրհներգեմ Տիրոջը, որ իմաստուն դարձրեց ինձ, եւ գիշերն անգամ երիկամներս ինձ խրատում էին։ 8Սկզբից եւեթ Տիրոջը մշտապէս տեսնում էի իմ առջեւ. նա իմ աջ կողմում է, որպէսզի չսասանուեմ։ 9Դրա համար ուրախ եղաւ սիրտն իմ, եւ ցնծաց լեզուն իմ, իսկ մարմինն իմ կը հանգստանայ յոյսով. 10քանզի դժոխքում չես թողնի դու ինձ, եւ քո սրբին ապականութիւն տեսնել չես տայ։ 11Ինձ ցոյց տուիր կեանքի քո ճանապարհները, քո աջի քաղցրութիւնից ու վայելչութիւնից լիովին յագեցրիր ինձ երեսիդ ուրախութեամբ։
16 Աղօթք Դաւթի. Արդարութեանն ակա՛նջ դիր, Տէ՛ր, նայի՛ր իմ խնդրանքին եւ լսի՛ր աղօթքս, որ նենգ շրթներով չէ։ 2Դատաստանս քեզնից թող չլինի, եւ աչքերն իմ ճշմարտութիւնը թող տեսնեն։ 3Փորձեցիր սիրտն իմ եւ քննեցիր գիշերով, փորձեցիր ինձ, եւ իմ մէջ անիրաւութիւն չգտնուեց։ 4Բերանն իմ չի պատմի մարդկանց որդիների գործերը. քո շրթների խօսքերի շնորհիւ ես հաստատ կը մնամ դժուարին ճանապարհներին։ 5Հաստատո՛ւն պահիր շաւիղն իմ քո ճանապարհին, որ ընթացքս չխոտորուի։ 6Ես քե՛զ կանչեցի, Տէ՛ր, քանի որ լսեցիր ինձ, Աստուա՛ծ. դէպի ի՛նձ խոնարհեցրու ականջդ եւ լսի՛ր իմ խօսքերը։ 7Սքանչելի դարձրիր քո ողորմութիւնները, դու, որ աջիդ գտնուող հակառակորդներից փրկում ես նրանց,որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայ։ 8Պահպանի՛ր ինձ աչքի բբի պէս, քո թեւերի հովանու տակ ծածկի՛ր ինձ 9ամբարիշտների երեսից, որոնք տառապեցրին ինձ։ Թշնամիներն ինձ պաշարեցին՝ 10խիստ պարարտացան եւ նրանց բերանն ամբարտաւանութիւն բարբառեց։ 11Վռնդեցին ինձ, եւ արդ դարձեալ շուրջս պատելով, մտադրուեցին ինձ գետին տապալել։ 12Ինձ թուացին իբրեւ առիւծ, որ պատրաստ է որսի վրայ նետուելու, իբրեւ կորիւն առիւծի՝ նստած դարանում։ 13Ելի՛ր, Տէ՛ր, հասի՛ր եւ արգելի՛ր նրանց, փրկի՛ր ինձ ամբարիշտների սրից ու թշնամու ձեռքից։ 14Տէ՛ր, վերացրո՛ւ նրանց աշխարհից, ցրի՛ր նրանց եւ խորտակի՛ր կեանքը նրանց։ Քո պահեստներից լցուեց որովայնը նրանց, յագեցան նրանք կերակուրներով եւ մնացածը թողեցին իրենց երեխաներին։ 15Իսկ ես արդարութեամբ կ՚երեւամ քո առաջ, կը յագենամ՝ տեսնելով փառքը քո։
17 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց. 2Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։ 3Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։ 4Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ՚ազատուեմ։ 5Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց։ 6Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան։ 7Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու։ 8Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած։ 9Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքուեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից։ 10Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր։ 11Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով։ 12Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով։ 13Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին։ 14Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով։ 15Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք։ 16Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի։ 17Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից։ 18Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես։ 19Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց 20ու անդորրութիւն պարգեւեց։ Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց։ 21Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ։ 22Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի։ 23Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից։ 24Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից։ 25Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է։ 26Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ։ 27Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորուածներին կը կործանես։ 28Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում։ 29Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում։ 30Քեզնով կը փրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ։ 31Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ. 32քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած, կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի։ 33Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր։ 34Ինձ ոտքեր տուիր եղջերուի ոտքերի նման, եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ։ 35Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ։ 36Տուիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը։ Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կը դարձնի ինձ։ 37Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ։ 38Հալածելով թշնամիներիս՝ ես կը հասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չոչնչացնեմ նրանց։ 39Ես կ՚ընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կ՚ընկնեն իմ ոտքերի տակ։ 40Դու ինձ պատերազմելու զօրութիւն տուիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր։ 41Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր։ 42Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց։ 43Ես կը փշրեմ, հողմափոշի կը դարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կը տրորեմ նրանց։ 44Տէրն ինձ կը փրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կը կարգի։ 45Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ։ 46Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշուեցին՝ խոտորուելով իրենց շաւղից։ 47Կենդանի է Տէրն ու օրհնեալ է Աստուած, եւ թող բարձր լինի Աստուածն իմ փրկութեան։ 48Աստուածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում, 49որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ։ 50Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անուանը սաղմոս պիտի երգեմ։ 51Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից։
18 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Երկինքը պատմում է Աստծու փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը։ 3Օրը օրուան միտք է հաղորդում, եւ գիշերը գիշերուան գիտութիւն է ցոյց տալիս։ 4Չկան բառեր, ոչ էլ խօսքեր,դրանց հնչիւնները լսելի չեն։ 5Ողջ երկիրն է բռնել ձայնը նրանց, եւ մինչեւ աշխարհի ծայրն են հասել խօսքերը նրանց։ 6Արեւի մէջ նա վրանն իր խփեց, իսկ ինքն ասես փեսայ լինի, որ ելնում է իր առագաստից. ցնծում է նա որպէս հսկայ՝ ընթանալով իր ճանապարհով։ 7Երկնքի ծայրերից է նրա ծագումը, իսկ դադարը՝ մինչեւ ծայրերը նրա, ու չկայ մէկը, որ թաքնուի նրա տապից։ 8Տիրոջ օրէնքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները. Տիրոջ վկայութիւնն ստոյգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։ 9Տիրոջ արդարութիւնն ուղիղ է եւ զուարճացնում է սրտերը. Տիրոջ պատուիրանները լոյս են ու լոյս են տալիս աչքերին։ 10Տիրոջ երկիւղը սուրբ է եւ սուրբ է մնում յաւիտեան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին՝ արդար։ 11Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նոյնպէս եւ քաղցր՝ մեղրից ու խորիսխից աւելի։ 12Եւ քանի որ քո ծառան պահպանում է դրանք, պահպանելու վարձը մեծ կը լինի։ 13Նրա յանցանքներն ո՞վ կարող է մտքում պահել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տէ՜ր։ 14Օտարներից պահպանի՛ր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն. այնժամ ես անբիծ կը լինեմ ու կը մաքրուեմ մեծ մեղքերից։ 15Թող քեզ հաճելի լինեն բերանիս խօսքերը, եւ սրտիս խորհուրդներն յարաժամ քո առջեւ լինեն, Տէ՜ր, օգնակա՛ն իմ եւ փրկի՛չ իմ։
19 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Անձկութեան օրը կը լսի քեզ Տէրը, եւ օգնական կը լինի քեզ Յակոբի Աստծու անունը։ 3Տէրն իր սուրբ Սիոնից քեզ օգնութիւն կ՚ուղարկի եւ կ՚ընդունի քեզ։ 4Թող յիշի Տէրը քո բոլոր ընծաները եւ ողջակէզներդ ընդունելի թող համարի։ 5Տէրը քեզ կը տայ, ինչ որ ուզի քո սիրտը, եւ քո բոլոր մտադրութիւնները նա կը կատարի։ 6Մենք կը ցնծանք քո փրկութեամբ, Աստծու անունով մենք կը մեծարուենք։ Տէրը կը կատարի քո բոլոր խնդրանքները։ 7Այժմ հասկացանք, որ Տէրը փրկեց իր օծեալին։Նա կը լսի նրան իր սուրբ երկնքիցիր փրկարար աջի զօրութեամբ։ 8Ոմանց աչքը ռազմակառքերին է, ուրիշներինը՝ երիվարներին։ իսկ մենք մեր Աստծու անունն ենք կանչում։ 9Նրանք կործանուեցին ու ընկան, իսկ մենք ոտքի կանգնեցինք եւ ուղղուեցինք։ 10Տէ՜ր, պահպանի՛ր թագաւորին եւ լսի՛ր մեզ այն օրը, երբ ձայն տանք քեզ։
20 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Տէ՜ր, զօրութեամբ քո պիտի ուրախանայ թագաւորը, եւ յոյժ ցնծայ քո փրկութեամբ։ 3Նրա սրտի ուզածը տուիր նրան եւ նրա շրթունքների ցանկութիւնը չմերժեցիր։ 4Քո քաղցր օրհնութեամբ այցելեցիր նրան եւ թանկագին քարերով ընդելուզուած պսակ դրիր նրա գլխին։ 5Կեանք խնդրեց քեզնից, եւ նրան տուիր երկար օրեր՝ յաւիտեանս յաւիտենից։ 6Մեծ է նրա փառքը քեզնից եղած փրկութեամբ,փառք ու պարծանք կը դնես նրա վրայ։ 7Օրհնութեան մէջ կը հաստատես նրան յաւիտեանս յաւիտենից, կ՚ուրախացնես նրան քո երեսի խնդութեամբ։ 8Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի։ 9Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին։ 10Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը լափի։ 11Երկրից կը կորչի պտուղը նրանց, իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց։ 12Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին, բայց չեն կարող իրագործել դրանք։ 13Դու նրանց հալածական կ՚անես, եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը։ 14Բա՛րձր եղիր, Տէ՜ր, քո զօրութեամբ. օրհնենք եւ սաղմոս երգենք քո զօրութեանը։
21 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին.սաղմոս Դաւթի 2Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից։ 3Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ։ 4Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում։ 5Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց։ 6Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին,քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին։ 7Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին։ 8Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով. 9«Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»։ 10Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից։ 11Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ։ 12Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ։ 13Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ։ 14Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց։ 15Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ։ 16Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ։ 17Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց։ 18Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ։ 19Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին։ 20Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր։ 21Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից։ 22Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից։ 23Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։ 24Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան։ 25Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիսեւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ։ 26Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ։ Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ։ 27Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան։ Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից։ 28Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը։ Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան, 29քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։ 30Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի։ 31Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան։ 32Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է։
22 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։ 3Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։ 4Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։ 5Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։ 6Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։ 7Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։
23 Դաւթի կիրակնօրեայ սաղմոսը 2Տիրոջն է երկիրն իր ամբողջութեամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով։ 3Նրա հիմքերն անձամբ գցեց ծովի վրայ, եւ գետերի վրայ հաստատեց նրան։ 4Ո՞վ կը բարձրանայ Տիրոջ լեռը, կամ ո՞վ կը կանգնի նրա սրբավայրում. 5նա, ով մաքուր ձեռքեր եւ անբիծ սիրտ ունի, ով յանձն չի առել ունայնութիւն ու նենգութեամբ չի երդուել իր ընկերոջը։ 6Նա՛ է, որ օրհնութիւն կը ստանայ Տիրոջից, եւ ողորմութիւն իր փրկարար Աստծուց։ 7Այս սերունդն է, որ փնտռում է Տիրոջը, որ ուզում է տեսնել համար երեսը Յակոբի Աստծու։ 8Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։ Հանգիստ։ 9Ո՞վ է այս փառքի արքան, - կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը։ 10Վե՛ր քաշեցէք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի։ 11Ո՞վ է այս փառքի արքան, - զօրութիւնների Տէրը՝ նա ինքն է փառքի արքան։
24 Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի 2Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ 3Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ 4Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ։ 5Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում։ 6Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են։ 7Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան, 8քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր։ Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ։ 9Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ 10Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը։ 11Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։ 12Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին։ 13Նա բարութեան մէջ պիտի հանգչի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։ 14Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում։ 15Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից։ 16Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ։ 17Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից։ 18Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին։ 19Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին։ 20Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ։ 21Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ։ 22Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։
25 Այսուհետեւ՝ սաղմոս ԴաւթիԴա՛տ արա ինձ, Տէ՛ր, քանզի անբասիր ընթացայ, յոյսս դրի Տիրոջ վրայ, որ չլինեմ տկար։ 2Փորձի՛ր ինձ, Տէ՛ր, եւ քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս։ 3Ողորմութիւնդ, Տէ՛ր, աչքիս առջեւ է, եւ ճշմարտութիւնդ հաճելի է ինձ։ 4Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրէնների մօտ ես չեմ գնայ։ 5Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ 6Սրբութեամբ կը լուամ ձեռքերն իմ եւ սեղանիդ շուրջը կը նստեմ, Տէ՛ր. 7թող լսեմ քո օրհնութեան ձայնը եւ պատմեմ քո բոլոր հրաշալիքները։ 8Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը եւ քո փառքի բնակութեան վայրը։ 9Մի՛ կործանիր ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ կեանքս՝ արիւնահեղների հետ, 10որոնց ձեռքերն անօրէնութեան մէջ են, եւ աջը նրանց լի է կաշառքով։ 11Ես անբասիր ընթացայ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ողորմի՛ր ինձ։ 12Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրայ թող լինի, մեծ հաւաքներում քեզ պիտի օրհնեմ։
26 Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։ 2Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։ 3Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու։ 4Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում։ 5Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ։ 6Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ։ Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը։ 7Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր, 8քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր։ 9Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից։ Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ։ 10Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։ 11Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով։ 12Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ։ 13Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում։ 14Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի, Տիրո՛ջն սպասիր։
27 Քեզ կանչեցի, Տէ՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստուա՛ծ իմ. եթէ երբեւէ լուռ մնաս, կը նմանուեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում։ 2Լսի՛ր, Տէ՛ր, պաղատանքիս ձայնը, երբ ես աղաչեմ քեզ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ պարզեմ։ 3Ամբարիշտների շարքը մի՛ դասիր ինձ եւ մի՛ կործանիր ինձ նրանց հետ, որ անօրէնութիւն են գործում, որ հաշտութեան մասին են խօսում իրենց ընկերների հետ, բայց սրտներում չարութիւն կայ։ 4Վարձատրի՛ր նրանց, Տէ՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրէն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տո՛ւր իրենց հատուցումն իրենց։ 5Նրանք ուշ չդարձրին Տիրոջ արածներին, ոչ էլ նայեցին նրա ձեռքի գործերին։ Դու կը կործանես նրանց, եւ այլեւս նրանք ոտքի չեն կանգնի։ 6Օրհնեալ է Տէրը, քանզի լսեց ձայնն իմ աղօթքի։ 7Տէրն իմ օգնականն է ու պաշտպանը. նրա վրայ դրեց իր յոյսը սիրտն իմ, եւ մարմինս գոհացաւ ու զուարճացաւ. ես յօժարակամ պիտի փառաբանեմ նրան։ 8Տէրը զօրութիւնն է իմ ժողվրդի, ապաւէնն իր օծեալի փրկութեան։ 9Փրկի՛ր քո ժողովրդին, եւ օրհնի՛ր քո ժառանգորդներին, հովուի՛ր ու յաւէտ բարձրացրո՛ւ նրանց։
28 Աստծո՛ւ որդիներ, մատուցեցէ՛ք Տիրոջը, մատուցեցէ՛ք Տիրոջը խոյերի ձագեր։ 2Մատուցեցէ՛ք Տիրոջը փառք ու պատիւ, տուէ՛ք Տիրոջը փառքն իր անուան եւ երկրպագեցէ՛ք Տիրոջն իր սուրբ սրահում։ 3Տիրոջ ձայնը ջրերի վրայ է. փառքի Աստուածը որոտաց, Տէրն ինքն է անսպառ ջրերի վրայ։ 4Տիրոջ ձայնը ահարկու է, Տիրոջ ձայնը փառահեղ է։ 5Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, Տէրը կոտրատում է մայրիները Լիբանանի։ 6Տէրը կոտրատում է դրանք ինչպէս Լիբանանի մատաղ տունկերը, որոնք սիրասուն են միեղջերուի ձագերի պէս։ 7Տիրոջ ձայնը ճեղքում է կրակի բոցը։ 8Տիրոջ ձայնը ցնցում է անապատը, Տէրը դողացնում է Կադէսի անապատը։ 9Տիրոջ ձայնը ոտքի է կանգնեցնում եղնիկներին եւ մերկացնում անտառները։ Նրա տաճարում բոլորը թող գովեն փառքը նրա։ 10Տէրը զսպում եւ ցածրացնում է ջրհեղեղները, Տէրը յաւիտեան պիտի թագաւորի։ 11Տէրն իր ժողովրդին զօրութիւն պիտի տայ, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղութիւն պարգեւելով։
29 Պանծացնում եմ քեզ, Տէ՛ր, քանզի ընդունեցիր ինձ եւ չթողիր, որ թշնամիներս չարախնդան վրաս։ 2Տէր Աստուա՛ծ իմ, 3կանչեցի քեզ, եւ բուժեցիր ինձ։ 4Տէ՛ր, հոգիս դժոխքից հանեցիր եւ փոսն իջնողների միջից փրկեցիր ինձ։ 5Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, ո՛վ նրա սրբեր, գոհութի՛ւն մատուցեցէք նրա սուրբ յիշատակին։ 6Նրա բարկութեան մէջ ցասում կայ, իսկ նրա կամեցողութեան մէջ՝ կեանք։ Երեկոյեան լացը կը դադարի, իսկ առաւօտեան ուրախութիւն կը լինի։ 7Իմ բարկութեան մէջ ես ասացի, թէ յաւէտ չեմ սասանուի։ 8Տէ՛ր, քո կամքով ուժ տուիր իմ վայելչութեանը, բայց երբ երեսդ դարձրիր ինձնից, ես խռովայոյզ եղայ։ 9Քե՛զ կանչեցի, Տէ՛ր, աղաչեցի իմ Աստծուն։ 10Ի՞նչ օգուտ ունես իմ արիւնից, եթէ ապականութեան գբի մէջ թաղուեմ։ Միթէ հողը գոհութի՞ւն կը մատուցի քեզ կամ կը պատմի՞ քո ճշմարտութիւնը։ 11Լսեց ինձ Տէրն ու ողորմեց, Տէրը եղաւ իմ օգնականը։ 12Սուգս դարձրեց ուրախութիւն, հանեց քուրձն իմ եւ խնդութիւն հագցրեց ինձ, 13փառքս սաղմոս պիտի երգի քեզ, որպէսզի այլեւս չզղջամ ես։ Տէ՛ր իմ Աստուած, յաւիտեան գոհութիւն պիտի մատուցեմ քեզ։
30 Այսուհետեւ՝ Դաւթի հերոսութեան գովքի սաղմոսը 2Յոյսս դրի քեզ վրայ, Տէ՛ր, թող յաւէտ ամօթով չմնամ. քո արդարութեամբ փրկի՛ր եւ ազատի՛ր ինձ։ 3Դէպի ի՛նձ խոնարհիր ականջը քո, փութա՛ ինձ պաշտպանելու։ Եղի՛ր իմ պահապանը, Աստուա՛ծ, եւ իմ փրկութեան ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապաւէնն ես դու։ 4Քո անուան համար ինձ առաջնորդ եղար եւ սնուցեցիր ինձ։ 5Ինձ կը հանես այն որոգայթից, որ լարեցին իմ դէմ։ 6Դու ես պաշտպանն իմ, Տէ՛ր, եւ քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին։ Տէ՛ր Աստուած, փրկեցիր ինձ քո ճշմարտութեամբ։ 7Ատեցիր նրանց, ովքեր երկիւղ են կրում սնոտիաբար։ 8Ես յոյսս դրի Տիրոջ վրայ, պիտի ցնծամ եւ ուրախանամ քո տուած փրկութեամբ։ Տեսար իմ նուաստացումն ու ինձ փրկեցիր վշտերից։ 9Ինձ չմատնեցիր նեղիչներիս ձեռքըեւ ոտքերս լայնարձակ վայրում հաստատեցիր։ 10Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի ճնշուած եմ ես. սրտնեղութիւնից խռոված են իմ աչքը, հոգին ու որովայնը։ 11Կեանքս սպառուեց վիշտ ու ցաւերով, եւ տարիներս՝ հոգոց հանելով։ Թշուառութիւնից տկարացաւ ուժն իմ, եւ ոսկորներս մաշուեցին։ 12Իմ բոլոր թշնամիներից աւելի ես դրացիների՛ս համար նախատինք եղայ եւ ծանօթներիս համար՝ սոսկալի ահ ու սարսափ։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից։ 13Սրտերից մոռացուեցի ես ինչպէս մեռեալ եւ նմանուեցի անպէտք անօթի, 14քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին։ Հաւաքուած իրար գլխի՝ նրանք ուզում էին առնել իմ հոգին։ 15Բայց ես, Տէ՛ր, յոյսս դրի քե՛զ վրայ՝ ասելով. «Դո՛ւ ես Աստուածն իմ, 16եւ քո ձեռքում է իմ ժառանգութիւնը։ Փրկի՛ր ինձ թշնամիներիս ձեռքից եւ իմ հալածիչներից։ 17Ցո՛յց տուր երեսդ քո այս ծառային, պահպանի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ»։ 18Տէ՛ր, ամօթով թող չմնամ, որ քեզ դիմեցի. թող ամբարիշտնե՛րն ամաչեն ու դժոխք իջնեն։ 19Եւ թող պապանձուեն նենգ շրթունքները, որոնք ամբարտաւանութեամբ եւ արհամարհանքով չարախօսում են արդարի մասին։ 20Որքա՜ն շատ է քո ողորմութեան քաղցրութիւնը, Տէ՛ր, որ պահեցիր երկիւղածներիդ համար։ Դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց յոյսը դրել են քեզ վրայմարդկանց որդիների առջեւ։ 21Մարդկանց խռովութիւնից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկոյթով, լեզուների հակառակութիւնից թաքցրիր նրանց քո վրանում։ 22Օրհնեալ է Տէրը, քանզի ողորմութիւնն իր հրաշագործեց ամուր քաղաքում։ 23Շփոթութեան մէջ ես ասացի, թէ այլեւս հեռու մնացի աչքերիդ առջեւից։ Սակայն դու լսեցիր ձայնն իմ աղօթքի, երբ աղաղակեցի քեզ։ 24Սիրեցէ՛ք Տիրոջը, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի Տէրը ճշմարտութիւն է փնտռում եւ խստութեամբ հատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտաւանանում։ 25Քաջալերուեցէ՛ք ամէքդ, որ յոյս էք դրել Տիրոջ վրայ, եւ ձեր սրտերը թող զօրանան։
31 Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։ 2Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ։ 3Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։ 4Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշուառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ 5Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը։Հանգիստ։ 6Դրա համար բոլոր սրբերն յարմար ժամին աղօթքի կը կանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ 7Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց։ Ո՜վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ 8«Քեզ կ՚իմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ», ասում է Տէրը։ 9Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմօտենան։ 10Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, Տիրոջ ողորմութիւնը կը պարուրի նրանց։ 11Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով։
32 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով. արդարներին է վայել օրհնութիւնը։ 2Գոհութի՛ւն յայտնեցէք Տիրոջը օրհներգութեամբ, տասլարանի նուագարանով սաղմո՛ս երգեցէք նրան։ 3Օրհներգեցէ՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի հաճելի է այն։ Սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։ 4Ճշմարիտ են Տիրոջ պատգամները, եւ յուսալի՝ նրա բոլոր գործերը։ 5Տէրը ողորմութիւն եւ իրաւունք է սիրում, Տիրոջ ողորմութեամբ է լցուած երկիրը։ 6Տիրոջ խօսքով ստեղծուեց երկինքը, եւ իր բերանի շնչով՝ նրա բոլոր զօրութիւնները։ 7Ինչպէս մի տիկի մէջ՝ հաւաքեց ծովի ջրերը եւ իր գանձը դրեց անդունդների յատակը։ 8Թող երկիւղ կրի Տիրոջից ողջ երկիրը, եւ նրանից թող դողան բոլոր բնակիչներն աշխարհի, 9քանզի Նա ասաց՝ եւ ստեղծուեցին, Նա հրամայեց՝ եւ հաստատուեցին։ 10Տէրը խափանում է հեթանոսների մտադրութիւնները, Տէրն անարգում է ժողովուրդների դիտաւորութիւնները, Տէրն արհամարհում է իշխանների խորհուրդները։ 11Տիրոջ մտածումը յաւիտեան կը մնայ, եւ նրա սրտի խորհուրդը՝ սերնդից սերունդ։ 12Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է, երանի այն ժողովրդին, որին իր համար նա ժառանգութիւն ընտրեց։ 13Տէրը երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին։ 14Իր պատրաստած բնակատեղից դիտեց աշխարհի բոլոր բնակիչներին։ 15Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը։ 16Թագաւորն իր զօրքի բազմութեամբ չի փրկուի, եւ ոչ էլ հսկան՝ իր մեծ ուժով։ 17Ձին անօգուտ է փրկութեան համար, իր մեծ ուժով հանդերձ չի փրկի հեծեալին։ 18Տիրոջ աչքն իր երկիւղածների եւ իր ողորմութեանը յուսացողների վրայ է՝ 19մահից փրկելու նրանց անձըեւ սովի ժամանակ կերակրելու համար նրանց։ 20Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, քանզի նա մեր օգնականն է ու պաշտպանը։ 21Նրանով թող ուրախանան մեր սրտերը, եւ մենք նրա սուրբ անուան վրայ յոյս դնենք։ 22Թող ողորմութիւնդ, Տէ՛ր, լինի մեզ վրայ, ինչպէս որ մեր յոյսը դրինք քեզ վրայ։
33 Սաղմոս Դաւթի, երբ նա կերպարանափոխեց իր դէմքը Աբիմելէքի առջեւ, եւ սա բաց թողեց նրան, որ գնայ։ 2Ամէն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնութիւնն ամէն ժամ բերանումս լինի։ 3Անձս Տիրոջով թող պարծենայ, հեզերը թող լսեն եւ ուրախանան։ 4Մեծարեցէ՛ք Տիրոջն ինձ հետ մէկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին։ 5Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ եւ իմ բոլոր նեղութիւններից փրկեց ինձ։ 6Մօտեցէ՛ք Տիրոջն ու լո՛յս առէք, եւ թող ձեր երեսը չամաչի։ 7Աղքատն այս Տիրոջը դիմեց, եւ Տէրը նրան լսեց ու իր բոլոր նեղութիւններից փրկեց նրան։ 8Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։ 9Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ որքան քաղցր է Տէրը. երանելի է այն մարդը, որ յոյսը դրել է նրա վրայ։ 10Վախեցէ՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասութիւն չեն ունենայ։ 11Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնուեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտռում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու։ 12Եկէ՛ք, իմ որդինե՛ր, եւ լսեցէ՛ք ինձ.ես կը սովորեցնեմ ձեզ Տիրոջ երկիւղը։ 13Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կեանքը, եւ ուզում է իր օրերը բարութեան մէջ տեսնել։ 14Լեզուդ պահի՛ր չարութիւնից, եւ շրթներդ թող նենգութիւն չխօսեն։ 15Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղութիւն փնտռիր եւ դրա՛ն հետեւիր։ 16Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղօթքին։ 17Տիրոջ հայեացքը չարագործների վրայ է՝ նրանց յիշատակն աշխարհից ջնջելու համար։ 18Արդարները Տիրոջը աղօթեցին, եւ Տէրը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղութիւններից։ 19Տէրը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, եւ նա փրկում է հոգով խոնարհներին։ 20Արդարների նեղութիւնները շատ են, Տէրն ազատում է նրանց այդ բոլորից։ 21Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, եւ դրանցից ոչ մէկը չի փշրուելու։ 22Մեղաւորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կը զղջայ։ 23Տէրը փրկում է իր ծառաներին, եւ բոլոր նրանք, որ յոյս են դնում Նրա վրայ, չպիտի զղջան։
34 Տէ՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ, մարտնչի՛ր նրանց դէմ, ովքեր մարտնչում են իմ դէմ։ 2Ա՛ռ զէնքն ու զրահը քո եւ հասի՛ր ինձ օգնութեան։ 3Սուրդ հանի՛ր ընդդէմ իմ հալածիչների, վանի՛ր նրանց եւ ասա՛ ինձ, թէ՝ «Քո փրկութիւնը ես եմ»։ 4Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հետապնդողները, թող ընկրկեն եւ ամօթահար լինեն ինձ չար կամեցողները։ 5Նրանք թող վերածուեն հողմից քշուող փոշու, եւ թող Տիրոջ հրեշտակը չարչարի նրանց։ 6Նրանց ճանապարհը թող խաւար լինի ու սայթաքուն, եւ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։ 7Իզուր որոգայթ լարեցին իմ դէմ իրենց ապականութեամբ, եւ իզուր նախատեցին ինձ։ 8Նրանց վրայ կը հասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք. իրենց թաքցրած թակարդը կը բռնի ոտքը նրանց, եւ նրանք կ՚ընկնեն այդ որոգայթի մէջ։ 9Իսկ հոգիս կը ցնծայ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ։ 10Իմ բոլոր ոսկորները կ՚ասեն. «Տէ՛ր, ո՞վ է քեզ նման»։ Նա փրկեց աղքատին բռնակալի ձեռքից, եւ խեղճին ու տնանկին՝ իրենց յափշտակողներից։ 11Իմ դէմ բարձրացան վկաները չար, հարցաքննեցին ինձ մինչ ես անտեղեակ էի։ 12Բարու փոխարէն չար հատուցեցին ինձ, խորհուրդ արին ինձ անժառանգ թողնել մարդկանց մէջ։ 13Նրանց հալածանքի ժամանակ ես քուրձ էի հագնում, ծոմով խղճալի էի դարձնում ինձ, եւ իմ աղօթքներն ինձ վերադարձան։ 14Եղբօր ու ընկերոջ նման սիրալիր էի, սգաւորի ու վշտացեալի պէս՝ խոնարհ։ 15Հաւաքուեցին ու չարախնդացին ինձ վրայ. տանջանքներ կուտակուեցին իմ դէմ, եւ ես չիմացայ. նրանք ցրուեցին, բայց չզղջացին. 16Փորձեցին ինձ ու անարգեցին, ատամներն իրենց արհամարհանքով կրճտեցրին իմ դէմ։ 17Տէ՛ր, մինչեւ ե՞րբ պիտի տեսնես։ Հեռո՛ւ պահիր ինձ նրանց խորամանկութիւնից, եւ միամօրիկիս՝ առիւծներից։ 18Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, մեծ հաւաքներում եւ ժողովրդի բազմութեան մէջ պիտի օրհներգեմ քեզ։ 19Թշնամիներն իմ թող վրաս չխնդան, նրանք, որ ատում էին ինձ առանց պատճառի եւ իրար աչք էին անում ինձ համար։ 20Հետս խաղաղութիւնից էին խօսում, բայց իրենք զայրացած՝ նենգութիւն էին խորհում։ 21Բացին ինձ վրայ բերաններն իրենց եւ ասացին. «Այո՛, այո՛, մեր աչքերը տեսան»։ 22Տէ՛ր, ինքդ տեսար, մի՛ լռիր. Տէ՛ր, մի հեռացի՛ր ինձանից։ 23Զարթնի՛ր, Տէ՛ր, նայի՛ր իմ իրաւունքին ու արդարութեանը, Աստուա՛ծ իմ եւ Տէ՛ր իմ։ 24Իմ դատն արա՛, արդարացրո՛ւ ինձ ըստ քո արդարութեան, ո՛վ Տէր իմ Աստուած։ Թշնամիներն իմ թող չուրախանան ինձանով։ 25Եւ չասեն իրենց մտքում. «Երնէ՜կ, երնէ՜կ մեզ, քանզի խորտակեցինք նրան»։ 26Թող խայտառակուեն ու ամօթով մնան ինձ հասած չարիքի համար ուրախացողները. թող նախատինք ու անարգանք կրեն իմ դէմ մեծախօսողները։ 27Բոլոր նրանք, ովքեր իմ արդարութիւնն են կամենում եւ քո ծառային խաղաղութիւն ցանկանում, թող ուրախութեամբ ցնծան քեզնով եւ միշտ ասեն՝ «Մեծ է Աստուած»։ 28Լեզուս պիտի քո արդարութիւնը պատմի եւ հանապազ քեզ գովաբանի։
35 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի սաղմոսը 2Անօրէնն ասում է իր մտքում մեղանչելիս,թէ իր աչքերի առջեւ Աստծու վախ չկայ։ 3Նա խորամանկութիւն է գործում նրա իսկ հանդէպ,որ չտեսնի իր անօրէնութիւնն ու չատի այն։ 4Նրա բերանի խօսքերն անարդար ու նենգամիտ են, նա չկամեցաւ հասկանալ բարին։ 5Անօրէնութիւն խորհեց իր անկողնում, կանգնեց այն բոլոր ուղիների վրայ, որոնք բարի չեն, եւ չարից չձանձրացաւ։ 6Տէ՛ր, երկնքում է քո ողորմութիւնը, իսկ ճշմարտութիւնդ՝ մինչեւ ամպերը։ 7Արդարութիւնդ, Աստուա՛ծ, լեռների պէս է, իրաւունքդ՝ խոր անդունդի պէս. մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տէ՛ր։ 8Որքա՜ն առատ է քո ողորմութիւնն, Աստուա՛ծ, մարդկանց որդիները թեւերիդ հովանուն պիտի ապաւինեն։ 9Նրանք պիտի յագենան քո տան լիութիւնից, եւ նրանց պիտի խմեցնես քո գրգանքի գետերից։ 10Տէ՛ր, քեզնից է կեանքի աղբիւրը, եւ երեսիդ լոյսով ենք լոյսը տեսնում։ 11Ողորմութիւնդ շնորհի՛ր քեզ ճանաչողներին, եւ արդարութիւնդ՝ սրտով ուղիղներին։ 12Թող ամբարտաւանների ոտքը մեզ չհասնի, եւ մեղաւորների ձեռքը չդողացնի մեզ։ 13Այնտեղ բոլոր անօրէնութիւն գործողները պիտի ընկնեն,մերժուեն ու չկարողանան այլեւս ոտքի կանգնել։
36 Սաղմոս Դաւթի 2Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում, 3քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։ 4Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։ 5Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։ 6Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջըեւ դի՛ր յոյսդ նրա վրայ։ 7Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։ 8Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում։ 9Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնիցեւ մի՛ նախանձիր չարամիտներին։ 10Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։ 11Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի։ 12Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ։ 13Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ։ 14Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը։ 15Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու, սրտով խոնարհներին սպանելու համար։ 16Նրանց սրերը կը մխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն։ 17Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը։ 18Ամբարիշտների բազուկները կը խորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի։ 19Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի։ 20Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան։ 21Արդ, մեղաւորները կորստեան կը մատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառուեն, ինչպէս ծուխն է սպառւում։ 22Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։ 23Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջուեն Տիրոջ ձեռքով։ 24Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։ 25Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։ 26Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս։ 27Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի։ 28Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ՚ապրես երկրի վրայ։ 29Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց։ Անօրէնները կը քշուեն կը գնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կ՚ոչնչանայ։ 30Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ։ 31Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում։ 32Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի։ 33Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան։ 34Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։ 35Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կը տեսնես մեղաւորների կործանումը։ 36Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները։ 37Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց։ 38Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ՚ունենայ։ 39Անօրէնները կը քշուեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնուի։ 40Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը։ 41Տէրը կ՚օգնի ու կը փրկի նրանց, կ՚ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց,քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ։
37 Սաղմոս Դաւթի՝ շաբաթօրեայ յիշատակի առթիւ 2Տէ՛ր, քո զայրոյթով մի՛ յանդիմանիր ինձ եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր, 3քանզի քո նետերն ինձ հարուածեցին, եւ քո ձեռքն ինձ վրայ ծանրացաւ։ 4Մարմնիս համար բուժում չկայ քո բարկութեան դէմ, ոսկորներս հանգստութիւն չունեն իմ մեղքերի պատճառով։ 5Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս։ 6Վէրքերն իմ նեխեցին ու փտեցին անզգամութեանս հետեւանքով։ 7Տառապեցի եւ խիստ նուաստացայ, գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած, 8քանզի հոգիս լցուեց տանջանքներով, եւ մարմնիս համար բուժում չկայ։ 9Չարչարուեցի եւ սաստիկ կորացայ, մռնչացի սրտիս հեծութիւնից։ 10Տէ՛ր, ամբողջ ցանկութիւնս առջեւդ է, եւ հառաչանքս չծածկուեց քեզնից։ 11Սիրտս պղտորուեց իմ մէջ, եւ ուժս լքեց ինձ, աչքերիս մէջ լոյսի նշոյլ իսկ չմնաց։ 12Բարեկամներս եւ ընկերներս մօտեցան ու կանգնեցին իմ առջեւ, եւ մերձաւորներս ինձնից հեռու մնացին։ 13Ինձ հետապնդողները բռնադատեցին ինձ, իմ դէմ չարիք նիւթողները անօրէնութիւն խօսեցին, եւ գիշեր-ցերեկ նենգութիւն մտածեցին։ 14Իսկ ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում։ 15Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ։ 16Ես յոյսս քեզ վրայ դրի, ո՛վ Տէր, ու դու կը լսես ինձ, Տէ՛ր իմ Աստուած։ 17Ասացի՝ «Թող թշնամիներս չծիծաղեն վրաս». երբ ոտքս սայթաքեց, նրանք յոխորտացին իմ դէմ։ 18Ես պատրաստ եմ տանջանքների, եւ իմ ցաւերը միշտ առջեւս են։ 19Կը պատմեմ իմ անօրէնութիւնները եւ կը հոգամ իմ մեղքերի մասին։ 20Բայց թշնամիներն իմ ողջ են ու աւելի հզօր, քան ես, եւ բազմացել են նրանք, ովքեր յանիրաւի ատում են ինձ, 21ովքեր ինձ չարութեամբ հատուցեցին բարու փոխարէն եւ չարախօսեցին իմ մասին, քանզի ես արդարութեամբ էի ընթանում։ 22Մի՛ լքիր ինձ, Տէ՛ր իմ Աստուած, եւ մի՛ հեռացիր ինձնից։ 23Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տէր։
38 Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին 2Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ»։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ։ 3Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ։ 4Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց։ 5Խօսեցի լեզուովս եւ ասացի. «Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել»։ 6Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի։ 7Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար։ 8Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ։ 9Բոլոր յանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ։ 10Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում։ 11Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծուեցի ես։ 12Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ։ Հանգիստ։ 13Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները։ 14Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչեւ իմ գնալն այնտեղ, ուր այլեւս չեմ լինի։
39 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։ 3Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։ 4Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։ 5Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։ 6Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են։ 7Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր։ 8Այն ժամանակ ասացի, թէ՝ «Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրուած է իմ մասին։ 9Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է»։ 10Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։ 11Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։ 12Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ։ 13Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրէնութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց։ 14Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր։ 15Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները։ 16Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ։ 17Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստուած»։ 18Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր։
40 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի 2Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տէրը կը փրկի նրան։ 3Տէրը կը փրկի ու կը պահպանի նրան, երանելի կը դարձնի երկրի երեսին եւ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։ 4Տէրը նրան կ՚օգնի տառապանքի մահճում եւ նրա անկողինն ամբողջովին կը մաքրի իր հիւանդութիւնից։ 5Ես ասացի. «Տէ՛ր, ողորմի՛ր ինձ եւ բուժի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դէմ»։ 6Թշնամիներս չարութեամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, եւ նրա անունը ջնջուի»։ 7Ինձ այցելութեան եկողը դատարկ բաներ էր խօսում իր սրտում, անօրէնութիւն կուտակում իր մէջ, դուրս էր գալիս եւ նոյն բանն էր պատմում։ 8Բոլոր թշնամիներս քրթմնջեցին իմ մասին եւ չարիք նիւթեցին իմ դէմ։ 9Նրանք անօրէն խօսքեր բարդեցին ինձ վրայ. «Ով ննջում է, մի՞թէ այլեւս յարութիւն չի՞ առնի»։ 10Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի, եւ որն ուտում էր հացն իմ, յաճախակի իմ դէմ խաբէութիւն գործեց։ 11Բայց դու, Տէ՛ր, ողորմի՛ր եւ ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց։ 12Եթէ թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կ՚իմանամ, որ բարեհաճ ես իմ հանդէպ։ 13Դու իմ անմեղութեան համար ընդունեցիր ինձ եւ յաւիտեան հաստատեցիր քո առջեւ։ 14Օրհնեալ լինի Տէր Աստուածն Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն։
41 Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը 2Ինչպէս եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպէս էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստուած. 3հոգիս ծարաւ է քեզ, Աստուած հզօր եւ կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երեւամ Աստծու առաջ։ 4Գիշեր-ցերեկ իմ արցունքներով սնուեցի, քանզի ամէն օր ինձ ասում էին. «Քո Աստուածն ո՞ւր է»։ 5Դա յիշելիս՝ հոգիս տառապում էր իմ ներսում, բայց քաջալերւում էի, որ պիտի մտնեմ Աստծու տան սքանչելի յարկի տակ,ցնծութեան ու օրհնութեան ձայնով եւ ձայնով բարեբանութեան։ 6Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան,իմ անձը փրկողն Աստուած է։ 7Հոգին իմ խիստ խռովուեց, դրա համար քեզ յիշեցի Յորդանանի երկրից ու Հերմոնի փոքր սարից։ 8Անդունդից քեզ կանչեցին քո յորձանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։ 9Ցերեկը Տէրն իր ողորմութիւնը հաստատեց. գիշերը՝ նոր օրհներգութիւն. ես աղօթում եմ Աստծուն իմ կեանքի համար։ 10Աստծուն ասացի. «Ինձ ընդունողը դու ես, ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր լինեմ թշնամուս հալածանքի ժամանակ»։ 11Երբ ոսկորներս փշրուեցին, թշնամիներն իմ նախատեցին ինձ՝ ամէն օր ասելով. «Քո Աստուածն ո՞ւր է»։ 12Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, իմ անձը փրկողն Աստուած է։
42 Դատի՛ր ինձ, Աստուա՛ծ, եւ դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ։ Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ։ 2Դու ինձ ուժ տուողն ես, Աստուա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ,երբ թշնամիս ինձ հալածի։ 3Առաքի՛ր, Տէ՛ր, քո լոյսն ու ճշմարտութիւնը, որ ինձ առաջնորդեն եւ հասցնեն քո սուրբ լեռն ու օթեւանը։ 4Ես կը մօտենամ Աստծու սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդութիւնը։ Գոհութիւն կը մատուցեմ քեզ օրհներգերով, Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ։ 5Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, յոյսդ դի՛ր Աստծու վրայ, օրհներգի՛ր նրան, նա իմ փրկիչ Աստուածն է։
43 Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը.սաղմոս Դաւթի 2Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում։ 3Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին,եւ նրանց փոխարէն մե՛զ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին ու արտաքսեցիր նրանց։ 4Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ քո աջը, քո բազուկը եւ քո երեսի լոյսը, քանզի դու բարեհաճ եղար նրանց հանդէպ։ 5Դու ինքդ ես իմ թագաւորն ու իմ Աստուածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց։ 6Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին։ 7Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ։ 8Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր։ 9Հանապազ Աստուծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը։ 10Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստուած։ 11Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին։ 12Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ։ 13Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ։ 14Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին։ 15Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տուեցին։ 16Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ՝ 17նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից։ 18Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք քեզ չմոռացանք,չդրժեցինք քո ուխտը, 19եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզանից. դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից։ 20Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, եւ մահուան ստուերները պատեցին մեզ։ 21Միթէ մոռացե՞լ ենք մեր Աստծու անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստուածների. 22չէ՞ որ Աստուած դա կ՚իմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի։ Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք։ 23Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ։ 24Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները։ 25Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին։ 26Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անուան։
44 Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին.Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին 2Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ իմ գործերը պատմում եմ թագաւորին։ Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի։ 3Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափւում. դրա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։ 4Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ։ 5Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս առաջնորդի քեզ։ 6Քո նետերը սրուած են, ո՛վ հզօր, ընդդէմ թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ։ 7Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստուա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է։ 8Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրէնութիւնը, դրա համար Աստուած՝ քո՛ Աստուածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝աւելի, քան քո ընկերներին։ 9Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալուէ եւ կինամոն է բուրում։ 10Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ։ Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարուած ու պաճուճուած ոսկեհուռ զգեստներով։ 11Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը։ 12Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի, 13եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով։ 14Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։ 15Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարուեն, իր ընկերուհիները պիտի տարուեն նրա մօտ։ 16Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարուեն թագաւորի պալատը։ 17Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ։ 18Քո անունը պիտի յիշուի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։
45 Այսուհետեւ՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին 2Աստուած ապաւէնն ու զօրութիւնն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղութիւնների մէջ։ 3Ուստի մենք չենք վախենայ, երբ երկիրը ցնցուի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխուեն։ 4Դղրդացին ու ալեկոծուեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկութիւնից։ 5Գետերի յորձանքները զուարճացնում են Աստծու քաղաքը. եւ Բարձրեալը սրբացրել է իր օթեւանը։ 6Աստուած դրա մէջ է, եւ այն չի սասանուի. Աստուած կ՚օգնի դրան վաղորդայնից վաղորդայն։ 7Հեթանոսները խռովուեցին, ու թագաւորութիւնները հնազանդ եղան. Բարձրեալը ձայն տուեց, եւ երկիրը երերաց։ 8Մեզ հետ է Զօրութիւնների տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։ 9Եկէք տեսէ՛ք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրայ։ 10Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մինչեւ միւսը, աղեղներ փշրեց, զէնքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի։ 11Շտապեցէ՛ք ու իմացէ՛ք, որ ես Աստուածն եմ. ես պիտի բարձրացուեմ հեթանոսների մէջ, պիտի բարձրացուեմ երկրի երեսին։ 12Մեզ հետ է Զօրութիւնների Տէրը, Յակոբի Աստուածն ապաւէնն է մեր։
46 Այսուհետեւ՝ Կորխի որդիների մասին.սաղմոս Դաւթի 2Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկէք, ցնծութեան աղաղակով դիմեցէ՛ք Աստծուն։ 3Տէրը բարձրեալ եւ ահարկու է, մեծ թագաւոր է ամբողջ երկրի վրայ։ 4Ժողովուրդներին մեզ հնազանդեցրեց, եւ հեթանոսներին մեր ոտքերի տակ դրեց։ 5Ընտրեց մեզ համար որպէս ժառանգութիւն իրեն՝ Յակոբի վայելչութիւնը, որին նա սիրեց։ 6Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով։ 7Սաղմո՛ս երգեցէք մեր Աստծուն, սաղմո՛ս երգեցէք մեր թագաւորին, սաղմո՛ս երգեցէք։ 8Ամբողջ երկրի մեծ թագաւորն Աստուած է, սաղմո՛ս երգեցէք նրան իմաստութեամբ։ 9Աստուած թագաւորեց հեթանոսների վրայ, Աստուած բազմեց իր սրբութեան գահին։ 10Ժողովուրդների իշխանները հաւաքուեցին Աբրահամի Աստծու մօտ, քանզի Աստծու զօրութիւնները շատ բարձրացան երկրից։
47 Կորխի որդիների երկուշաբթի օրուայ օրհնութեան սաղմոսը 2Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ մեր Աստծու քաղաքում, իր սուրբ լերան վրայ։ 3Մեծ ցնծութեամբ ցնծում է ամբողջ երկիրն հաստատարմատ,ցնծում են Սիոնի լեռները, հիւսիսային կողմերը, մեծ թագաւորի քաղաքը։ 4Աստուած յայտնւում է իր տաճարում, երբ օգնական է դառնում նրանց։ 5Ահա երկրի թագաւորութիւնները հաւաքուեցին ու միասին եկան անցան։ 6Անձամբ տեսնելով այդ բանը՝ նրանք զարմացան, խռովուեցին ու սասանուեցին։ 7Այնտեղ դողը բռնեց նրանց եւ երկունքը, ինչպէս ծննդաբերութեան ժամանակ։ 8Սաստիկ հողմով նա պիտի փշրի նաւերը Թարսիսում։ 9Ինչ որ լսեցինք, այն էլ տեսանք Զօրութիւնների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստուած դրա հիմքերը գցեց յաւիտեան։ 10Ստացանք ողորմութիւնդ, Աստուա՛ծ, քո ժողովրդի մէջ։ 11Ինչպէս որ անունդ է, այնպէս էլ օրհնութիւնդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարութեամբ։ 12Տէ՛ր, քո արդարադատութեամբ թող ուրախանայ լեռը Սիոնի եւ ցնծան դուստրերը Յուդայի երկրի։ 13Պտտուեցէ՛ք Սիոնի շուրջը, շրջանն արէք նրա եւ պատեցէ՛ք նրա աշտարակները։ 14Թող ձեր սրտերը կապուեն նրա ամրութիւններին, զննեցէ՛ք նրա բերդերը, որ պատմել կարողանաք մէկ ուրիշ սերնդի։ 15Սա է Աստուածը, մեր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ սա պիտի հովուի մեզ մինչեւ յաւիտենութիւն։
48 Այսուհետեւ՝ Կորխի որդիների սաղմոսը 2Լսեցէ՛ք այս, համա՛յն ազգեր, ակա՛նջ դրէք բոլորդ, որ բնակւում էք աշխարհում, 3երկրածիննե՛ր եւ մարդկա՛նց որդիներ, ե՛ւ մեծամեծներ, ե՛ւ տնանկներ։ 4Բերանս իմաստութիւն պիտի խօսի, եւ սրտիս խորհուրդը՝ խոհեմութիւն։ 5Առակներին պիտի ականջ դնեմ եւ օրհներգով պիտի մեկնեմ առակները սկզբից։ 6Ինչո՞ւ արդեօք վախենամ չար օրերին, երբ կեանքիս անօրէնութիւններն ինձ պաշարեցին։ 7Իրենց կարողութեան վրայ յոյս դնողները պարծենում են իրենց մեծ հարստութեամբ։ 8Եղբայրն իր եղբօրը չի փրկի, ոչ էլ մարդը կը փրկի նրան. նա փրկանք չի տայ Աստծուն, 9ոչ էլ իր հոգու փրկանքը։ 10Յաւիտեա՛ն ջանք թափի՛ր, եւ դու կ՚ապրես անվերջ ու ապականութիւն չես տեսնի։ 11Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կը կորչեն նաեւ անզգամներն ու անմիտները՝ իրենց հարստութիւնը թողնելով օտարներին։ 12Նրանց գերեզմանը յաւիտեան իրենց տունը կը լինի, եւ սերնդից սերունդ՝ իրենց օթեւանը. նրանց հողերը կը կոչուեն իրենց անունով։ 13Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց։ 14Այս է ճանապարհը նրանց գայթակղութեան, որին յետոյ իրենց բերանով հաւանութիւն պիտի տան։ 15Ոչխարների պէս դժոխքի պիտի մատնուեն, ու մահը պիտի հովուի նրանց, եւ առաւօտեան արդարները պիտի նրանց տիրեն։ Նրանց օգնութիւնը կը սպառուի դժոխքում, եւ նրանք իրենց փառքը կը կորցնեն։ 16Սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստուած կը փրկի իմ հոգին։ 17Մի՛ վախեցիր, երբ մարդ հարստանում է, եւ մեծանում է փառքը նրա տան, 18քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի, եւ նրա տան փառքն իր հետ չի թաղուի։ 19Նրա անձը կ՚օրհնուի իր կենդանութեան ժամանակ, եւ քեզ շնորհակալ կը լինի, երբ բարիք գործես նրան։ 20Նա կը միանայ իր նախնիների սերնդին, մինչեւ յաւիտենութիւն լոյսը չի տեսնի։ 21Մարդը պատիւ ունէր՝ եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց։
49 Աստուածների Աստուած Տէրը խօսեց, ձայն տուեց երկրին արեւելքից մինչեւ արեւմուտք։ 2Սիոնից է նրա մեծ վայելչութիւնն ու փրկութեան գեղեցկութիւնը։ 3Մեր Աստուածը պիտի գայ յայտնապէս, եւ մեր Աստուածը պիտի չլռի, նրա առջեւ հուր պիտի բորբոքուի, եւ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։ 4Նա վերեւից ձայն պիտի տայ երկնքին ու երկրին՝ իր ժողովրդին դատելու համար։ 5Մօտն է հաւաքելու իր սրբերին եւ նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին։ 6Երկինքը պատմելու է նրա արդարութիւնը, քանզի Աստուած դատաւոր է։Հանգիստ։ 7Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, ու ես քեզ կ՚ասեմ, եւ Իսրայէ՛լ՝ քեզ կը վկայեմ, որ Աստուածը, ք՛ո Աստուածը ես եմ։ 8Քո զոհաբերութիւնների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակէզներդ միշտ առջեւս են։ 9Քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հօտից՝ նոխազներ։ 10Իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երէները եւ բոլոր անասունները։ 11Գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին, եւ դաշտի գեղեցկութիւնն իմն է։ 12Եթէ քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջութեամբ։ 13Ես չեմ ուտում քո հորթերի միսը, եւ քո նոխազների արիւնը չեմ խմում։ 14Աստծուն օրհնութեան պատարագ մատուցի՛ր եւ Բարձրեալի առջեւ ուխտդ կատարի՛ր։ 15Քո նեղութեան օրը կանչի՛ր ինձ, ես կը փրկեմ քեզ, ու դու կը փառաբանես ինձ։Հանգիստ։ 16Սակայն մեղաւորին Աստուած ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարութիւնը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը։ 17Չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խօսքերը։ 18Երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին։ 19Բերանդ չարութիւն էր տարածում, եւ լեզուդ նենգութիւն էր նիւթում։ 20Նստած չարախօսում էիր եղբօրդ մասին եւ մօրդ որդու վրայ զրպարտութիւն բարդում։ 21Այս բոլորն արեցիր, ու ես լուռ մնացի. դու՝ անօրէնդ, կարծեցիր քո մտքում, թէ ես էլ կը նմանուեմ քեզ։ Արդ, պիտի յանդիմանեմ քեզ եւ այս ամէնը առջեւդ դնեմ»։ 22Իմացէ՛ք բոլորդ, որ մոռացել էք Աստծուն. գուցէ երբեւէ յափշտակուէք տարուէք, եւ ձեզ փրկող չգտնուի։ 23Օրհնութեան պատարագն ինձ կը փառաւորի. եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցոյց պիտի տամ Աստծու փրկութիւնը։
50 Այսո