Եսթեր


1 Այս դէպքերից յետոյ, Արտաշէսի օրօք, - 2այս Արտաշէսը տիրում էր Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառի, - 3երբ նա Սուսա քաղաքում նստեց գահին, 4իր թագաւորութեան երրորդ տարում խնջոյքի հրաւիրեց իր սիրելիներին ու մեծամեծներին, նաեւ այլ ազգերի՝ պարսիկների ու մարերի բոլոր նախարարներին եւ իշխաններին։ 5Նա հարիւր ութսուն օր նրանց ցոյց տուեց իր թագաւորութեան հարստութիւնը՝ իր ուրախութեան ու վայելչութեան փառքը։ 6Երբ խնջոյքի օրերն աւարտուեցին, յաջորդ անգամ կրկին հրաման տուեց խնջոյքի կանչելու իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գաւթում։ 7Գաւիթը զարդարուած էր բեհեզներով ու կերպասներով, որոնք շարուած ու կապուած էին ծիրանի ու բեհեզի հիւսածոյ թելերով՝ ամրացուած ոսկէ խոյակներին։ Կային նաեւ ծիրանագոյն պաստառներ գեղեցիկ սիւների ու ոսկեղէն խարիսխների վրայ։ Գաւթի վարդագոյն յատակի վրայ կային մարգարիտներով ու թանկարժէք քարերով ընդելուզուած բազում ոսկէ եւ արծաթէ գահաւորակներ՝ ծածկուած նկարազարդ երփներանգ պաստառներով եւ պատուական զարդանախշերով։ 8Այնտեղ կային թագաւորի ոսկէ ու արծաթէ սափորներ եւ գաւաթներ, որոնք ունէին երեսուն հազար քանքարի գին։ 9Գինին առատ էր եւ արքայավայել։ Բայց այս խնջոյքը չեղաւ այնպէս, ինչպէս կարգն էր, որովհետեւ թագաւորը ցանկացել էր, որ իր սպասաւորները կատարեն հիւրերի կամքը։ 10Իսկ թագաւորի կինը՝ Ասթինէն, Արտաշէս թագաւորի ապարանքում խնջոյք արեց կանանց համար։ 11Եօթներորդ օրը թագաւորը, որի սիրտը լցուած էր ուրախութեամբ, ասաց Ամանին, Բազանին, Թառային, Բուրազէին, Աթելթային, Բատենզային եւ Թառաբբային՝ իր եօթը ներքինիներին, 12որ կնոջը կանչեն արքունիք, որպէսզի թագադրի նրան եւ բոլոր իշխաններին ու ազգերին ցոյց տայ նրա գեղեցկութիւնը, որովհետեւ նա շատ գեղեցիկ էր։ 13Իսկ Ասթինէն չուզեց լսել հրամանը՝ ներքինիների հետ գալու նրա մօտ։ Թագաւորը տրտմեց, խիստ բարկացաւ 14եւ իր սիրելիներին պատմեց Ասթինէի վարմունքը։ Թագաւորն ասաց. «Այժմ դատ ու դատաստան արէ՛ք»։ 15Եւ նրա մօտ մտան Արքինէոսը, Առնաթեւը եւ Մալիսեարը՝ պարսիկների եւ մարերի այն իշխանները, որ արքայի մերձաւորներն ու աթոռակիցներն էին. 16սրանք յայտնեցին, թէ օրէնքով ինչ պէտք անել թագաւորի կին Ասթինէին, քանի որ չէր կատարել ներքինիների միջոցով իրեն տրուած արքայական հրամանը։ 17Այն ժամանակ Մուրթքէն ասաց արքային. «Տիկնանց տիկին Ասթինէն հակառակուեց ոչ թէ միայն արքային, այլեւ՝ արքայի բոլոր իշխաններին եւ կուսակալներին։ 18Այսպէս անհնազանդ կը լինեն նաեւ պարսիկների ու մարերի իշխանների բոլոր կանայք. 19երբ նրանք լսեն թագաւորի կնոջ այս արհամարհանքը, համարձակ կարող են անարգել իրենց ամուսիններին։ 20Արդ, եթէ արքան կամենայ եւ հաճելի թուայ նրան, թող այդ կինն այլեւս չմտնի արքայի մօտ, եւ թող արքան նրա տիկնութիւնը տայ այն կնոջը, որը նրանից աւելի լաւը կը լինի։ 21Եւ երբ այս օրէնքը կը հրապարակես քո թագաւորութեան մէջ, կանայք՝ աղքատներից մինչեւ մեծամեծները, մեծ յարգանքով կը պատուեն իրենց ամուսիններին»։ 22Այս խօսքը հաճելի թուաց արքային եւ նրա բոլոր իշխաններին, եւ թագաւորն արեց այնպէս, ինչպէս ասաց Մուրթքէն։ 23Նա հրովարտակ ուղարկեց իր ամբողջ թագաւորութեան բոլոր գաւառները, որ այդ հրամանը դրուի բոլոր կանանց վրայ։
2 Այս դէպքերից յետոյ թագաւորի բարկութիւնը հանդարտուեց, եւ նա Ասթինէին այլեւս չյիշեց իսկ, որովհետեւ մտքում պահում էր այն, թէ ինչ էր խօսել նա։ Այսպէս մերժուելով՝ կինը շնորհազրկուեց։ 2Թագաւորի սպասաւորներն ասացին. «Թող արքայի համար փնտռեն տեսքով գեղեցիկ կոյս աղջիկներ. 3թող արքան հրամայի իր թագաւորութեան բոլոր երկրներում նշանակել գաւառապետներ, որոնք կ՚ընտրեն կոյս աղջիկներ եւ բերել կը տան Սուսա քաղաք՝ մի կուսանոց։ Նրանց կը յանձնեն արքունի ներքինուն, որը կանանց պահապանն է, եւ արքան կը հրամայի նրանց տալ իւղ, օճառ եւ այն ամէնը, ինչ պէտք է նրանց։ 4Թող Ասթինէի փոխարէն թագաորի այն կինը, որ հաճելի կը լինի արքային»։ Արքային հաճելի թուացին այս խօսքերը, եւ նա այդպէս էլ արեց։ 5Սուսա քաղաքում կար Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ. նրա անունն էր Մուրթքէ. սա որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի։ 6Մուրթքէն գերի էր բերուել Երուսաղէմից այն գերիների հետ, որոնց գերեվարել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։ 7Նա դաստիարակել էր մի մանկան՝ իր հօրեղբայր Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր էր։ Նրան վերցնելով իր հօրից ու մօրից՝ Մուրթքէն ուզում էր իրեն կնութեան առնել։ 8Աղջիկը տեսքով շատ գեղեցիկ էր։ Երբ թագաւորի հրամանը տարածուեց, Սուսա քաղաքում հաւաքուեցին բազմաթիւ աղջիկներ, որոնք Օգէի ձեռքի տակ էին։ Եսթերին տարան կանանց վրայ նշանակուած ներքինի Օգէի մօտ։ 9Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ։ Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը աղջիկներին, որոնք արքունիքից նրան նաժիշտ էին տրուած։ Նա Եսթերին, նոյնպէս եւ նաժիշտներին, աւելի էր խնամում, քան նրա միւս ընկերուհիներին։ 10Եսթերը չյայտնեց իր ազգութիւնն ու գաւառը, որովհետեւ Մուրթքէն նրան պատուիրել էր չյայտնել։ 11Մուրթքէն ամէն օր գնում էր շրջելու կանանց տան մօտ ու տեսնելու, թէ ինչ է պատահելու Եսթերին, 12քանզի մօտեցել էր աղջկայ՝ թագաւորի մօտ մտնելու ժամանակը։ Արդէն լրանում էր տասներկու ամիսը, որովհետեւ աղջիկների մարմնական խնամքի ընթացքն այսպէս էր արւում. նրանք վեց ամիս օծւում էին անուշահոտ իւղերով, վեց ամիս էլ՝ անուշաբոյր խնկերով եւ կանանց լուացուելու օճառներով։ 13Եւ աղջիկը նոր միայն մտնում էր արքայի մօտ։ Ում որ ներքինին կամենում էր տալ արքայի ձեռքը, նա նրա հետ մտնում էր սենեակ՝ թագաւորի մօտ։ 14Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի մօտ. նա մնում էր այնտեղ, մինչեւ որ նրան անունով կանչէին թագաւորի սենեակ։ 15Երբ լրացաւ Մուրթքէի հօրեղբայր Ամինադաբի դուստր Եսթերի՝ արքայի մօտ մտնելու ժամանակը, աղջիկը զանց չարեց ոչ մի բան, որ երբեւէ պատուիրել էր նրան կանանց պահապան ներքինին, որովհետեւ Եսթերը շնորհ էր գտնում բոլոր նրանց առաջ, ովքեր թէկուզ մի անգամ տեսնում էին նրան։ 16Եսթերն արքայի մօտ մտաւ տասներկուերորդ՝ Ադար ամսին, որ հայերէն Արեգ ամիսն է, նրա թագաւորութեան եօթներորդ տարում։ 17Եսթերն արքային շատ հաճելի թուաց, նա բոլոր կանանցից աւելի շնորհների արժանացաւ, եւ արքան նրա գլխին դրեց կանանց թագը։ 18Ապա թագաւորն իր բոլոր սիրելիների եւ իր զօրականների համար խնջոյք արեց եւ պատուեց Եսթերի հարսանիքը։ Նա հրամայեց թեթեւացնել բոլոր նրանց հարկերը, ովքեր իր թագաւորութեան ներքոյ էին։ Մուրթքէն խնամում ու կարգաւորում էր թագաւորի տունը։ 19Իսկ Եսթերը չյայտնեց իր հայրենի գաւառն ու երկիրը, որովհետեւ Մուրթքէն այսպէս էր պատուիրել. երկնչել Աստծուց եւ կատարել նրա հրամաններն այնպէս, ինչպէս նա անում էր առաջ, երբ իր մօտ էր։ Եւ Եսթերը չփոխեց իր սովորութիւնը։ 20Այդ ժամանակ տրտմեցին արքայի երկու ներքինիները, որոնք նրա դռան պահապաններն էին, որովհետեւ նրանք Մուրթքէին նախանձում էին, որ թագաւորը իրենցից առաւել պատւում էր նրան, եւ ցանկանում էին սպանել Արտաշէս արքային։ 21Այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին. նա յայտնեց Եսթերին, իսկ Եսթերն էլ յայտնեց արքային սպանութեան այդ մտադրութիւնը։ 22Արքան կշտամբեց երկու ներքինիներին ու նրանց կախաղան հանեց։ Թագաւորը հրամայեց ճշտութեամբ արձանագրել այս դէպքերը, եւ թէ ինչպէս իր նկատմամբ հաւատարիմ եղաւ Մուրթքէն։
3 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց առաջին աթոռին՝ իր բոլոր սիրելիներից աւելի։ 2Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել։ Բայց Մուրթքէն նրան չէր երկրպագում։ 3Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. «Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում Համանին»։ 4Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին Մուրթքէին, թէ Մուրթքէն չի հնազանդւում արքայի հրամանին, որովհետեւ հրեայ է։ 5Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ. 6նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին։ 7Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս վիճակ էր գցում, թէ ինչպէս մի օրում կորստեան մատնի Մուրթքէի ազգը. եւ վիճակն ընկաւ Ադար ամսի տասնչորսին։ 8Նա խօսեց արքայի հետ ու ասաց. «Կայ մի ազգ, որ ցրուած է ժողովուրդների եւ քո ամբողջ թագաւորութեան մէջ։ Այդ ազգը բոլոր ազգերից աւելի ապիրատ ու խորամանկ է եւ արքունի օրէնքներին չի հնազանդուում. արքայի համար օգուտ չէ, եթէ դու թողնես, որ նրանք մնան։ 9Արդ, եթէ արքան կամենայ, նրանց կորստեան մատնելու հրաման կը տայ, իսկ ես արքունի գանձերին կ՚աւելացնեմ տասը հազար արծաթ քանքար»։ 10Եւ արքան հանեց իր մատանին ու այն տուեց Համանի ձեռքը, որպէսզի նա գրի ու կնքի հրաման՝ հրեաներին կոտորելու մասին։ 11Թագաւորն ասաց Համանին. «Արծաթդ պահի՛ր քեզ, իսկ այդ ազգի հետ արա՛, ինչպէս որ կամենում ես»։ 12Եւ առաջին ամսին, տասներեքերորդ օրը կանչեցին արքունի գրագիրներին, որոնք, ինչպէս նրանց հրամայել էր Համանը, Արտաշէսի հրամանով գիր գրեցին բոլոր գաւառների զօրավարներին եւ իշխաններին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը գաւառներին եւ նրանց ազգերի իշխաններին՝ իւրաքանչիւրին իր լեզուով։ 13Սուրհանդակների միջոցով հրովարտակներն ուղարկուեցին Արտաշէսի իշխանութեան բոլոր կողմերը՝ տասներկուերորդ ամսին, որ Ադարն է, որպէսզի մի օրում հրեաների ազգը կոտորեն եւ նրանց ամբողջ ունեցուածքն ու հարստութիւնը յափշտակեն։ 14Հրովարտակի հրամանն այսպէս էր.
4 Երբ Մուրթքէն իմացաւ կատարուած դէպքերի մասին, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ իր գլխին մոխիր ցանեց ու ընթացաւ քաղաքի հրապարակով։ Նա բարձր ձայնով աղաղակում էր եւ ասում. «Ինչո՞ւ էք իզուր եւ անտեղի վերացնում իմ ազգը, որ որեւէ չարիք չի գործել»։ 2Նա եկաւ մինչեւ արքունի տան դռներն ու կանգնեց. եւ որովհետեւ նա քուրձ էր հագել եւ մոխիր ցանել գլխին, արժանի չէր արքունի գաւիթ իսկ մտնելու։ 3Բոլոր գաւառներում, ուր որ կարդում էին հրովարտակը, հրեաները աղաղակ էին բարձրացնում, մեծ սուգ ու կոծ անում, քուրձ էին հագնում ու մոխիր լցնում իրենց վրայ։ 4Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները մտան ու այդ մասին պատմեցին Եսթերին։ Երբ նա իմացաւ թագաւորի տուած հրամանի մասին, սաստիկ յուզուեց, ապա հագուստ ուղարկեց՝ Մուրթքէին հագցնելու եւ քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չհամաձայնեց։ 5Եսթերը կանչեց իր ներքինի Առնաթեւին, որ մշտապէս լինում էր նրա մօտ, եւ նրան ուղարկեց Մուրթքէից ճշմարտութիւնն իմանալու, թէ իսկապէս դա այդպէ՞ս է։ 6Մուրթքէն իրազեկ դարձրեց նրան կատարուած դէպքերի մասին, ինչպէս որ դրանք եղել էին, նաեւ այն մասին, որ Համանը խոստացել էր տասը հազար քանքարի գանձ տալ արքային, որպէսզի կոտորի հրեաներին։ 7Եւ նա Սուսա քաղաքում նրանց կոտորելու մասին կարդացուած հրովարտակի պատճէնը տուեց ներքինուն, որպէսզի ցոյց տայ Եսթերին։ 8 9Առնաթեւը Մուրթքէին պատմեց Եսթերի բոլոր խօսքերը։ 10Մուրթքէն ասաց Առնաթեւին. «Դու գնա՛ եւ ասա՛ նրան. «Եսթե՛ր, դու մտքումդ մի՛ ասա, թէ այս թագաւորութեան մէջ բոլոր հրեաներից միայն ես կը փրկուեմ. 11եթէ դու այս ժամանակ չլսես ու լռես, ապա այլ տեղից հրեաներին օգնութիւն եւ փրկութիւն կը լինի, իսկ դու եւ քո հօր տունը կը կորչէք. եւ, ո՛վ գիտէ, գուցէ հէնց այսպիսի ժամանակի համար դու թագադրուեցիր»»։ 12Եւ Եսթերը ներքինուն կրկին ուղարկեց Մուրթքէի մօտ եւ ասաց. 13«Դու գնա՛ եւ հաւաքի՛ր Սուսա քաղաքում եղած հրեաներին, ինձ համար ծո՛մ պահեցէք եւ երեք օր՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը չուտէք ու չխմէք, իսկ ես եւ իմ նաժիշտները նոյնպէս ծոմ կը պահենք։ Ապա ես կը մտնեմ արքայի մօտ, թէեւ այդ բանն անելն արքայի օրէնքներից դուրս է. սակայն ես կ՚անեմ դա. եթէ մեռնելու իսկ լինեմ, չեմ յապաղի»։ 14Եւ Մուրթքէն գնաց ու արեց՝ ինչպէս իրեն պատուիրել էր Եսթերը։
5 Եսթերն ասաց. «Իմ այս օրը նշանաւոր է. եթէ արքան կամենայ, դու եւ Համանը կը գաք իմ խնջոյքին, որ տալու եմ այսօր»։ 2Թագաւորն ասաց. «Շտապ կանչեցէ՛ք Համանին, եւ կատարենք Եսթերի ասածը»։ Նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջոյքին։ 3Եւ մինչ նրանք գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես՝ կը տամ քեզ»։ 4Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու խնդրանքն այս է. 5եթէ ես շնորհ գտայ արքայի առջեւ, թող գան արքան եւ Համանը խնջոյքին, որ ձեզ համար կրկին տալու եմ վաղը»։ 6Համանն արքայի մօտից ելաւ մեծ ուրախութեամբ։ Երբ Համանը թագաւորի տանը տեսաւ Մուրթքէին՝ հրեայ մարդուն, շատ բարկացաւ։ 7Ապա նա մտաւ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զոսարրային 8եւ նրանց պատմեց իր մեծութեան ու փառքի մասին, որ իրեն տուել էր թագաւորը, եւ թէ ինչպէս իրեն դարձրել էր իր թագաւորութեան մէջ առաջինը։ 9Համանն ասաց. «Եսթեր տիկինն իր խնջոյքին արքայի հետ չկանչեց ուրիշ մէկին, բացի ինձանից. եւ վաղը կրկին հրաւիրեց ինձ։ 10Բայց ինձ համար հաճելի չէ, երբ թագաւորի տանը տեսնում եմ Մուրթքէին՝ հրեայ մարդուն»։ 11Իր կին Զոսարրան եւ իր սիրելիներն ասացին նրան. «Հրամա՛ն տուր, որ յիսուն կանգուն բարձրութեամբ մի կախաղան պատրաստեն. առաւօտեան կ՚ասես արքային, որ Մուրթքէն կախաղան հանուի, իսկ դու արքայի հետ կը մտնես խնջոյքի եւ ուրախ կը լինես նրա հետ»։ Այս խօսքը հաճելի թուաց Համանին, եւ կախաղանը պատրաստեցին։
6 Այդ գիշեր Տէր Աստուած փախցրեց արքայի քունը։ Արքան ասաց իր ատենադպրին, որ նա իր առջեւ բերի եւ կարդայ հրովարտակի գիրը։ 2Սա գտաւ հրովարտակը, որ գրուած էր Մուրթքէի մասին, թէ նա ինչպէս թագաւորին յայտնել էր այն երկու ներքինիների մասին, որոնք հսկում էին թագաւորի ապարանքը, եւ թէ ինչպէս ուզում էին սպանել Արտաշէս արքային։ 3Թագաւորն ասաց. «Իսկ ի՞նչ շնորհ կամ պատիւ տուեցինք Մուրթքէին»։ Արքայի սպասաւորներն ասացին. «Երբ իմացար քո նկատմամբ նրա հաւատարմութիւնն ու հոգածութիւնը, նրա համար ոչինչ չարեցիր»։ Առաւօտեան եկան թագաւորի գաւիթը։ 4Արքան ասաց. «Ո՞վ է իմ գաւթում»։ Համանը եկել էր թագաւորից հրաման առնելու, որ Մուրթքէին կախի այն կախաղանից, որ պատրաստել էր տուել նրա համար։ 5Արքայի սպասաւորներն ասացին. «Ահա Համանը դրսում է»։ Արքան ասաց. «Թող ներս գայ»։ 6Ապա թագաւորն ասաց Համանին. «Ի՞նչ անեմ ես այն մարդուն, որին կամենում եմ մեծարել»։ Համանը մտածեց ու իր մտքում ասաց. «Ո՞ւմ է կամենում արքան մեծարել, եթէ ոչ՝ ինձ»։ 7Եւ ասաց արքային. «Այն մարդուն, որին արքան կամենում է մեծարել, թող նրա համար բերեն արքայական պատմուճանը 8եւ այն նժոյգը, որին հեծնում է արքան, եւ թող դրանք տան արքայի սիրելիներից պատուարժան մէկին, 9որպէսզի նա պատմուճանը հագցնի այն մարդուն, որին սիրում է արքան, եւ նրան նստեցնի արքայական նժոյգին. թող քաղաքի հրապարակներում յայտարարեն ու ասեն. «Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը մեծարի»։ 10Եւ արքան ասաց Համանին. «Լա՛ւ ասացիր. այդ կ՚անես իմ տան խնամակալի՝ հրեայ Մուրթքէի համար. թող քո ասած խօսքերից որեւէ բան չվրիպի»։ 11Համանն առաւ պատմուճանն ու արքայական նժոյգը, հագցրեց Մուրթքէին, նրան նստեցրեց նժոյգին եւ տարաւ քաղաքի փողոցներով. նա յայտարարում էր ու ասում. «Ա՛յսպէս կը լինի ամէն մարդու հետ, որին արքան կը կամենայ մեծարել»։ 12Ապա Մուրթքէն վերադարձաւ արքունի ապարանք, իսկ Համանը գնաց իր տունը՝ գլուխը կախած եւ տրտմութեամբ լի։ 13Համանն իր կին Զոսարրային պատմեց, թէ ինչ էր պատահել իր հետ։ Նրա սիրելիներն ու կինն ասացին նրան. «Եթէ Մուրթքէն հրեաների ազգից էր եւ իշխան դարձաւ, հնազանդուի՛ր նրան, որովհետեւ դու չես կարող նրան չարիք հասցնել, քանի որ Տէր Աստուած նրա հետ է, եւ Տէ՛րն է փառաւորել նրան»։ 14Եւ մինչ նրանք դեռ խօսում էին, երկու ներքինիներն եկան Համանին կանչելու տիկնոջ ճաշին։
7 Թագաւորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։ 2Երկրորդ օրն էլ, մինչ գինի էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պէտք քեզ, Եսթե՛ր տիկին, եւ ի՞նչ է քո խնդրանքը կամ աղաչանքը. քո՛նը կը լինի մինչեւ իմ թագաւորութեան կէսը»։ 3Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, արքա՛յ, իմ խնդրանքը մի անձ է միայն, եւ թող իմ աղաչական խօսքն ընդունելի լինի։ 4Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր որդիները. բայց ես չհաւատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագաւորի տանը լինելու»։ 5Արքան ասաց. «Ո՞վ է եւ ո՞ւր է նա, ով համարձակուեց անել այս բաները»։ 6Եսթերն ասաց. «Այդ թշնամի մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»։ Համանն ահաբեկուեց եւ խիստ վախեցաւ արքայից ու տիկնոջից։ 7Թագաւորը վեր կացաւ ճաշից ու մտաւ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր հրաժեշտ տալ տիկնոջը, քանզի մեծ վախի մէջ էր։ 8Թագաւորը վերադարձաւ ծաղկանոցից ու տեսաւ, որ Համանն ընկած էր տիկնոջ գահոյքի առջեւ եւ նրան աղաչում էր իր փրկութեան համար։ Թագաւորն ասաց. «Արդ, հասար այն աստիճանի, որ ուզում ես իմ տանն իմ կնոջը բռնաբարել»։ Երբ Համանը լսեց այդ, ահաբեկուելով ու ամօթահար, ընկաւ երեսի վրայ։ 9Ներքինիներից մէկը՝ Բուգաթանը, ասաց արքային. «Ահա Համանն արքայի սիրելի Մուրթքէի համար նաեւ յիսուն կանգուն մի կախաղան է պատրաստել եւ դրել իր տանը»։ Թագաւորն ասաց. «Թող նա խաչուի դրա վրայ»։ 10Եւ Համանին կախեցին այն կախաղանից, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար։ Ապա թագաւորը հանդարտուեց իր բարկութիւնից։
8 Այդ նոյն օրը թագաւորը Եսթերին նուիրեց քսու Համանի գանձը։ Թագաւորը կանչեց Մուրթքէին, քանզի Եսթերը նրան յայտնեց, որ նա իր ազգականն է։ 2Թագաւորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի մատից, եւ այն տուեց Մուրթքէին. իսկ Եսթերը Մուրթքէին նշանակեց Համանի ամբողջ ունեցուածքի կառավարիչ։ 3Նա շարունակեց խօսել արքայի հետ, ընկաւ նրա ոտքերի առջեւ եւ աղաչում էր, որ վերացուի այն պատուհասը, որ ծրագրել էր Համանը հրեաների դէմ։ 4Եւ արքան ոսկի գաւազանը մեկնեց Եսթերին։ Եսթերը վեր կացաւ, որ գնայ արքայի սենեակը։ 5Եսթերն ասաց. «Եթէ դու կամենաս, եւ եթէ ես շնորհ եմ գտել քո առաջ, թող արքան սուրհանդակներ ուղարկի եւ վերադարձնի հրովարտակները, որ գրուեցին Համանի կողմից քո թագաւորութեան մէջ եղած հրեաներին կոտորելու մասին։ 6Ես ինչպէ՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդին հասած չարիքը եւ կամ ինչպէ՞ս կարող եմ միայն ե՛ս ապրել իմ հայրենի գաւառի բնակիչներից»։ 7Թագաւորն ասաց Եսթերին. «Եթէ Համանի ամբողջ գոյքն ու հարստութիւնը քեզ նուէր տուեցի եւ նրան էլ կախաղան հանեցի, որովհետեւ նա հրեաների վրայ ձեռք էր բարձրացրել, այլեւս ի՞նչ ես խնդրում։ 8Արդ, դուք գրեցէ՛ք իմ խօսքով եւ իմ հրամանով, ինչպէս դուք կը ցանկանաք, եւ թող այն կնքուի իմ մատանիով, որովհետեւ ինչ որ գրէք, դա իմ՝ արքայիս տուած համանն է, եւ չի գտնուի մէկը, որ ընդդիմանայ այդ հրամաններին»։ 9Արտաշէսի թագաւորութեան քսաներեքերորդ տարուայ Նիսան ամսի, որ Արեգն ամիսն է, առաջին օրը կանչեցին գրագիրներին եւ, ինչպէս հրաման էր տրուած, աշխարհագիր անող գրագիրների կողմից թագաւորի անունով հրովարտակներ գրուեցին բոլոր գաւառների բոլոր իշխաններին եւ կուսակալներին, նախարարներին եւ սատրապներին, Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեօթը կուսակալներին, ըստ գաւառների՝ նրանց իւրաքանչիւրի լեզուով։ 10Հրովարտակները կնքուեցին թագաւորի մատանիով եւ մէկ օրում, Ադար ամսի տասներեքին, սուրհանդակների միջոցով ուղարկուեցին թագաւորութեան բոլոր վայրերը, որպէսզի հրեաները ողջ մնան բոլոր քաղաքներում իրենց անփոփոխ օրէնքներով, 11օգնական եւ թիկունք լինելու միմեանց՝ հատուցելու համար իրենց թշնամիներին, ինչպէս որ կը կամենան։ 12Այս հրովարտակի պատճէնները թող ցոյց տրուելով կարդացուեն իմ թագաւորութեան մէջ՝ բոլորի աչքի առաջ. ովքեր պատրաստուել էին կոտորելու հրեաներին, թող այս օրը կոտորեն նրանց թշնամիներին։ Ողջ լինէք»։ 13Սուրհանդակները ելան փութով կատարելու թագաւորի կարգադրութիւնը։ Հրամանը գրուեց եւ դրուեց Սուսա քաղաքում։ Եւ այն օրերին, երբ տեղի ունեցաւ այս բանը, 14Մուրթքէն դուրս ելաւ թագաւորի մօտից։ Նա հագել էր արքայական պատմուճանը, գլխին ոսկի պսակ ունէր եւ բեհեզից ու ծիրանուց թագ։ Ովքեր Սուսա քաղաքում էին, տեսան եւ շատ ուրախացան։ 15Հրեաների համար մեծ լոյս ծագեց, եւ նրանք շատ ուրախացան։ 16Բոլոր քաղաքներում ու գաւառներում, ուր կարդում էին արքունի հրամանները, խնդութիւն եւ ուրախութիւն էր լինում նրանց համար։ Հեթանոսներից շատերը հրէութիւն էին ընդունում եւ թլփատւում հրեաների ահի պատճառով։
9 Տասներկուերորդ ամսին, որ Ադարն ամիսն է, նրա տասներեքերորդ օրը եկաւ հասաւ արքունիքից գրուած հրովարտակը։ Այդ նոյն օրը կոտորւում էին նրանք, որոնք միահամուռ հակառակուել էին հրեաներին։ 2Նրանցից ոչ մէկը ամենեւին չէր ընդդիմանում հրեաներին, քանզի վախենում էին նրանցից 3այն պատճառով, որ նրանց նախարարների վրայ կարգուած իշխանները, կուսակալները եւ արքունի պաշտօնեաները պատւում էին հրեաներին, քանի որ Մուրթքէի ահը կար նրանց վրայ։ 4Արքայի հրովարտակով իր ամբողջ թագաւորութեան մէջ Մուրթքէի անունը յիշատակելու հրաման էր տրուած։ 5Սուսա քաղաքում հրեաները կոտորեցին մօտ հինգ հարիւր մարդ. 6Փարակնին եւ Նեստէնին, Դոփոնին եւ Փազգային, 7Փարդաթային եւ Բարէային, Սարաբաքային եւ Մարմասիսին, 8Արուփէսնին, Արսէսնին եւ Արբութեթանին, 9որոնք որդիներն էին հրեաների թշնամի Համանի, որը Բերգէի որդի Ամադոթի որդին էր։ 10Այն օրը նրանք ոչինչ չյափշտակեցին։ Արքային ներկայացրին Սուսա քաղաքում կոտորուածների թիւը։ 11Արքան ասաց Եսթերին. «Հրեաները Սուսա քաղաքում հինգ հարիւր մարդ են կոտորել. իսկ ի՞նչ ես կարծում, քաղաքից դուրս ինչքա՞ն աւելի շատ մարդ կոտորած կը լինեն։ Արդ, է՞լ ինչ ես կամենում, որ անեմ քեզ համար»։ 12Եսթերն ասաց արքային. «Թո՛ղ արքան հրեաներին թոյլ տայ, որ վաղն էլ այդպէս անեն, որ նրանք կախեն Համանի որդիներին»։ 13Արքան հրաման տուեց այդպէս անել. Համանի որդիների մարմինները դուրս բերել եւ քաղաքում գտնուող հրեաների մօտ կախաղան հանել։ 14Ադար ամսի տասնչորսերորդ օրը հրեաները հաւաքուեցին Սուսայում ու կոտորեցին երեք հարիւր մարդ, բայց որեւէ բան չյափշտակեցին։ 15Իսկ նրա թագաւորութեան այլ վայրերում մնացած հրեաները հաւաքուեցին ու օգնում էին միմեանց։ Նրանք իրենց հանգիստ ու ապահով զգացին իրենց դէմ պատերազմողներից, որովհետեւ նրանցից կոտորեցին մօտ հինգ հազար հոգու 16Ադար ամսի տասներեքին եւ ոչինչ չյափշտակեցին։ Նոյն ամսի տասներեքերորդ օրը նրանք հանգստացան եւ այդ օրը հռչակեցին հանգստեան օր, խնդութեան եւ ուրախութեան օր։ 17Սուսա քաղաքի հրեաները հաւաքուեցին տասնչորսերորդ օրը, բայց չհանգստացան. նրանք տասնհինգերորդ օրը հռչակեցին ցնծութեան եւ ուրախութեան օր։ 18Այս պատճառով էլ ամբողջ երկրում եւ բոլոր գաւառներում հրեաներն ուրախութեան տօն են անում Ադար ամսի տասնչորսերորդ օրը, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։ Նրանք նուէրներ են ուղարկում իրար՝ ամէն մարդ իր ընկերոջը։ Իսկ մայրաքաղաքներում ապրող բնակիչներն Ադար ամսի տասնհինգերորդ օրը նոյնպէս տօնում են, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։ 19Մուրթքէն այս դէպքերը գրի առաւ յիշատակարանների մատեաններում եւ ուղարկեց Արտաշէս արքայի իշխանութեան տակ գտնուող մօտիկ ու հեռաւոր հրեաներին, 20որպէսզի այս օրերը՝ Ադար ամսի տասնչորսը եւ տասնհինգը, իբրեւ կարգ, հաստատեն ուրախութեան տօնի օրեր, 21որովհետեւ այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից։ Դա Ադար ամսին էր, երբ նրանց սուգը դարձաւ ուրախութիւն, եւ վշտերը փոխուեցին խնդութեան։ Այդ օրերը դարձնել են խնջոյքի օրեր, 22ինչպէս նրանց գրել է Մուրթքէն, 23թէ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին պատերազմ էր տուել իրենց դէմ, թէ ինչքան նա վիճակ էր գցել եւ օր նշանակել կոտորելու համար, 24կամ ինչպէս էր մտել արքայի մօտ եւ ուզում էր Մուրթքէին կախաղան հանել տալ, թէ ինչքան չար գործեր էր ձեռնարկել հրեաների դէմ, թէ ինչքան չարիքներ եկան լցուեցին ու բազմացան նրա մէջ, եւ թէ ինչպէս ինքն ու իր որդիները հանուեցին կախաղան։ 25Սրա համար էլ ահա այս օրերը կոչուեցին փուրիմի օրեր, որովհետեւ, ըստ այս հրովարտակի խօսքերի, ժամանակը իրենց բարբառով կոչւում է փուրիմ։ Այն, ինչ որ այդ ժամանակ կատարուեց նրանց հետ, եւ ինչ որ եղաւ նրանց, Մուրթքէն հաստատեց որպէս կարգ։ 26Հրեաները դա ընդունեցին եւ յանձն առան. նրանք սովորեցնում էին նաեւ իրենց որդիներին ու նրանց յետնորդներին, 27որպէսզի նրանք սերնդից սերունդ չփոխեն յիշատակի այդ ամիսն ու օրերը, քաղաքներում եւ գաւառներում տօնեն պահոց այդ օրերը, եւ նրանց յիշատակը չպակասի սերնդից սերունդ։ 28Ամինադաբի դուստր Եսթերը, նաեւ հրեայ Մուրթքէն գրեցին եւ հաստատեցին այս հրովարտակը, որպէսզի միշտ պահպանուի այդ տօնը։ 29Մուրթքէն ու Եսթերն առանձին-առանձին ընդունեցին այս կարգը, ուխտ արեցին եւ կատարեցին իրենց խորհուրդը։ 30Եսթերը երդումով հաստատեց այդ կարգը յաւիտենական ժամանակների համար, եւ այն գրուեց յիշատակարանների մատեանում։
10 Արտաշէս թագաւորը գրեց ծովի եւ ցամաքի վրայ իր ունեցած իշխանութեան, 2իր հզօրութեան, իր քաջութեան, իր մեծութեան եւ իր թագաւորական փառքի մասին։ Ահա այդ բոլորը գրուած է պարսիկների եւ մարերի յիշատակարանների մատեաններում։ 3Այնտեղ գրուած է նաեւ, որ Մուրթքէն Արտաշէսից իշխանութիւն էր ստացել, մեծ էր նրա թագաւորութեան մէջ, հրեաներից փառաւորուած ու սիրուած եւ կատարուած դէպքերը պատմում էր իր ամբողջ ազգատոհմին։ 4Նա ասում էր, թէ՝ 5«Աստծուց եղաւ այս բանը»՝ յիշելով այս դէպքերի մասին իր տեսած երազը, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղաւ։ 6Նա տեսել էր մի փոքրիկ աղբիւր, որ մեծ գետ էր դարձել, տեսել էր լոյս, արեւ եւ շատ ջուր։ Գետը Եսթերն է, որի հետ ամուսնացաւ թագաւորը եւ նրան դարձրեց տիկին։ 7Իսկ երկու վիշապները, - ասում էր, - ես եմ եւ Համանն ու այն ազգերը, 8որ ժողովուել էին՝ կորստեան մատնելու հրեաների անունը, որ Իսրայէլ է։ 9Նրանք կանչեցին Աստծուն ու ապրեցին. Տէրը ապրեցրեց իր ժողովրդին. Տէրը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ Աստուած հրաշքներ գործեց ու ցոյց տուեց իր մեծամեծ հնարքները, որպիսիք երբեք չեն եղել հեթանոսների մէջ։ 10Այսպէս, Աստուած ստեղծեց երկու վիճակ՝ մէկն իր ժողովրդի, միւսը բոլոր հեթանոսների համար։ 11Այս երկու վիճակներն էլ իրենց ժամին ու ժամանակին, դատաստանի օրը եկան Աստծու առջեւ՝ բոլոր հեթանոսների մէջ։ 12Յիշեց Աստուած իր ժողովրդին եւ արդարացրեց իր ժառանգութիւնը։ 13Ադար ամսի այս օրերը՝ տասնչորսերորդ օրը եւ նոյն ամսի տասնհինգերորդ օրը թող տօն լինեն նրանց համար, թող ժողովուրդը լինի ցնծութեան եւ ուրախութեան մէջ՝ Աստծու առջեւ, եւ թող այդպէս լինի յաւիտեան, սերնդից սերունդ, Իսրայէլի ժողովրդի մէջ։
11 Պտղոմէոսի եւ Կլէոպատրայի թագաւորութեան չորրորդ տարում ղեւտացի քահանայ Դոսիթէոսը եւ նրա որդի Պտղոմէոսը տօների կարգի մէջ մուծեցին այս տօնը՝ փուրիմեանը, որը գրուած է ազնուական հրովարտակում եւ կոչւում է Պտղոմէոսի որդի Լուսիմաքոսի անունով, այն, որ Երուսաղէմում է։ 2Արտաշէս մեծ արքայի թագաւորութեան երկրորդ տարում, առաջին օրն Ադար ամսի, որ հայերէն Արեգ ամիսն է, երազ տեսաւ Մուրթքէն՝ Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ, որ որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի։ 3Մուրթքէն բնակւում էր Սուսա քաղաքում, մեծ մարդ էր եւ հաւատարիմ պաշտօնեայ թագաւորի տան բոլոր գործերի վրայ։ 4Նա այն գերինից էր, որոնց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմից գերեվարել էր Հրէաստանի արքայ Յեքոնիայի հետ միասին։ 5Այս է այն երազը, որ նա տեսաւ. երազում նա լսում էր ալեկոծութեան, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր։ 6Եւ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դէմ՝ պատրաստ կռուելու։ 7Նրանցից լսուեց մի բարձր ձայն, եւ նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստուեցին պատերազմի, որպէսզի կռուեն մի արդար ազգի դէմ։ 8Դա խաւարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղութիւնների օր, իսկ երկրի վրայ մեծ խառնաշփոթութիւն էր։ 9Խռովքի մատնուեց ամբողջ արդար ազգը՝ իր վրայ հասնող չարիքների պատճառով եւ պատրաստուեց կործանման։ Նրանք կանչեցին Աստծուն։ 10Նրանց ձայնից՝ ինչպէս փոքրիկ աղբիւրից, առաջացաւ մի մեծ ու յստակ գետ։ 11Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին։ 12Մուրթքէն զարթնեց այս երազից, մտածեց, թէ ինչ էր խորհել Աստուած անել. նա երազը պահում էր իր սրտում, եւ իր ամբողջ հոգով ցանկանում էր իմանալ, թէ ինչ կը լինի երազը, որ ինքը տեսաւ այդ գիշեր։
12 Մուրթքէն մնաց ապարանքում թագաւորի երկու ներքինիների՝ թագաւորի պալատի պահապաններ Դաբիթի ու Թառայի հետ միասին։ 2Երբ Մուրթքէն իմացաւ ներքինիների միտքը եւ պարզեց նրանց սրտի ցանկութիւնը, թէ նրանք պատրաստուել են ձեռք բարձրացնել Արտաշէս թագաւորի վրայ, արքային զեկուցեց նրանց մտադրութիւնների մասին։ 3Թագաւորը հարցաքննեց երկու ներքինիներին, եւ նրանք ամէն ինչ խոստովանեցին նրան։ 4Թագաւորն այս դէպքերի մասին գրեց յիշատակարաններում. Մուրթքէն եւս գրեց այս դէպքի մասին։ 5Թագաւորը Մուրթքէին հրամայեց մեծ զգուշութեամբ առաւել եւս հոգատար լինել թագաւորի տան նկատմամբ եւ նրան պարգեւներ տուեց։ Ամադոթի որդի Բոկեցի Համանը, որը պատիւ ունէր արքայի առաջ, կամեցաւ ներքինիների համար չարչարել Մուրթքէին ու նրա ժողովրդին։
13 «Ես՝ մեծ արքայ Արտաշէսը, գրում եմ այս հրամանը ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, իշխաններիդ եւ պետերիդ, ձեր հպատակներին եւ իմ այս ամբողջ երկրին։ 2Կամենալով ո՛չ թէ իմ իշխանութեան յարուցած ահով հպարտանալ, այլ քաղցրութեամբ ու խոնարհութեամբ կառավարել, որպէսզի նրանք, որ հնազանդ են, աներկիւղ եւ միշտ ապահով կեանք ունենան, եւ իմ թագաւորութիւնը խաղաղութեամբ մնայ մինչեւ իմ երկրի ծայրամասերը, ինչպէս նաեւ վերահաստատելու համար բոլոր մարդկանց ցանկալի խաղաղութիւնը, 3ես հարցրի իմ խորհրդակիցներին, թէ ինչպէս կարելի է գլուխ բերել այս ամէնը։ Եւ Համանը, որի իմաստութիւնը, անփոփոխ հոգածութիւնը, հաստատուն հաւատարմութիւնը յայտնի է, եւ որով նա արժանացել է իմ երկրորդ աթոռակցութեանը, 4մեզ ցոյց տուեց, որ ամբողջ աշխարհի ազգերին խառնուած է մի դժնդակ, օրինազանց ժողովուրդ, որ ընդդիմանում է թագաւորներին, չի լսում նրանց, մերժում է նրանց հրամանները, որոնք մեր կողմից սահմանուած ու հաստատուած են եւ պարտադիր են մեր իշխանութեան համար։ 5Արդ, միայն այս ազգն է, որ իր բոլոր ցեղերով հակառակ է միւս ազգերին, բոլոր մարդկանց եւ մերժում է օտար օրէնքներն ու կարգերը։Նրանք վատ մարդիկ են ու մեր օրէնքներին հակառակ, նրանց ձեռքով են կատարւում բոլոր չարիքները, նրանք մեր թագաւորութեան թշնամիներն են։ 6Այժմ որոշում եւ այդ մասին ազդարարում ենք մեր այս գրով՝ հաստատուած մեր եւ մեր գործերի կառավարիչ ու թագաւորութեան երկրորդ հայր Համանի կողմից, այս տարուայ տասներկուերորդ ամսի՝ Ադար ամսի չորրորդ օրը թշնամու սրով իսպառ ոչնչացնել բոլոր հրեաներին, կանանցով ու որդիներով հանդերձ, առանց գթալու եւ խնայելու։ 7Թող նրանք այս տարի չարաչար մահով մէ՛կ օրում դժոխք իջնեն։ Միայն այդ ժամանակից, այդ գործերը կատարելուց յետոյ խաղաղութիւն կը լինի մեզ»։ 8Հրովարտակի պատճէնները գրուեցին եւ տարածուեցին բոլոր գաւառներում։ Երբ հրապարակուեց այս հրամանը, բոլորն սկսեցին պատրաստուել այդ օրուան։ Այդ լուրերն արագ հասան նաեւ Սուսա քաղաք։ Մինչ թագաւորն ու Համանը իրենց մազերը յարդարած զուարճանում էին, ամբողջ քաղաքը խռովութեան մէջ էր։ Մուրթքէն թախանձագին աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով եւ յիշելով Տիրոջ փառաւոր գործերը։ Նա ասաց. 9«Տէ՛ր Աստուած, Թագաւո՛ր Ամենակալ, քո հրամանին է սպասում ամէն ոք, ոչ ոք չի կարող ընդդիմանալ քեզ, եթէ դու կամենում ես ապրեցնել քո ժողովրդին՝ Իսրայէլին, 10որովհետեւ դու, Տէ՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ բոլոր սքանչելիքները. 11դու տիրում ես ամէն բանի վրայ, եւ ոչ ոք չի կարող հակառակ լինել քո տէրութեանը. դու գիտես ամէն ինչ. 12որովհետեւ ես ո՛չ հպարտութիւնից, ո՛չ ամբարտաւանութիւնից եւ ո՛չ էլ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտաւան Համանին։ 13Մինչդեռ ես հաճոյքով կը կամենայի համբուրել նրա ոտքերի գարշապարները Իսրայէլի այս տան փրկութեան համար։ 14Բայց ես այս բանն արեցի, որպէսզի փառք չտամ մարդ արարածին, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ. ես չեմ երկրպագի որեւէ մէկին, այլ միայն քեզ՝ իմ Տիրոջը. ես դա չարեցի ամբարտաւանութեամբ։ 15Արդ, Աբրահամի Տէ՛ր Աստուած, դու խնայի՛ր քո ժողովրդին, քանզի մեր դէմ բարձրացել են ապականիչները, որովհետեւ ցանկանում են կորստի մատնել քո սկզբնական ժառանգութիւնը։ 16Մի՛ անտեսիր քո բաժինը, որ դու ինքդ փրկեցիր Եգիպտացիների երկրից։ 17Լսի՛ր, Տէ՛ր, իմ աղօթքի ձայնը եւ քաւի՛չ եղիր քո ժառանգութեանը, մեր սուգն ուրախութեա՛ն փոխիր, որպէսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տէ՛ր։ Մի՛ ապականիր այն բերանը, որ օրհնում է քեզ»։ 18Եւ բոլոր իսրայէլացիները, իրենց ամբողջ զօրութեամբ, կանչեցին Տիրոջը, քանի որ մահը նրանց առջեւ էր։
14 Եսթեր տիկինը մեծ նեղութիւնների մէջ ապաւինել էր Տիրոջը։ 2Նա վրայից հանեց թագաւորութեան փառքի զգեստները եւ հագաւ նեղութեան ու սգի քուրձ, զանազան թանկարժէք իւղերի ու խնկերի փոխարէն մոխիր ու աղբ լցրեց իր գլխին, իր մարմինը ենթարկեց ծանր չարչարանքների եւ իր մարմնի այն բոլոր մասերը, որ զարդարում էր ցնծութեան ժամանակ, ծածկեց իր մազերի գիսակներով։ 3Նա բազում թախանձագին աղօթքներ մատուցելով՝ Իսրայէլի Տէր Աստծուն խնդրում էր եւ ասում. «Տէ՛ր իմ եւ Թագաւո՛ր մեր, դո՛ւ միայն կարող ես օգնել ինձ՝ միայնակիս, ես քեզանից բացի ուրիշ օգնական չունեմ ինձ, քանզի իմ առջեւ մեծ վտանգ կայ։ 4Ես իմ ծննդից ի վեր լսում էի իմ հայրենի ազգից, 5թէ դու, Տէ՛ր, բոլոր ազգերից ընտրեցիր Իսրայէլին եւ նրանց ազգատոհմից՝ մեր հայրերին, իբրեւ յաւիտենական ժառանգութիւն քեզ, եւ նրանց համար արեցիր այն ամէնը, ինչ ասացիր»։ Նա կրկին շարունակելով իր աղօթքը՝ այսպէս էր ասում. «Աստուա՛ծ Աբրահամի, Աստուա՛ծ Իսահակի եւ Աստուա՛ծ Յակոբի, դու օրհնեալ ես յաւիտեան. հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Ենոքին այս երկրից տարար երկինք, ապաշխարութիւնից՝ դէպի յաւիտենական կեանք։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Նոյին փրկեցիր ջրհեղեղից։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Աբրահամին իր մարդկանց առջեւ թագաւորների մէջ փառք տուեցիր։ Հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Յովնանին կէտ ձկան մէջ կենդանի պահեցիր։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու երեք մանուկներին հնոցի կրակից փրկեցիր, իսկ Դանիէլին ապրեցրիր առիւծների գբի մէջ։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու Հրէաստանի Եզեկիա արքային, որ մահուան էր դատապարտուած, փրկեցիր, եւ երբ նա իր կեանքի համար աղօթում էր քեզ, ողորմեցիր նրան, շնորհ տուիր ու նրա կեանքին աւելացրիր տասնհինգ տարի։ Իմ հայրենի գրքերից ես լսեցի, Տէ՛ր, թէ դու, երբ Աննան աղօթքներով ու պաղատանքով զաւակ էր խնդրում քեզանից, դու նրան, Տէ՛ր, շնորհեցիր մեծն Սամուէլին։ 6Եւ այժմ, Տէ՛ր, մենք մեղք գործեցինք քո առջեւ, եւ դու մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը 7այն բանի փոխարէն, որ մենք փառաւորեցինք նրանց աստուածներին։ Արդար ես դու, Տէ՛ր։ 8Բայց նրանք չբաւարարուեցին նրանով, որ մենք ծառայում ենք իրենց, այլ իրենց ձեռքերը դրին իրենց կուռքերի վրայ՝ 9երդուելով վերացնել այն, ինչ սահմանել է քո բերանը, եղծանել քո ժառանգութիւնը, փակել քեզ օրհնող բերանները, մարել քո Տան եւ քո սուրբ սեղանի փառքը, 10բացել ազգերի բերանները՝ փառաւորելու համար իրենց աստուածներին, որ ոչնչութիւն են, փառաւորելու համար այս ժամանակի մարմնաւոր թագաւորներին։ 11Արդ, Տէ՛ր Աստուած, քո ժառանգութեան վիճակը մի՛ մատնիր նրանց ձեռքը, որ ոչինչ են, որպէսզի մեր կործանման վրայ ուրախութեամբ չցնծան, այլ շրջի՛ր նրանց մտադրութիւնը իրե՛նց իսկ վրայ եւ խայտառակի՛ր նրան, ով ելել է մեր դէմ։ 12Յիշի՛ր, Տէ՛ր, եւ մի՛ անտեսիր մեզ մեր նեղութեան ժամանակ։ Դու, որ բոլոր թագաւորների Թագաւորն ես եւ տէրերի Տէրը, համարձակութի՛ւն տուր ինձ 13եւ իմ բերանում դի՛ր դիւրին խօսքեր, որ շնորհ գտնեմ թագաւորի առաջ, շրջի՛ր նրա սիրտը ատելութեամբ դէպի մեր թշնամին՝ կոտորելու համար նրան եւ նրա կամակիցներին։ 14Իսկ մեզ փրկի՛ր քո բարձր բազկով եւ օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որը, բացի քեզնից, ուրիշ օգնական չունի, Տէ՛ր։ 15Տէ՛ր, դու բոլորի սիրտը գիտես եւ ճանաչում ես. ես ատեցի այս անօրէնների փառքը, զզուած եմ այս անթլփատների անկողնուց եւ այս բոլոր օտար ստացուածքներից։ 16Դու գիտես, Տէ՛ր, իմ կարիքները, քանզի ինձ համար գարշելի է այս թագը, որ իմ գլխին է. սրանից գարշում եմ՝ ինչպէս կանանց ամսականի արնոտ լաթից, եւ չեմ կրում այն, երբ ներսում հանգստանում եմ։ 17Քո աղախինը չկերաւ Համանի սեղանից, ես չփառաւորեցի թագաւորի գինարբուքը եւ չխմեցի կուռքերին զոհաբերուած նրանց գինուց։ 18Այն օրից, ինչ քո աղախինը մտել է թագաւորի մօտ, մինչեւ այժմ, ուրախացել է միայն քեզանով, Տէ՛ր, Տէ՛ր Աստուած Աբրահամի։ 19Աստուա՛ծ, որ հզօր ես բոլորի վրայ, լսի՛ր մեր՝ անյոյսներիս ձայնը, փրկի՛ր մեզ այն ձեռքերից, որ չարչարում են մեզ, ազատի՛ր ինձ իմ երկիւղից եւ ապրեցրո՛ւ քո ժողովրդին՝ Իսրայէլին»։
15 Մուրթքէն, պատուիրելով, ասաց նրան, որ Եսթերը մտնի արքայի մօտ, խնդրի նրանից եւ աղաչի ժողովրդի համար։ 2«Յիշի՛ր, - ասաց, - քո տառապանքի օրերը եւ թէ ինչպէս մեծացար իմ ձեռքերի մէջ, որովհետեւ Համանը՝ արքայի երկրորդը, նրա հետ խօսել է մեզ մահուան մատնելու մասին։ 3Արդ, Տէր Աստծուն կ՚աղաչես պաղատանքով եւ թագաւորիդ հետ կը խօսես մեր մասին, որպէսզի մեզ փրկես այս մահուանից»։ 4Առնաթեւը մտաւ Եսթերի մօտ եւ նրան ասաց այս բոլոր բաները։ 5Եսթերն ասաց Առնաթեւին. 6«Դու գնա՛ Մուրթքէի մօտ եւ ասա՛ նրան, թէ թագաւորութեան բոլոր ազգերը գիտեն, որ եթէ որեւէ տղամարդ կամ կին մտնի արքայի մօտ՝ ներքին սենեակը, առանց նրա կանչելու, փրկութիւն չկայ նրան. բայց ապրում է միայն նա, ում արքան մեկնում է իր ոսկի գաւազանը։ Իսկ ես կանչուած չեմ մտնելու արքայի մօտ՝ ահա արդէն այս երեսուն օր է»։ 7Երրորդ օրը, երբ նա վերջացրեց իր աղօթքը, հանեց իր վրայից սգոյ հանդերձը, հագաւ իր ծիրանի զգեստները եւ շատ գեղեցիկ դարձաւ։ 8Նա կանչեց իր ամենատես եւ բոլորի փրկիչ Աստծուն, իր հետ վերցրեց իր սիրելի երկու նաժիշտներին, 9որոնցից մէկը վեր էր բռնել նրա զգեստի քղանցքը, 10իսկ միւսի ուսով նա գցել էր իր թեւը։ 11Նա ամօթահար՝ վախենում էր իր երիտասարդական գեղեցկութեան համար։ Նրա երեսը զուարթ էր՝ սիրելու համար, բայց նրա սիրտը նեղուած էր ահից։ 12Նա անցաւ ապարանքի բոլոր դռներով ու կանգնեց թագաւորի առջեւ։ Թագաւորը նստել էր իր արքայական աթոռին ու հագել էր իր փառքի պատմուճանը, որն ընդելուզուած էր ոսկով, մարգարտով ու թանկարժէք քարերով, իսկ տեսքը խիստ ահաւոր էր։ 13Թագաւորը վեր բարձրացրեց իր դէմքը, որ վառւում էր փառքով, եւ նայեց։ Տիկինը շփոթուեց, փոխեց իր գոյնը, թուլացաւ եւ թեքուեց իր առջեւից գնացող նաժշտի վրայ։ 14Աստուած թագաւորի հոգին շրջեց դէպի հեզութիւն. թագաւորը շտապ վեր կացաւ, մեծ երկիւղով արագ իջաւ իր աթոռից եւ տիկնոջն առաւ իր գիրկը, կանգնեցրեց նրան։ Նա աղաչում, մխիթարում էր նրան մեղմ խօսքերով եւ ասում. 15«Քեզ ի՞նչ է եղել, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, չե՛ս մեռնի. 16քանի որ իմ եւ քո հրամանները նոյնն են. մօտեցի՛ր, 17վերցրո՛ւ ոսկի գաւազանն ու դի՛ր քո՝ տիկնոջդ պարանոցի վրայ»։ Ապա նա համբուրեց նրան ու ասաց. 18«Խօսի՛ր ինձ հետ»։ 19Եսթերն ասաց նրան. «Ես քեզ տեսայ, տէ՛ր, ինչպէս Աստծու հրեշտակ, եւ իմ սիրտը խռովուեց քո փառքի ահից, 20քանզի սքանչելի ես, տէ՛ր իմ, եւ քո երեսը լի է շնորհով»։ 21Եւ մինչ նա խօսում էր նրա հետ, երկրորդ անգամ թուլացած ընկաւ թագաւորի ահից։ 22Թագաւորն ու նրա բոլոր ծառաները շատ անհանգիստ էին. թագաւորի սպասաւորներն աղաչում էին տիկնոջը։ Թագաւորն ասաց. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր, եւ ի՞նչ է քո խնդրանքը. ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ խնդրես նոյնիսկ իմ թագաւորութեան կէսը, կը տամ քեզ»։
16 Այս էր պատճէնն այն հրովարտակի, որ կնքուած էր թագաւորի մատանիով. 2Ես՝ մեծ թագաւոր Արտաշէսը, ողջունում եմ ձեզ, որ Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի կողմերում էք, հարիւր քսանեօթը գաւառների նախարարներիդ եւ իշխաններիդ, ձեզ, որ մեր մտքի եւ մեր սրտի մէջ էք։ 3Շատերը, որ շատ անգամ իրենց բարերարների քաղցր վերաբերմունքի շնորհիւ յաճախակի պատիւների են արժանացել, չափից աւելի մեծամտացան իրենց խորհուրդներով։ 4Նրանք ոչ միայն աշխատում են մեր հպատակներին չարչարել, այլ իրենց յանդգնութեամբ չեն կարողանում հանդուրժել նաեւ մեծերին եւ մեքենայութիւններ են նիւթում իրենց բարերարների հանդէպ։ 5Այդպիսով նրանք ոչ միայն վերացնում են մարդկանցից երախտագիտութիւն ստանալու հնարաւորութիւնը, այլեւ յղփանալով ու գոռոզամտանալով՝ ուզում են անհնարին գովասանքներ ստանալ։ Նրանք չգիտեն, որ այդ ամենի վերատեսուչը յաւերժական Աստուածն է։ Նրանք ատելի չարութեամբ կարծում են, թէ կը խուսափեն դատաստանից։ 6Շատ անգամ շատերը, որ իշխանութեան են նշանակուած եւ որոնց գործ է վստահուած, իրենց համար հանգստութիւն ու մխիթարութիւն են համարում անմեղ արիւն թափելը։ 7Դրա համար էլ այդպիսի մէկը կրեց իր արժանի պատիժը, որը, չարակամութեամբ եւ ատելութեամբ, առանց խորհելու մեզ մօտ ամբաստանեց նրանց, ովքեր պատուի են արժանացել մեր կողմից։ 8Իսկ այժմ պէտք է առաւել զգոյշ լինել, քան նախորդ անգամ, ինչպէս սովորեցրինք ձեզ, որովհետեւ այն անգամ գրուեց միայն այդպիսի մարդկանց մասին եւ ոչ թէ նրանց արած գործերի, մարդիկ, որոնք անարժանաբար հզօրացել էին իրենց ժառանգած իշխանութեամբ։ 9Արդ, նայելով թագաւորութեանս, այնպէս արէք, որ այն լինի առանց խռովութեան, քանի որ մենք բոլոր մարդկանց շնորհեցինք ապրել խաղաղութեամբ։ 10Այժմ վերադարձէ՛ք նոյն վիճակին. թող մերժուի նախորդ հրամանը. հարկաւոր է հեզութեամբ ու խաղաղութեամբ ընդառաջել 11եւ ոչ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին, որը իսկապէս օտար լինելով պարսից զարմին եւ այն քաղցր վերաբերմունքին 12ու մարդասիրութեանը, որ ունենք բոլոր ազգերի նկատմամբ, եւ որոնք խիստ ատելի, մերժելի եւ խորթ էին նրա համար այն աստիճան, որ, թէեւ նա կոչուեց մեր աթոռակիցը, որին երկրպագում էին բոլորը, որ մեր իշխանութեան տակ են, եւ որին պատուեցինք մեր երկրորդ աթոռին նստեցնելով, 13բայց նա իր ամբարտաւանութեան մէջ չհանդարտուեց, ջանաց մեքենայութիւն նիւթել՝ հեռացնելու մեզ այս իշխանութիւնից եւ զրկելու հոգուց։ 14Մեր փրկիչ ու երախտաւոր Մուրթքէին եւ իմ թագաւորութեանը հաւասար չքնաղ ու անարատ Եսթեր տիկնանց տիկնոջը, իր ամբողջ ազգով հանդերձ, բազում զուր եւ դատարկ մեղքեր վերագրելով, նա ցանկացաւ առանց պատճառի կործանել։ 15Այս եղանակով նա մտածում էր իմ պարսկական թագաւորութիւնը վերածել աւերի ու անապատի եւ այն կրկին վերադարձնել մակեդոնացիներին։ 16Իսկ մենք տեսնում ենք, որ բազմահնար այդ սատակչի կողմից կոտորուելու մատնուած հրեաների մէջ չարութեան որեւէ գործ չկայ, եւ նրանք արդար օրէնքներով ընթացող մարդիկ են։ 17Սրանք որդիներն են բարձրեալ, մեծ ու կենդանի Աստծու, որ մեր եւ մեր ազգի թագաւորութիւնը վարում է իր բարութեան եւ սիրոյ առատութեամբ։ 18Արդ, լաւ կ՚անէք, որ ոչինչ չձեռնարկէք ըստ այն հրովարտակի, որ Համանի հրամանն է եւ ուղարկուած է ձեզ։ 19Նա ինքնագլուխ է արել այդ բանը, դրա համար էլ նա Սուսա քաղաքի դռների մօտ իր ամբողջ ընտանիքով հանդերձ կախաղան է հանուել՝ վրէժի արժանի հատուցումն իր վրայ ընդունելով Ամենակալ Աստծուց, որը նրան արագ հատուցեց իր դատաստանը։ 20Այս հրովարտակի պատճէնը հանեցէ՛ք, դրէ՛ք տեսանելի տեղերում, տարածեցէ՛ք ամենայն հոգածութեամբ, որպէսզի հրեաները կատարեն իրենց օրէնքները։ 21Արդ, թող նրանք քաջալերուեն, որովհետեւ ինչպէս նեղութեան ժամանակ նրանց չարչարում էին, թող նրանք այդպէս էլ հատուցեն իրենց թշնամիներին Ադար ամսի նոյն՝ տասներկուերորդ եւ տասներեքերորդ օրը. 22քանզի Ամենազօր Աստուած հէնց ինքը այդ ընտրեալ ազգի կործանման փոխարէն նրանց ուրախութիւն տուեց։ 23Եւ դուք այժմ ձեր օրէնքով՝ ձեր տարեկան տօներին եւ նշանաւոր օրերին ուրախութիւն կ՚անէք, 24որպէսզի, ինչպէս մինչեւ հիմա, այնպէս էլ սրանից յետոյ եւս փրկութիւն լինի մեզ եւ պարսիկներիս համար վաստակածներին, իսկ կորստեան յիշատակ նրանց, ովքեր մեզ համար մահ էին նիւթում։ 25Բոլոր այն քաղաքներն ու գաւառները, որոնք չեն գործի ըստ մեր այս խօսքերի, սրով, հրով եւ ցասումով պիտի աւերուեն եւ դատարկուեն ոչ միայն մարդկանցից, այլեւ երկրի գազաններից եւ թռչուններից, որոնք յաւիտեան պիտի թողնեն եւ հեռանան դրանցից։