1 Թագաւորաց
1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար։ Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր։ 2Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ 3Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու։ Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին։ 4Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց։ 5Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր։ Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան։ 6Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի։ 7Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում։ 8Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»։ 9Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ։ 10Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ։ Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց. 11«Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կը նուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»։ 12Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում։ 13Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան։ 14Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»։ 15Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ։ 16Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։ 17Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»։ 18Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»։ Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը։ 19Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային։ 20Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ։ Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»։ 21Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու։ 22Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կը տանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»։ Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը։ 24Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի։ Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը։ Մանուկն իրենց հետ էր։ 25Նրանք նրան ընծայեցին Տիրոջը։ Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը։ Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար։ 26Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար։ 27Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը։ 28Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ 29Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։
2 Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ։ 2Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծու նման արդար չկայ, 3եւ քեզանից բացի սուրբ չկայ։ Մի՛ պարծենաք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա՛ է պատրաստում իր զարմանահրաշ գործերը։ 4Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան։ 5Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթը որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց։ 6Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից։ 7Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում։ 8Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։ 9Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում։Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է։ Տէրը տկարացնում է իր հակառակորդներին։ Տէրը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ։ Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում։ 10Տէրը երկինք ելաւ ու որոտաց, ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»։ 11Եւ նրանք մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ, իրենց տունը։Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում։ 12Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը։ 13Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային։ 14Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում, Տիրոջ տանը։ 15Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տո՛ւր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»։ 16Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»։ 17Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա՛ տուր, ապա թէ ոչ՝ բռնի կ՚առնեմ»։ Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ։ 18Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում։ 19Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամենամեայ զոհը մատուցելու։ 20Հեղին օրհնելով Եղկանային ու նրա կնոջը՝ ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»։ Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը։ 21Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ։Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ։ 22Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամենին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ։ 23Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից։ 24Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծու ժողովրդին չէք ծառայում։ 25Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»։ Նրանք սակայն չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց։ 26Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց։ 27Աստծու հրեշտակը եկաւ Հեղիի մօտ եւ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Երբ քո հօր նախնիները Եգիպտացիների երկրում փարաւոնի տանը ստրուկ էին, քո հօր տանը յայտնապէս երեւացի 28եւ Իսրայէլի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հօ՛ր տունը, որպէսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջեւ վակաս հագնեն։ Ես քո հօր սերունդներին իբրեւ կերակուր եմ տուել իսրայէլացիների մատուցած բոլոր ողջակէզներն ու զոհերը։ 29Ինչո՞ւ ես ժպիրհ աչքով նայում իմ խնկերին ու զոհերին եւ ինձանից աւելի ես փառաւորում քո որդիներին, այն աստիճան, որ նրանք յանդգնում են օրհնել իսրայէլացիների՝ ինձ մատուցած ամէն տեսակի զոհերը»։ 30Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է կարգադրում. «Ասել եմ, որ քո տունը եւ քո հօր տունը իմ առջեւ պէտք է ծառայեն յաւիտեան, սակայն հիմա Տէրն ասում է. «Հիմա այդպէս թող չլինի. քանզի ես փառաւորելու եմ ինձ փառաւորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ»։ 31Ահա օրեր պիտի գան, երբ պիտի սպանեմ քո սերնդին եւ քո հօր տան սերնդին, որպէսզի ծեր չլինի քո տան մէջ։ 32Ու ողբագին պիտի նայես այն բոլոր բարութիւններին, որ Տէր Աստուածն անելու է Իսրայէլին, եւ քո տան մէջ բնաւ ծեր չի լինելու։ 33Միայն մէկի՛ն պիտի թողնեմ իմ զոհասեղանի մօտ, որպէսզի նուաղեն նրա աչքերը, եւ հալումաշ լինի նրա սիրտը։ Քո տան բոլոր մնացեալ անդամները ընկնելու են մարդկանց սրով։ 34Թող քեզ նշան լինի այս բանը, որ գալու է քո երկու որդիների՝ Օփնիի եւ Փենեէսի գլխին. նրանք երկուսն էլ նոյն օրն են մեռնելու։ 35Ես ինձ համար հաւատարիմ մի քահանայ մէջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամէնը, ինչ կայ իմ մտքում եւ հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծեալի առջեւ ծառայի։ 36Այնպէս պիտի լինի, որ քո տնից ով կենդանի մնայ, մի արծաթի չնչին կտորի եւ մի նկանակ հացի համար գայ նրան երկրպագելու եւ ասի. «Աղաչում եմ, ինձ քահանայական մի պաշտօն տո՛ւր, որ մի պատառ հաց ուտեմ»»։
3 Պատանի Սամուէլը Հեղի քահանայի առջեւ Տիրոջը ծառայութիւն էր անում։ Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ տեսիլք չկար, որ գուշակուէր։ 2Եւ պատահեց, որ այդ ժամանակ Հեղին ննջում էր իր սենեակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։ 3Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, եւ Սամուէլը ննջում էր Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստծու տապանակը։ 4Տէրը կանչեց՝ ասելով. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Սա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։ 5Նա Հեղիի մօտ վազելով՝ ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ 6Նա վերադարձաւ ու քնեց։ Տէրը կրկին կանչեց. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ Վեր կացաւ Սամուէլը, երկրորդ անգամ գնաց Հեղիի մօտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդեա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ 7Սամուէլը, նախ, անծանօթ էր Տիրոջը, եւ Տիրոջ խօսքը նրան դեռ չէր յայտնուել։ 8Նորից՝ երրորդ անգամ Տէրը կանչեց Սամուէլին, որը վեր կացաւ, գնաց Հեղիի մօտ եւ ասաց. «Ահա այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ 9Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում պատանուն։ Հեղին ասաց Սամուէլին. «Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր։ Եւ եթէ որեւէ մէկը քեզ կանչի, կ՚ասես. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»»։ 10Գնաց Սամուէլն ու պառկեց իր տեղում։ Տէրն եկաւ, կանգնեց եւ, ինչպէս նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»։ 11Սամուէլն ասաց. «Խօսի՛ր, Տէ՛ր, քո ծառան լսում է»։ Տէրն ասաց Սամուէլին. «Ահա ես Իսրայէլի մէջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։ 12Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամէնը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչեւ վախճանը։ 13Ինչպէս ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրէնութիւնների համար մինչեւ վերջ իր սերնդից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ իր որդիները Աստծուն էին անարգում, իսկ նա նրանց չէր յանդիմանում։ 14Աւելին. երդուել եմ Հեղիի տան վրայ, որ նրա տան անօրէնութիւնը խնկերով եւ զոհերով քաւութիւն չի ստանալու յաւիտեան»։ 15Սամուէլը ննջեց մինչեւ առաւօտ եւ վաղ առաւօտեան, զարթնելով, բացեց Տիրոջ տան դռները։ 16Սամուէլը վախեցաւ տեսիլքը պատմել Հեղիին։ 17Հեղին Սամուէլին ասաց. «Սամուէ՛լ, որդեա՛կ»։ Սա ասաց. «Ահա այստեղ եմ»։ Նա ասաց. «Ինչ խօսքեր որ քեզ ասաց Տէրը, մի՛ թաքցրու ինձանից։ Աստուած քեզ թող առաւել պատժի, եթէ քո ականջին ասուած խօսքերից որեւէ բան թաքցնես ինձանից»։ 18Սամուէլն ամէն ինչ պատմեց նրան՝ նրանից ոչինչ չթաքցնելով։ Հեղին ասաց. «Տէրը թող անի այն, ինչ բարի է իր համար»։ 19Սամուէլը մեծացաւ, Տէրը նրա հետ էր, եւ նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չմնաց։ 20Ամբողջ Իսրայէլը, Դանից մինչեւ Բերսաբէէ, իմացաւ, որ Սամուէլը դարձել է Տիրոջ մարգարէ։ 21Տէրը կրկին երեւաց Սելովում։ Տէրը Սամուէլին երեւաց ըստ իր ասած խօսքի։ Սամուէլը հաւատարմութեամբ դարձաւ Տիրոջ մարգարէն ամբողջ Իսրայէլի մէջ, երկրի մի ծայրից միւսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, եւ նրանց ճանապարհը չար էր։
4 Այդ օրերին այլազգիները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլը նրանց դէմ պատերազմի ելաւ եւ Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։ 2Այլազգիները ճակատամարտ տուին Իսրայէլի դէմ, պատերազմն սկսուեց, եւ Իսրայէլը այլազգիներից պարտուեց։ 3Ռազմի դաշտում չորս հազար զինուոր ընկաւ։ Երբ զօրքը վերադարձաւ բանակատեղի, Իսրայէլի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տէրն այսօր մեզ պարտութեան մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մօտ բերենք մեր Աստծու ուխտի տապանակը, որ մեզ մօտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։ 4Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբէների միջեւ նստած զօրութիւնների Տիրոջ ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, Աստծու ուխտի տապանակի հետ գնացին։ 5Երբ Տիրոջ ուխտի տապանակը բանակատեղի բերուեց, ամբողջ Իսրայէլը մեծաձայն աղաղակեց, եւ երկիրը թնդաց։ 6Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ 7Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։ Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստուածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տէ՛ր։ 8Վա՜յ մեզ, քանզի այսպիսի բան չկար երէկ ու նախորդ օրը։ Վա՜յ մեզ, ո՞վ կը փրկի մեզ այդ հզօր աստուածների ձեռքից։ Սրանք այն աստուածներն են, որ Եգիպտոսին ամէն տեսակ հարուածներ հասցրին նաեւ ամբողջ անապատում։ 9Գօտեպնդուեցէ՛ք եւ տղամա՛րդ եղէք, ո՛վ այլազգիներ, չլինի թէ ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպէս որ ձեզ նրանք ստրուկ եղան։ Տղամա՛րդ եղէք եւ պատերազմեցէ՛ք նրանց դէմ»։ 10Այլազգիները պատերազմեցին նրանց դէմ, եւ բոլոր իսրայէլացիները փախան դէպի իրենց յարկերը։ Շատ մեծ կոտորած եղաւ, եւ իսրայէլացիներից երեսուն հազար հետեւակ ընկաւ։ 11Աստծու տապանակը գերուեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը սպանուեցին։ 12Այդ օրը մի համինացի մարդ բանակատեղիից վազելով եկաւ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները եւ գլխին հող ածել։ 13Երբ հասաւ, Հեղին տաճարի դռան առաջ նստած էր աթոռին ու ճանապարհին էր նայում, քանզի նրա սիրտը տագնապի մէջ էր Աստծու տապանակի համար։ Այդ մարդը քաղաք մտնելով գոյժը հաղորդեց, ու քաղաքն աղաղակեց։ 14Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդն շտապ եկաւ, որ գոյժը հաղորդի Հեղիին։ 15Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։ 16Մարդը շուտափոյթ մտաւ Հեղիի մօտ եւ ասաց նրան. «Ես եկել եմ բանակից, ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդեա՛կ, պատմի՛ր ինձ»։ 17Պատանին պատասխանեց. «Իսրայէլացիները այլազգիների առջեւից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկուեց, քո երկու որդիները՝ Օփնին եւ Փենեէսը, սպանուեցին, իսկ Աստծու տապանակը գերուեց»։ 18Եւ երբ նա յիշեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից յետ ընկաւ դռան մօտ, նրա ողնաշարը ջարդուեց եւ մեռաւ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն էր արել։ 19Հեղիի հարսը՝ Փենեէսի կինը, յղի էր, ծննդաբերելու օրերը մօտ էին, եւ երբ Աստծու տապանակի գերուելու եւ իր սկեսրայրի ու ամուսնու մահուան լուրը լսեց, լաց եղաւ ու ծնեց, քանզի երկունքի ցաւերը պատել էին նրան։ 20Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանզի տղայ ծնեցիր»։ Նա պատասխան չտուեց եւ ուշադրութիւն չդարձրեց։ 21Աստծու տապանակի, սկեսրայրի եւ իր ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ քաբոթ»՝ 22ասելով. «Իսրայէլի փառքը վերացաւ», որովհետեւ Տիրոջ տապանակը գերուեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։
5 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազոտոս։ 2Այլազգիները Տիրոջ տապանակը դրեցին Դագոնի տաճարը եւ կանգնեցրին Դագոնի կողքին։ 3Յաջորդ օրը վաղ առաւօտեան զարթնեցին ազոտացիները, մտան Դագոնի տաճարը եւ տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագոնը եւ դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացաւ ազոտացիների վրայ։ Նա չարչարեց Ազոտոսի ամբողջ տարածքում ապրող մարդկանց, թութքով հիւանդացրեց նրանց։ 4Երբ յաջորդ առաւօտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագոնը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է, Դագոնի գլուխն ու ոտքի երկու թաթերը ջարդուած են ու գետնին ցրուած, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագոնի միայն իրանն էր մնացել։ 5Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագոնի տաճարը, մինչեւ օրս Ազոտոսի Դագոնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում։ 6Եւ Տիրոջ ձեռքը բարձրացաւ Ազոտոսի վրայ, թութքով հիւանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տուեց մկներին, եւ քաղաքում մահառիթ սոսկում առաջացաւ։ 7Այս դէպքը տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնայ մեզ մօտ, քանզի նրա ձեռքը բարձրացաւ մեր եւ մեր աստծու՝ Դագոնի վրայ»։ 8Նրանք մարդ ուղարկեցին եւ այլազգիների բոլոր իշխաններին իրենց մօտ հաւաքելով՝ ասացին. «Ինչ անենք Իսրայէլի Աստծու տապանակը»։ Գէթացիները ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը թող մեզ մօտ փոխադրուի»։ Եւ Աստծու տապանակը փոխադրուեց Գէթ։ 9Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծերը, չարչարեց, նրանց հիւանդացրեց թութքով, եւ Գէթացիները թութքով տառապեցին։ 10Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտաւ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Ինչո՞ւ Իսրայէլի Աստծու տապանակը մեզ մօտ բերեցիք, որ մեզ եւ մեր ժողովրդին սպանէք»։ 11Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող մնայ իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից յետոյ, երբ Իսրայէլի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։ 12Մահից ազատուելով կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, եւ քաղաքի աղաղակը երկինք բարձրացաւ։
6 Տիրոջ տապանակը եօթը ամիս մնաց այլազգիների երկրում։ Նրանց երկրում Տէրը վխտալ տուեց մկներին։ 2Այլազգիներն իրենց քրմերին, գուշակներին եւ կախարդներին կանչեցին ու ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, մեզ խորհուրդ տուէ՛ք, թէ ինչպէ՞ս այն իր տեղն ուղարկենք»։ 3Նրանք ասացին. «Եթէ Իսրայէլի Տէր Աստծու ուխտի տապանակը ուղարկէք, այն դատարկ մի՛ ուղարկէք, այլ անպատճառ պատուհասի վերացման զոհաբերութիւն արէ՛ք նրան։ Այն ժամանակ կը բուժուէք, Տէրը կը ների ձեզ, եւ գուցէ թէ նրա պատժող ձեռքը վերանայ ձեզանից»։ 4Նրանք ասացին. «Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք»։ Նրանք պատասխանեցին. «Այլազգիների իշխանների թուի համեմատ յետոյքի ոսկէ հինգ քանդակներ կերտեցէ՛ք եւ ոսկէ հինգ մկներ ձուլեցէ՛ք, քանզի նոյն այդ հարուածներն են իջել ձեզ, ձեր իշխանների ու ձեր ժողովրդի վրայ։ 5Արդ, կերտեցէ՛ք ձեր յետոյքների քանդակները, ձեր երկիրն ապականող մկների արձանիկները եւ փառաւորեցէ՛ք Տիրոջը, որ նա վերացնի իր ձեռքը ձեր, ձեր աստուածների ու ձեր երկրի վրայից։ 6Ինչո՞ւ էք ձեր սրտերը կարծրացնում այնպէս, ինչպէս Եգիպտոսն ու փարաւոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Չէ՞ որ Աստուած նախ յաղթեց եգիպտացիներին եւ յետոյ միայն իսրայէլացիներին ազատ արձակեց, որ գնան։ Արդ, տախտակ վերցրէ՛ք եւ մի նոր սայլ պատրաստեցէ՛ք։ 7Բերէ՛ք անդրանկածին երկու երինջ, որոնք դեռ ձագ չեն բերել։ Երինջները սայլին լծեցէ՛ք, իսկ յետեւից եկող հորթերին գոմում փակեցէ՛ք։ 8Վերցրէ՛ք Տիրոջ տապանակը եւ այն դրէ՛ք սայլի վրայ, իսկ պատուհասի վերացման համար մատուցուող ոսկէ ընծաները դրէ՛ք քուրձէ տոպրակի մէջ, դրա կողքին։ 9Հրեցէ՛ք սայլը եւ թողէ՛ք, որ գնայ։ Հետեւեցէ՛ք եւ տեսէ՛ք. եթէ դէպի իր սահմանը՝ Բեթսամիւս է գնում, ուրեմն մեզ մեծամեծ չարիքներով պատժողը Տէրն է, իսկ եթէ՝ ոչ, իմացէ՛ք, որ Տիրոջ ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։ 10Այլազգիներն այդպէս էլ արեցին։ Նրանք բերեցին անդրանկածին երկու երինջ, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։ 11Սայլի վրայ դրեցին Տիրոջ տապանակը, քուրձէ տոպրակի մէջ դրուած մկների ու իրենց յետոյքների ոսկէ քանդակները։ 12Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ։ Այլազգիների իշխանները մինչեւ Բեթսամիւսի սահմանը գնում էին նրանց յետեւից։ 13Բեթսամիւսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Նրանք իրենց հայեացքը բարձրացնելով՝ տեսան Տիրոջ ուխտի տապանակը եւ նրա համար ուրախացան։ 14Սայլը մտաւ բեթսամիւսացի Օսէի դաշտը։ Այնտեղ՝ սայլի կանգնած տեղում, մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին, իսկ երինջները Տիրոջը ողջակէզ մատուցեցին։ 15Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ։ Բեթսամիւսացիները այդ օրը ողջակէզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։ 16Այլազգիների հինգ իշխանները այս բանը տեսնելուց յետոյ նոյն օրը վերադարձան Ակկարոն։ 17Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկէ քանդակներից մէկը Ազոտոսի համար էր, մէկը՝ Գազայի համար, մէկն՝ Ասկաղոնի, մէկը՝ Գէթի, մէկն էլ՝ Ակկարոնի համար, 18իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից հասնում էին մինչեւ փերեզացիների աւանները, մինչեւ այն քարը, որի վրայ դրեցին Տիրոջ ուխտի տապանակը, որը մինչեւ այսօր էլ կայ բեթսամիւսացի Օսէի դաշտում։ Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը։ 19Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել։ 20Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի տապանակը»։ 21Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»։
7 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը։ 2Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից։ 3Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. «Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէ՛ք օտար աստուածներն ու անտառները, ձեր հոգիները թող ենթարկուեն Տիրոջը, միայն նրա՛ն ծառայեցէք, եւ նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից»։ 4Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին։ 5Սամուէլն ասաց. «Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը»։ 6Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եւ Սամուէլը Մասեփաթում դատեց իսրայէլացիներին։ 7Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիներն այդ լուրը լսելով՝ վախեցան այլազգիներից։ 8Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. «Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի մեզ»։ 9Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը։ Սամուէլը դիմեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան։ 10Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, եւ նրանք շփոթուելով փախան իսրայէլացիների առջեւից։ 11Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։ 12Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար»՝ ասելով. «Մինչեւ այս վայրը Տէրը մեզ օգնեց»։ 13Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին։ Սամուէլի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրայ։ 14Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին, եւ Իսրայէլի սահմանները ազատուեցին այլազգիների ձեռքից։ Իսրայէլի ու ամորհացիների միջեւ խաղաղութիւն տիրեց։ 15Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին։ 16Նա ամէն տարի գնում էր Բեթէլ, Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն անում։ 17Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան շինեց։
8 Երբ Սամուէլը ծերացաւ, իր որդիներին Իսրայէլի դատաւորներ կարգեց։ 2Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Յովէլ, երկրորդի անունը՝ Աբիա։ 3Նրանք դատաւորներ էին Բերսաբէէում։ 4Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ, ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ իրաւունքը թիւրում։ 5Բոլոր իսրայէլացի տղամարդիկ հաւաքուեցին, եկան Սամուէլի մօտ՝ Արիմաթէմ, եւ ասացին նրան. 6«Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրայ մի թագաւոր դի՛ր, որ մեզ դատաւորութիւն անի, ինչպէս բոլոր ազգերի մօտ է»։ 7Այս բանը Սամուէլին դուր չեկաւ, քանզի ասել էին, թէ՝ «Մեզ թագաւոր տո՛ւր, որ մեզ համար դատաւորութիւն անի»։ 8Սամուէլն աղօթեց Տիրոջը, եւ Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թէ քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագաւորեմ իրենց վրայ։ 9Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրուանից մինչեւ այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստուածներ։ Եւ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նոյնը կ՚անեն քո նկատմամբ։ 10Արդ, դու լսի՛ր նրանց խօսքը, բայց նրանց տեղեակ պահի՛ր, բացատրի՛ր թագաւորի իրաւունքները, որ իշխելու է իրենց վրայ»։ 11Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագաւոր խնդրող ժողովրդին։ 12Նա ասաց. «Ձեզ վրայ իշխող թագաւորը հետեւեալ իրաւունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին եւ նրանց կառապաններ, հեծեալներ ու իր մարտակառքերի առջեւից վազող սուրհանդակներ պիտի դարձնի։ 13Նրանց իր հազարապետներն ու հարիւրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զէնքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։ 14Ձեր դուստրերին անուշահոտութիւն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, 15ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տայ։ 16Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանայ եւ տայ իր ներքինիներին եւ ծառաներին։ 17Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու աւանակները ձեզնից պիտի վերցուեն եւ իր համար տասանորդ պիտի լինեն։ 18Ձեր հօտերից նա տասանորդ պիտի ստանայ, եւ դուք նրա ծառաները պիտի դառնաք։ 19Այն ժամանակ դուք բողոքելու էք ձեր ընտրած թագաւորի դէմ, սակայն Տէրը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագաւոր ընտրեցիք»։ 20Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին եւ ասաց նրան. «Ո՛չ, թող մէկը թագաւորի մեզ վրայ։ 21Մենք եւս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագաւորը մեզ դատի, մեր առջեւից ընթանայ եւ մեզ պատերազմի առաջնորդի»։ 22Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները եւ դրանք յայտնեց Տիրոջը։ 23Տէրն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց եւ նրանց վրայ թագաւո՛ր դիր»։ Սամուէլն ասաց իսրայէլացիներին. «Թող ամէն ոք իր քաղաքը գնայ»։
9 Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝ Բեքորաթի ու ծոռը՝ Ափիայի, որ յեմինացի մի մարդ էր։ 2Նա Սաւուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ունէր։ Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով ցածր էին նրանից։ 3Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները։ Կիսն ասաց իր որդի Սաւուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք աւանակները փնտռելու»։ 4Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները, անցան յեմինացիների երկիրը՝ եւ չգտան։ 5Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանայ»։ 6Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է։ 7Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք»։ Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթէ գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, եւ մի աւելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։ 8Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը տայ մեր ճանապարհը»։ 9(Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. «Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ», որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում)։ 10Սաւուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։ 11Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը։ Մինչ նրանք բարձրանում էին դէպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել։ 12Նրանք հարցրին աղջիկներին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեր առջեւն է, սակայն շտապեցէ՛ք, նա միայն այսօրուայ համար է եկել քաղաք, որովհետեւ ժողովուրդն այսօր է Բամայում զոհ անում։ 13Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ նա չգայ, որովհետեւ նա օրհնում է զոհը, ու դրանից յետոյ հիւրերն ուտում են։ 14Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք»։ Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց։ 15Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մօտ, որ նրան Իսրայէլի իմ ժողովրդի վրայ իշխան օծես։ 16Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ հասաւ»։ 17Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. «Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ «Նա է ղեկավարելու իմ ժողովրդին»։ 18Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»։ 19Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կ՚ուտես, իսկ վաղը քեզ կ՚արձակեմ, եւ ամէն ինչ, որ սրտումդ կայ, կը պատմեմ քեզ։ 20Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են։ 21Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին»։ Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայէլի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի յեմինացու որդի եմ, եւ Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։ 22Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում։ 23Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես»։ 24Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով եւ այն դրեց Սաւուղի առջեւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայութիւն լինի ժողովրդի առաջ, եւ կրծի՛ր»։ Այդ օրը Սաւուղը Սամուէլի հետ կերաւ։ 25Նա Բամայից իջաւ քաղաք։ Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց։ 26Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սաւուղն իջաւ, եւ ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան։ 27Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եւ նա առաջ անցաւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. «Դու այսօր այստեղ կը մնաս, որ լսես Տիրոջ պատգամները»։
10 Սամուէլն առաւ իւղի սրուակն ու թափեց նրա գլխին։ Նա համբուրեց նրան եւ ասաց. «Մի՞թէ Տէրը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգութեան, իր իսրայէլացի ժողովրդի վրայ։ Դու կ՚իշխես Տիրոջ ժողովրդի վրայ եւ կը փրկես նրան իր շուրջը գտնուող թշնամիների ձեռքից։ 2Եւ թող այս նշան լինի, թէ Տէրն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց յետոյ երկու մարդ պիտի գտնես Ռաքէլի գերեզմանի մօտ, Բենիամինի լերան վրայ, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. «Գտնուեցին այն աւանակները, որ փնտռելու էիր գնում, իսկ հայրդ, աւանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. «Ի՞նչ անեմ իմ որդու համար»։ 3Երբ այնտեղից կը գնաս եւ կը հասնես մինչեւ Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կը հանդիպես, որոնք Աստծու մօտ՝ Բեթէլ են գնում։ Մէկը երեք ուլ է տանում, միւսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։ 4Քո առողջութիւնը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կը նուիրեն, եւ դու կ՚առնես նրանց ձեռքից։ 5Ապա կը հասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կայ։ Երբ քաղաք մտնես, կը հանդիպես Բամայից դուրս եկող մարգարէների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նուագողներ, իսկ իրենք մարգարէութիւն են անում։ 6Քո Տիրոջ հոգին կը շարժուի քեզ վրայ, դու էլ մարգարէութիւն կ՚անես նրանց հետ եւ ուրիշ մարդ կը դառնաս։ 7Երբ այս նշանները քեզ վրայ կատարուեն, ինչ որ ձեռքիցդ գայ, բոլորն էլ արա՛, քանզի Աստուած քեզ հետ է։ 8Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես։ Այնտեղ ես կը գամ քեզ մօտ, որպէսզի ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցեմ։ Եօթը օր կը սպասես, մինչեւ որ գամ քեզ մօտ եւ հաղորդեմ քեզ, թէ ինչ ես անելու»։ 9Երբ նա շուռ եկաւ, որ գնայ Սամուէլի մօտից, Աստուած նրան ուրիշ սիրտ տուեց, եւ նոյն օրը այդ բոլոր նշանները կատարուեցին։ 10Երբ նա մօտեցաւ բլրին, մարգարէների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրայ Աստծու հոգին շարժուեց, եւ նա նրանց մէջ մարգարէութիւն արեց։ 11Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թէ ինչպէս նա մարգարէների մէջ մարգարէութիւն է անում, մէկը միւսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թէ Սաւուղը եւս մարգարէների մէջ է»։ 12Նրանցից մէկը պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթէ ոչ՝ Կիսը»։ Այս առթիւ ասացուածք ստեղծուեց, թէ՝ «Սաւո՞ւղն էլ մարգարէների մէջ է»։ 13Մարգարէութիւն անելը վերջացնելուց յետոյ նա բարձրացաւ բլուրը։ 14Սաւուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել»։ Նրանք պատասխանեցին. «Աւանակները փնտռելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մօտ»։ 15Ազգականն ասաց Սաւուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց»։ 16Սաւուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ յայտնեց, որ աւանակները գտնուել են»։ Նա, սակայն, թագաւորութեան մասին Սամուէլի ասածները նրան չյայտնեց։ 17Սամուէլը ամբողջ ժողովրդին հաւաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայէլացիներին ասաց. 18«Այսպէս խօսեց Իսրայէլի Տէր Աստուածը եւ ասաց. «Ես եմ, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքայ փարաւոնի ու ձեզ ճնշող բոլոր թագաւորների ձեռքից, 19բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնուող ու ձեզ նեղութիւն պատճառող ժողովուրդներից։ Իսկ դուք ասացիք. «Ո՛չ, այդպէս չէ, մեզ վրայ թագաւո՛ր կարգիր»։ Արդ, կանգնեցէ՛ք Տիրոջ առջեւ ըստ ձեր իշխանութիւնների, ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր հազարեակների»։ 20Սամուէլն Իսրայէլի բոլոր ցեղերին իրար մօտ բերեց, եւ վիճակն ընկաւ Բենիամինի ցեղին։ 21Նա մօտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, եւ վիճակն ընկաւ Մատտարիի ազգատոհմին։ Նա մօտ բերեց Մատտարիի ազգատոհմին, եւ վիճակն ընկաւ Կիսի որդի Սաւուղին։ 22Նա փնտռեց նրան, բայց չգտաւ։ Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդեօ՞ք այդ մարդն էլի այստեղ կը գայ»։ Տէրն ասաց. «Ահաւասիկ նա թաքնուած է կարասիների միջեւ»։ 23Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ։ Բոլոր մարդիկ Սաւուղից մի գլխով ցածր էին։ 24Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկայ»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցէ՛ արքան»։ 25Սամուէլը ժողովրդին յայտնեց թագաւորի իրաւունքները, գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ։ Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, եւ ամէն մարդ գնաց իր տեղը։ 26Սաւուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զօրեղ մարդիկ, որոնց սրտերը Տէրը դրդել էր, որ լինեն Սաւուղի հետ։ 27Բայց կային նաեւ չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եւ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։
11 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկաւ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց։ Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Մեզ հետ դաշինք կնքի՛ր, եւ մենք կը ծառայենք քեզ»։ 2Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կը կնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանէք ձեր աջ աչքը։ Եւ ես դրանով ամբողջ Իսրայէլի վրայ նախատինք դրած կը լինեմ»։ 3Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ եօթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամաւորներ ուղարկենք Իսրայէլի բոլոր սահմանները, եւ եթէ մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կը լինենք»։ 4Պատգամաւորները եկան Գաբաա, Սաւուղի մօտ եւ այդ խօսքերը հաղորդեցին ժողովրդին։ 5Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղաւ։ Սաւուղն առաւօտեան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում»։ Նրան յայտնեցին յաբիսեցիների խօսքերը։ 6Երբ Սաւուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժուեց նրա վրայ, եւ նրա բարկութիւնը սաստիկ բորբոքուեց։ 7Նա մի զոյգ եզ առաւ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամաւորների միջոցով Իսրայէլի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով Սաւուղի եւ Սամուէլի յետեւից չգայ, այսպէս կը դառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկաւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի սիրտը, եւ նրանք մէկ մարդու պէս անվախ վրայ վազեցին։ 8Սաւուղը Բեզեկում զօրահաւաք արեց. Իսրայէլի բոլոր մարդիկ վեց հարիւր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ եօթանասուն հազար։ 9Նա ասաց եկած պատգամաւորներին. «Այսպէս կ՚ասէք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կը փրկուէք»։ Պատգամաւորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։ 10Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կը լինենք, եւ մեզ հետ վարուեցէք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ»։ 11Հետեւեալ օրը Սաւուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի։ Առաւօտեան նրանք մտան նրանց բանակի մէջ եւ ամոնացիներին կոտորեցին մինչեւ արեւի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպէս, որ նրանցից երկու հոգու իրար մօտ չէիր գտնի։ 12Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թէ Սաւուղը չի կարող թագաւորել մեզ վրայ, մեզ յանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց»։ 13Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանուելու, որովհետեւ Տէրն այսօր փրկութիւն պարգեւեց Իսրայէլին»։ 14Սամուէլը խօսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա եւ թագադրութեան տօնակատարութիւն անենք»։ 15Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա եւ այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջեւ Սամուէլը Սաւուղին թագաւոր օծեց։ Խաղաղութեան զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, եւ Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։
12 Սամուէլը բոլոր իսրայէլացիներին ասաց. «Ահա ես լսեցի այն ամէնը, ինչ դուք ինձ ասացիք, եւ ես ձեզ վրայ թագաւոր դրեցի։ 2Հիմա ձեզ թագաւորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պէտք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մէջ են։ Իմ վաղ հասակից մինչեւ այսօր ե՛ս ձեզ ղեկավարեցի։ 3Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, եւ դուք Տիրոջ ու նրա օծեալի ներկայութեամբ ասացէ՛ք, թէ ես ո՞ւմ եզն եմ խլել կամ աւանակը տարել, ձեզանից ո՞ւմ նկատմամբ եմ անիրաւութիւն գործել կամ որեւէ մէկին զրկել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել։ 4Պատասխան տուէ՛ք ինձ, որպէսզի ես հատուցեմ ձեզ»։ Սամուէլին ասացին. «Մեր դէմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես նեղել ու որեւէ մէկի ձեռքից ոչինչ չես խլել»։ 5Սամուէլն ասաց ժողովրդին. «Տէրը եւ նրա օծեալը այսօր թող վկայ լինեն իմ եւ ձեր միջեւ, որ իմ ձեռքում ոչինչ չէք գտել»։ Նրանք ասացին. «Թող վկայ լինի»։ 6Սամուէլը խօսեց ժողովրդի հետ եւ ասաց. «Թող վկայ լինի Մովսէսին ու Ահարոնին իր ծառաները դարձրած եւ մեր հայրերին Եգիպտոսից հանած Տէրը։ 7Արդ, առա՛ջ եկէք, որ ես ձեզ դատեմ Տիրոջ առաջ եւ պատմեմ ձեզ այն բոլոր բարերարութիւնները, որ Տէրն արել է ձեզ ու ձեր հայրերին։ 8Երբ Յակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, եւ եգիպտացիները ճնշեցին նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրն առաքեց Մովսէսին ու Ահարոնին, որոնք մեր հայրերին հանեցին Եգիպտոսից եւ բնակեցրին այս վայրերում։ 9Նրանք, սակայն, իրենց Տէր Աստծուն մոռացան, եւ նա նրանց մատնեց Ասորի արքայ Յաբինի զօրավար Սիսարայի, այլազգիների եւ Մովաբի թագաւորի ձեռքը, որոնք նրանց դէմ պատերազմ մղեցին։ 10Նրանք աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. «Մենք մեղանչել ենք, քանզի Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղիմներին ու անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, եւ քե՛զ կը ծառայենք»։ 11Տէրն առաքեց Յերոբովաղին, Բարակին, Յեփթայէին ու Սամփսոնին եւ ձեզ փրկեց շրջակայ թշնամիների ձեռքից, ու դուք բնակուեցիք ապահովութեան մէջ։ 12Երբ տեսաք, թէ Նաաս Ամոնացին յարձակուել է ձեր երկրի վրայ, ասացիք. «Այդպէս չէ, այլ մի թագաւոր պիտի իշխի մեզ վրայ, թէեւ մեր Տէր Աստուածն էր մեր թագաւորը»։ 13Արդ, ահաւասիկ այն թագաւորը, որին խնդրեցիք ու ընտրեցիք, Տէրը ձեզ թագաւոր տուեց։ 14Եթէ վախենաք Տիրոջից, ծառայէք նրան, հնազանդուէք նրան, չհակառակուէք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրայ իշխող թագաւորը գնաք Տիրոջ յետեւից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագաւորի դէմ չի լինի։ 15Իսկ եթէ չհնազանդուէք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր եւ ձեր թագաւորի դէմ կը լինի։ 16Արդ, սպասեցէ՛ք եւ տեսէ՛ք այն մեծագործութիւնները, որ Տէրը ձեր աչքերի առջեւ պիտի անի։ 17Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, եւ նա ձեզ որոտ ու անձրեւ պիտի տայ։ Դուք կ՚իմանաք ու կը տեսնէք, որ ձեզ համար թագաւոր խնդրելով՝ մեծ չարութիւն գործեցիք ձեր Տիրոջ հանդէպ»։ 18Սամուէլը Տիրոջն աղաղակեց, ու Տէրը նոյն օրը որոտ եւ անձրեւ ուղարկեց։ 19Ամբողջ ժողովուրդը սաստիկ վախեցաւ Տիրոջից ու Սամուէլից։ Բոլորն ասացին Սամուէլին. «Քո Տէր Աստծուն աղօ՛թք արա քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեզ համար թագաւոր ուզելով մեր գործած բոլոր մեղքերի վրայ այդ չարիքն էլ ենք աւելացրել»։ 20Սամուէլն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցէք, դուք թէեւ գործել էք այս բոլոր չարիքները, բայց Տիրոջ ճանապարհից մի՛ խոտորուէք եւ Տիրոջը ծառայեցէ՛ք ձեր ամբողջ հոգով։ 21Մի՛ գնացէք սուտ աստուածների յետեւից, որոնք ձեզ ոչ մի օգուտ չեն տայ եւ չեն փրկի, քանզի նրանք աստուածներ չեն։ 22Տէրն իր մեծ անուան պատուի համար իր ժողովրդին չի լքի, քանզի Տէրը բարեհաճութեամբ է ձեզ իր ժողովուրդը դարձրել։ 23Քաւ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դէմ՝ հրաժարուելով ձեզ համար աղօթելուց։ Ծառայեցէ՛ք Տիրոջը, եւ ես ձեզ ցոյց կը տամ բարի եւ ուղիղ ճանապարհը։ 24Երկի՛ւղ կրեցէք Տիրոջից եւ ձեր ամբողջ սրտով, ճշմարտութեամբ ծառայեցէ՛ք նրան, քանզի տեսաք, թէ մեզ համար ինչ մեծ գործեր արեց, 25իսկ եթէ չարագործութիւնը շարունակէք, թէ՛ դուք, թէ՛ ձեր թագաւորը կորստեան կը մատնուէք»։
13 Սաւուղը Իսրայէլում մէկ տարի թագաւորելուց յետոյ յաջորդ՝ երկրորդ տարում իսրայէլացիներից երեք հազարանոց զօրք հաւաքեց։ 2Երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթէլ լերան վրայ, իսկ հազարը՝ Յովնաթանի հետ, Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում։ Մնացած զինուորներին նա արձակեց, որ ամէն մէկը գնայ իր բնակութեան վայրը։ 3Յովնաթանը կոտորեց բլրի վրայ բնակուող այլազգի Նասիբին, եւ այլազգիներն այդ իմացան։ Սաւուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում եւ ասաց. «Ծառաներն արհամարհեցին մեզ»։ 4Բոլոր իսրայէլացիները լսելով այդ՝ ասացին. «Սաւուղը կոտորել է այլազգի Նասիբին, եւ Իսրայէլն ատելի է դարձել այլազգիներին»։ Եւ ժողովուրդը Սաւուղի յետեւից գնաց Գաղգաղա։ 5Այլազգիները եւս հաւաքուեցին պատերազմելու Իսրայէլի դէմ եւ յարձակուեցին Իսրայէլի վրայ երեսուն հազար մարտակառքերով ու վեց հազար հեծեալներով, իսկ զօրքն իր բազմութեամբ նման էր ծովեզրի աւազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում, Բեթորոնի դիմաց, դէպի հարաւ։ 6Իսրայէլացիները տեսնելով որ իրենց տեղը նեղ է, եւ չեն կարող մօտենալ նրանց, թաքնուեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում, 7իսկ ոմանք անցան Յորդանան գետն ու գնացին Գադի եւ Գաղաադի երկիրը։ Սաւուղը դեռ Գաղգաղայում էր, եւ ամբողջ ժողովուրդը դողում էր նրանից։ 8Նա եօթը օր սպասեց, ինչպէս նշանակել էր Սամուէլը, սակայն Սամուէլը Գաղգաղա չեկաւ, եւ մարդիկ սկսեցին նրան լքել։ 9Սաւուղն ասաց. «Մօ՛տ եկէք, որ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեմ»։ 10Եւ ինքը ողջակէզ մատուցեց։ Երբ ողջակէզ մատուցելը վերջացրեց, եկաւ Սամուէլը։ Սաւուղն ընդառաջ գնաց նրան դիմաւորելու եւ ողջունելու։ 11Սամուէլն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սաւուղն ասաց. «Երբ տեսայ, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, եւ դու չեկար քո նշանակած օրը, 12իսկ այլազգիները հաւաքուեցին Մաքմասում, մտածեցի, թէ այլազգիները հիմա կը գան իմ դէմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջեւ դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակուեցի եւ ողջակէզ մատուցեցի»։ 13Սամուէլն ասաց Սաւուղին. «Զուր տեղ ես արել, քանի որ չես պահել իմ պատուիրանը, որ Տէրն էր պատուիրել։ Տէրը քեզ Իսրայէլի վրայ ցմահ թագաւոր պիտի դարձնէր, 14բայց հիմա քո թագաւորութիւնը այլեւս չի շարունակուելու։ Տէրն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտռի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրայ պատուիրանով, քանզի դու չկատարեցիր այն, ինչ Տէրը պատուիրել էր քեզ»։ 15Սամուէլը վեր կացաւ եւ Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զօրքը միացաւ Սաւուղին, որ դիմադրի իրենց վրայ յարձակուող զինուորներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սաւուղը հաշուեց իր հետ գտնուող զինուորներին եւ տեսաւ, որ ինքն ունի մօտաւորապէս վեց հարիւր զինուոր։ 16Սաւուղը, նրա որդի Յովնաթանն ու նրա հետ եղած զօրքը հաստատուեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում։ 17Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ աւերածութիւն գործեն։ Մի գունդը դիմեց դէպի Օփիր տանող ճանապարհը, դէպի Սոգողի աղբիւրը, 18միւս գունդը՝ դէպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դէպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։ 19Ամբողջ Իսրայէլի երկրում մի դարբին չգտնուեց, քանզի այլազգիներն ասել էին. «Այնպէս անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»։ 20Բոլոր իսրայէլացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը եւ մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։ 21Այգեկութի ժամանակ էր, եւ ամէն մի գործիքի արժէքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի եւ մանգաղի գինը նոյնն էր։ 22Այնպէս պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սաւուղի եւ նրա որդի Յովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար։ Զէնք կար միայն Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մօտ։ 23Այլազգիների բանակից մի գունդ եկաւ, որ անցնի Մաքմասից այն կողմ, իսկ իր հօր համար վեր չհանեց։
14 Մի օր Սաւուղի որդի Յովնաթանն իր կապարճակրին ասաց. «Ե՛կ անցնենք այլազգիների կիրճից այն կողմ»։ 2Այդ մասին նա իր հօրը իմաց չտուեց։ Սաւուղը նստած էր բլրի գլխին, Մագդողի նռնենու տակ։ Նրա հետ եղած ժողովուրդը մօտ վեց հարիւր հոգի էր։ 3Եւ Աքիա անունով մէկը կար, որը Ղեւիի որդու Փենեէսի որդու Քաբիէլի եղբայր Աքիտոբի որդին էր։ Ղեւին Սելովում Աստծու քահանան էր, որը եփուդ էր կրում։ Ժողովուրդը չգիտէր, որ Յովնաթանը կիրճ է գնացել։ 4Յովնաթանը ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնւում էր կիրճի մէջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մէկը կոչւում էր Բազէս, իսկ միւսը՝ Սենարա։ 5Այս քարաժայռերից մէկը հիւսիսի կողմից Մաքմասի դիմաց էր ուղղուած, իսկ միւսը՝ հարաւային կողմից՝ դէպի Գաբայէ։ 6Յովնաթանն ասաց իր կապարճակիր ծառային. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերեւս Տէրը յօգուտ մեզ ինչ-որ բան անի, քանզի Տիրոջ համար խտրութիւն չկայ. նա կարող է շատ մարդկանցով էլ փրկութիւն պարգեւել, քչով էլ»։ 7Զինակիրն ասաց նրան. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ, ինչ քո սիրտն է ուզում, նոյնն էլ՝ իմ սիրտը»։ 8Յովնաթանն ասաց. «Ահաւասիկ մենք ուղղւում ենք այդ մարդկանց կողմը. մագլցելով կը գնանք նրանց մօտ։ 9Եթէ մեզ ասեն. «Այնտեղ կա՛նգ առէք, մինչեւ ձեզ կանչենք», ապա տեղում կը կանգնենք եւ նրանց չենք մօտենայ։ 10Բայց եթէ ասեն. «Մօտեցէ՛ք մեզ», այն ժամանակ կ՚ելնենք կը գնանք, քանզի պարզ կը լինի, որՏէրը նրանց մեր ձեռքն է մատնել։ Դա մեզ համար թող նշան լինի»։ 11Նրանք երկուսով մտան այլազգիների կիրճը։ Այլազգիներն ասացին. «Ահա եբրայեցիները ելնում են իրենց ծակերից, ուր թաքնուել էին»։ 12Կիրճերի պահապաններն ասացին Յովնաթանին ու կապարճակրին. «Մօտեցէ՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան յայտնենք»։ Յովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ յետեւից, քանզի Տէրը նրանց Իսրայէլի ձեռքն է մատնել»։ 13Յովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները յարձակուեցին Յովնաթանի վրայ, իսկ Յովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա յետեւից էր հարուածում նրանց։ 14Այս առաջին կոտորածի ժամանակ Յովնաթանն ու նրա կապարճակիրը մօտաւորապէս քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետուած դաշտերի քարերով։ 15Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մէջ սոսկում ընկաւ, հարուածող գունդը զարհուրեց եւ չէր ուզում շարժուել. երկիրը դղրդաց, եւ Տիրոջ ահն ընկաւ թշնամու սիրտը։ 16Սաւուղի դէտերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։ 17Սաւուղն իր հետ եղած զօրքին ասաց. «Ստուգեցէ՛ք ու տեսէ՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»։ Ստուգեցին եւ տեսան, որ Յովնաթանն ու նրա կապարճակիրը չկան։ 18Սաւուղն ասաց Աքիային. «Մօտեցրո՛ւ եփուդդ» (քանզի նա եփուդ էր կրում, եւ Աստծու տապանակն այդ օրը իսրայէլացիների մօտ էր)։ 19Մինչ Սաւուղը քահանայի հետ էր խօսում, այլազգիների բանակում աղաղակը գնալով աւելանում էր։ Սաւուղը քահանային ասաց. «Ձեռքդ յե՛տ քաշիր»։ 20Սաւուղն ու նրա հետ նաեւ ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դէմ, եւ մեծ աղմուկ առաջացաւ։ 21Եւ այն ծառաները, որոնք առաջ իսրայէլացիների հետ էին, բայց այլազգիների հետ բանակ էին եկել, շուռ եկան եւ միացան իսրայէլացիներին՝ Սաւուղին եւ Յովնաթանին։ 22Բոլոր իսրայէլացիները, որոնք թաքնուած էին Եփրեմի լերան վրայ, լսելով այլազգիների փախուստի մասին, խմբուեցին ու իրենք եւս նրանց դէմ պատերազմի մէջ մտան։ 23Այդ օրը Տէրը փրկեց Իսրայէլին, եւ պատերազմը հասաւ մինչեւ Բեթաւան։ 24Սաւուղի հետ եղած ամբողջ ժողովուրդը մօտաւորապէս տասը հազար էր։ Պատերազմը տարածուել էր Եփրեմի լերան բոլոր քաղաքներում։ Այդ օրը Սաւուղը անգիտութեամբ նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ, նախքան որ ես իմ թշնամիներից վրէժ լուծեմ, հաց կ՚ուտի»։ 25Եւ ժողովուրդը հաց չկերաւ, թէեւ ամբողջ երկիրը ճաշ էր ուտում։ 26Այնտեղ՝ դաշտի դիմաց, անտառ կար, ուր մեղու էին պահում։ Ժողովուրդը մտաւ մեղուանոցը։ Մարդիկ, անցնելով, քրթմնջում էին, բայց ոչ ոք ձեռքն իր բերանը չէր տանում, քանզի ժողովուրդը վախենում էր Տիրոջը տրուած երդումից։ 27Յովնաթանը չիմանալով, թէ իր հայրը երդուել էր տուել ժողովրդին, իր ձեռքի գաւազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորսխի մէջ, իր ձեռքով մեղրը տարաւ բերանը, եւ նրա աչքերը պայծառացան։ 28Զինուորներից մէկը նրան ասաց. «Քո հայրը խստագոյնս երդուեցրեց ժողովրդին՝ ասելով. «Անիծեալ լինի այն մարդը, որ մինչեւ երեկոյ հաց կ՚ուտի»։ 29Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։ Երբ Յովնաթանն այդ իմացաւ, ասաց. «Հայրս երկիրը կորստեան է մատնել. տեսէ՛ք, թէ ինչպէս իմ աչքերը լոյս ստացան, քանզի մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։ 30Եթէ ժողովուրդն այսօր կերած լինէր իր թշնամուց վերցրած աւարից, այլազգիներին մեծամեծ հարուածներ կը հասցնէր»։ 31Այդ օրը նա Մաքմասում կոտորեց այլազգիներին, իսկ ժողովուրդը սաստիկ յոգնել էր։ 32Մարդիկ ընկան աւարի վրայ, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրայ մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։ 33Սաւուղին յայտնեցին՝ ասելով, թէ՝ «Ժողովուրդը Տիրոջ դէմ մեղանչեց, քանզի արնաշաղախ միս կերաւ»։ Սաւուղն ասաց. «Գեթթամից սկսած արդէն անօրէն էիք դարձել։ Հիմա այստեղ մի մեծ քար բերէ՛ք գլորելով»։ 34Սաւուղն աւելացրեց. «Ժողովրդի մէջ ցրուեցէ՛ք եւ նրան ասացէ՛ք, որ ամէն մէկն իր արջառն ու ոչխարը այստեղ բերի, սրա վրայ մորթեցէ՛ք ու կերէ՛ք եւ արնաշաղախ միս ուտելով՝ Տիրոջ դէմ մեղանչած չէք լինի»։ Մարդիկ այն գիշեր իրենց մօտ եղածը բերեցին եւ այնտեղ մորթեցին։ 35Սաւուղն այդտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։ Սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։ 36Սաւուղն ասաց. «Գիշերը հետապնդենք այլազգիներին, մինչեւ լոյսը բացուելը կողոպտենք նրանց եւ նրանցից ոչ մի մարդ կենդանի չթողնենք»։ Նրան ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Քահանան ասաց. «Այստեղ մօտենանք Աստծուն»։ 37Սաւուղն Աստծուն հարցրեց. «Այլազգիներին հետապնդե՞նք, նրանց իսրայէլացիների ձեռքը կը մատնե՞ս»։ 38Տէրը այդ օրը պատասխան չտուեց նրան։ Սաւուղն ասաց. «Հաւաքեցէ՛ք այստեղ բոլոր իսրայէլացիներին, որ իմանանք ու տեսնենք, թէ այսօր ո՛ւմ մեղքով է յանցանք կատարուել, քանզի Իսրայէլին փրկող Տէրը կենդանի է։ 39Եթէ մեղքը նոյնիսկ իմ որդի Յովնաթանինն էլ լինի, նա մահապատժի կ՚ենթարկուի»։ 40Ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց։ Այն ժամանակ նա ասաց բոլոր իսրայէլացիներին. «Դուք ծառայութիւն կատարեցէ՛ք, իսկ ես ու իմ Յովնաթան որդին էլ ծառայութիւն կը կատարենք»։ Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ 41Սաւուղն ասաց. «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, ինչո՞ւ այսօր քո ծառային պատասխան չտուեցիր. եթէ անօրէնութիւնն այսօր կատարել եմ ես կամ կատարել է իմ Յովնաթան որդին, յայտնի՛ր, իսկ եթէ անօրէնութիւնը կատարուել է Իսրայէլի քո ժողովրդի մէջ, նրան քաւութի՛ւն պարգեւիր»։ Վիճակ գցեցին Յովնաթանի ու Սաւուղի վրայ, եւ ժողովուրդը անպարտ դուրս ելաւ։ 42Սաւուղն ասաց. «Վիճա՛կ գցեցէք իմ ու իմ Յովնաթան որդու վրայ, եւ ում վրայ որ Տէրը վիճակ հանի, մահապատժի թող ենթարկուի»։ Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Մի՛ արա այդ բանը»։ Սաւուղն ստիպեց ժողովրդին, եւ նրա ու նրա որդի Յովնաթանի վրայ վիճակ գցեցին։ 43Վիճակն ընկաւ Յովնաթանի վրայ։ Սաւուղն ասաց Յովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Յովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գաւազանի ծայրով մի քիչ մեղր կերայ եւ հիմա պիտի մեռնե՞մ»։ 44Սաւուղն ասաց նրան. «Աստուած այսպէս ու սրանից աւելին անի, եթէ դու այսօր մահապատժի չենթարկուես»։ 45Ժողովուրդն ասաց Սաւուղին. «Քաւ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկուի նա, ով Իսրայէլին այս մեծ փրկութիւնը պարգեւեց։ Կենդանի է Տէրը։ Նրա գլխի մէկ մազն անգամ գետին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եւ այդ օրը ժողովուրդը Յովնաթանի համար աղօթքով դիմեց Տիրոջը, եւ նա մահապատժի չենթարկուեց։ 46Սաւուղը դադարեց այլազգիներին հետապնդելուց, եւ այլազգիներն իրենց տեղը գնացին։ 47Սաւուղն սկսեց թագաւորել, եւ նա որպէս ժառանգութիւն ստացաւ Իսրայէլը։ Պատերազմեց իր շուրջը գտնուող բոլոր թշնամիների դէմ, մովաբացիների, ամոնացիների, եդոմացիների, բեթորացիների, Սուբայի թագաւորի եւ այլազգիների դէմ։ Որ կողմը որ դարձաւ, յաղթանակ տարաւ։ 48Նա մեծ քաջագործութիւններ արեց, յաղթեց ամաղէկացիներին եւ Իսրայէլը փրկեց այն ոտնակոխ անողների ձեռքից։ 49Սաւուղի որդիներն էին Յովնաթանը, Յեսսուրը եւ Մեղքիսաւէն, իսկ նրա երկու դուստրերի անուններն էին. մեծինը՝ Մերոբ, իսկ երկրորդի անունը՝ Մեղքող։ 50Նրա կինը Աքիմասի դուստր Աքինոամն էր։ Նրա զօրավարը Ների որդի Աբեններն էր, որը Սաւուղի ազգականի որդին էր։ 51Կիսը՝ Սաւուղի հայրը, եւ Ները՝ Աբենների հայրը, Աբիէլի որդի Յամինի որդիներն էին։ Նրանք բոլորը երեսունութ հոգի էին։ 52Սաւուղի ամբողջ իշխանութեան ընթացքում սաստիկ պատերազմ տեղի ունեցաւ այլազգիների դէմ, եւ Սաւուղն իր տեսած բոլոր զօրաւոր ու քաջ մարդկանց իր մօտ էր հաւաքում։
15 Սամուէլն ասաց Սաւուղին. «Ինձ Տէրն է առաքել, որ քեզ թագաւոր օծեմ իմ ժողովրդի՝ իսրայէլացիների վրայ։ 2Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում զօրութիւնների Տէրը. «Հիմա Իսրայէլի դէմ Ամաղէկի արածների համար վրէժ եմ լուծելու։ Նա փակեց իսրայէլացիների ճանապարհը, երբ նրանք Եգիպտոսից դուրս էին գալիս։ 3Արդ, գնա՛ եւ կոտորի՛ր ամաղէկացիներին ու յարիմացիներին եւ ոչնչացրո՛ւ այն ամէնը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպէտք է փրկուի։ Կը կոտորես նրանց ու կ՚ոչնչացնես բոլորին՝ տղամարդ լինի թէ կին, երեխայ լինի թէ կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու աւանակ»։ 4Սաւուղը հրաման տուեց ժողովրդին եւ հաշուառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարիւր հազարանոց հետեւակ զօրք կար, երեսուն հազարանոց հետեւակ զօրք էլ՝ Յուդայի երկրից։ 5Սաւուղը եկաւ մինչեւ Ամաղէկի քաղաքները եւ բանակը դարանամուտ եղաւ հեղեղատում։ 6Սաւուղն ասաց կինեցիներին. «Խո՛յս տուէք, հեռացէ՛ք ամաղէկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանզի Եգիպտոսից ելնելու ժամանակ բարեացակամ էիք եղել բոլոր իսրայէլացիների հանդէպ»։ 7Կինեցիները Ամաղէկի զօրքից հեռացան։ Սաւուղը Ամաղէկի զօրքին ջախջախեց Եւիլատայից մինչեւ Եգիպտոսի դիմաց գտնուող Սուր բնակավայրը։ 8Նա կենդանի բռնեց Ամաղէկի թագաւոր Ագագին, իսկ Յարիմի ամբողջ ազգատոհմը սրի քաշեցին։ 9Սաւուղը եւ ամբողջ ժողովուրդը, սակայն, կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների, արջառների հօտերը, պտղատու եւ խաղողի այգիները, ամէն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժէք ու անպէտք էր, բնաջնջեցին։ 10Տէրը խօսքն ուղղեց Սամուէլին՝ ասելով. «Զղջացել եմ, որ թագաւոր եմ օծել Սաւուղին, քանզի ինձնից շուռ է եկել եւ իմ խօսքերը չի պահել»։ 11Սամուէլը տրտմեց եւ ամբողջ գիշերն աղօթեց Տիրոջը։ 12Սամուէլն առաւօտ կանուխ զարթնեց ու գնաց իսրայէլացիներին դիմաւորելու։ Սամուէլին յայտնեցին՝ ասելով. «Սաւուղը եկել է Կարմեղոս, իր համար յուշարձան կանգնեցրել եւ մարտակառքերը յետ դարձնելով իջել է Գաղգաղա»։ 13Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, երբ նա Տիրոջը ողջակէզներ էր մատուցում Ամաղէկից բերած աւարի լաւագոյն մսից։ Երբ Սամուէլը եկաւ Սաւուղի մօտ, Սաւուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնեալ, կատարեցի այն, ինչ Տէրն ասել է»։ 14Սամուէլն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, եւ արջառների ձայնը, որ լսում եմ»։ 15Սաւուղն ասաց. «Ամաղէկի երկրից բերեցի, քանզի ժողովուրդը ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն քո Տէր Աստծուն, իսկ միւսները կոտորեցի»։ 16Սամուէլն ասաց Սաւուղին. «Լսի՛ր, քեզ յայտնեմ այն, ինչ այս գիշեր Տէրն ասաց ինձ»։ 17Նա ասաց նրան. «Խօսի՛ր»։ Եւ Սամուէլն ասաց Սաւուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայէլի ազգատոհմերի զօրավար դարձար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վրայ թագաւոր օծեց։ 18Տէրը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. «Գնա՛ եւ ինձ դէմ մեղանչած Ամաղէկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչեւ որ բնաջնջես նրանց»։ 19Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ աւարի վրայ ընկնելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջեւ»։ 20Սաւուղն ասաց Սամուէլին. «Ես անսացի ժողովրդի ձայնին եւ գնացի այն ճանապարհով, որով Տէրն էր առաքել ինձ. Ամաղէկի թագաւոր Ագագին գերեցի, իսկ Ամաղէկի ժողովրդին կոտորեցի։ 21Ժողովուրդն այդ աւարից առաւ ընտիր ոչխարների հօտեր ու արջառներ, որպէսզի Գաղգաղայում մորթելով՝ Տէր Աստծու համար զոհեր մատուցեն»։ 22Սամուէլն ասաց. «Միթէ Տիրոջ համար աւելի հաճելի՞ են ողջակէզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդութիւնն աւելի լաւ է, քան ընտիր զոհը, եւ անսալն աւելի լաւ է, քան խոյերի ճարպը։ 23Կախարդութիւն անելը մեղք է, եւ կուռքերը միայն ցաւ ու տառապանք են պատճառում։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խօսքը, Տէրն էլ քեզ պիտի մերժի իբրեւ Իսրայէլի թագաւոր»։ 24Սաւուղն ասաց Սամուէլին. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ եւ քո խօսքերը։ 25Վախեցայ ժողովրդից եւ նրա ձայնին անսացի։ Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հետ վերադարձի՛ր, որ քո Տէր Աստծո՛ւն երկրպագեմ»։ 26Սամուէլն ասաց Սաւուղին. «Ես քեզ հետ չեմ վերադառնայ, քանզի արհամարհեցիր Տիրոջ խօսքը, եւ Տէրը քեզ մերժեց իբրեւ Իսրայէլի թագաւոր»։ 27Սամուէլը երեսը դարձրեց, որ գնայ, բայց Սաւուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։ 28Սամուէլն ասաց նրան. «Տէրն այսօր քո վրայից վերցրեց Իսրայէլի թագաւորութիւնը եւ այն տալու է քեզանից լաւ ընկերոջդ։ 29Իսրայէլը երկու մասի է բաժանուելու, եւ Տէրն իր խօսքից յետ չի դառնալու ու չի զղջալու, քանզի նա մարդ չէ, որ զղջայ։ 30Նա սպառնացող է»։ Սաւուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու իսրայէլացիների առաջ ինձ պատուի՛ր, վերադարձի՛ր ինձ հետ, եւ ես կ՚երկրպագեմ քո Տէր Աստծուն»։ 31Սամուէլը Սաւուղի մօտ վերադարձաւ, եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արեց։ 32Սամուէլն ասաց. «Ինձ մօ՛տ բերէք Ամաղէկի թագաւոր Ագագին»։ Ագագը դողալով մօտեցաւ եւ ասաց. «Մի՞թէ այսպէս դառն է մահը»։ 33Սամուէլն ասաց Ագագին. «Ինչպէս որ քո սուրը կանանց որդեկորոյս դարձրեց, նոյն ձեւով էլ որդեկորոյս կը լինի քո մայրը կանանց մէջ»։ Սամուէլն Ագագին սպանեց Տիրոջ առջեւ Գաղգաղայում։ 34Սամուէլը գնաց Արիմաթէմ, իսկ Սաւուղը ելաւ գնաց Գաբաա, իր տունը։ 35Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլեւս չտեսաւ Սաւուղին, քանզի Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում։ Եւ Տէրը զղջացել էր, որ Սաւուղին թագաւոր էր օծել Իսրայէլի վրայ։
16 Տէրն ասաց Սամուէլին. «Մինչեւ ե՞րբ պէտք է սգաս Սաւուղին, ես նրան զրկել եմ Իսրայէլի վրայ թագաւորելուց։ Քո եղջիւրը իւղով լցրո՛ւ, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհէմ, Յեսսէի մօտ, քանզի նրա որդիներից մէկին եմ թագաւոր ընտրել»։ 2Սամուէլն ասաց. «Ինչպէ՞ս երթամ։ Սաւուղը կը լսի, եւ ինձ կը սպանի»։ Տէրն ասաց. «Դու քեզ հետ մի երինջ վերցրո՛ւ եւ ասա՛, թէ Տիրոջը զոհելու համար եմ եկել։ 3Եւ Յեսսէին հրաւիրի՛ր զոհաբերութիւն անելու ու ինչ որ պիտի անես, ես կ՚ասեմ։ Դու կ՚օծես նրա՛ն, որին քեզ կ՚ասեմ»։ 4Սամուէլն արեց այն, ինչ Տէրն ասել էր, ու եկաւ Բեթղեհէմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմաւորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը թող խաղաղութեամբ լինի, ո՜վ տեսանող»։ 5Նա ասաց. «Խաղաղութեամբ է, Տիրոջը զոհաբերութիւն անելու եմ եկել։ Մաքրուեցէ՛ք ու ինձ հետ ուրա՛խ եղէք այսօր»։ Նա Յեսսէին ու նրա որդիներին մաքրեց եւ զոհաբերութեան հրաւիրեց նրանց։ 6Երբ նրանք մտնում էին, նա Եղիաբին տեսնելով՝ ասաց. «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»։ 7Տէրը, սակայն, ասաց Սամուէլին. «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»։ 8Յեսսէն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուէլի առջեւից։ Սամուէլն ասաց. «Տէրը սրան չի ընտրել»։ 9Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց Սամաային, եւ Սամուէլն ասաց. «Ոչ էլ սրան է ընտրել Տէրը»։ 10Յեսսէն Սամուէլի առջեւից անցկացրեց իր եօթը որդիներին էլ, բայց Սամուէլն ասաց Յեսսէին. 11«Տէրը դրանցից որեւէ մէկին չի ընտրել»։ Սամուէլը Յեսսէին ասաց. «Այսքա՞ն են քո որդիները»։ Յեսսէն ասաց. «Մի փոքրիկ տղայ էլ ունեմ, որ ոչխար է արածեցնում»։ Սամուէլն ասաց Յեսսէին. «Մարդ ուղարկի՛ր ու բերել տո՛ւր նրան, քանզի մենք սեղան չենք նստի, մինչեւ նա այստեղ չգայ»։ 12Յեսսէն մարդ ուղարկեց ու բերել տուեց նրան։ Նա խարտեաշ էր, սիրուն աչքերով ու Տիրոջ համար գեղանի տեսքով։ 13Տէրն ասաց Սամուէլին. «Վե՛ր կաց, օծի՛ր Դաւթին, քանզի նա լաւ է»։ Սամուէլը իւղով լի եղջիւրն առաւ եւ իր եղբայրների մէջ օծեց նրան։ Այդ օրուանից եւ յետոյ Տիրոջ հոգին շարժուեց Դաւթի վրայ։ Սամուէլը վեր կացաւ ու գնաց Արիմաթէմ։ 14Տիրոջ հոգին վերացաւ Սաւուղից, եւ Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի նեղում էր նրան։ 15Ծառաներն ասացին նրան. «Ահա Տիրոջ կողմից առաքուած մի չար ոգի խեղդում է քեզ։ 16Թող քո առաջ կանգնած ծառաներդ խօսեն եւ խնդրեն մեր Տիրոջը, որ գտնեն մի մարդու, որ գիտի նուագել, եւ հէնց որ Աստծուց ուղարկուած չար ոգին քեզ վրայ հասնի, նա քնար նուագելով կ՚երգի, դա քեզ հաճելի կը լինի եւ կը հանգստացնի քեզ»։ 17Սաւուղն իր ծառաներին ասաց. «Գտէ՛ք մի մարդ, որ լաւ է նուագում, եւ նրան բերէ՛ք ինձ մօտ»։ 18Ծառաներից մէկն ասաց. «Ես տեսել եմ Բեթղեհէմացի Յեսսէի տղային, որ գիտի սաղմոս ասել, շնորհալի մարդ է ու պատերազմիկ, իմաստուն ու ճարտասան, գեղեցիկ տեսքով։ Եւ Տէրը նրա հետ է»։ 19Սաւուղը պատգամաւորներ ուղարկելով Յեսսէի մօտ՝ ասաց. «Ինձ մօ՛տ ուղարկիր քո որդի Դաւթին՝ քո հօտի պահապանին»։ 20Յեսսէն առաւ մի արդու հաց, մի տիկ գինի ու մի ուլ եւ իր որդի Դաւթի հետ ուղարկեց Սաւուղին։ 21Դաւիթն եկաւ Սաւուղի մօտ ու կանգնեց նրա առջեւ։ Սաւուղը նրան շատ սիրեց, եւ նա նրա կապարճակիրը դարձաւ։ 22Սաւուղը Յեսսէին լուր ուղարկեց՝ ասելով. «Դաւիթը թող ինձ մօտ մնայ, քանզի իմ առաջ նա շնորհ գտաւ»։ 23Եւ երբ չար ոգին իջնում էր Սաւուղի վրայ, Դաւիթը առնում էր քնարը եւ նուագում իր ձեռքով, հանգստացնում էր Սաւուղին։ Սաւուղը հանգստանում էր, եւ չար ոգին նրանից հեռանում էր։
17 Այլազգիներն իրենց զօրքը հաւաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հաւաքուեցին Հրէաստանի Սոկքով վայրում եւ բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջեւ։ 2Սաւուղն ու իսրայէլացիները նոյնպէս համախմբուեցին հովիտներում եւ պատերազմի ճակատ կազմեցին այլազգիների դէմ։ 3Այլազգիները լերան այն կողմում էին, իսկ իսրայէլացիները լերան այս կողմում էին. նրանց միջեւ հովիտ կար։ 4Այլազգիների ճակատից գէթցի մի զօրեղ մարդ դուրս եկաւ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրութիւնը վեց կանգուն եւ մէկ թիզ էր, 5գլխին սաղաւարտ կար, հագել էր պղնձից ու երկաթից լանջապանակ, մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։ 6Նրա ազդրերին պղնձէ սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձէ վահան։ 7Նրա գեղարդի բունը նման էր ոստայնանկների գլանի, իսկ նրա երկաթէ տէգը վեց հարիւր սիկղ էր կշռում։ Նրա զինակիրն իր առջեւից էր ընթանում։ 8Նա եկաւ կանգնեց, ձայն տուեց իսրայէլացիների բանակին՝ ասելով. «Ինչո՞ւ էք մեր դէմ ելել պատերազմելու։ Չէ՞ որ ես այլազգի եմ, իսկ դուք՝ եբրայեցիներդ, Սաւուղի ստրուկներ։ Ձեր միջից ընտրեցէ՛ք մի մարդ, որ իմ դէմ ելնի։ 9Եթէ նա կարողանայ կռուել իմ դէմ եւ ինձ սպանել, մենք ձեզ ծառայ կը լինենք, իսկ եթէ ես յաղթեմ ու սպանեմ նրան, դո՛ւք մեզ ծառայ կը լինէք ու մեզ կը ծառայէք»։ 10Այլազգին աւելացրեց. «Ահաւասիկ ես այսօր Իսրայէլի զօրքը խայտառակելու եմ։ Մի մարդ տուէ՛ք, եւ ես ու նա երկուսով մենամարտենք»։ 11Երբ Սաւուղն ու բոլոր իսրայէլացիները լսեցին այլազգու խօսքերը, ահաբեկուեցին, շատ վախեցան։ 12Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից եփրաթացի մի մարդ կար, նրա անունը Յեսսէ էր։ Նա մի որդի ունէր։ Յեսսէն ութ որդի ունէր։ Սաւուղի օրօք նա ծերութեան հասած մարդ էր։ 13Յեսսէի երեք աւագ որդիները Սաւուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ եւ երրորդինը՝ Սամաա։ 14Դաւիթը կրտսերն էր, իսկ երեք աւագ որդիները գնացել էին Սաւուղի հետ։ 15Դաւիթը Սաւուղի մօտից վերադարձաւ, որ Բեթղեհէմում գտնուող իր ոչխարներն արածեցնի։ 16Այն այլազգին քառասուն օր, առաւօտ կանուխ ու երեկոյեան, գալիս արձանացած կանգնում էր իսրայէլացիների առաջ։ 17Յեսսէն ասաց իր որդի Դաւթին. Այս մէկ արդու խարկած ցորենը եւ տասը նկանակը ա՛ռ ու շտապի՛ր բանակ, տո՛ւր քո եղբայրներին։ Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ 18Նաեւ իմացի՛ր, թէ եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, եւ հարցրո՛ւ, թէ որեւէ բանի պէտք ունե՞ն»։ 19Սաւուղը եւ բոլոր իսրայէլացիները Կաղնու հովտում էին հաւաքուել, որ այլազգիների դէմ պատերազմեն։ 20Դաւիթը վաղ առաւօտեան վեր կացաւ եւ ոչխարներին թողնելով հովիւներին՝ այդ բաներն առաւ ու գնաց, ինչպէս Յեսսէն էր հրամայել իրեն։ Երբ հասաւ տափարակ տեղը, զօրքերն արդէն շարուել էին՝ ճակատ կազմելու եւ պատերազմի աղաղակներ էին արձակում։ 21Իսրայէլացիները եւ այլազգիները միմեանց դէմ էին կանգնել ճակատ առ ճակատ։ 22Դաւիթն իր բերածները յանձնեց բանակի մթերապահին եւ վազեց դէպի զօրքը ու հետաքրքրուեց իր եղբայրների առողջութեամբ։ 23Մինչ նա խօսում էր, այլազգիների ճակատից դուրս եկաւ յամինացի այն փղշտացին, որի անունն էր Գողիաթ։ Նա գէթացի էր։ Նա կրկնեց նոյն խօսքերը, եւ Դաւիթը լսեց դրանք։ 24Բոլոր իսրայէլացիներն այդ մարդուն տեսնելով՝ նրա առաջից փախան եւ սաստիկ վախեցան։ 25Իսրայէլացիներն ասացին. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայէլին խայտառակելու է դուրս եկել։ Ով որ սպանի նրան, արքան մեծ հարստութեամբ կը լիացնի նրան, իր աղջկան նրան կնութեան կը տայ եւ նրա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ կը դարձնի»։ 26Դաւիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կ՚անեն այն մարդուն, որ այլազգուն կը սպանի եւ Իսրայէլի նախատինքը կը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զօրքին վիրաւորանք է հասցնում»։ 27Եւ ժողովուրդը նոյն խօսքերը կրկնելով՝ նրան ասաց. «Այսպէս ու այսպէս կը լինի այն մարդը, որ կը սպանի նրան»։ 28Երբ նրա աւագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրոյցը այդ մարդկանց հետ, Դաւթի վրայ խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես յանձնել այն փոքրաթիւ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտութիւնը եւ սրտի չարութիւնը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։ 29Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել, բան էր՝ ասացինք»։ 30Եւ նրանից հեռանալով՝ նոյն հարցը տուեց, եւ մարդիկ նոյն խօսքերով պատասխան տուեցին։ 31Դաւթի խօսակցութիւնը յայտնի դարձաւ, եւ երբ այդ մասին պատմեցին Սաւուղին, նա նրան կանչել տուեց իր մօտ։ 32Դաւիթն ասաց Սաւուղին. «Գողիաթի պատճառով իմ տիրոջ սիրտը թող չկոտրուի։ 33Քո ծառան կը գնայ ու կը մենամարտի այդ այլազգու դէմ»։ Սաւուղն ասաց Դաւթին. «Գուցէ չկարողանաս գնալ կռուել այլազգու դէմ, քանզի պատանի ես, իսկ նա մանկութիւնից ի վեր պատերազմող մարդ է եղել»։ 34Դաւիթն ասաց Սաւուղին. «Քո ծառան իր հօր ոչխարներն էր արածեցնում, եւ երբ առիւծ կամ արջ էր գալիս եւ հօտից ոչխար էր տանում, 35ես նրան հետապնդում էի, զարկում եւ կորզում ոչխարը նրա երախից։ Իսկ եթէ ինձ վրայ էր յարձակւում, բռնում էի նրա կոկորդից, հարուածում ու սպանում նրան։ 36Քո ծառան առիւծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նոյն կերպ կը վարուեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան եւ այսօր եւեթ վերացնեմ Իսրայէլի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զօրքն է նախատել»։ 37Դաւիթն ասաց. «Եթէ Տէր Աստուած ինձ փրկել է առիւծի ու արջի ճանկերից, ինձ կը փրկի նաեւ այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ 38Սաւուղն ասաց. «Գնա՛, Տէրը քեզ հետ թող լինի»։ Սաւուղը Դաւթի ուսերին գցեց իր թիկնոցը, գլխին դրեց պղնձէ սաղաւարտը եւ հագցրեց իր զրահները։ 39Դաւիթը նրա սուրը կապեց թիկնոցի վրայից եւ գնալ-գալիս մէկ երկու անգամ սայթաքեց։ Դաւիթը Սաւուղին ասաց. «Սրանցով չեմ կարող քայլել, որովհետեւ սովոր չեմ». եւ զրահը հանեցին նրա վրայից։ 40Նա ձեռքն առաւ ցուպը եւ հեղեղատից հինգ ողորկ քարեր ընտրելով՝ դրեց իր հովուական տոպրակի մէջ, որի մէջ սովոր էր քարեր հաւաքել։ Նա պարսատիկն իր ձեռքն առնելով՝ գնաց դէպի այլազգին։ 41Այլազգին նոյնպէս եկաւ ու մօտեցաւ Դաւթին։ 42Նրա վահանակիրն իր առջեւից էր գնում։ Երբ այլազգին նայեց ու տեսաւ Դաւթին, արհամարհեց նրան, քանզի նա խարտեաշ ու գեղեցիկ աչքերով մի պատանեակ էր։ 43Այլազգին ասաց Դաւթին. «Ինչպէ՞ս թէ, մի՞թէ ես շուն եմ, որ ցուպով ու քարերով ես գալիս ինձ վրայ»։ Դաւիթն ասաց. «Դու շնից էլ վատթար ես»։ Եւ այլազգին իր աստուածներով նզովելով Դաւթին՝ ասաց նրան. 44«Ե՛կ ինձ մօտ, եւ ես քո մարմինը կը տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին»։ 45Դաւիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրայ ես յարձակւում սրով, գեղարդով եւ վահանով, իսկ ես քեզ վրայ եմ յարձակւում Իսրայէլի զօրքի զօրութիւնների Տիրոջ անունով, Իսրայէլի, որին դու այսօր նախատեցիր։ 46Տէրը քեզ այսօր իմ ձեռքը կը մատնի, ես կը սպանեմ քեզ, քո գլուխը կը կտրեմ, քո լէշն ու այլազգիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կը տամ։ Ամբողջ երկիրը կ՚իմանայ, թէ Աստուած գոյութիւն ունի Իսրայէլի մէջ, 47այս ամբողջ բազմութիւնը կ՚իմանայ, թէ Տէրը սրով ու գեղարդով չէ, որ փրկում է, քանզի սա Տիրոջ պատերազմն է, եւ Տէրը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։ 48Վեր կացաւ այլազգին ու եկաւ մօտեցաւ Դաւթին, իսկ Դաւիթն շտապեց եւ այլազգու դէմ ճակատելու գնաց։ 49Դաւիթը ձեռքը մտցրեց տոպրակի մէջ, այնտեղից մի քար առաւ ու այն պարսատիկով նետելով՝ հարուածեց այլազգու ճակատին։ Քարը սաղաւարտը ծակելով մտաւ ճակատի մէջ, եւ Գողիաթը երեսնիվայր գետին ընկաւ։ 50Այսպիսով Դաւիթը պարսատիկով ու քարով յաղթեց այլազգուն, հարուածեց ու սպանեց նրան։ 51Դաւթի ձեռքին, սակայն, սուր չկար, ուստի Դաւիթը վազեց, կանգնեց այլազգու վրայ, բռնեց նրա սուրը, բռնելով քաշեց հանեց պատեանից, սպանեց ու գլխատեց նրան։ 52Երբ այլազգիները տեսան, թէ իրենց հզօր մարդը մեռաւ, փախան։ Իսրայէլացիների ու Յուդայի երկրի մարդիկ վեր կենալով՝ աղաղակեցին, յարձակուեցին ու հետապնդեցին նրանց մինչեւ Գէթի մուտքը եւ Ակկարոնի դարպասները։ Վիրաւոր այլազգիներն ընկան ճանապարհների վրայ մինչեւ Գէթի ու Ակկարոնի դարպասները։ 53Իսրայէլացիները այլազգիներին հալածելուց յետոյ վերադարձան ու կողոպտեցին նրանց բանակատեղին։ 54Դաւիթը վերցրեց այլազգու գլուխը եւ այն բերեց Երուսաղէմ, իսկ նրա զէնքերը բերեց իր վրանը։ 55Երբ Սաւուղը տեսաւ այլազգու դէմ յարձակուած Դաւթին, ասաց զօրքի հրամանատար Աբեններին. «Աբեննե՛ր, ո՞ւմ որդին է այս պատանեակը»։ 56Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛յ, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ եւ իմացի՛ր, թէ ո՞ւմ որդին է այդ պատանեակը»։ 57Երբ Դաւիթը վերադարձաւ այլազգուն սպանելուց յետոյ, Աբենները նրան տարաւ Սաւուղի մօտ։ Այլազգու գլուխը Դաւթի ձեռքին էր։ 58Սաւուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դաւիթն ասաց. «Քո ծառայ Յեսսէ Բեթղեհէմացու որդին եմ»։
18 Երբ Դաւիթը Սաւուղի հետ խօսակցութիւնը վերջացրեց, Յովնաթանը հոգով կապուեց Դաւթին։ 2Յովնաթանը նրան իր անձի պէս սիրեց։ Նոյն օրը Սաւուղն իր մօտ վերցրեց նրան ու չթողեց, որ նա վերադառնայ իր հօր տունը։ 3Յովնաթանը Դաւթի հետ ուխտ դրեց, քանզի Յովնաթանը նրան իր անձի պէս էր սիրում։ 4Յովնաթանն իր թիկնոցը հանեց ու տուեց Դաւթին, նաեւ իր զինուորական համազգեստը, նոյնիսկ իր սուրը, աղեղն ու գօտին։ 5Դաւիթը գնում էր ամէն տեղ, ուր Սաւուղն ուղարկում էր նրան, եւ նա գնալով իմաստուն էր դառնում։ Սաւուղը նրան պատերազմիկների առաջնորդ կարգեց, եւ նա ամբողջ ժողովրդի, ինչպէս նաեւ Սաւուղի ծառաների աչքին հաճելի դարձաւ։ 6Երբ նրանք պատերազմից գալիս էին, եւ Դաւիթը այլազգուն սպանելուց յետոյ վերադառնում էր, Իսրայէլի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմաւորեցին Դաւթին, թմբուկներով, ուրախութեան բացականչութիւններով ու ծնծղաներով ընդառաջ եկան Սաւուղ արքային։ 7Պարող կանայք երգելով ասում էին. «Սաւուղը հազար, իսկ Դաւիթը բազմահազար մարդկանց սպանեց»։ 8Սաւուղը զայրացաւ այդ խօսքերի համար եւ ասաց. «Բազմահազարը Դաւթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է պակասում բացի թագաւորութիւնից»։ 9Այն օրից Սաւուղը ծուռ աչքով էր նայում Դաւթին։ 10Հետեւեալ օրը Աստծուց ուղարկուած չար ոգին պատեց Սաւուղին, եւ սա ցնորամիտ դարձաւ իր տան մէջ։ Դաւիթն, ինչպէս միշտ, իր ձեռքով քնար էր նուագում, իսկ Սաւուղի ձեռքին գեղարդ կար։ 11Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարուածեմ ու Դաւթին պատին գամեմ»։ Սաւուղը նետեց գեղարդը, բայց Դաւիթը երկու անգամ նրանից խոյս տուեց։ 12Սաւուղը Դաւթի ներկայութիւնից վախենում էր, որովհետեւ Տէրը նրա հետ էր, իսկ Սաւուղից հեռացել էր։ 13Սաւուղը նրան հազարապետ կարգելով՝ իր մօտից հեռացրեց, եւ Դաւիթը