Եզեկիէլ
1 Բուզիի որդի Եզեկիէլ քահանայի տեսիլքը, որ նա տեսաւ քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին։ 2Երեսուներորդ տարում, չորրորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես Քոբար գետի ափին գերեվարուածների մէջ էի։ Երկինքը բացուեց, եւ ես Աստծուն տեսայ մի տեսիլքի մէջ։ 3Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր։ 4Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին։ 5Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ։ Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում։ Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ։ 6Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին։ 7Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ։ 8Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից։ Նրանց թեւերն արագաշարժ էին։ 9Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանց երեսները չորսն էին։ Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց։ 10Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։ 11Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը։ 12Նրանց չորսի թեւերը տարածուած էին վերեւից. իւրաքանչիւր երկուսն իրար էին կցուած ու վերեւից զոյգ-զոյգ ծածկում էին նրանց մարմինները։ 13Եւ իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում. դէպի ո՛ր կողմը որ հողմը փչում էր՝ նրանք այն կողմն էին գնում եւ ընթանալիս յետ շուռ չէին գալիս։ 14Կենդանի էակների մէջ բորբոքուած հրի պէս մի պատկեր կար, ասես շարժուող լապտերների պատկեր լինէր. կրակի լոյս կար, եւ այն կրակից փայլատակումներ էին սփռւում։ 15Եւ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթեւ պտտւում էին, արեգակի պէս։ 16Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին։ 17Թէ՛ չորսի տեսքը, թէ՛ նրանց պատկերն ու կառուցուածքը այնպէս էին, որ կարծես թէ անուի մէջ անիւ էր պտտւում։ 18Նրանք իրենց դէմքերի չորս ուղղութեամբ էլ ընթանում էին ու յետ շուռ չէին գալիս։ Բարձր էին։ 19Նայում էի նրանց ու տեսնում, որ նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով։ 20Կենդանի էակներն ընթանալիս՝ անիւներն էլ նրանց հետ էին գնում, իսկ երբ երկրից բարձրանում էին, անիւներն էլ էին բարձրանում։ 21Դէպի ո՛ր կողմը որ գնում էին ամպն ու հողմը՝ կենդանի էակներն էլ էին ընթանում, եւ անիւները նրանց հետ բարձրանում էին, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար։ 22Երբ նրանք ընթանում էին, անիւներն էլ էին գնում, կանգնելիս կանգ առնում, երբ երկրից նրանք բարձրանում էին, անիւներն էլ էին նրանց հետ բարձրանում, որովհետեւ այն անիւների մէջ կենդանի ոգի կար։ 23Եւ կենդանի էակների գլխավերեւում երկնակամարի նման մի բան կար, որ բիւրեղի տեսք ունէր ու վերեւից տարածւում էր նրանց թեւերի վրայ։ 24Իսկ երկնակամարի ներքեւում նրանց թեւերը պարզուած սաւառնում էին իրար հետ. իւրաքանչիւրը երկուական թեւ, որ ծածկում էր իրենց մարմինները։ 25Երբ նրանք սաւառնում էին, լսում էի նրանց թեւերի ձայնը, ինչպէս յորդ ջրերի ձայն, ինչպէս Սադայ Աստծու ձայնը։ Իսկ երբ շարժւում էին, լսւում էր նրանց խօսքը, ինչպէս բանակի ձայնը։ Երբ նրանք կանգ էին առնում, թեւերն էլ դադար էին առնում։ 26Եւ ահա, երբ նրանք կանգ էին առնում ու իրենց թեւերը բարձրացնում, նրանց գլխավերեւի երկնակամարից մի ձայն էր լսւում։ 27Նրանց գլխավերեւի երկնակամարից է՛լ աւելի վեր կար գահի պէս մի բան, որ շափիւղայ ակի էր նմանւում, իսկ գահի վրայ՝ մարդու կերպարանքով մի բան։ 28Այդ կերպարանքի մէջ բազմագոյն ակի պէս մի պատկեր էի տեսնում, նրանից աւելի ներքեւ՝ շուրջանակի կրակի պատկեր, մէջքից վեր՝ արեգակի նմանութեամբ, իսկ մէջքից ներքեւ՝ կրակի։ Եւ լոյսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ունէր ծիածանի տեսք, որ անձրեւային օրերին ամպերի մէջ է ձգւում։ 29Եւ այսպէս նրա շուրջը լոյսի ահագին մի տեսիլք կար։
2 Այս տեսիլքը նման էր Տիրոջ փառքին։ Երբ այն տեսայ՝ երեսս ի վայր ընկայ եւ լսեցի մի ձայն, որ խօսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր, խօսելու եմ հետդ»։ 2Եւ Հոգին եկաւ վրաս, բարձրացրեց ինձ ու կանգնեցրեց ոտքերիս վրայ։ 3Ու լսում էի, որ նա խօսում էր հետս ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ այդ դառնացուցիչ Իսրայէլի տունը. նրանք իրենք եւ նրանց հայրերը դառնացրել են ինձ, անարգել են ինձ մինչեւ այսօր։ 4Ում մօտ որ ես քեզ ուղարկում եմ՝ պնդերես ու խստասիրտ որդիներ են. կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը»։ 5Եթէ պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնողների տուն են) եւ կամ ամբողջովին ընդունեն, որ դու նրանց մարգարէն ես, - 6դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ զայրանալով պիտի զայրանան ու քեզ վրայ պիտի յարձակուեն, քանի որ կարիճների մէջ բնակուելիս պիտի լինես դու։ Նրանց խօսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետեւ դառնացնողների տուն են։ 7Նրանց իմ խօսքերը կ՚ասես. արդեօք պիտի լինի՞, որ լսեն կամ սարսափեն, քանի որ դառնացնողների տուն են, - 8դու էլ, մարդո՛ւ որդի, անսա՛ այն խօսքերին, որ ասում եմ քեզ. դառնացնողների տան պէս դառնացնող մի՛ լինի, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ իբրեւ կերակուր տալիս եմ քեզ»։ 9Եւ տեսայ, որ ահա մի ձեռք էր երկարել դէպի ինձ ու դրա մէջ մի մագաղաթ կար։ Բացեց այն իմ առաջ, ու դրա վրայ, ներքեւում ու վերեւում, գրուած էին ողբեր, աղաղակներ ու վայեր։
3 Եւ ասում էր ինձ. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մէջ գտնես՝ կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մագաղաթը եւ գնա՛ ու խօսի՛ր իսրայէլացիների հետ»։ 2Բաց արեց բերանս ու իբրեւ կերակուր դրեց այդ մագաղաթը եւ ասաց ինձ. 3«Մարդո՛ւ որդի, բերանդ թող ուտի, ու որովայնդ լցուի այդ մագաղաթով, որ քեզ տրուեց»։ Կերայ այն, եւ բերանիս մեղրի քաղցրութիւն տուեց։ 4Եւ ասաց ինձ.«Մարդո՛ւ որդի, դու գնա՛ ու մտի՛ր Իսրայէլի տուն. նրանց մօտ իմ պատգամները պիտի հաղորդես, 5որովհետեւ դու խրթնախօս եւ ծանրալեզու մի ժողովրդի մօտ չէ, որ ուղարկւում ես, այլ Իսրայէլի տուն, 6ո՛չ բազում օտար կամ այլալեզու ժողովուրդների մօտ, ո՛չ էլ խրթին լեզու ունեցողների, որոնց խօսքը չես էլ լսում։ Եթէ այդպիսիների մօտ էլ ուղարկէի քեզ, նրա՛նք անգամ պիտի լսէին քեզ։ 7Սակայն Իսրայէլի տունը պիտի չուզի քեզ լսել, որովհետեւ չի ուզում ինձ անսալ. ամբողջ Իսրայէլի ցեղը հակառակորդներ ու խստասիրտներ են։ 8Եւ ահա ես քո դէմքը կարծրացրել եմ նրանց դէմ. քո յաղթանակն էլ պիտի զօրացնեմ ընդդէմ նրանց հակառակութեան։ 9Եւ քո յաղթանակն ամէն ժամ վէմի պէս հաստատուն պիտի լինի։ Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են»։ 10Եւ Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր խօսքերը, որ ասացի քեզ, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մէ՛ջ պահիր։ 11Եւ գնա՛ ու մտի՛ր քո ժողովրդի գերեալ զաւակների մէջ։ Նրանց հետ կը խօսես ու կ՚ասես. «Այսպէս է ասում Տէր Աստուածը», լսեն նրանք, թէ չլսեն»։ 12Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»։ 13Ու տեսայ, որ դա ձայնն էր միմեանց հետ սաւառնող կենդանի էակների թեւերի, ձայնը նրանց հետ պտտուող անիւների եւ ձայնը շարժման։ 14Տիրոջ Հոգին բարձրացրեց, բարձրացրեց ինձ, ու համբառնալով գնում էի՝ հետեւելով իմ հոգու մղումին։ 15Տիրոջ ձեռքն ինձ վրայ զօրաւոր եղաւ։ Վերացած՝ մտայ գերեալների մէջ ու շրջեցի Քոբար գետի բնակիչների մօտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով եօթը օր նստեցի նրանց մէջ։ 16Եօթը օր յետոյ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 17«Մարդո՛ւ որդի, ես քեզ դէտ կարգեցի Իսրայէլի այդ տանը. դու ինձնից պատգամներ ես լսելու եւ իմ անունից սպառնալու ես նրանց։ 18Երբ անօրէնին ասեմ՝ ստոյգ պիտի մեռնես, դու այլեւս չես զգուշացնելու նրան, ոչ էլ ասելու ես անօրէնին, որ զգուշանայ, յետ դառնայ իր չար ճանապարհից ու ապրի։ Այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, եւ նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 19Իսկ եթէ դու անօրէնին զգուշացնես, ու նա յետ չդառնայ իր անօրէնութիւնից եւ իր ճանապարհից, - այդ անօրէնն իր անօրէնութեան մէջ է մեռնելու, իսկ դու քեզ փրկելու ես։ 20Եւ երբ արդարն էլ իր արդար գործերից շեղուի ու յանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ եմ բերելու. ինքը մեռնելու է, որովհետեւ նրա կատարած արդար գործերը չեն յիշուելու։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արիւնը քեզնից եմ պահանջելու։ 21Ապա եթէ դու զգուշացնես արդարին, որ նա մեղք չգործի, արդարն ապրելով պիտի ապրի, որովհետեւ զգուշացրել ես նրան. դու էլ քեզ պիտի փրկես»։ 22Այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրայ հանգչեց, ու նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, դու էլ այն դաշտը ելի՛ր, այնտեղ քեզ հետ խօսելու եմ»։ 23Վեր կացայ ելայ այն դաշտը։ Ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպէս այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին։ Երեսս ի վայր ընկայ։ 24Եւ Հոգին եկաւ վրաս ու ինձ ոտքերիս վրայ կանգնեցրեց։ Խօսեց հետս ու ասաց. 25«Մտի՛ր ու փակուի՛ր քո տանը։ Մարդո՛ւ որդի, ահա քեզ վրայ կապանքներ են դրուած, ու քեզ դեռ կապելու են դրանցով. եւ դու դուրս չես գալու դրանց միջից։ 26Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար յանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետեւ նրանք դառնացնողների տուն են։ 27Ու երբ հետդ խօսեմ, բաց եմ անելու քո բերանը, եւ դու ասելու ես նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը»։ Ով որ լսելու է, թող լսի, իսկ ով որ արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնողների տուն են»։
4 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղի՛ւս առ, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրայ կը նկարես Երուսաղէմ քաղաքը, 2շուրջը կը հաստատես նրա պաշարումը։ Նրա շուրջը մարտական աշտարակներ կը շինես, կը շրջապատես պատնէշներով, շուրջը բանակներ կը կանգնեցնես ու նետաձիգներ կը դնես չորս կողմը։ 3Քեզ համար երկաթէ մի վահան կ՚առնես եւ այն, իբրեւ երկաթէ պարիսպ, կը կանգնեցնես քո ու քաղաքի միջեւ։ Դէմքդ էլ կ՚ուղղես դէպի այն, կը պաշարես այն, ու սա պաշարման մէջ կը լինի։ Իսրայէլի զաւակների նշանն է դա։ 4Դու կը ննջես քո ձախ կողքի վրայ ու Իսրայէլի տան անիրաւութիւններն էլ կը դնես վրադ, ըստ այն օրերի թուի, որ ննջելու ես դրա վրայ. հարիւր իննսուն օր կը կրես նրանց անիրաւութիւնները։ 5Ես քեզ եմ տուել նրանց երկու անիրաւութիւնները, օրերի թուով՝ հարիւր իննսուն օր։ Եւ դու կը կրես Իսրայէլի տան անիրաւութիւնները, 6կ՚ամբողջացնես բոլորը միասին։ Դարձեալ կը ննջես, աջ կողքիդ վրայ, եւ Յուդայի տան անիրաւութիւնները կը կրես քառասուն օր. իւրաքանչիւր տարուայ դիմաց մէկ օր եմ սահմանել քեզ։ 7Դէմքդ կ՚ուղղես դէպի Երուսաղէմի պաշարումը, կը զօրացնես բազուկներդ եւ նրա վրայ մարգարէութիւններ կ՚անես։ 8Իսկ ես ահա քեզ վրայ կապանքներ եմ դրել, ու դու մի կողքիցդ միւսին չես դառնալու, մինչեւ չվերջանան արգելափակմանդ օրերը։ 9Իսկ դու քեզ համար ցորեն ու գարի ա՛ռ, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցէ մի ամանի մէջ եւ քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրայ քո քնելու օրերի թուի՝ հարիւր իննսուն օր կ՚ուտես այն։ 10Կերակուրդ կշռով կ՚ուտես. օրը քսան սիկղ որոշուած ժամերին կ՚ուտես դրանից։ 11Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես։ 12Կերակուրդ գարուց պատրաստուած նկանակի ձեւով կ՚ուտես. մարդկանց կղկղանքի վրայ կ՚եփես այն, նրանց աչքի առաջ։ 13Ու կ՚ասես. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. իսրայէլացիներն այսպէս են ուտելու իրենց հացը՝ իրենց պղծութեամբ, այն այլազգիների մէջ, ուր ցրելու եմ նրանց»։ 14Եւ ես ասում եմ. «Քա՛ւ լիցի, Իսրայէլի Տէ՛ր Աստուած, եթէ հոգիս երբեւէ ապականուի պղծութիւնների մէջ. ես մեռելոտի կամ գազանից յօշոտուած անասունի միս ծննդիցս ի վեր մինչեւ այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որեւէ պիղծ միս չի մտել»։ 15Եւ ասաց ինձ. «Ահա քեզ մարդու կղկղանքի փոխարէն արջառի քակոր եմ տուել. դրա վրայ կ՚եփես հացդ»։ 16Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա ես վերացնում եմ Երուսաղէմում հացի պաշարը. թող հացը կշռով ու կարօտով ուտեն, ջուրն էլ չափով ու կարօտութեամբ խմեն, 17որպէսզի կարօտ մնան հացի ու ջրի։ Ու թող կործանուեն մարդն ու իր եղբայրը, հալումաշ լինեն իրենց անիրաւութիւնների մէջ»։
5 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, յեսանով սրուած սուսեր ա՛ռ՝ վարսավիրների ածելուց աւելի սուր, ձե՛ռքդ առ այն, քաշի՛ր գլխիդ ու մօրուքիդ վրայով, ապա կշեռքն ա՛ռ ու կշռի՛ր այդ մազերը։ 2Մազի մէկ չորրորդ մասը հրով կ՚այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես կը փռես քաղաքի շուրջը, իսկ մէկ չորրորդ մասն էլ քամուն կը տաս. ես սուր կը քաշեմ դրանց յետեւից։ 3Դրանցից մի փոքր մաս կ՚առնես, կը ծրարես ու կը դնես թիկնոցիդ մէջ։ 4Դրանցից էլի կը վերցնես կը գցես կրակի մէջ, կ՚այրես դրանք կրակի մէջ, եւ այնտեղից կրակ դուրս կը գայ։ 5Ու կ՚ասես բոլոր իսրայէլացիներին. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այս այն Երուսաղէմն է, որ դրել եմ հեթանոսների եւ նրանց շուրջը գտնուող երկրների մէջ։ 6Քանի որ իմ դրած կանոնները փոխեցին հեթանոսների անիրաւութեան հետ, իմ հրամանները՝ իրենց շուրջը գտնուող երկրների օրէնքների հետ, մերժեցին իմ օրէնքներն ու իմ օրէնքներով չշարժուեցին, - 7դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Քանի որ պատճառները գալիս են այն ազգերից, որոնք ձեր շուրջն են, եւ դուք իմ օրէնքներով չշարժուեցիք, իմ դրած կանոնները չկատարեցիք, չգործեցիք նաեւ ըստ ձեր շուրջը գտնուող հեթանոսների օրէնքների, - 8ուստի Ամենակալ Տէրն այսպէս է ասում. ահա ես ձեզ դէմ եմ ու ձեր դատաստանը պիտի անեմ ազգերի առաջ 9եւ ձեր պղծութիւնների պատճառով ձեզ պիտի անեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլեւս դրա պէս ոչինչ չեմ անելու։ 10Դրա համար, Երուսաղէ՛մ, քո մէջ հայրերը պիտի ուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Քո դատաստանն եմ անելու եւ չորս հողմերին եմ ցրելու քո բոլոր մնացորդներին։ 11Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի կուռքերով ու պիղծ պաշտամունքներով, - ես մերժելու եմ ձեզ, աչքս էլ ձեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ ձեզ։ 12Ձեր մէկ չորրորդ մասը համաճարակից է սպառուելու, քո մէջ մէկ չորրորդ մասը սովից է մեռնելու, միւս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մէկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից է ընկնելու. սուր եմ քաշելու նրանց յետեւից։ 13Եւ այսպէս նրանց վրայ իմ բարկութիւնը յագուրդ է ստանալու, ու ես մխիթարուելու եմ։ Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէրս, խօսեցի իմ վրէժխնդրութեամբ՝ յագուրդ տալու համար իրենց վրայ իմ բարկութեան։ 14Երուսաղէ՛մ, ես քեզ անապատի եմ վերածելու, քեզ դարձնելու եմ քո շուրջը գտնուող հեթանոսների նախատինքի առարկան, քո շուրջը եղող գիւղերն էլ աւերակների եմ վերածելու բոլոր անցորդների աչքերի առաջ, 15եւ դուք ողբալի ու եղկելի էք լինելու, ծաղր ու ցուցանք՝ ձեր շուրջը եղող ազգերի մէջ, երբ ես սրտմտութեամբ ու վրէժխնդրութեան ցասումով ձեզ հետ դատաստան տեսնեմ։ 16Ես՝ Տէրս եմ ասում սա. երբ ես սովի չար նետերս արձակեմ ձեզ վրայ՝ կ՚ոչնչանաք։ Դրանք կ՚արձակեմ ձեզ վրայ, սով կը բերեմ ձեր գլխին, կը վերացնեմ ձեր հացի պաշարը, 17ձեր դէմ սով ու վայրի գազաններ կ՚ուղարկեմ եւ կը պատժեմ ձեզ. մահն ու արիւնը կ՚անցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածութիւն կ՚անեմ, որովհետեւ ես՝ Տէրս եմ ասում դա»։
6 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Իսրայէլի այդ լեռները, մարգարէութի՛ւն արա դրանց վրայ եւ ասա՛. 3«Իսրայէլի՛ լեռներ, լսեցէ՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. ՚ Ահա սուր եմ քաշում ձեզ վրայ, ու ոչնչանալու են ձեր բարձրադիր սրբավայրերը, 4կործանուելու են ձեր խորանները, խորտակուելու են ձեր մեհեանները. ու գետին եմ փռելու ձեր սպանուածներին ձեր կուռքերի առաջ։ 5Ձեր կուռքերի առաջ վիրաւոր դիաթաւալ եմ անելու իսրայէլացիներիդ ու ձեր ոսկորները փռելու եմ ձեր խորանների շուրջը, 6ձեր բոլոր բնակավայրերում։ Քաղաքներն աւերուելու են, բարձրադիր սրբավայրերը՝ ոչնչանալու, որպէսզի ջնջուեն ու պակասեն ձեր խորանները, խորտակուեն ու վերջ գտնեն ձեր կուռքերը, վերանան ձեր մեհեանները, ջնջուեն ձեր ձեռքերի գործերը, 7ու ձեր մէջ սպանուածներ ընկնեն։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 8Սակայն ազգերի մէջ ձեզանից սրից ազատուածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։ 9Ու ազգերի մէջ, ո՛ւր էլ որ գերուած լինեն նրանք, ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ, որ երդուեցի վրէժխնդիր լինել շնացած ու իմ դէմ ապստամբած նրանց սրտին, պոռնկացած աչքերին՝ նրանց չար վարքի համար։ Նրանք պիտի ծեծեն իրենց երեսները այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում, իրենց ողջ կեանքի ընթացքում։ 10Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, եւ իզուր չէ որ ասել եմ, թէ այս բոլոր չարիքները նրանց հատուցելո՛ւ եմ»։ 11Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայէլի տան գարշելի գործերի ու չարիքների համար, որովհետեւ սրից, համաճարակից ու սովից են ընկնելու։ 12Ով որ հեռու է՝ համաճարակից է մեռնելու, իսկ ով մօտ է՝ սրից է ընկնելու. մնացածն ու պաշարուածը սովից են մեռնելու։ Այսպիսով ես յագուրդ եմ տալու բարկութեանս։ 13Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ ձեր սպանուածներն ընկնեն ձեր կուռքերի առաջ, ձեր խորանների շուրջը, բոլոր բլուրների ու լեռների գագաթների վրայ, ինչպէս նաեւ բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստատուն կաղնիների տակ գտնուող կռատներում, ուր խունկ էիք ծխում ձեր բոլոր կուռքերին։ 14Ես ձեռքս իջեցնելու եմ բոլորի վրայ եւ երկիրը մատնելու եմ կործանման ու ոչնչացման, Դեբլաթի անապատից մինչեւ ձեր բոլոր բնակավայրերը։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»։
7 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, կ՚ասես. 2այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Իսրայէլացիների երկրիդ վախճանը հասել է, վախճան է հասել երկրիդ չորս կողմերին էլ. 3ահա հասել է քո վախճանը։ Բարկութիւնս ուղարկելու եմ քեզ վրայ ու քո բռնած ճանապարհին համապատասխան՝ վրէժ եմ լուծելու քեզնից, հատուցել եմ տալու քեզ՝ քո բոլոր գարշելի արարքների համար։ 4Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ քո վարքին համապատասխան հատուցել եմ տալու քեզ, եւ քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը»։ 5Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա մի չարիք, մի չարիք է վրայ հասել. 6եկել է վախճանը, թեւածում է քեզ վրայ։ 7Ահա տագնապն է համակել քեզ, դու որ բնակուել ես այդ երկրում։ Հասել է ժամանակը, մօտեցել՝ օրը, սակայն ոչ իրարանցումով, ոչ երկունքով։ 8Այլ այժմ, շուտով թափելու եմ քեզ վրայ զայրոյթս, ի կատար եմ ածելու սրտմտութիւնս, դատաստան եմ տեսնելու քեզ հետ՝ ըստ քո բռնած ճանապարհի, հաշիւ եմ պահանջելու քո բոլոր պիղծ պաշտամունքների համար։ 9Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, ու քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը, որ հարուածում եմ քեզ։ 10Ահա եւ Տիրոջ օրը. ահա հասել է վերջը։ Եկել է տագնապը, դալարել է գաւազանը. գլուխ է բարձրացրել ամբարտաւանութիւնը։ 11Խորտակելու եմ անօրէնի չարութիւնը, սակայն ոչ իրարանցումով ու փութով։ Նրանց խելքը գլուխներին չէ, ոչ էլ գեղեցկութիւն կայ նրանց մէջ։ 12Հասել է ժամանակը, ահա եկել է օրը։ Գնողը թող չուրախանայ, ոչ էլ վաճառողը ողբայ, որովհետեւ Իսրայէլի ամբողջ բազմութեան վրայ բարկութիւնն է տիրում։ 13Ով որ գնելու է, վաճառողին այլեւս չի դառնալու, ոչ էլ նրանք կենդանի կեանքով են ապրելու, որովհետեւ այս տեսիլքը նրանց ողջ բազմութեանը չի վերադառնալու, եւ ոչ մի մարդ իր կեանքի յոյսի մէջ չի հաստատուելու։ 14Փող զարկեցիք ու ամէն ինչ պատրաստեցիք։ Սակայն ոչ ոք չի լինելու, որ պատերազմի գնայ, որովհետեւ բարկութիւնս իջել է Իսրայէլի բազմութեան վրայ»։ 15«Սրով պատերազմը՝ դրսից, սովն ու համաճարակը՝ ներսից։ Ովքեր դրսում են լինելու՝ սրով են վերջ գտնելու, իսկ ովքեր քաղաքում՝ սովից ու համաճարակից են մեռնելու։ 16Բայց դրանցից փրկուելու են միայն նրանք, որ փրկուելու էին, ու լեռների վրայ աղաւնիների պէս անձանձրոյթ պիտի մնչեն-հեծեծեն։ Բոլորին էլ կոտորելու եմ, իւրաքանչիւրին՝ ըստ իր անիրաւութեան։ 17Ամէն ձեռք թուլանալու է, ամէն երանք՝ խոնաւութեամբ ապականուելու։ 18Քուրձեր են առնելու իրենց վրայ. մղձաւանջներ են համակելու նրանց։ Ամէն երեսի վրայ ամօթ պիտի լինի, ամէն գլուխ՝ սափրուած։ 19Նրանց արծաթն ընկած է մնալու հրապարակներում, իսկ ոսկին արհամարհուելու է։ Տիրոջ բարկութեան օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու փրկել նրանց։ Նրանց հոգիները չեն յագենալու, ոչ էլ որովայնները՝ լցուելու են, որովհետեւ տանջանքները նրանց են տրուել անիրաւութիւնների պատճառով։ 20Ընտիր-ընտիր զարդեր են դրել՝ գոռոզութեամբ, եւ դրանցից սարքել են գարշելի պաշտամունքի կուռքեր։ Դրա համար էլ պղծութեան առարկայ եմ դարձնելու դրանք 21ու մատնելու եմ դրանք օտարների ձեռքը՝ յափշտակելու, չարագործների ձեռքը՝ աւարի ենթարկելու։ 22Եւ պղծելու են դրանք։ Երեսս շուռ եմ տալու նրանցից։ Պղծելու են իմ սրբարանը, անխտիր մտնելու են այնտեղ, պղծելու են այն, խառնակութիւն են անելու, 23որովհետեւ երկիրը լցուել է նրանց արիւնալի դատաստաններով, քաղաքներն էլ լի են անօրէնութիւններով։ 24Չար ազգեր եմ բերելու, եւ սրանք ժառանգելու են նրանց տները։ Ջախջախելու եմ բռնութիւն գործած նրանց ամբարտաւանութիւնը։ Պղծուելու են նրանց սրբավայրերը։ 25Քաւութեան զոհ մատուցելով՝ խաղաղութիւն են փնտռելու, բայց չեն գտնելու։ 26Դժբախտութիւնը դժբախտութեան վրայ է գումարուելու, գոյժը՝ գոյժի։ Մարգարէների մօտ տեսիլքներ են փնտռելու, քահանայի մօտ՝ ցանկալի օրէնքներ, ծերերի մօտ՝ խորհուրդներ, բայց չեն գտնելու։ 27Սգալու է թագաւորը, վիշտ է կրելու իշխանը, թուլանալու են երկրի ժողովրդի ձեռքերը. ըստ նրանց բռնած ճանապարհի վարուելու եմ նրանց հետ եւ ըստ նրանց չարիքների պատժելու եմ նրանց։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»։
8 Վեցերորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ հինգերորդ օրը, ես նստած էի իմ տանը, Յուդայի երկրի տան աւագներն էլ նստած էին իմ առաջ։ Ամենակալ Տիրոջ ձեռքը հանգչեց վրաս, 2ու տեսնում էի մարդու նման մի կերպարանք, մէջքից ներքեւ՝ կրակ, մէջքից վեր՝ ասես օդի մէջ տեսիլք, ասես երփներանգ ակ։ 3Ձեռքի պէս մի բան պարզեց գցեց իմ գլխի գագաթին. Հոգին բարձրացրեց ինձ երկնքի ու երկրի միջեւ, տարաւ ինձ Երուսաղէմ՝ Աստծու տեսութեան, ու կանգնեցրեց Տիրոջ տան ներքին նախադռան մօտ, որ դէպի հիւսիս է նայում, եւ ուր գտնւում էր նախանձ գրգռող կուռքը։ 4Այնտեղ էր եւ Իսրայէլի Աստծու փառքը, ճիշտ այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտում։ 5Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, նայի՛ր աչքերովդ դէպի հիւսիս»։ Աչքերս բարձրացրի դէպի հիւսիս, եւ ահա հիւսիսային կողմում, խորանի դռան վերեւում, մուտքի մօտ, որ դէպի արեւելք էր նայում, կար նախանձի կուռքը։ 6Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ ի՛նչ մեծ անօրէնութիւններ է գործում այստեղ Իսրայէլի այդ տունը, որպէսզի հեռանամ իմ սրբավայրերից։ Սրանցից է՛լ աւելի մեծ անօրէնութիւններ դարձեալ կը տեսնես»։ 7Եւ ինձ տարաւ գաւթի դռների առաջ. ահա պատի մէջ մի ծակ տեսայ։ 8Եւ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այդ պատը»։ Փորեցի պատը։ Եւ ահա մի դուռ։ 9Ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մտի՛ր, տե՛ս անօրէնութիւններն ու չարիքները, որ դրանք այստեղ գործում են»։ 10Մտայ ու տեսայ ամէն տեսակ սողուն ու անասուն, սնոտի գարշանքներ։ Տեսայ եւ դրանց շուրջը քանդակուած՝ Իսրայէլի տան բոլոր կուռքերը։ 11Իսրայէլի տան նախնիներից եօթանասուն տղամարդիկ, որոնց մէջ էր նաեւ Սափանի որդի Յեզոնիան, որ կանգնած էր նրանց առջեւ։ Իւրաքանչիւրի ձեռքում՝ բուրվառ։ Խնկի ծուխն էլ ամպի պէս բարձրանում դիզւում էր։ 12Եւ Տէրն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թէ Իսրայէլի այդ տան նախնիներն ինչե՛ր են անում այստեղ, խաւարի մէջ, իւրաքանչիւրն իր ծածուկ սենեակում։ Նրանք ասում են, թէ Տէրը լքել է երկիրը, չի նայում երկրին»։ 13Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»։ 14Ու ինձ տարաւ Տիրոջ տան դռան առաջ, որ դէպի հիւսիս է նայում։ Ահա այնտեղ նստած էին կանայք ու ողբում էին Թամուզին։ 15Եւ ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այդ, մարդո՛ւ որդի. բայց դեռ սրանից է՛լ աւելի մեծ չարագործութիւններ կը տեսնես»։ 16Եւ ինձ մտցրեց Տիրոջ տան ներքնասրահը։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերեւում, խորանի ու պատշգամբի միջեւ, կային մօտաւորապէս քսանհինգ մարդիկ, որոնք թիկունքները շուռ էին տուել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դէպի արեւելք ու երկրպագում էին արեւին։ 17Նա ասաց ինձ. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թէ փոքր բան է Իսրայէլի այդ տան անօրէնութիւնը, որ դրանք այստեղ գործում են, որպէսզի այդ երկիրը լցուի անօրէնութիւններով, ու դրանք բարկացնեն ինձ։ Ահա որթատունկի ճիւղն էլ քաշում են որպէս արհամարհանքի նշան։ 18Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»։
9 Նա ականջիս բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Մօտեցել է այդ քաղաքը պատժելու ժամը»։ Ամէն մարդ սպանութեան գործիք ունէր ձեռքին։ 2Ահա վեց մարդ էր գալիս դէպի հիւսիս նայող բարձր դռան ճանապարհով՝ իւրաքանչիւրի ձեռքին տապար։ Դրանց մէջ էր նաեւ սքեմով մի մարդ՝ մէջքին շափիւղաներով ականակապ գօտի։ Մտան կանգնեցին պղնձէ զոհասեղանի առաջ։ 3Եւ Իսրայէլի Աստծու փառքը, որ տաճարում էր, քերովբէներից վեր օդ բարձրացաւ։ Կանչեց այն մարդուն, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր։ 4Տէրն ասաց նրան. «Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրերում կատարուած անօրէնութիւնների վրայ»։ 5Միւսներին էլ ինձ լսելի ձեւով ասաց. «Նրա յետեւից քաղա՛ք գնացէք ու կոտորեցէ՛ք։ 6Գթասիրտ աչքով մի՛ նայէք. մի՛ խղճաք ծերին ու մանկան, կոյսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորեցէ՛ք-ջնջեցէ՛ք։ Բայց ում վրայ որ նշան կայ՝ չմօտենա՛ք։ Սկսեցէ՛ք իմ սրբարանից»։ Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։ 7Եւ ասաց նրանց. «Պի՛ղծ համարեցէք այդ տունը, լցրէ՛ք այդ տունը դիակներով, ելէ՛ք, հարուածեցէ՛ք, կոտորեցէ՛ք այդ քաղաքը»։ 8Եւ ես նայեցի ու տեսայ, որ կոտորում էին նրանց։ Երեսս ի վայր ընկայ, աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տէր. ահա դու ջնջում ես Իսրայէլի այդ տան մնացորդներին՝ քո զայրոյթը Երուսաղէմի վրայ թափելով»։ 9Եւ Տէրն ասաց ինձ. «Իսրայէլի ու Յուդայի երկրի այդ տան անիրաւութիւնները սաստիկ շատացան, որովհետեւ այդ երկիրը լցուեց ժողովուրդների բազմութեամբ, այդ քաղաքն էլ՝ անօրէնութեամբ ու պղծութեամբ, որովհետեւ ասացին, թէ՝ «Տէրը լքել է երկիրը, այլեւս չի նայում երկրին»։ 10Արդ, գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ նրանց ընթացած ճանապարհի էլ պիտի հատուցեմ նրանց»։ 11Եւ ահա այն մարդը, որ սքեմ էր հագել ու մէջքին գօտի ունէր, պատասխանեց ու ասաց. «Արեցի, ինչպէս որ հրամայել էիր ինձ»։
10 Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար։ 2Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում եղող շիկացած ածուխներով ու դրանք ցանի՛ր քաղաքի վրայ»։ 3Եւ նա մտաւ իմ աչքի առաջ։ Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքնասրահը։ 4Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ լցուեց Տիրոջ փառքի լոյսով։ 5Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր։ 6Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ «Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ անիւների միջից», - 7սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը։ Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ այն ու տուեց նրա ձեռքը։ Եւ նա, որ սուրբ սքեմ էր հագել, առաւ այն ու այնտեղից դուրս եկաւ։ 8Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան։ 9Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ։ Եւ անիւների տեսքը նման էր կարկեհան ակի տեսքին։ 10Չորս անիւների տեսքն էլ այնպիսին էր, որ կարծես մի անիւը միւսի մէջ անցած լինէր։ 11Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ ո՛ր կողմ որ նայում էր գլուխը՝ նրա յետեւից էին ընթանում եւ միւսները ու յետ շուռ չէին գալիս։ 12Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով։ 13Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս։ 14Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝ արծուի։ 15Ու քերովբէները վեր բարձրացան։ Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին։ 16Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում էին՝ երկրից վերանալու համար, անիւները յետ չէին դառնում, որովհետեւ նրանց հետ էին։ 17Երբ քերովբէները կանգ էին առնում, անիւներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբէները վեր էին բարձրանում, անիւներն էլ էին վեր բարձրանում, որովհետեւ նրանց մէջ կենդանի ոգի կար։ 18Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ։ 19Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից։ Եւ կանգնեցին Տիրոջ տան շեմին, որ նայում էր դէպի արեւելք. Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց վերեւում էր։ 20Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ են։ 21Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր։ Երեսներն էլ նման էին մարդու երեսի։ 22Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք էին. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։
11 Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դէպի արեւելք։ Եւ ահա սրահի դռան առաջ մօտաւորապէս քսանհինգ մարդ կար։ Նրանց մէջ տեսայ Յազերի որդի Յեզոնիային եւ Բանեայի որդի Փալտիային՝ ժողովրդի առաջնորդներին։ 2Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, որոնք սնոտի բաներ են մտածում ու չար խրատներ տալիս այդ քաղաքում 3եւ ասում են. «Այս տները նոր շինուած չեն, այլ այս քաղաքը մի կաթսայ է, մենք էլ՝ միս»։ 4Դրա համար էլ մարգարէութի՛ւն արա դրանց վրայ, մարգարէութի՛ւն արա, մարդո՛ւ որդի»։ 5Տիրոջ Հոգին իջաւ վրաս ու ասաց ինձ. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այսպէ՛ս ասացիք, Իսրայէլի՛ տուն, ու ես գիտեմ ձեր հոգու խորհուրդը։ 6Դուք բազմապատկեցիք ձեր դիակներն այդ քաղաքում ու դրա ճանապարհները լցրիք սպանուածներով։ 7Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեր դիակները, որ փռել էք այդտեղ, քաղաքում, դրանք միսն են, իսկ դա էլ՝ կաթսան։ Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից։ 8Դուք վախենում էիք սրից, սուր եմ բերելու ձեզ վրայ, - ասում է Ամենակալ Տէրը։ - 9Ձեզ դուրս եմ բերելու դրա միջից ու մատնելու եմ օտարների ձեռքը, 10դատաստան եմ տեսնելու ձեզ հետ, որպէսզի սրով էլ ընկնէք։ Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ դուք պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 11Դա ձեզ համար կաթսայ չի լինելու, ոչ էլ դուք դրա մէջ՝ միս։ Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 12Դուք իմ արդարութեան ճանապարհով չընթացաք, հրամաններս չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնուող ազգերի սովորութիւններով շարժուեցիք»։ 13Մինչ ես մարգարէութիւն էի անում, մեռաւ Բանեայի որդի Փալտիան։ Երեսս ի վայր ընկայ ու բարձրաձայն աղաղակեցի՝ ասելով. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, Ամենակա՛լ Տէր, Իսրայէլի մնացորդների վախճանը հասցրիր»։ 14Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 15«Մարդո՛ւ որդի, քո եղբայրների, քո գերուած հարազատների, Իսրայէլի ամբողջ տան վախճանը հասել է։ Երուսաղէմի բնակիչները նրանց ասել են, թէ՝ «Հեռացէ՛ք Տիրոջից, որովհետեւ այս երկիրը մեզ է տրուած որպէս ժառանգութիւն»։ 16Դրա համար ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց գցելու եմ ազգերի մէջ, սփռելու եմ ամբողջ երկրով մէկ։ Մի փոքր ժամանակ սրբութիւն եմ լինելու նրանց մտած երկրում»։ 17Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. նրանց հաւաքելու եմ ազգերի միջից, մէկտեղելու եմ նրանց ա՛յն երկրներից, ուր սփռել էի նրանց, եւ նրանց եմ տալու Իսրայէլի երկիրը։ 18Նրանք մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր գարշելի կուռքերը, ինչպէս նաեւ բոլոր անօրէնութիւնները նրա միջից։ 19Եւ ուրիշ սիրտ եմ տալու նրանց, նոր հոգի եմ պարգեւելու նրանց, հանելու եմ քարեղէն սիրտը նրանց մարմիններից 20եւ տալու եմ մարմնեղէն սիրտ, որպէսզի պատուիրաններիս համաձայն ընթանան, օրէնքներս պահեն ու կատարեն, ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստուած։ 21Բայց գարշելի կուռքերին նուիրուած նրանց սրտի համար, նաեւ ա՛յն անօրէնութիւնների համար, որ գործել են, ա՛յն ընթացքի համար, որ ցոյց են տուել, պատիժ եմ բերելու նրանց գլխին», - ասում է Ամենակալ Տէրը։ 22Քերովբէները բարձրացրին իրենց թեւերը, անիւներն էլ նրանց յետեւից բարձրացան, Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց բոլորի վրայ էր, վերեւում։ 23Ու Տիրոջ փառքը քաղաքի միջից վեր բարձրացաւ, կանգ առաւ այն լերան վրայ, որ քաղաքի դիմացն էր։ 24Ու Հոգին ինձ բարձրացրեց, բերեց քաղդէացիների երկիրը, գերիների մէջ՝ Աստծու Հոգու ցոյց տուած տեսիլքով։ 25Այսպիսով ես սթափուեցի այն տեսիլքից, որ տեսել էի, ու խօսեցի գերիների առաջ այն բոլոր բաների մասին, որ Տէրն ինձ ցոյց էր տուել։
12 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնողների տուն են։ 3Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քո գերութեան պատրաստութի՛ւնը տես, ցերեկը գերութեա՛ն գնա նրանց աչքի առաջ, քո տեղից ուրիշ տե՛ղ քոչիր նրանց աչքի առաջ, որ տեսնեն, քանի որ նրանք դառնացնողների տուն են։ 4Նրանց աչքի առաջ մէջտե՛ղ հանիր պատրաստութիւնդ, որ տեսել ես գերութեան համար։ 5Երեկոյեան նրանց առա՛ջ ելիր, ինչպէս գերին է ելնում, նրանց աչքի առաջ պատը ծակի՛ր ու դրա միջով սրանց առա՛ջ ելիր։ 6Կուզէկուզ կը գնաս ու գաղտագողի դուրս կ՚ելնես. գլխիդ շոր կը գցես, որ շուրջդ չտեսնես։ Քեզ խորհրդանշան դարձրի Իսրայէլի տան համար»։ 7Եւ ամէն բան այնպէս արեցի, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը. ցերեկը գերու հագուստ գցեցի վրաս, երեկոյեան իմ ձեռքով պատը փորեցի. ու նրանց աչքի առաջ գաղտագողի, կուզէկուզ էի գնում։ 8Իսկ առաւօտեան Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 9«Մարդո՛ւ որդի, Իսրայէլի տան՝ դառնացնողների տան զաւակները չասացի՞ն քեզ, թէ՝ «Այդ ի՛նչ ես անում»։ 10Արդ, ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը Երուսաղէմի իշխաններիդ ու առաջնորդներիդ, Իսրայէլի բոլոր զաւակներին, որ այնտեղ են բնակւում. 11ես խորհրդանշան եմ ձեզ համար Երուսաղէմի մէջ. ինչպէս որ արել եմ քեզ՝ այնպէս էլ լինելու է նրանց հետ, որովհետեւ պանդխտութեան ու գերութեան են գնալու։ 12Իշխանն էլ նրանց մէջ կուզէկուզ է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, դէմքը ծածկելով է գնալու եւ շուրջը չի տեսնելու։ 13Ցանցս գցելու եմ նրա շուրջ, եւ նա բռնուելու է ուռկանիս մէջ։ Տանելու եմ նրան Բաբելոն՝ քաղդէացիների երկիրը, բայց նա այդ երկիրը չի տեսնելու եւ այնտեղ էլ մեռնելու է։ 14Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից։ 15Եւ երբ ես նրանց ցրեմ ազգերի մէջ, սփռեմ երկրներով մէկ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ 16Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն։ Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»։ 17Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18«Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր։ 19Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են։ 20Նրանց մարդաբնակ քաղաքներն էլ աւերուելու են, նրանց երկիրն էլ ապականութեան մէջ է լինելու։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»։ 21Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 22«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ ասացուածք է, որ ասւում է Իսրայէլի այդ երկրում, թէ՝ «Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները»։ 23Ուստի ասա՛ նրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. խափանելու եմ այդ առակը, եւ Իսրայէլի զաւակներն այլեւս այդ առակը չեն արտասանելու, որովհետեւ պիտի ասես նրանց, որ մօտ են օրերն ու կատարուելու են բոլոր տեսիլքների պատգամները։ 24Այլեւս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու Իսրայէլում, ոչ էլ հաճոյական գուշակութիւններ՝ Իսրայէլի զաւակների համար։ 25Արդարեւ, ես՝ Տէրս ասացի այս խօսքերը, ասացի ու իրագործելու եմ դրանք, չեմ յետաձգելու, որովհետեւ, ո՛վ դառնացնողների տուն, ձեր օրերին է, որ ասել եմ այդ խօսքերը եւ իրագործելու եմ դրանք», - ասում է Ամենակալ Տէրը։ 26Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 27«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունը՝ դառնացնողների տունն ասում է. «Դրա՝ Եզեկիէլի տեսած տեսիլքը, ինչ որ դա մարգարէանում է, բազմաթիւ օրեր յետոյ, հեռաւոր ժամանակներում է կատարուելու»։ 28Դրա համար էլ ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. իմ ասած խօսքերից շատ չի անցնելու, եւ ինչ որ ասել եմ՝ իրագործելու եմ», - ասում է Ամենակալ Տէրը։
13 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, մարգարէութի՛ւն արա Իսրայէլի այդ մարգարէների դէմ, որ մարգարէանում են այնտեղ, եւ ասա՛ այդ մարգարէներին, որոնք իրենց սրտի ուզածի պէս են մարգարէանում. մարգարէացի՛ր ու ասա՛ նրանց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները։ 3Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ այդպէս քմահաճօրէն են մարգարէանում, որ գնում են իրենց քմահաճոյքի յետեւից ու ոչինչ չեն տեսնում։ 4Ո՛վ Իսրայէլ, քո մարգարէներն այնպէս էին, ինչպէս աղուէսները՝ աւերակներում. նրանք հաստատուն չմնացին։ 5Հօտեր ժողովեցին Իսրայէլի քո տան վրայ, ու չհաստատուեցին այն խօսքերը, որ նրանք խօսում էին Տիրոջ անունից, 6սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակութիւններ անում ու ասում էին՝ ՚ Այսպէս է ասում Տէրը»։ Բայց ես՝ Տէրս, չէի ուղարկել նրանց։ Եւ սկսեցին ուրիշ խօսքեր էլ մէջտեղ գցել։ 7Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսել, սնոտի գուշակութիւններ արել, երբ ասում էիք, թէ այսպէս է ասել Տէրը։ Բայց ես՝ Տէրս, չէի ասել։ 8Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ ձեր խօսքերը սուտ են, ձեր գուշակութիւնները՝ սնոտի, 9ահա դրա համար ես իմ ձեռքը, - ասում է Ամենակալ Տէրը, - իջեցնելու եմ ձեզ վրայ, նաեւ ձեր մարգարէների վրայ, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խօսում։ Իմ ժողովրդի ժողովատեղիներում չպէտք է լինեն դրանք, ո՛չ պիտի յիշուեն Իսրայէլի տան գրքերում, ո՛չ էլ պիտի մտնեն Իսրայէլի երկիրը։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը։ 10Եւ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն է. բայց խաղաղութիւն չէր լինում։ Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլուի։ 11Տէրն ասում է այդ ծեփողներին. «Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ՚ողողի։ Դրա որմնակալերը ռմբաքարերով կը քարկոծեմ, ու կը խորտակուեն։ Հողմ կը բարձրանայ ու կը տապալի։ 12Եւ Ահա խորտակուած է պատը. այն ժամանակ ձեզ չե՞ն ասի, թէ՝ ՚ Ո՛ւր է ձեր ծեփը, որով այն ծեփեցիք»։ 13Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Իմ սրտմտութեամբ հողմ եմ արձակելու, որ ամէն ինչ մէջտեղից վերացնի։ Իմ բարկութեամբ անձրեւ է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրայ, որ կործանուի։ 14Գետնին եմ հաւասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, եւ այն պիտի խորտակուի։ Գետին եմ տապալելու այն, ու նրա հիմքերն են երեւալու։ Ընկնելու եւ վերջ է գտնելու այն՝ մեղադրուելով։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 15Սրտմտութիւնս եմ թափելու թէ՛ պատի, թէ՛ այն ծեփողների վրայ։ Եւ այն պիտի խորտակուի։ Եւ ասելու եմ ձեզ, որ պատն այլեւս չկայ, ոչ էլ այն ծեփող Իսրայէլի մարգարէները, 16որոնք մարգարէանում էին Երուսաղէմի մասին, նրա համար խաղաղութիւն էին գուշակում, բայց խաղաղութիւն չկար», - ասում է Ամենակալ Տէրը։ 17«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ դէմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք իրենց սրտի ուզածի պէս էին մարգարէանում։ Դու էլ մարգարէութի՛ւն արա նրանց մասին ու ասա՛. 18«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ գլխաշորեր են սարքում ամէն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետեւ մոլորուել են իմ ժողովրդի հոգիները։ 19Խելքահան էին անում նրանց, ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ՝ մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպէսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, եւ կենդանի պահեն նրանց, ովքեր պէտք չէ որ ապրէին։ Խօսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խօսքերից։ 20Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա ես մոգական բարձիկների դէմ եմ, որոնց մէջ ամփոփում էիք ձեր հոգիները, եւ պատռել-պոկելու եմ դրանք ձեր թեւերից, առաքելու եմ այն մարդկանց, ում դուք մոլորեցնում էիք՝ կործանելու համար։ 21Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը։ Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հաւաքուած չեն լինելու։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը։ 22Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ զօրացնում էիք անօրէնի բազուկը, որպէսզի նա երբեք յետ չդառնայ իր անօրէնութիւնից, իր չար ճանապարհից ու ապրի, - 23դրա համար այլեւս ունայնութիւններ չէք գուշակելու, հաճոյական գուշակութիւններ չէք անելու։ Փրկելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»։
14 Իսրայէլի աւագներից ոմանք եկան ինձ մօտ ու առաջս նստեցին։ 2Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3«Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները դրել են իրենց առջեւ։ Ե՞ս եմ տալու դրանց պատասխանը։ 4Ուստի դո՛ւ խօսիր դրանց հետ ու ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Իսրայէլի տնից ամէն ոք, ով իր կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքներն էլ՝ աչքի առաջ եւ գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում, 5որպէսզի իրենց վարքով, օտարացած սրտով Իսրայէլի այդ տունը չխոտորեցնեն ինձնից։ 6Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. դարձէ՛ք, յե՛տ դարձէք ձեր ճանապարհից, ձեր բոլոր ամբարշտութիւններից, դարձրէ՛ք ձեր երեսները դէպի ինձ։ 7Իսրայէլի այդ տնից կամ եկուորներից ու պանդուխտներից ամէն ոք, ով ինձնից օտարանայ եւ կռապաշտական մտադրութիւնները սրտի մէջ դնի, իր անիրաւութիւնների պատճառած տանջանքները դնի իր առջեւ ու գայ մարգարէի մօտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, - ես՝ Տէրս եմ նրան պատասխան տալու, ըստ այն բանի, թէ ի՛նչ ունի իր մտքում։ 8Երեսս դարձնելու եմ այդ մարդու դէմ, խայտառակելու եմ նրան եւ վերացնելու եմ իմ ժողովրդի միջից, որպէսզի իմանաք, որ ես եմ Տէրը։ 9Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, - ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից։ 10Եւ պատիժ են ստանալու ինչպէս անիրաւութեան մասին հարցնողը, այնպէս էլ մարգարէն, 11որպէսզի Իսրայէլի տունն ինձնից չմոլորուի, այլեւս չպղծուեն իրենց բոլոր յանցանքներով, իրենք ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստուած», - ասում է Ամենակալ Տէրը։ 12Աստուած խօսեց ինձ հետ ու ասաց. 13«Մարդո՛ւ որդի, եթէ մի երկիր մեղանչելով մեղանչի իմ դէմ, ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ, խորտակելու եմ նրա հացի պաշարը, նրա վրայ սով եմ արձակելու եւ նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։ 14Եւ եթէ այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Յոբն ու Դանիէլը, նրանք իրենց արդարութեան համար փրկուելու են», - ասում է Ամենակալ Տէրը։ - 15«Եւ եթէ չար գազաններ արձակեմ երկրի վրայ ու պատժեմ նրա բնակիչներին, եւ այն աստիճան ապականութիւն լինի, որ գազանների պատճառով այնտեղից անցնել էլ չլինի, 16բայց այդ մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան՝ բոլորն էլ չեն փրկուելու, միայն նրանք երեքն են փրկուելու, բայց երկիրը ոչնչանալու է։ 17Եւ եթէ սրածեմ այն երկիրն ու սրին ասեմ՝ «Անցի՛ր երկրի միջով», նրանից վերացնեմ մարդ ու անասուն, 18բայց այդ երեք մարդիկ այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - նրանք չեն փրկելու իրենց տղաներին ու աղջիկներին, այլ իրենք երեքն են միայն փրկուելու։ 19Եւ եթէ համաճարակ ուղարկեմ այն երկիրը, սրտմտութիւնս թափեմ նրա վրայ արիւնով՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, 20բայց Նոյը, Յոբն ու Դանիէլը այնտեղ լինեն, - վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - թէ տղաներ ու աղջիկներ էլ ունենան նրանք՝ չեն փրկուելու, այլ նրանք երեքը միայն իրենց արդարութեամբ փրկելու են իրենց հոգիները»։ 21Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ Երուսաղէմի վրայ նոյնիսկ չորս սաստիկ վրէժներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու համաճարակը՝ նրա միջից վերացնելու համար մարդ ու անասուն, - 22նրանում ողջ մնացածները դուրս են բերելու իրենց տղաներերին ու աղջիկներին։ Ահա նրանք նրանց հետ դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները։ Զղջալու էք այն չարիքի համար, որ ես բերել եմ Երուսաղէմի վրայ, բոլոր չարիքների համար, որ ես բերել եմ նրա վրայ։ 23Ու նրանք մխիթարութիւն են պատճառելու ձեզ, որովհետեւ տեսնելու էք նրանց ընթացքը, նրանց մտադրութիւնները եւ վերահասու էք լինելու, որ զուր տեղը չեմ արել այն ամէնը, ինչ արել եմ նրանց հետ», - ասում է Ամենակալ Տէրը։
15 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում։ 3Միթէ նրանից մի փայտ կ՚առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ՚առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար։ 4Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի։ 5Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ։ 6Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու։ 7Երեսս ուղղելու եմ նրանց դէմ։ Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու։ Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ 8Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին», - ասում է Ամենակալ Տէրը։
16 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, իրազե՛կ դարձրու Երուսաղէմին իր անօրէնութիւնների մասին եւ ասա՛. 3«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի հիթիթ։ 4Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնուեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց. քեզ սնուցող ստինքը չամրացրին. ջրով չլուացուեցիր՝ փրկուելու համար, ոչ էլ աղով աղուեցիր. խանձարուրների մէջ չփաթաթուեցիր։ 5Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել։ Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար։ Այն օրը, երբ դու ծնուեցիր, 6մօտովդ անցայ ու քեզ արեան մէջ թաթախուած տեսայ։ Ասացի քեզ՝ ՚ Կենդանացի՛ր արեանդ միջից. կեանքդ արիւնից է։ 7Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ»։ Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը։ Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։ 8Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը։ Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ։ Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ դու իմը եղար։ 9Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով։ 10Պէսպէս հագուստներ հագցրի քեզ. երկնագոյնով զգեստաւորեցի, մէջքիդ բեհեզ գօտի կապեցի, վրադ սնդուս գցեցի։ 11Զարդեղէնով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանեակ։ 12Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ փառապսակ։ 13Եւ դու զարդարուեցիր ոսկէ ու արծաթէ զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, ընտիր կերպաս՝ ասեղնագործուած։ Նաշիհ կերար, իւղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, փայփայուեցիր արքայական գուրգուրանքով։ 14Քո գեղեցկութեան համբաւը տարածուեց բոլոր ազգերի մէջ, որովհետեւ այն գեղեցկութիւնը, որով ստեղծել էի քեզ, կատարելապէս վայելուչ էր», - ասում է Ամենակալ Տէրը։ 15«Եւ դու քո գեղեցկութեամբ պանծալի եղար, շնացար քո հոմանիների հետ ու պոռնկութիւնդ տարածեցիր բոլոր անցորդների վրայ, որոնց հետ առաջ այդպիսի բաներ չէին պատահել։ 16Առար քո հագուստներից եւ դրանցից քեզ համար շինծու կուռքեր պատրաստեցիր։ Պոռնկացար դրանց հետ, բայց այնտեղ չե՛ս մտնելու, որովհետեւ առաջ դրանք չկային ու այլեւս չեն լինելու։ 17Արծաթից ու ոսկուց զարդեղէնը, որ քեզ էի տուել, առար ու դրանից տղամարդու արձաններ պատրաստեցիր, պոռնկացար դրանց հետ։ 18Քո գեղեցիկ հագուստն առար ու նրանց վրայ գցեցիր, իմ իւղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։ 19Հացն էլ, որ տուել էի քեզ, նաշիհը, իւղն ու մեղրը, որոնցով սնել էի քեզ, - որպէս անուշահոտութիւն նրանց առաջ դրեցիր։ 20Եւ դրանից յետոյ, - ասում է Ամենակալ Տէրը, - վերցրիր տղաներիդ ու դուստրերիդ, որոնց դու ինձ համար էիր ծնել, սպանեցիր ու զոհ մատուցեցիր։ 21Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր։ 22Իսկ դա աւելի սաստիկ մի բան եղաւ, քան քո բոլոր պոռնկութիւններն ու պղծութիւնները։ Ու չյիշեցիր քո մանկութեան օրերը, երբ մերկ էիր ու խայտառակ, արեանդ մէջ թաթախուած. այդ վիճակից էիր կենդանացել։ 23Եւ այդ բոլոր չարիքները եկան քո գլխին. վա՜յ, վա՜յ քեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ - 24Քեզ համար պոռնկութեան տուն շինեցիր, բագիններ կանգնեցրիր բոլոր հրապարակներում, 25բոլոր ճանապարհների գլխին բարձրացրիր քո պոռնկատները, ապականեցիր դէմքիդ գեղեցկութիւնը, երանքդ բաց արիր ճանապարհի ամէն անցորդի առաջ ու սաստկացրիր պոռնկութիւնդ։ 26Պոռնկացար նաեւ քեզ սահմանակից Եգիպտոսի մեծ առնանդամ ունեցող զաւակների հետ, պոռնկացար բազմապատիկ, որպէսզի ինձ զայրացնես։ 27Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ 28Ամբարշտութիւն արեցիր ու պոռնկացար նաեւ Ասորեստանի զաւակների հետ, սակայն չյագեցար։ Խրուեցիր պոռնկութեանդ մէջ, բայց եւ այնպէս չյագեցար։ 29Շատացրիր դաշինքներդ՝ պոռնկանալով նաեւ քանանացիների ու քաղդէացիների երկրների հետ, սակայն եւ այնպէս դարձեալ չյագեցար։ 30Ինչպէ՞ս վարուեմ քո դուստրերի հետ, - ասում է Ամենակալ Տէրը, - այնքան բաներից յետոյ, որ արեցիր պոռնիկ կնոջ պէս. բազմիցս պոռնկացար անգամ դուստրերիդ հետ։ 31Պոռնկատներ կառուցեցիր բոլոր ճանապարհների գլուխներին եւ կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում։ Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հաւաքում, 32որովհետեւ ամէն պոռնիկ կին չէ, որ քեզ նման շնանում է իր ամուսնու հետ, ամուսնուց դրամ առնում ու վարձ տալիս իր հոմանիներին։ 33Բոլոր պոռնիկները վարձ են առնում իրենց համար, մինչդեռ դու ինքդ էիր վարձ տալիս տարփածուներիդ եւ նուէրներով հրապուրում էիր նրանց, որ գային քեզ մօտ բոլոր կողմերից՝ քեզ հետ շնանալու։ 34Եւ քեզ հետ, բոլոր պոռնկացող կանանց համեմատութեամբ, հակառակը տեղի ունեցաւ, ու ոչ ոք քեզ չհետեւեց, քանի որ նրանք իրենք էին տղամարդկանցից վարձ առնում, մինչդեռ դու ինքդ էիր տարփածուներիդ վարձ տալիս։ Ու քեզ հետ հակառակը տեղի ունեցաւ»։ 35«Ուստի, պոռնի՛կ, լսի՛ր, Տիրոջ պատգամները։ 36Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ այլասերութեամբ թափեցիր քո դրամները, ու հոմանիներիդ առաջ բացայայտուեցին պոռնկութեանդ ամօթանքը, բոլոր պիղծ մտադրութիւններդ, ինչպէս նաեւ զաւակներիդ արեան համար, որ հոմանիներիդ էիր տալիս նրանց, - 37ահա սրանց համար ես քո դէմ եմ հաւաքելու բոլոր հոմանիներիդ, որոնց հետ խառնակուել ես, քո դէմ եմ հանելու քո բոլոր սիրելիներին ու ատելիներին, հաւաքելու եմ նրանց եւ շրջապատել եմ տալու քեզ, յայտնելու եմ նրանց առաջ քո բոլոր չարագործութիւնները, ու նրանք տեսնելու են քո բոլոր խայտառակութիւնները։ 38Քեզնից վրէժ եմ լուծելու իբրեւ շնացողի ու արիւն թափողի. քո առաջ եմ դնելու քո թափած արիւնը, քո առաջ եմ դնելու զայրոյթի ու նախանձի արիւնը։ 39Քեզ նրանց ձեռքն եմ մատնելու, եւ նրանք կործանելու են քո պոռնկատները, քանդելու են քո կոթողները, մերկացնելու են քեզ քո զգեստներից, առնելու են քո փառապսակը եւ թողնելու են քեզ մերկ ու խայտառակուած։ 40Եւ ամբոխին քո դէմ են հանելու, քարերով քարկոծելու են քեզ ու քեզ կտոր-կտոր են անելու իրենց սրերով։ 41Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ։ Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ։ 42Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու։ 43Այն բանի համար, որ չյիշեցիր մանկութեանդ օրերը, այդ ամենի համար տրտմեցնում էիր ինձ, - ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար գլխիդ բերի այս բաները, - ասում է Ամենակալ Տէրը։ - Այսպէս է որ ամբարշտութիւն եւ անօրէնութիւններ գործեցիր»։ 44Այս բոլորի համար է որ քո մասին առակներ են փսփսում ու ասում, թէ՝ ՚ Ինչպիսին որ մայրն է, այնպիսին էլ աղջիկն է»։ 45Արդ, դու այն աղջկայ մայրն ես, որ վռնդեց ամուսնուն ու զաւակներին, եւ քոյրն ես քո այն քոյրերի, որոնք վռնդեցին ամուսիններին ու զաւակներին։ Ձեր մայրը քետացի էր, եւ ձեր հայրը՝ ամորհացի։ 46Ձեր աւագ քոյրը Շամրինն է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում։ 47Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր։ 48Վկայ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - որ քո քոյրը՝ Սոդոմը, եւ նրա դուստրերը հազիւ թէ աւելին արեցին, քան դու եւ քո դուստրերը։ 49Քո քրոջ՝ Սոդոմի անօրէնութիւնն այս էր՝ ամբարտաւանութիւն, հացով լիացածութիւն, գինու մէջ յղփացածութիւն։ Մեղկ կեանք էին վարում ինքն էլ, դուստրերն էլ։ Դրա մէջ էին խրուած ինքն էլ, դուստրերն էլ։ Ձեռք չէին մեկնում աղքատին ու տնանկին, 50մեծամտանում էին ու իմ առաջ անօրէնութիւններ անում։ Ու երբ դա տեսայ՝ մէջտեղից վերացրի նրանց։ 51Շամրինն անգամ քո մեղքերի կէսը չգործեց։ Իսկ դու բազմապատկեցիր քո անօրէնութիւնները աւելի, քան նրանք, նաեւ արդարացրիր քո քոյրերին այն անօրէնութեան մէջ, որ ինքդ էլ էիր գործել։ 52Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ։ Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ»։ 53Գերութիւնից յետ եմ դարձնելու նրանց՝ քո քոյր Սոդոմին ու նրա դուստրերին, յետ եմ դարձնելու քո քոյր Շամրինին ու նրա դուստրերին. նրանց հետ քեզ էլ եմ յետ դարձնելու, 54որպէսզի կրես քո տանջանքները եւ անարգուես այն ամենի համար, ինչ կատարել ես, որ ինձ բարկացնես։ 55Քո քոյրը՝ Սոդոմն ու նրա դուստրերը վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. Շամրինն ու նրա դուստրերն էլ վերստին հաստատուելու են այն վիճակի մէջ, որ էին ի սկզբանէ. դու եւ քո դուստրերն էլ հաստատուելու էք նոյն վիճակի մէջ, որ էիք ի սկզբանէ։ 56Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին, 57քանի դեռ չէին բացայայտուել չարագործութիւններդ, ինչպէս որ հիմա ես նախատւում Ասորիքի ու նրա շուրջ գտնուող բոլոր այլազգիների դուստրերի առաջ, - 58ուրեմն քաղի՛ր քո ամբարշտութիւնների ու անօրէնութիւնների պտուղները», - ասում է Տէրը։ 59«Ամենակալ Տէրն այսպէս է ասում. «Քեզ հետ վարուելու եմ այնպէս, ինչպէս դու ես վարուել, ինչպէս որ անարգել ես ամէն բան ու զանց առել իմ ուխտը։ 60Բայց ես յիշելու եմ ուխտս, որ երիտասարդութեանդ օրերին կապել էի քեզ հետ, յաւիտեան հաստատ եմ պահելու այդ ուխտը։ 61Յիշելու եմ նաեւ քո ընթացած ճանապարհը, եւ դու ամօթահար ես լինելու, երբ միտքդ բերես քոյրերիդ՝ աւագներին ու կրտսերներին։ Նրանց տալու եմ քեզ փորձութեան համար եւ ոչ թէ որպէս դաշնակից։ 62Հաստատ եմ պահելու քեզ հետ իմ ուխտը, եւ պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը։ 63Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես», - ասում է Ամենակալ Տէրը։
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛. 3«Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով, մագիլներով լեցուն։ Մտածեց Լիբանան մտնել, ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց 4ու քանանացիների երկիրը տարաւ, դրանք տնկեց պարսպապատ քաղաքում։ 5Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին, կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը։ 6Բուսաւ ու եղաւ վտիտ, տեսքով փոքր որթատունկ. վրան ոստեր երեւացին։ Նրա արմատները տակն էին։ Որթատունկը մեծացաւ, ողկոյզներ տուեց, իր շիւերն արձակեց։ 7Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ։ Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց, արմատները սրա կողմը ձգուեցին, ճիւղերն էլ՝ սրա տակ։ Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն։ 8Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝ ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար»։ 9Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, ու նրա ոստերը՝ չորանալու։ Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու եւ ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար։ 10Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու։ Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ, չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով»։ 11Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 12«Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն։ 13Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ, 14բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան։ 15Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան։ Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է։ Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը։ Փրկուելո՞ւ է։ 16Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է։ 17Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ։ Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար, 18որ անարգեց երդումը, դրժեց ուխտը։ Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին։ Մի՞թէ փրկուելու է։ 19Այս մասին ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, - ըստ իմ ուխտի, որ դրժել է, եւ ըստ իմ երդման, որ անարգել է, հատուցել եմ տալու նրան։ 20Նետելու եմ նրա վրայ ուռկանս, եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից։ Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ։ 21Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու։ Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել»։ 22«Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. « Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ, դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ 23եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից։ Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն, պտուղ է տալու, դառնալու է մի մեծ մայրի։ Նրա տակ հանգստանալու, նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները։ Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ։ 24Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան, որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը կամ բարձրացնում խոնարհուած ծառը, չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ»։
18 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն առածը, որ ասում են իսրայէլացիներիդ մէջ, թէ՝ «Հայրերն ազոխ են կերել, զաւակների ատամներն է առել»։ 3Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - Իսրայէլում այդ առածն այլեւս չի ասուելու, 4որովհետեւ բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպէս հօրը, այնպէս էլ զաւակինը. ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի։ 5Բայց եթէ մէկն արդար է, գործադրում է օրէնքներս ու արդարութիւնը, 6լեռների վրայ զոհաբերուածը չի ուտում, աչքը չի գցում Իսրայէլի տան կուռքերին, չի պղծում իր ընկերոջ կնոջը, իր կնոջն էլ դաշտանի ժամանակ չի մօտենում, ոչ մի մարդու հանդէպ բռնութիւն չի գործադրում, 7պարտապանի աւանդը վերադարձնում է, յափշտակութիւն չի կատարում, իր հացը տալիս է քաղցածներին ու մերկին հագցնում է, 8իր դրամը փոխ չի տալիս ու տոկոսով յետ չի պահանջում, ձեռք է քաշում անիրաւութիւնից, արդար դատաստան է տեսնում մարդու եւ նրա ընկերոջ միջեւ, 9իմ հրամաններով է շարժւում, որպէսզի օրէնքներս պահի ու գործադրի, - այդպիսին արդար է, ապրելով պիտի ապրի, - ասում է Ամենակալ Տէրը։ 10Իսկ եթէ մէկը այլասերուած, արիւն թափող զաւակ է ծնել, մեղքեր է գործել, 11իր արդար հօր ճանապարհով չի ընթացել, լեռների վրայ զոհաբերուածն է կերել, 12պղծել է իր ընկերոջ կնոջը, բռնադատել աղքատին ու տնանկին, յափշտակութիւն կատարել, աւանդը չի վերադարձրել, աչքը գցել է չաստուածների պաշտամունքին, 13անօրէնութիւն է գործել, իր դրամը փոխ է տուել եւ վաշխով ու տոկոսով յետ պահանջել, - այդպիսին, որ այս բոլոր անօրէնութիւններն է գործել, անշուշտ մեռնելու է, եւ նրա արիւնն իր գլխին է գալու։ 14Եւ եթէ զաւակը ծնուի, տեսնի իր հօր գործած բոլոր մեղքերը, վախենայ եւ նոյն բաները չանի՝ 15լեռների վրայ զոհաբերուածը չուտի, աչքը Իսրայէլի տան կուռքերին չգցի, 16իր ընկերոջ կնոջը չպղծի, ոչ ոքի չբռնադատի, աւանդը չիւրացնի, յափշտակութիւն չկատարի, իր հացը տայ քաղցածներին ու մերկերին հագցնի, 17անիրաւութիւնից ձեռք քաշի, վաշխ ու տոկոս չառնի, արդարութիւն գործի, իմ հրամաններով շարժուի, - այդպիսին իր հօր անիրաւութիւնների համար չի՛ մեռնելու, այլ ապրելով ապրելու է։ 18Բայց նրա հայրը, եթէ սաստիկ նեղել է, յափշտակել է ու կողոպտել եղբօրը, հակառակ գործեր կատարել իմ ժողովրդի մէջ, - մեռնելու է իր անիրաւութեան համար։ 19Ասում էք, թէ՝ «Ինչպէ՞ս է որ հօր անիրաւութիւնը որդուն չի պարտաւորեցնում»։ Քանի որ որդին ողորմածութիւն է արել ու արդարութիւն գործել, իմ բոլոր օրէնքները պահել ու գործադրել է, - ապրելով պիտի ապրի։ 20Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի, իսկ որդին հօր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրաւութիւնները։ Արդարի արդարութի՛ւնն է իր վրայ ընկնելու, անօրէնի անօրէնութիւնը՝ իր վրայ»։ 21«Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ 22Նրա գործած բոլոր մեղքերը, կատարած բոլոր անիրաւութիւնները չեն յիշուելու, այլ իր գործած արդարութեան համար նա ապրելու է։ 23Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի։ 24Իսկ եթէ արդարն իր արդարութիւնից շեղուի, անարդարութիւն գործի, ըստ անօրէն մարդու կատարած բոլոր անօրէնութիւնների՝ նրա կատարած բոլոր արդար գործերն էլ չեն յիշուելու։ Այն մեղքերի համար, որոնց մէջ նա ընկել է, եւ այն յանցանքների համար, որ գործել է, - դրանց մէջ էլ մեռնելու է։ 25Ասում էք, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ։ Արդ, լսեցէ՛ք, ո՛վ իսրայէլացիներ։ Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհները ճիշտ չեն։ 26Եթէ արդարն իր ճանապարհից շեղուի ու անիրաւութիւն գործի, մեռնելու է իր գործած անօրէնութեան մէջ։ 27Իսկ եթէ անօրէնը յետ կանգնի իր անօրէնութիւնից, օրէնքներս կատարի, արդարութիւն անի, - ինքն իր հոգին փրկելու է, 28որովհետեւ տեսել ու յետ է դարձել իր կատարած բոլոր ամբարշտութիւններից։ Ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ 29Բայց Իսրայէլի այդ տունն ասում է, թէ Տիրոջ ճանապարհը ճիշտ չէ։ Մի՞թէ իմ ճանապարհն է, որ ճիշտ չէ, ո՛վ տունդ Իսրայէլի։ Չէ՞ որ քո ճանապարհները ճիշտ չեն։ 30Ուստի Իսրայէլի այդ տանը, իւրաքանչիւրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատաստան անելու, - ասում է Ամենակալ Տէրը։ - Դարձէ՛ք, յե՛տ կանգնեցէք ձեր բոլոր ամբարշտութիւններից, եւ անիրաւութեան համար տանջանքների չէք մատնուի։ 31Դէ՛ն նետեցէք ձեզնից ձեր բոլոր ամբարշտութիւնները, որ կատարել էք իմ հանդէպ. ձեր մէջ նոր սիրտ ու նոր հոգի դրէք, կատարեցէ՛ք իմ բոլոր պատուիրանները։ Ինչո՞ւ մեռնես, ո՛վ տունդ Իսրայէլի, - ասում է Տէրը։ 32Յիրաւի, ես մեղանչածի մահը չեմ տենչում, - ասում է Ամենակալ Տէրը, - այլ նա թող յետ կանգնի իր չար ճանապարհներից ու փրկի իր հոգին։ Արդ, եկէք ե՛տ դարձէք եւ ապրեցէ՛ք»։ 33Ողբ Իսրայէլի իշխանի վրայ
19 «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Իսրայէլի իշխանի վրայ։ Ասա՛. 2Ինչպէ՞ս եղաւ, որ մայրդ յայտնուեց առիւծների մէջ, կորիւնդ առիւծների մէջ բազմացրեց իր կորիւններին։ 3Նրա կորիւնների մէջ մի կորիւն հասակ նետեց, առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։ 4Նրա մասին լսեցին ազգեր, բռնեցին նրան՝ սպանելու համար, դնչակալով տարան Եգիպտացիների երկիրը։ 5Մայր առիւծը տեսաւ, որ կորիւնը բաժանուեց իրենից, յոյսը կտրեց եւ իր կորիւններից մի ուրիշ կորիւն առիւծ դարձրեց։ 6Սա շրջում էր առիւծների մէջ։ Առիւծ դարձաւ, սովորեց յափշտակել ու խլել, եղաւ մարդախողխող։ 7Յանդգնութեամբ որս էր անում, քաղաքներ կործանում, իր մռնչոցով երկիրն ամբողջովին աւերում։ 8Շրջակայ երկրներից ազգեր ելան նրա դէմ, թակարդներ լարեցին նրա շուրջ՝ սպանելու համար, 9դնչակալ հագցրին, վանդակի մէջ տարան բաբելացիների թագաւորի մօտ ու բանտ դրեցին, որպէսզի Իսրայէլի լեռների վրայ նրա ձայնն այլեւս չլսուի։ 10Քո մայրը մի որթատունկ էր, նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան շնորհիւ առատ ջրերի։ 11Նրա հզօր մականն իշխեց ազգի իշխանների վրայ. իր հասակով նա բարձրացաւ ծառաստանների մէջ։ Տեսաւ իր մեծութիւնը բազմաթիւ ճիւղերի մէջ, 12բարկութիւնից ջարդուեց ու գետին տապալուեց։ Խորշակը չորացրեց նրա ճիւղերը։ Այսպիսով նրանից վրէժ լուծուեց, ու չորացաւ նրա հզօր մականը։ Կրակն էլ ճարակեց այն։ 13Եւ հիմա այն տնկեցին անապատում, անջրդի հողի վրայ։ 14Կրակ ելաւ նրա ընտիր-ընտիր բներից ու ճարակեց այն։ Եւ նրանում հզօր մական չմնաց։ Ազգը ողբի առակ է դարձել, ողբ էլ պիտի լինի»։ 15Իսրայէլի տան աւագներին
20 Եօթներորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը, Իսրայէլի տան աւագներից մարդիկ եկան՝ հարցում անելու Տիրոջը, ու նստեցին իմ առաջ։ 2Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3«Մարդո՛ւ որդի, խօսի՛ր Իսրայէլի այդ տան աւագների հետ ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցում անելո՞ւ էք գալիս ինձ մօտ։ Վկայ եմ ես, ձեզ չեմ պատասխանելու», - ասում է Ամենակալ Տէրը։ 4Պատժե՞մ դրանց, մարդո՛ւ որդի. դրանց հայրերի մեղքերի վկայութիւնը դի՛ր դրանց առաջ։ 5Եւ ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. այն օրից, երբ աչքս քաղցրացաւ Իսրայէլի այդ տան վրայ, երբ յայտնուեցի Յակոբի այդ տան զաւակին, երբ յայտնուեցի Եգիպտացիների նրանց երկրում, ձեռք մեկնեցի նրանց ու ասացի. ՛՛Ես եմ ձեր Տէր Աստուածը՛՛, - 6այն օրը ձեռք պարզեցի նրանց՝ դուրս բերելու համար Եգիպտացիների երկրից դէպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը։ 7Եւ ասացի նրանց. «Իւրաքանչիւրը թող դէ՛ն նետի իր աչքերից գարշելի կուռքերը. եգիպտացիների ճանապարհով ընթանալով՝ մի՛ պղծուէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 8Սակայն նրանք ապստամբեցին իմ դէմ, չուզեցին ինձ անսալ։ Իւրաքանչիւր ոք իր աչքերից գարշելի կուռքերը դէն չնետեց։ Եգիպտացիների ճանապարհը չթողեցին։ Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ՝ եգիպտացիների մէջ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս։ 9Բայց դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց մէջ էին գտնւում դրանք։ Յայտնուեցի նրանց մէջ՝ Եգիպտացիների երկրից դուրս բերելու համար նրանց։ 10Եւ նրանց դուրս բերեցի Եգիպտացիների երկրից, բերեցի անապատ, 11տուեցի նրանց պատուիրաններս, ցոյց տուեցի նրանց օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի։ 12Շաբաթ օրերս էլ տուեցի նրանց, որպէսզի նշան լինեն իմ ու նրանց միջեւ, եւ որպէսզի նրանք իմանան, որ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրանց։ Եւ այն անապատում ասացի Իսրայէլի տանը. «Իմ հրամաններո՛վ շարժուեցէք», բայց չշարժուեցին։ Ասացի. «Պահեցէ՛ք ու գործադրեցէ՛ք օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի»։ 13Սակայն Իսրայէլի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժուեցին, զանց առան օրէնքներս, որոնք եթէ մէկը գործադրէր՝ դրանցով կ՚ապրէր։ Շաբաթ օրերս սաստիկ պղծեցին։ Ու ասացի, որ անապատում սրտմտութիւնս թափելու եմ նրանց վրայ՝ ոչնչացնելու համար նրանց։ 14Եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի առաջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց։ 15Եւ անապատում ձեռքս բարձրացրի նրանց վրայ՝ ամենեւին չտանելու համար նրանց այն երկիրը, որ յատկացրել էի նրանց, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը։ 16Այն բանի համար, որ զանց առան օրէնքներս, իմ հրամաններով չշարժուեցին, շաբաթներս պղծեցին եւ իրենց սրտի մտադրութիւնների յետեւից գնացին, - 17աչքս խնայեց նրանց ու չջնջեց նրանց, անապատում վերջ չտուեցի նրանց։ 18Ու ասացի նրանց անապատում. «Ձեր հայրերի կրօնով մի՛ առաջնորդուէք, նրանց օրէնքները մի՛ պահէք, նրանց վարքով մի՛ խառնակուէք ու մի՛ պղծուէք։ 19Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ հրամաններո՛վ շարժուեցէք, իմ օրէնքնե՛րը պահեցէք ու գործադրեցէ՛ք դրանք, շաբաթներս սո՛ւրբ պահեցէք, 20եւ դա նշան կը լինի իմ ու ձեր միջեւ։ Կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 21Նրանց զաւակներն էլ դառնացրին ինձ, իմ հրամաններով չշարժուեցին, հոգ չտարան գործադրելու օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ՚ապրի։ Շաբաթներս էլ էին պղծում։ Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ անապատում՝ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս։ 22Բայց ես նրանց վրայից յետ քաշեցի ձեռքս, եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց։ 23Այն անապատում ես ձեռքս նրանց վրայ բարձրացրի՝ ազգերի մէջ նրանց սփռելու, երկրներով մէկ ցիրուցան անելու համար, քանի որ 24օրէնքներս չգործադրեցին, պատուէրներս զանց առան, շաբաթներս պղծեցին, եւ իրենց աչքներն էլ իրենց հայրերի մտադրութիւնների վրայ էր։ 25Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել։ 26Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»։ 27«Ուստի խօսի՛ր Իսրայէլի այդ տան հետ, մարդո՛ւ որդի, ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեր հայրերը սաստիկ բարկացրին ինձ իմ հանդէպ իրենց գործած մեղքերով. 28նրանց տարայ այն երկիրը, որ երդուել էի նրանց տալ։ Այնտեղ տեսան նրանք բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, զոհեր մատուցեցին իրենց աստուածներին, իրենց զոհաբերութիւնների կարգը կատարեցին, ծխեցին իրենց անուշահոտ խունկը, ընծայաբերեցին իրենց նուէրները։ 29Եւ ասացի նրանց. «Այդ ի՞նչ աբբանա՝ բարձրադիր սրբավայր է, ուր դուք մտնում էք»։ Եւ այն կոչուեց աբբանա։ Ու այդպէս է կոչւում մինչեւ այսօր։ 30Դրա համար էլ ասա՛ Իսրայէլի տանը. «Այսպէս է ասում Տէր Աստուածը. ձեր հայրերի անօրէնութեամբ ապականւում էք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում, 31նուէրներ մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում էք աստուածներին՝ կրակի միջով անցկացնելով նրանց։ Մինչեւ օրս պղծւում էք ձեր բոլոր մտածումների մէջ։ Եւ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայէլի։ Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - ես ձեզ պատասխան չեմ տալու։ 32Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ «Մենք կը լինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում»։ 33«Ուստի վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով եմ թագաւորելու ձեզ վրայ։ 34Հանելու եմ ձեզ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, ուր դուք ցրուած էք, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով։ 35Բերելու եմ ձեզ ազգերի անապատը, դատի եմ նստելու ձեզ հետ երես առ երես, 36ինչպէս որ այն անապատում դատի նստեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեցի Եգիպտացիների երկրից։ Այդպէս եմ դատելու ձեզ, - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած։ 37Ձեզ անց եմ կացնելու մականիս տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թուի մէջ 38ու զատորոշելու եմ ձեր միջից ամբարիշտներին եւ ապստամբներին, որպէսզի նրանց հանեմ իրենց բնակած վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայէլի երկիրը։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը։ 39Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայէլի, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. նախ իւրաքանչիւրդ մի կո՛ղմ նետեցէք ձեր ընթացքը, ապա եւ լսեցէ՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծէք ձեր նուէրներով, ձեր վարք ու բարքով, 40որովհետեւ իմ սուրբ լերան վրայ, Իսրայէլի բարձր լերան վրայ, - ասում է Տէր Աստուած, - իսպառ ինձ է ծառայելու Իսրայէլի այդ ամբողջ տունը, այնտեղ եմ ընդունելու, այնտեղ եմ ուշադիր նայելու ձեր ընծաներին, ձեր բոլոր երախայրիքներն ընդունելու եմ ձեր սուրբ ընծաներով հանդերձ, նաեւ անուշահոտութիւնները՝ 41ձեզ դուրս բերելու համար ժողովուրդների միջից եւ ընդունելու համար ձեզ այն երկրներից, ուր սփռուած էիք։ Ու ձեր մէջ, ժողովուրդների դէմ յանդիման, սրբանալու եմ։ 42Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը, երբ ձեզ տանեմ Իսրայէլի երկիրը, մի երկիր, որը երդուել եմ տալ ձեր հայրերին։ 43Եւ այնտեղ յիշելու էք ձեր բռնած ճանապարհն ու վարք ու բարքը, որոնցով պղծուեցիք դուք։ Ձեր երեսներն էք ծեծելու ձեր գործած բոլոր անիրաւութիւնների համար։ 44Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը. այդպէս եմ անում, որպէսզի անունս չպղծուի ձեր չար ճանապարհների, ձեր ապականուած վարք ու բարքի պատճառով», - ասում է Ամենակալ Տէրը։ 45Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 46«Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Թեման, նայի՛ր Դադոնի կողմը եւ մարգարէութի՛ւն արա Նագեբ իշխանի անտառի մասին։ 47Եւ կ՚ասե՛ս Նագեբի անտառին. «Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ թափելու, եւ քեզանում ամէն ծառ՝ դալարն էլ, չորն էլ, նրան ճարակ է դառնալու. բորբոքուած բոցը չի հանգչելու, եւ նրա մէջ այրուելու են բոլոր մարդիկ՝ արեւելքից մինչեւ հիւսիս։ 48Եւ ամէն ոք պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ վառել այն. եւ դա չի հանգչելու»։ 49Ու ասում եմ. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր Աստուած»։ Նրանք ինձ ասում են. «Չէ՞ որ դա առակ է, որ դու պատմում ես»։
21 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Դրա համար մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, ու դէմքդ ուղղի՛ր Երուսաղէմի վրայ, նայի՛ր նրանց սրբավայրերին։ Մարգարէութիւն կ՚անես Իսրայէլի երկրի վրայ 3եւ կ՚ասես Իսրայէլի երկրին. «Այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քո դէմ եմ։ Մերկացնելու եմ սուրս իր պատեանից եւ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին։ 4Եւ քանի որ քո միջից ոչնչացնելու եմ անիրաւին ու անօրէնին, ուստի իմ սուրն իր պատեանից դուրս է գալու բոլոր մարդկանց վրայ՝ արեւելքից մինչեւ հիւսիս։ 5Եւ ամէն մարդ պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ մերկացրել սուրս իր պատեանից, ու յետ տեղը չի դրուելու։ 6Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մէջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցաւագի՛ն հեծեծիր նրանց առաջ։ 7Եւ եթէ քեզ հարցնեն՝ «Ինչո՞ւ ես հեծեծում», կ՚ասես. «Որովհետեւ մի բօթ լսեցի, եւ այն վրայ է հասնելու. բոլոր ս