ԵԼՔ
1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. 2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, 4Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր։ 5Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին։ Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում։ 6Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը։ 7Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան։ Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն։ 8Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում։ Նա իր ժողովրդին ասաց. 9«Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի։ 10Արդ, եկէք ինչ-որ բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ 11Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց։ Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները։ Ովնը Արեգ քաղաքն է։ 12Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում։ 13Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, 14նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն։ 15Եգիպտացիների արքան դիմեց եբրայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա։ Եւ արքան 16ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ո՛ղջ թողէք»։ 17Մանկաբարձները, աստուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին։ 18Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»։ 19Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»։ 20Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում։ 21Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տուն-տեղ դրին։ 22Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ո՛ղջ թողէք»։
2 Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ։ 2Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան։ 3Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ։ 4Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան։ 5Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով։ Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն։ 6Նա բացեց եւ տեսաւ երեխային։ Երեխան լաց էր լինում զամբիւղում։ Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»։ 7Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»։ 8Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»։ Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը։ 9Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար։ Ես կը տամ քո վարձը»։ Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան։ Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, 10եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ։ Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան։ 11Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին։ Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու։ 12Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ։ 13Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»։ 14Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել։ 15Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին։ Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում։ 16Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ։ Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները։ Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները։ 17Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին։ Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները։ 18Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ։ Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»։ 19Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»։ 20Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն։ Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»։ 21Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց։ 22Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում։ 23Շատ օրեր անց մեռաւ եգիպտացիների թագաւորը։ Իսրայէլացիները, որոնք տանջւում էին տաժանակիր աշխատանքի մէջ, աղաղակ բարձրացրին. նրանց աղաղակը հասաւ Աստծուն։ Եւ Աստուած լսեց նրանց հեծութիւնը, 24յիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ։ 25Աստուած իր հայեացքն ուղղեց իսրայէլացիներին։ Նա յայտնուեց նրանց։
3 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները։ Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ։ 2Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում։ 3Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը։ Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»։ 4Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»։ Սա ասաց. «Ի՞նչ է»։ 5Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ։ Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»։ 6Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն։ 7Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին, 8լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին։ Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում։ 9Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից։ 10Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»։ 11Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»։ 12Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»։ 13Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։ Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ 14Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»։ Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»։ 15Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»։ Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ։ 16Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում։ 17Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»։ 18Նրանք կը լսեն քեզ։ Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ։ Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»։ 19Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան։ 20Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ։ 21Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք։ 22Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ։ Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»։
4 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»։ 2Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Սա ասաց. «Գաւազան»։ 3Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»։ Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում։ 5«Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»։ 6Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում։ 7Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»։ Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը։ 8Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին։ 9Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»։ 10Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին։ Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս։ 12Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»։ 13Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»։ 14Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ։ Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի։ Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ։ 15Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին։ Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք։ 16Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած։ 17Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»։ 18Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»։ Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»։ 19Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»։ 20Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս։ Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն։ 21Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը։ Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին։ 22Դու կ՚ասես փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է։ 23Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կը սպանեմ քո անդրանիկ որդուն»։ 24Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։ 25Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»։ 26Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»։ 27Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»։ Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան։ 28Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել։ 29Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը։ 30Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ։ 31Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին։ Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց։
5 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»։ 2Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին։ Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»։ 3Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ։ Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»։ 4Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից։ Ամէն մէկը թող գնայ իր գործին»։ 5Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»։ 6Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով. 7«Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս։ Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն։ Եւ ստիպեցէ՛ք, 8որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք։ Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»։ 9Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»։ 10Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. «Ձեզ այլեւս յարդ չեմ տայ։ 11Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»։ 12Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար։ 13Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»։ 14Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»։ 15Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ։ 16Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք։ Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են։ Դու կեղեքում ես քո ժողովրդին»։ 17Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»։ 18Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»։ 19Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը»։ 20Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ։ 21Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին։ Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»։ 22Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։ 23Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»։
6 Տէրն ասաց Մովսէսին. «Հիմա կը տեսնես, թէ ինչ եմ անելու փարաւոնին։ Նա հզօր ձեռքի միջոցով պիտի արձակի նրանց, եւ բարձրացուած բազուկով նրանց պիտի հանի նաեւ իր երկրից»։ 2Աստուած խօսեց Մովսէսի հետ եւ ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։ 3Ես երեւացի Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Նրանց Աստուածը ես եմ, իմ անունը Տէր է, բայց ես դա նրանց չյայտնեցի։ 4Ես նրանց հետ ուխտ եմ կնքել, որ նրանց տամ Քանանացիների երկիրը, ուր նրանք պանդխտեցին։ 5Ես լսեցի հեծեծանքը իսրայէլացիների, որոնց եգիպտացիները ստրկացրել են, եւ յիշեցի ձեզ տուած իմ ուխտը։ 6Գնա՛ իսրայէլացիների մօտ ու ասա՛ նրանց. «Ե՛ս եմ Տէրը։ Ես ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից, ձեզ փրկելու եմ նրանց ծառայելուց, ձեզ ազատելու եմ իմ հզօր բազկով ու նրանց գլխին մեծամեծ պատիժներ հասցնելով։ 7Ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը եւ պիտի լինեմ ձեր Աստուածը։ Դուք պիտի գիտենաք, որ ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ ազատելու եմ եգիպտացիների բռնութիւնից 8եւ ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։ Այն ձեզ եմ տալու որպէս ժառանգութիւն, որովհետեւ ե՛ս եմ Տէրը»։ 9Մովսէսը այս բանը հաղորդեց իսրայէլացիներին, բայց նրանք չլսեցին նրան վհատութեան եւ տաժանակիր աշխատանքի պատճառով։ 10Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. «Մտի՛ր ու խօսի՛ր եգիպտացիների արքայ փարաւոնի հետ, 11որ նա իսրայէլացիներին արձակի Եգիպտացիների երկրից»։ 12Մովսէսը, Տիրոջը դիմելով, ասաց. «Իսրայէլացիներն իսկ ինձ չլսեցին, փարաւոնն ինձ ինչո՞ւ պիտի լսի։ Ես ճարտարախօս չեմ»։ 13Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ իսրայէլացիներին ու եգիպտացիների արքայ փարաւոնին ուղղուած հրաման տուեց՝ հանելու իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից։ 14Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին։ Սա Ռուբէնի ազգատոհմն է։ 15Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել։ Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են։ 16Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։ Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի։ 17Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով։ 18Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը։ Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի։ 19Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին։ Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի։ 20Ամրամն ամուսնացաւ իր հօրեղբօր դուստր Յոքաբեէթի հետ, եւ սա նրանից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու նրանց քոյր Մարիամին։ Ամրամն ապրեց հարիւր երեսունեօթը տարի։ 21Սահառի որդիներն են՝ Կորխը, Նափեգն ու Զեքրին։ 22Ոզիէլի որդիներն են՝ Միսայէլը, Ելիսափանն ու Սեթրին։ 23Ահարոնն ամուսնացաւ Ամինադաբի դուստր, Նաասոնի քոյր Եղիսաբէթի հետ։ Սա նրանից ունեցաւ Նաբադին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ 24Կորխի որդիներն են՝ Ասիրը, Եղկանան ու Բիասափը։ Սրանք Կորխի յետնորդներն են։ 25Ահարոնի որդի Եղիազարը ամուսնացաւ Փուտիէլի դուստրերից մէկի հետ, եւ սա նրանից ունեցաւ Փենեէսին։ Սրանք են ղեւտացիների ընտանիքների առաջնորդները ըստ իրենց ցեղերի։ 26Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից։ 27Եւ սրանք էին, որ դիմեցին եգիպտացիների արքայ փարաւոնին՝ դուրս հանելու Եգիպտոսից իսրայէլացիներին։ 28Սրանք այն Մովսէսն ու Ահարոնն են, որոնց օրօք Տէրը Եգիպտացիների երկրում խօսելով Մովսէսի հետ՝ 29ասաց նրան. «Ե՛ս եմ Տէրը։ Եգիպտացիների արքայ փարաւոնին հաղորդի՛ր այն ամէնը, ինչ ասում եմ քեզ»։ 30Եւ Մովսէսը, դիմելով Տիրոջը, ասաց. «Չէ՞ որ ես անվարժ եմ խօսում, փարաւոնն ինձ ինչպէ՞ս կը լսի»։
7 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ փարաւոնի համար մի աստուած դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարէն։ 2Դու Ահարոնին կը յայտնես այն ամէնը, ինչ կը պատուիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող դիմի փարաւոնին, որ սա իսրայէլացիներին արձակի իր երկրից։ 3Ես կը կարծրացնեմ փարաւոնի սիրտը, բայց եւ կը բազմապատկեմ իմ նշաններն ու զարմանահրաշ գործերը Եգիպտացիների երկրում, 4փարաւոնը ձեզ չի լսի, ես իմ ձեռքը կը դնեմ Եգիպտոսի վրայ եւ իմ զօրութեամբ մեծապէս վրէժխնդիր լինելով՝ Եգիպտացիների երկրից կը հանեմ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին։ 5Եւ եգիպտացիները կ՚իմանան, որ ե՛ս եմ Տէրը։ Ես իմ ձեռքը կը մեկնեմ դէպի Եգիպտոս եւ իսրայէլացիներին դուրս կը հանեմ նրանց միջից»։ 6Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել իրենց. նրանք այդպէս էլ արեցին։ 7Մովսէսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խօսեցին փարաւոնի հետ։ 8Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց. 9«Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կ՚ասես. «Ա՛ռ քո գաւազանը, այն գետին գցի՛ր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կը դառնայ»։ 10Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը։ Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ։ 11Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ։ 12Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները։ 13Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին։ 15Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ։ Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ։ 16Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում։ Մինչեւ հիմա ինձ չլսեցիր»։ 17Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը վերածուի արեան։ 18Գետի մէջ եղած ձկները կը սատկեն, գետը կը նեխի, եւ եգիպտացիները չեն կարողանայ գետից ջուր խմել»։ 19Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ առնի գաւազանը եւ ձեռքը մեկնի Եգիպտոսի ջրերի վրայ՝ նրանց գետերի վրայ, նրանց լճերի վրայ, նրանց ջրաւազանների վրայ, նրանց ջրակոյտերի վրայ, եւ ջուրը կը վերածուի արեան։ Արեան պիտի վերածուի ողջ Եգիպտացիների երկրում գտնուող անգամ փայտէ ու քարէ ամանների մէջ եղած ջուրը»։ 20Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս որ իրենց պատուիրել էր Տէրը. փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ Ահարոնը վեր բարձրացնելով իր գաւազանը՝ հարուածեց գետի ջրին եւ գետի բոլոր ջրերը վերածեց արեան։ 21Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, եւ եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ամբողջ երկրում արիւն էր։ 22Իրենց կախարդութեամբ նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը, նա չլսեց նրանց։ 23Փարաւոնը վերադարձաւ, մտաւ իր պալատը։ Այս դէպքը չէր ազդել նրա վրայ։ 24Բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպէսզի խմելու ջուր ունենան, որովհետեւ գետից չէին կարողանում ջուր խմել։ 25Եօթը օր էր անցել, որ Տէրը հարուած էր հասցրել գետին։
8 Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ 2Եթէ չուզենաս արձակել, ես, ահա, գորտերով կ՚ապականեմ քո բովանդակ երկիրը։ 3Գետի մէջ գորտեր կը վխտան, եւ դրանք, գետից դուրս գալով, կը մտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո անկողինները, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգուածների մէջ։ 4Գորտերը կը բարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ»։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ գորտեր դուրս բե՛ր Եգիպտացիների երկրի վրայ»։ 6Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց։ Գորտերն ելան ու ծածկեցին Եգիպտացիների երկիրը։ 7Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ։ 8Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»։ 9Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»։ 10Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կ՚իմանաս, որ մեր տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ։ 11Գորտերը կը չքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կը մնան միայն գետի մէջ»։ 12Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից։ Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին։ 13Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը։ Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից։ 14Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ։ 15Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը։ 16Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց, անասունների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ»։ 17Այդպէս էլ արեցին. Ահարոնն իր գաւազանը մեկնեց ու հարուածեց գետնին։ Մժեղ եղաւ մարդկանց, անասունների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ 18Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Մժեղ լցուեց մարդկանց ու անասունների վրայ։ 19Մոգերն ասացին փարաւոնին. «Սրա մէջ Աստծու մատը խառն է»։ Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա, ինչպէս որ ասել էր Տէրը, չլսեց նրանց։ 20Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կը գնայ։ Նրան կ՚ասես. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։ 21Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, շնաճանճեր կ՚ուղարկեմ քեզ վրայ, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի վրայ եւ ձեր տների վրայ։ Եգիպտացիների տներն ու նրանց բնակեցրած երկիրը կը լցուեն շնաճանճերով։ 22Նոյն օրը ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ իմ ժողովրդի բնակած Գեսեմ երկրում, եւ այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպէսզի իմանաս, որ ե՛ս եմ Տէրը՝ ամբողջ երկրի Տէրը։ 23Ես պիտի բաժանեմ իմ ժողովրդին քո ժողովրդից։ Վաղն իսկ այդ նշանը կը կատարուի քո երկրում»։ 24Եւ Տէրն այդպէս էլ արեց։ Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ Շնաճանճերից կործանուեց երկիրը։ 25Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Գնացէ՛ք, այս երկրում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն»։ 26Մովսէսն ասաց. «Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, քանի որ, եթէ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք նրան, մեզ կը քարկոծեն։ 27Ուրեմն՝ երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատ եւ զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, ինչպէս որ մեզ ասել է Տէրը»։ 28Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն։ Միայն թէ հեռու չգնաք։ Արդ, նաեւ ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը»։ 29Մովսէսն ասաց. «Ես քեզնից կը հեռանամ, կ՚աղօթեմ Աստծուն, եւ վաղն իսկ շնաճանճերը կը չքանան փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից։ Միայն թէ փարաւոնը ժողովրդին նորից չխաբի՝ չարգելի նրան գնալ ու Տիրոջ համար զոհ մատուցել»։ 30Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ եւ աղօթեց Աստծուն։ 31Տէրն արեց այնպէս, ինչպէս որ ասել էր Մովսէսը. շնաճանճերը վերացրեց փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից։ Մի շնաճանճ անգամ չմնաց։ 32Բայց դրանից յետոյ էլ փարաւոնի սիրտը կարծրացաւ, եւ նա չուզեց արձակել ժողովրդին։
9 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ փարաւոնի մօտ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։ 2Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին եւ դեռ պահես նրան, 3Տիրոջ ձեռքը, ահա, կ՚իջնի դաշտում գտնուող քո անասունների հօտերի՝ ձիերի, էշերի, ուղտերի, արջառների ու ոչխարների վրայ, եւ շատ մեծ կոտորած կը լինի։ 4Ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ՝ եգիպտացիների հօտերը եւ իսրայէլացիների հօտերը կը զատորոշեմ, եւ ոչ մի իսրայէլացու անասուն չի կորչի»։ 5Եւ Աստուած ժամկէտ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տէրը կ՚իրագործի այդ բանը երկրի վրայ»։ 6Եւ Տէրը յաջորդ օրն իսկ արեց այդ բանը. եգիպտացիների բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայէլացիների ոչ մի անասուն չոչնչացաւ։ 7Երբ փարաւոնը տեսաւ, որ իսրայէլացիների ոչ մի անասուն չի ոչնչացել, կարծրացաւ նրա սիրտը, եւ նա ժողովրդին չարձակեց։ 8Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Լիքը ձեռքով հնոցի մոխիր վերցրէ՛ք, Մովսէսը փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ այն թող շաղ տայ դէպի երկինք։ 9Մոխիրը թող թափուի Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ Խոցեր թող առաջանան մարդկանց ու անասունների վրայ եւ ուռուցքներ՝ Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրայ»։ 10Նրանք վերցրին հնոցի մոխիրը, եւ Մովսէսը փարաւոնի առաջ այն շաղ տուեց դէպի երկինք։ Մարդկանց ու անասունների վրայ խոցեր եւ ուռուցքներ առաջացան։ 11Մոգերը խոցերի պատճառով չէին կարողանում Մովսէսի առաջ կանգնել, որովհետեւ խոցեր առաջացան նաեւ մոգերի ու Եգիպտացիների ամբողջ երկրի մարդկանց վրայ։ 12Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ, ինչպէս որ ասել էր Տէրը Մովսէսին, փարաւոնը չլսեց նրանց։ 13Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, կանգնի՛ր փարաւոնի առաջ ու նրան ասա՛, որ այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ, 14այլապէս այս անգամ ամէն տեսակ փորձանքներով պիտի պատուհասեմ նաեւ քեզ, քո պաշտօնեաներին ու քո ժողովրդին, որպէսզի իմանաս, որ ամբողջ աշխարհում ինձ նման ուրիշ մէկը չկայ։ 15Որովհետեւ իմ ձեռքը մեկնելով՝ մահացու հարուած պիտի հասցնեմ քեզ ու քո ժողովրդին, եւ դու պիտի վերանաս երկրի երեսից։ 16Ես քեզ խնայեցի այն նպատակով, որ քեզ ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունը յայտնի լինի ողջ երկրում, 17բայց դու դեռեւս ձեռքիդ տակ ես պահում իմ ժողովրդին եւ չարչարում նրան։ 18Ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին այնպիսի սաստիկ կարկուտ տեղացնեմ, որպիսին դեռեւս չի եղել Եգիպտոսում իր գոյութեան օրուանից մինչեւ այսօր։ 19Արդ, շտապի՛ր հաւաքել քո անասունները եւ այն ամէնը, ինչ ունես դաշտում, որովհետեւ դաշտում գտնուող ու դեռեւս տուն չմտած մարդկանց ու անասունների վրայ կարկուտ է թափուելու եւ ոչնչացնելու է նրանց»։ 20Փարաւոնի պաշտօնեաներից նա, ով մի անգամ տեսել էր Տիրոջ սարսափը, իր ծառաներին ու անասունները հաւաքեց տան մէջ, 21իսկ ով չանսաց Տիրոջ խօսքերին, դաշտում թողեց իր ծառաներին ու անասունները։ 22Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ թող կարկուտ թափուի Եգիպտացիների երկրի վրայ, ինչպէս նաեւ մարդկանց ու անասունների եւ Եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բոյսերի վրայ»։ 23Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, Տէրը որոտ ու կարկուտ ուղարկեց, եւ երկրի վրայ սկսեց կրակ թափուել։ Տէրը կարկուտ տեղացրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ։ 24Կարկուտ էր տեղում, բայց կարկուտի մէջ բորբոքուած կրակ կար։ Կարկուտն այնքան խոշոր էր, որ նմանը չէր եղել Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ ազգի առաջացումից ի վեր։ 25Կարկուտը հարուածեց Եգիպտացիների ամբողջ երկիրը, այն ամէնը, ինչ դաշտում էր մնացել՝ մարդուց սկսած մինչեւ անասուն։ Կարկուտը հարուած հասցրեց դաշտում եղած ամբողջ բուսականութեանը, ջարդուփշուր արեց դաշտում եղած բոլոր ծառերը։ 26Իսրայէլացիների ապրած Գեսեմ երկրում, սակայն, կարկուտ չտեղաց։ 27Փարաւոնը մարդ ուղարկելով՝ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Մեղք եմ գործել։ Այսուհետեւ Տէրն արդար է, իսկ ես ու իմ ժողովուրդը ամբարիշտներ ենք։ 28Ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն մեզ վրայ թափուելուց։ Ես ձեզ կ՚արձակեմ, այլեւս դուք այստեղ չէք մնայ»։ 29Մովսէսն ասաց նրան. «Երբ դուրս կը գամ այս քաղաքից, ձեռքս կը մեկնեմ առ Աստուած, եւ ձայները կը դադարեն, կարկուտ ու անձրեւ այլեւս չեն տեղայ, որպէսզի դու համոզուես, որ երկիրը Տիրոջն է պատկանում։ 30Բայց գիտեմ, որ դու եւ քո պաշտօնեաները դեռեւս չէք վախենում տէր Աստծուց»։ 31Կտաւատն ու գարին կարկտահարուեցին, որովհետեւ գարին հասած էր, կտաւատը՝ սերմնակալած, 32իսկ ցորենն ու հաճարը կարկտահար չեղան, որովհետեւ դեռ չէին հասունացած։ 33Մովսէսը փարաւոնի մօտից ելաւ ու գնաց քաղաքից դուրս, ձեռքը մեկնեց Տիրոջը, եւ ձայներն ու կարկուտը դադարեցին, անձրեւ այլեւս չտեղաց երկրի վրայ։ 34Երբ փարաւոնը տեսաւ, որ անձրեւը, կարկուտն ու ձայները դադարել են, դարձեալ մեղք գործեց. նա կարծրացրեց իր ու իր պաշտօնեաների սիրտը։ 35Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա իսրայէլացիներին չարձակեց, ինչպէս որ յայտնել էր Տէրը Մովսէսի միջոցով։
10 Դիմելով Մովսէսին՝ Տէրն ասաց. «Մտի՛ր փարաւոնի մօտ, որովհետեւ ես կարծրացրել եմ նրա ու նրա պաշտօնեաների սիրտը, որպէսզի իմ նշանները հերթով թափուեն նրանց գլխին, 2որպէսզի դուք պատմէք ձեր որդիներին ու ձեր որդիների որդիներին, թէ որքան եմ ես ծաղրուծանակի ենթարկել եգիպտացիներին, ինչպէս նաեւ պատմէք իմ այն նշանների մասին, որ կատարեցի նրանց մօտ, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ Տէրը»։ 3Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ ասացին նրան. «Այսպէս է ասում եբրայեցիների Տէր Աստուածը. «Մինչեւ ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպէսզի պաշտի ինձ։ 4Եթէ չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, վաղն իսկ, հէնց այս ժամին շատ մորեխ կը թափեմ քո սահմաններից ներս։ 5Դրանք կը ծածկեն ողջ երկրի երեսը, եւ դու չես կարողանայ տեսնել երկիրը։ Դրանք կը խժռեն բոլոր մնացած այն բաները, որ ձեզ թողել է կարկուտը, կը խժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրայ ձեզ համար։ 6Քո պալատները, քո պաշտօնեաների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի բոլոր տները այնպէս կը լցուեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրայ իրենց ծնուած օրից մինչեւ այսօր»։ Եւ Մովսէսը դուրս եկաւ փարաւոնի մօտից։ 7Փարաւոնի պաշտօնեաներն իրեն ասացին. «Այս խոչընդոտը մինչեւ ե՞րբ պիտի լինի մեր առաջ։ Արձակի՛ր մարդկանց, որպէսզի պաշտեն իրենց տէր Աստծուն։ Գուցէ ուզում ես տեսնել, թէ ինչպէ՞ս է կործանւում Եգիպտոսը»։ 8Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ։ Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն։ Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»։ 9Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»։ 10Փարաւոնն ասաց նրանց. «Թող այդպէս լինի։ Տէրը ձեզ հետ։ Քանզի արձակում եմ ձեզ. բայց մի՞թէ ձեր ունեցուածքն էլ եմ ազատ արձակում։ Տեսնո՞ւմ էք, որ չարութիւն կայ ձեր մէջ։ 11Այդպէս չի լինի։ Նախ թող գնան միայն տղամարդիկ եւ պաշտեն Աստծուն, քանի որ դուք հէնց այդ էիք ուզում»։ Եւ նրանց վռնդեցին փարաւոնի մօտից։ 12Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտացիների երկրի վրայ, եւ մորեխ պիտի ելնի Եգիպտացիների երկրի վրայ եւ պիտի խժռեն երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել են կարկտից»։ 13Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ։ Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն 14ու ցրեց Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ, նրա սահմաններից ներս։ Ո՛չ դրանից առաջ էր այդքան մորեխ եղել, եւ ո՛չ էլ դրանից յետոյ այդքան մորեխ եղաւ։ 15Մորեխը ծածկեց ամբողջ երկիրը, եւ երկիրը բուսականութիւնից զրկուեց։ Մորեխը կերաւ երկրի այն ողջ բուսականութիւնն ու ծառերի պտուղները, որ փրկուել էին կարկտից։ Եգիպտացիների ամբողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրայ։ 16Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ։ 17Արդ, ներեցէ՛ք իմ այս յանցանքը եւս եւ աղաչեցէ՛ք ձեր տէր Աստծուն, որ ինձ ազատի այս մորեխներից»։ 18Մովսէսը գնաց փարաւոնի մօտից եւ աղօթեց Աստծուն։ 19Աստուած ծովի կողմից սաստիկ հողմ բարձրացրեց, հողմն առաւ մորեխն ու լցրեց Կարմիր ծովը։ Եգիպտացիների ամբողջ երկրում մորեխ չմնաց։ 20Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ նա չարձակեց իսրայէլացիներին։ 21Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր դէպի երկինք, եւ Եգիպտացիների երկրի վրայ թող խաւար լինի՝ թանձրամած խաւար»։ 22Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ երեք օր խաւար, մէգ ու մութ եղաւ։ 23Երեք օր եղբայրն իր եղբօրը չտեսաւ, երեք օր ոչ ոք իր անկողնուց վեր չելաւ, մինչդեռ բոլոր իսրայէլացիների բոլոր բնակավայրերում լոյս էր։ 24Փարաւոնը, կանչելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց նրանց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ձեր ունեցուածքը վերցրէ՛ք ձեզ հետ, բայց ձեր արջառն ու ոչխարը թողէ՛ք այստեղ»։ 25Մովսէսն ասաց. «Ողջակիզութեան ու զոհաբերութեան անասուններ դու ի՛նքդ մեզ պիտի տաս, որ մատուցենք մեր տէր Աստծուն։ 26Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք։ Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»։ 27Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց արձակել նրանց։ 28Փարաւոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից, զգո՛յշ եղիր, այլեւս չհամարձակուես իմ աչքին երեւալ, որովհետեւ այն օրը, որ երեւաս ինձ, կը սպանուես»։ 29Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»։
11 Տէրն ասաց Մովսէսին. «Մի պատուհաս էլ պիտի հասցնեմ փարաւոնին ու Եգիպտոսին, որից յետոյ փարաւոնը ձեզ կ՚արձակի այստեղից։ Բայց երբ նա արձակի ձեզ, կ՚արձակի ձեր ամբողջ ունեցուածքով։ 2Արդ, ժողովրդին գաղտնի յայտնի՛ր, որ իւրաքանչիւր տղամարդ եգիպտացի իր ընկերոջից եւ իւրաքանչիւր կին իր եգիպտացի հարեւանուհուց թող խնդրի ոսկեայ եւ արծաթեայ զարդեր ու զգեստներ»։ 3Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, եւ սրանք զարդեր տուին նրանց։ Մովսէսը եգիպտացիների, փարաւոնի, նրա բոլոր պաշտօնեաների առաջ ու ժողովրդի աչքին շատ յարգարժան դարձաւ։ 4Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս, 5եւ Եգիպտացիների երկրում կը մեռնեն բոլոր անդրանիկ զաւակները՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկ որդուց սկսած մինչեւ երկանքի մօտ աշխատող աղախնի անդրանիկ որդին, բոլոր անասունների առաջնածինները։ 6Եւ Եգիպտացիների ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կը բարձրանայ, որի նմանը չի եղել, եւ այդպիսին չի էլ լինի։ 7Բայց իսրայէլացիների շրջանում մի շուն անգամ չի կլանչելու մարդկանց ու անասունների վրայ, որպէսզի իմանաս, թէ ինչպիսի զարմանահրաշ գործեր է անում Տէրը եգիպտացիների ու իսրայէլացիների մէջ։ 8Այս բոլոր ծառաներդ պիտի գան ծնրադրեն իմ առաջ, երկրպագեն ինձ ու ասեն. «Ելէք գնացէ՛ք դու եւ քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում։ Այդ ժամանակ էլ ես կ՚ելնեմ»։ 9Եւ Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ խիստ զայրացած։ Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնը ձեզ չպիտի լսի, որպէսզի ես Եգիպտացիների երկրում է՛լ աւելի շատ նշաններ ցոյց տամ ու զարմանահրաշ գործեր անեմ»։ 10Մովսէսն ու Ահարոնը Եգիպտացիների երկրում փարաւոնի առաջ արեցին այս բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը։ Տէրը կարծրացրեց փարաւոնի սիրտը, եւ փարաւոնը չուզեց իսրայէլացիներին Եգիպտացիների երկրից արձակել։
12 Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի։ 3Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար։ 4Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը։ 5Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ։ Այն կարող է գառ կամ ուլ լինել։ 6Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան։ 7Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են։ 8Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով։ 9Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով։ Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը։ 10Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ։ Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք։ 11Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է։ 12Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների։ Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը։ 13Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի։ Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը։ 14Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ։ Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»։ 15«Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից։ 16Առաջին օրը թող սուրբ հռչակուի։ Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ։ 17Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս։ 18Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն։ 19Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից։ 20Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»։ 21Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար։ 22Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը։ Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ։ 23Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։ 24Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար։ 25Երբ կը մտնէք այն երկիրը, որ Տէրը, իր խոստման համաձայն, տալու է ձեզ, կը կատարէք այդ ծիսակատարութիւնը։ 26Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը», 27նրանց կը պատասխանէք, որ Տիրոջ համար զատկի զոհն է սա, այն Տիրոջ, որ Եգիպտոսում եգիպտացիներին կոտորելիս խնայեց իսրայէլացիներին, փրկեց մեր ընտանիքները»։ Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագութիւն արեց։ 28Իսրայէլացիները գնացին ու արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։ 29Երբ կէս գիշեր եղաւ, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց եգիպտացի բոլոր անդրանիկ զաւակներին՝ իր գահին բազմած փարաւոնի անդրանիկից մինչեւ բանտի մէջ արգելափակուած գերի կնոջ անդրանիկը, նաեւ անասունների բոլոր առաջնածինները։ 30Գիշերը վեր կացան փարաւոնն ինքը, նրա բոլոր պաշտօնեաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ամբողջ երկրում մեծ աղաղակ բարձրացաւ, որովհետեւ տուն չկար, որտեղ մեռել չլինէր։ 31Փարաւոնը գիշերով կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց նրանց. «Դուք եւ իսրայէլացիներդ վեր կացէք գնացէ՛ք իմ ժողովրդի միջից, գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն, ինչպէս որ ասացիք։ 32Ձեզ հետ տարէ՛ք նաեւ ձեր արջառն ու ոչխարը, ինչպէս որ ասացիք, բայց ինձ էլ օրհնեցէ՛ք»։ 33Եւ եգիպտացիներն ստիպում էին իսրայէլացի ժողովրդին, որ շտապ դուրս գան երկրից, որովհետեւ ասում էին. «Նրանց պատճառով մենք բոլորս էլ կը մեռնենք»։ 34Ժողովուրդն իր հունցած, բայց դեռեւս չհասած խմորը շորերի մէջ փաթաթելով՝ ուսն առաւ։ 35Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս իրենց հրամայել էր Մովսէսը. եգիպտացիներից նրանք ուզեցին ոսկեայ, արծաթեայ զարդեր ու զգեստներ։ 36Տէրը շնորհ պարգեւեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ. սրանք զարդեր տուին նրանց։ Այսպիսով նրանք կողոպտեցին եգիպտացիներին։ 37Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ։ 38Նրանց հետ ճանապարհ ընկաւ մի խառնիճաղանջ բազմութիւն, մեծ քանակութեամբ արջառ, ոչխար ու այլ անասուն։ 39Նրանք Եգիպտոսից բերած ու դեռ չհասած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետեւ այն դեռ չէր խմորուել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, եւ իրենք չէին կարողացել սպասել ու իրենց ճանապարհի պաշար չէին արել։ 40Իսրայէլացիներն իրենք ու իրենց հայրերը Եգիպտացիների երկրում եւ Քանանացիների երկրում ապրեցին չորս հարիւր երեսուն տարի։ Երբ չորս հարիւր երեսուն տարին վերջացաւ, նոյն օրն իսկ 41Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով Եգիպտացիների երկրից դուրս եկաւ։ 42Իսրայէլացիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպէսզի նա նրանց դուրս բերի Եգիպտացիների երկրից. դա Տիրոջ անքուն մնալու այն գիշերն էր, որ բոլոր իսրայէլացիները սերնդէսերունդ պիտի յիշեն։ 43Տէրը Մովսէսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ 44Որեւէ մէկը իր ծառային ու փողով գնուած ստրուկին թող թլփատի եւ թլփատուելուց յետոյ միայն թող նա ուտի դրանից։ 45Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից։ 46Տա՛ն մէջ պէտք է ուտուի այն. միսը տնից դուրս չպիտի հանէք եւ դրա ոսկորը չպիտի ջարդէք։ 47Իսրայէլի ողջ ժողովուրդը պէտք է կատարի դա։ 48Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը։ Նա կը համարուի երկրի տեղաբնակ։ Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի։ 49Օրէնքը հաւասարապէս տարածւում է եւ՛ տեղաբնակի, եւ՛ ձեզ մօտ ապրել ցանկացող օտարականի վրայ»։ 50Բոլոր իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս պատուիրել էր Տէրը Մովսէսին ու Ահարոնին. նրանք այդպէս էլ արեցին։ 51Ահա այդ օրն էր, որ Տէրը բոլոր իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից։
13 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»։ 3Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից։ Թթխմորով հաց չպիտի ուտէք, 4որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս։ 5Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ՚անես։ 6Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ՚ուտէք։ 7Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում թթխմոր չերեւայ։ 8Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. «Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»։ 9Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես։ Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից։ 10Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»։ 11«Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ, 12Տիրոջ համար կ՚առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն։ Դրանք բոլորը Տիրոջը կը նուիրաբերես։ 13Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը տաս։ Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կը փրկագնես։ 14Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ «Ի՞նչ է այս», նրան կ՚ասես, թէ՝ «Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 15Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները։ Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակներին փրկագին կը տամ»։ 16Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»։ 17Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ։ 18Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով։ Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։ 19Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»։ 20Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին։ 21Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան։ 22Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր։
14 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց. 2«Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց։ Դրանց դիմաց՝ Կարմիր ծովի եզերքին կայք կը հաստատես։ 3Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»։ 4Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց, 5իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ։ Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ե՛ս եմ Տէրը»։ Եւ այդպէս էլ արեցին։ 6Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»։ Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»։ 7Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին։ Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին։ 8Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին։ Իսրայէլացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած։ 9Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած։ Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա հեծեալներն ու բանակը կանգնեցին հանգրուանածների դիմաց, Բեէղսեպփոնի դէմ առ դէմ։ 10Փարաւոնը մօտեցաւ։ Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան։ 11Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու։ Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից։ 12Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»։ Մեզ համար աւելի լաւ կը լինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»։ 13Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու։ 14Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»։ 15Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան։ 16Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով։ 17Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ։ 18Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»։ 19Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը։ Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին։ 20Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ։ Խաւար ու մէգ պատեց։ Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան։ 21Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց։ 22Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով։ Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 23Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը։ 24Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. 25նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»։ 26Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»։ 27Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը։ Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը 28եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ։ Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։ 29Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել։ 30Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից։ 31Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած։ Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին։
15 Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած։ Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը։ 2Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ։ 3Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու։ Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան։ Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է։ 4Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց,նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին։ Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում։ 5Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը։ 6Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն։ 7Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ։ 8Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները։ 9Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ։ Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»։ 10Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը։ 11Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում։ 12Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց։ 13Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում։ 14Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան։ Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին։ 15Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները։ Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչները։ 16Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։ 17Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ,որ ժառանգութիւնն է քո,քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր։Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ։ 18Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»։ 19Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին։ 20Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով։ 21Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»։ 22Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը։ Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ 23Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր։ Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն։ 24Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։ 25Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։ Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան։ Նա ասաց. 26«Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը»։ 27Եւ եկան հասան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի։ Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ։
16 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ։ 2Եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնհինգերորդ օրը իսրայէլացի ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսէսից ու Ահարոնից։ 3Իսրայէլացիներն ասացին նրանց. «Աւելի լաւ կը լինէր Տիրոջ հարուածների զոհը դառնայինք Եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մօտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերէիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անէք»։ 4Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես ձեզ հաց կը թափեմ երկնքից։ Իմ ժողովուրդը թող վեր կենայ ու այն հաւաքի, ինչքան անհրաժեշտ է իւրաքանչիւր օրուայ համար։ Ես այդ կերպ կը փորձեմ նրանց, թէ կ՚ենթարկուե՞ն իմ օրէնքներին, թէ ո՞չ։ 5Վեցերորդ օրը թող պատրաստեն նախորդ իւրաքանչիւր օրուայ համար հաւաքածի կրկնապատիկը»։ 6Մովսէսն ու Ահարոնը ասացին իսրայէլացի ամբողջ ժողովրդին. «Երեկոյեան կ՚իմանաք, որ Տէրն է ձեզ հանել Եգիպտացիների երկրից, 7իսկ առաւօտեան ականատես կը լինէք Տիրոջ փառքին, որովհետեւ նա լսել է Աստծու հանդէպ ձեր տրտունջը։ Մենք ովքե՞ր ենք, որ տրտնջում էք մեր դէմ»։ 8Մովսէսն ասաց. «Տէրը լսեց մեր դէմ ուղղուած ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առաւօտները յագենալու չափ հաց պիտի տայ։ Մենք ովքե՞ր ենք, որ ձեր տրտունջը մեր դէմ էք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դէմ է ուղղուած»։ 9Մովսէսն ասաց Ահարոնին. «Իսրայէլացի ամբողջ ժողովրդին յայտնի՛ր. «Մօտեցէ՛ք Տիրոջը, որովհետեւ նա լսեց ձեր տրտունջը»։ 10Մինչ Ահարոնը խօսում էր իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ, նրանք նայեցին դէպի անապատ, եւ ահա Տիրոջ փառքը երեւաց ամպի ձեւով։ 11Տէրը խօսելով Մովսէսի հետ՝ ասաց. 12«Լսեցի իսրայէլացիների տրտունջը։ Արդ, խօսի՛ր նրանց հետ ու ասա՛. «Երեկոները միս կ՚ուտէք, իսկ առաւօտները հացով կը յագենաք։ Եւ կ՚իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը»։ 13Երեկոյեան լորամարգիներ թափուեցին ու ծածկեցին բանակատեղին։ 14Առաւօտեան, երբ ցօղը վերանում էր բանակատեղիի շրջապատից, անապատի երեսին գինձի սպիտակ սերմի նման մանր եւ երկրի վրայի եղեամի նման մի բան կար։ 15Երբ իսրայէլացիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետեւ չգիտէին, թէ դա ինչ է։ Մովսէսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տէրը ձեզ տուել է ուտելու։ 16Տէրը հետեւեալն է պատուիրել. «Իւրաքանչիւր ոք դրանցից թող հաւաքի այնքան, որքան անհրաժեշտ է մէկ մարդու համար, ըստ ձեր ընտանիքների շնչերի թուի։ Հաւաքեցէ՛ք ըստ վրանում գտնուող իւրաքանչիւր մարդու թուի»։ 17Իսրայէլացիներն այդպէս էլ արեցին. հաւաքեցին ոմանք շատ, ոմանք քիչ։ 18Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց։ Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել։ 19Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»։ 20Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Մովսէսը զայրացաւ նրանց վրայ։ 21Դրանից յետոյ ամէն առաւօտ իւրաքանչիւրը հաւաքում էր իրեն պէտք եղածի չափ։ Երբ արեւը տաքացնում էր, այն հալւում էր։ 22Վեցերորդ օրը հաւաքեցին պէտք եղածի կրկնապատիկը՝ ամէն մէկի համար երկուական բաժին։ Ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին Մովսէսի մօտ ու նրան յայտնեցին այդ մասին։ 23Մովսէսն ասաց. «Այս է Տիրոջ ասածը. «Վաղը շաբաթ է, Տիրոջ հանգստեան սուրբ օրը։ Ինչ որ եփելու էք, եփեցէ՛ք, ինչ որ թխելու էք, թխեցէ՛ք այսօր, իսկ մնացած ամէն ինչ թողէ՛ք ամանների մէջ մինչեւ առաւօտ»։ 24Եւ դա թողեցին մինչեւ առաւօտ, ինչպէս նրանց հրամայել էր Մովսէսը. այն չնեխեց, չորդնոտեց։ 25Մովսէսն ասաց. «Այդ կերէ՛ք այսօր, քանի որ Տիրոջ շաբաթ օրն է այսօր, դրանից այսօր դաշտում չէք գտնի։ 26Վեց օր կը հաւաքէք դա, իսկ եօթներորդ օրը՝ շաբաթ օրը դրանից չի լինի»։ 27Եօթներորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հաւաքելու, բայց չգտան։ 28Տէրն ասաց Մովսէսին. «Մինչեւ ե՞րբ չպիտի անսաք իմ պատուիրաններին ու օրէնքներին։ 29Տեսաք, որ Տէրը ձեզ հանգստեան օր նշանակեց այս շաբաթ օրը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրուայ հաց տուեց՝ ասելով. «Ձեզնից իւրաքանչիւրը թող նստի իր տանը, եօթներորդ օրը թող ոչ ոք չելնի այդ տեղից»։ 30Եւ ժողովուրդը եօթներորդ օրը հանգստացաւ։ 31Իսրայէլացիները իրենց կերածի անունը դրեցին ման։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ունէր։ 32Մովսէսն ասաց. «Ահա թէ ինչ հրամայեց Աստուած. «Մի ամանի մէջ մէկ չափ մանանայ լցրէ՛ք եւ այն պահեցէ՛ք ձեր սերունդների համար, որպէսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տէրը ձեզ հանեց Եգիպտացիների երկրից»։ 33Մովսէսն ասաց Ահարոնին. «Մի ոսկէ սափոր ա՛ռ, դրա մէջ մէկ չափ մանանայ լցրո՛ւ եւ դի՛ր Աստծու առաջ՝ պահելու ձեր սերունդների համար, ինչպէս Տէրն է հրամայել Մովսէսին»։ 34Եւ Ահարոնն այն ի պահ դրեց Կտակարանների արկղի առաջ։ 35Իսրայէլացիները քառասուն տարի մանանայ կերան, մինչեւ որ հասան մի բնակեցուած շրջան։ Նրանք մանանայ էին ուտում, մինչեւ որ հասան փիւնիկեցիների կողմերը։ 36Մէկ չափը հաւասար է երեք գրիւի մէկ տասներորդ մասի։
17 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում։ Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր։ 2Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»։ Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»։ 3Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»։ 4Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին։ Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»։ 5Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր։ 6Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ։ Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»։ 7Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց։ Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»։ 8Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ։ 9Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ։ Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»։ 10Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ։ Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը։ 11Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները։ 12Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին։ Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում։ Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտնելը բարձրացած մնացին։ 13Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը։ 14Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»։ 15Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»։ 16Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»։
18 Մադիամի քուրմ Յոթորը՝ Մովսէսի աները, իմացաւ այն ամէնը, ինչ Տէրն արել էր Մովսէսին ու իսրայէլացի ժողովրդին. այն, որ Տէրը իսրայէլացիներին հանել էր Եգիպտոսից։ 2Երբ Մովսէսն իր կին Սեփորային յետ ուղարկեց, Մովսէսի աները՝ Յոթորը, իր հետ վերցրեց Սեփորային 3ու նրա երկու որդիներին, որոնցից մէկի անունը Գերսամ էր եւ նշանակում էր՝ «Պանդուխտ էի օտար երկրում», 4իսկ երկրորդի անունը՝ Եղիազար, որ նշանակում էր՝ «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ նա փրկեց ինձ փարաւոնի ձեռքից»։ 5Յոթորը, որ Մովսէսի աներն էր, նրա կնոջ եւ նրա որդիների հետ եկաւ Մովսէսի մօտ՝ անապատ, ուր նա բնակւում էր Աստծու լերան վրայ։ 6Յայտնեցին Մովսէսին՝ ասելով. «Ահա քո աներ Յոթորը, կինդ ու երկու որդիներդ նրա հետ գալիս են քեզ մօտ»։ 7Մովսէսն ընդառաջ գնաց իր աներոջը, ծնրադրեց նրա առաջ եւ համբուրեց նրան։ Նրանք ողջագուրուեցին խաղաղութեամբ, եւ Մովսէսը նրան տարաւ իր վրանը։ 8Մովսէսն իր աներոջը պատմեց այն ամէնը, ինչ իսրայէլացիների համար Տէրն արել էր փարաւոնի ու եգիպտացիների դէմ, բոլոր այն չարչարանքները, որ իրենք կրել էին ճանապարհին, եւ թէ ինչպէս էր Տէրը փրկել իրենց։ 9Յոթորը զարմացաւ այն բոլոր բարեգործութիւնների համար, որ Տէրն արել էր նրանց, եւ թէ ինչպէս էր նրանց ազատել եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից։ 10Յոթորն ասաց. «Օրհնեալ լինի Տէրը, որ փրկել է սրանց եգիպտացիների ու փարաւոնի ձեռքից, որ ժողովրդին ազատել է եգիպտացիների ձեռքից։ 11Հիմա գիտեմ, որ Տէրն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ Դա երեւաց, երբ եգիպտացիները բռնանում էին նրանց վրայ։ 12Մովսէսի աները՝ Յոթորը, ողջակէզ ու զոհ մատուցեց Աստծուն։ Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի բոլոր ծերերը Մովսէսի աներոջ հետ գնացին Տիրոջ առաջ ճաշելու։ 13Առաւօտեան Մովսէսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնել էր Մովսէսի շուրջը։ 14Յոթորը տեսնելով այն ամէնը, ինչ Մովսէսն անում էր ժողովրդի համար, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին։ Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առաւօտից մինչեւ երեկոյ կանգնած է շուրջդ»։ 15Մովսէսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մօտ Աստծուց իրաւունք հայցելու համար։ 16Երբ նրանց միջեւ վէճ է ծագում, գալիս են ինձ մօտ։ Ես դատում եմ նրանցից իւրաքանչիւրին եւ յայտնում Աստծու հրամաններն ու օրէնքները»։ 17Մովսէսի աները նրան ասաց. «Արածդ ճիշտ չէ»։ 18Սոսկալի տանջանքներով ես տանջւում դու եւ քեզ հետ եղող ամբողջ ժողովուրդը։ Քեզ համար ծանր է այդ գործը, դա միայնակ անել չես կարող։ 19Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, եւ Աստուած քեզ հետ կը լինի։ Աստծու մօտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը եւ մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։ 20Նրանց տեղեակ կը պահես Աստծու հրամաններին ու օրէնքներին, նրանց ցոյց կը տաս այն ճանապարհը, որով ընթանալու են, եւ այն գործերը, որ պէտք է կատարեն։ 21Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր։ 22Նրանք մշտապէս թող դատեն ժողովրդին, կարեւոր գործերը թող յանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող անեն իրենք. դրանով կը թեթեւացնես քո գործերը, եւ նրանք կը լինեն քո օգնականները։ 23Եթէ այս բանն անես, Աստուած կը զօրացնի քեզ, դու կը կարողանաս տոկալ, եւ ողջ ժողովուրդը խաղաղութեամբ կը վերադառնայ իր տեղը»։ 24Մովսէսն անսաց իր աներոջ ասածին եւ արեց այն ամէնը, ինչ նա ասաց իրեն։ 25Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց։ Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու։ 26Նրանք կարեւոր գործերը յանձնում էին Մովսէսին, իսկ փոքր գործերը դատում էին իրենք։ 27Մովսէսը ճանապարհ դրեց իր աներոջը, եւ սա գնաց իր երկիրը։
19 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը։ 2Նրանք դուրս գալով Ռափիդիմից, եկան Սինայի անապատը եւ կայք հաստատեցին այնտեղ, անապատում։ Իսրայէլացիները կայք հաստատեցին այնտեղ, լերան դիմաց։ 3Մովսէսը բարձրացաւ Աստծու լեռը։ Աստուած լերան վրայից կանչեց նրան ու ասաց. «Այսպէս կ՚ասես Յակոբի յետնորդներին եւ կը յայտնես Իսրայէլի որդիներին. 4«Դուք ինքներդ տեսաք, թէ ինչեր բերեցի եգիպտացիների գլխին, իսկ ձեզ, ինչպէս արծիւն է իր թեւերի վրայ առնում, բարձրացրի ինձ մօտ։ 5Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը։ 6Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ։ Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»։ 7Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած։ 8Ժողովուրդը միահամուռ պատասխան տուեց ու ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Աստուած, կը կատարենք ու կը հնազանդուենք»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 9Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»։ Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։ 10Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լերան վրայ։ 12Ժողովրդի ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ կ՚ասես. «Զգո՛յշ եղէք, լերան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լերան, մահուամբ պիտի պատժուի։ 13Լերան մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կը քարկոծուի կամ նետահար կը լինի. անասուն լինի, թէ մարդ՝ չի ապրի։ Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լերան վրայից»։ 14Մովսէսը լեռից իջաւ ժողովրդի մօտ ու մաքրեց նրանց։ Նրանք լուացին իրենց զգեստները։ Մովսէսն ասաց ժողովրդին. 15«Պատրա՛ստ եղէք, երեք օր կանանց չմերձենաք»։ 16Երրորդ օրն առաւօտեան Սինա լերան վրայ որոտներ լսուեցին, փայլատակումներ ու միգախառն ամպ երեւաց. եւ շեփորի ձայնը ուժգին հնչում էր։ Բանակատեղում գտնուող ողջ ժողովուրդը զարհուրեց։ 17Մովսէսը ժողովրդին բանակատեղիից տարաւ Աստծուն ընդառաջ եւ կանգնեցրեց Սինա լերան ստորոտի շուրջը։ 18Սինա լեռն ամբողջովին ծխում էր, քանի որ Աստուած նրա վրայ իջել էր իբրեւ հուր։ Նրա ծուխը բարձրանում էր ինչպէս հնոցի ծուխ։ Բոլոր մարդիկ խիստ զարհուրեցին, 19որովհետեւ շեփորի ձայնը տարածւում էր աւելի հեռու եւ հնչում էր չափազանց ուժեղ։ Մովսէսը խօսում էր, իսկ Աստուած որոտաձայն պատասխանում էր նրան։ 20Տէրն իջաւ Սինա լերան վրայ, լերան կատարին։ Տէրը Մովսէսին կանչեց լերան գագաթը, եւ Մովսէսը բարձրացաւ այնտեղ։ 21Աստուած խօսեց Մովսէսի հետ՝ ասելով. «Իջի՛ր, կարգադրի՛ր քո ժողովրդին. Աստծուն տեսնելու համար չմերձենան եւ այդ պատճառով նրանցից շատերը չկորչեն։ 22Աստծուն մօտեցող քահանաներն էլ թող մաքրուեն, որպէսզի Տէրը կորստեան չմատնի նրանց»։ 23Մովսէսն ասաց Աստծուն. «Ժողովուրդը չի կարող Սինա լեռը բարձրանալ, որովհետեւ դու ինքդ ես մեզ պատուիրել եւ ասել, թէ՝ «Մարդկանց ու լերան միջեւ տարածութիւն կը թողնես եւ լեռը սուրբ կը հռչակես»։ 24Տէրն ասաց նրան. «Գնա՛, իջի՛ր ու յետոյ այստեղ բարձրացի՛ր Ահարոնի հետ, բայց քահանաներն ու ժողովուրդը թող չյանդգնեն բարձրանալ Աստծու մօտ, որպէսզի Տէրը նրանց կորստեան չմատնի»։ 25Մովսէսն իջաւ ժողովրդի մօտ եւ ասաց նրանց.
20 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 3Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ 4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ 5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ 7Քո տէր Աստծ