Երեմիա


1 Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր։ 2Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին։ 4Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5«Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»։ 6Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ 7Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես։ 8Չվախենաս նրանցից, - ասում է Տէրը, - քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»։ 9Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի։ 10Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»։ 11Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»։ Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»։ 12Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»։ 13Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»։ 14Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու։ 15Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից, - ասում է Տէրը. - գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ։ 16Ես դատ ու դատաստանով եմ խօսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ եւ զոհեր մատուցեցին օտար աստուածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։ 17Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա՛ եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ։ Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար, - ասում է Տէրը։ 18Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք, եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։ 19Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար», - ասում է Տէրը։
2 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛. 2Տէրն այսպէս է ասում. « Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի սրբի յետեւից«»։ 3Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ», - ասում է Տէրը։ 4Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Յակոբի տուն եւ Իսրայէլի բոլո՛ր տոհմեր։ 5Այսպէս է ասում Տէրը. «Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան իմ մէջ, որ հեռացան ինձնից եւ, սնոտի աստուածների յետեւից գնալով, սնահաւատ դարձան։ 6Չասացին էլ՝ «Ո՞ւր է Տէրը, որ մեզ հանեց Եգիպտացիների երկրից եւ առաջնորդեց մեզ անապատում, անծայր ու անուղի, անջուր ու անպտուղ երկրում, մահուան ստուերների մէջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, եւ ուր չէր բնակուել մարդու որդին։ 7Տարաւ մեզ Քերմէլ՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները». իսկ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը, իմ ժառանգութիւնը պղծութեան մատնեցիք։ 8Եւ քահանաները չհարցրին՝ «Ո՞ւր է Տէրը»։ Իմ օրէնսգէտներն ինձ չուզեցին ճանաչել, առաջնորդներն ապստամբեցին իմ դէմ, եւ մարգարէները Բահաղի անունով մարգարէութիւն արին ու անօգուտ աստուածների յետեւից գնացին»։ 9«Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ, - ասում է Տէրը, - պիտի դատեմ նաեւ ձեր որդոց որդիներին։ 10Արդ, անցէ՛ք քետիմացիների կղզիներն ու նայեցէ՛ք, մա՛րդ ուղարկեցէք նաեւ Կեդար ու լա՛ւ տեղեկացէք, տեսէք՝ եղե՞լ է այդպիսի բան. 11ազգերն իրենց աստուածներին փոխե՞լ են, թէեւ նրանք աստուածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։ 12Այդ բանի վրայ ապշեց երկինքը եւ խիստ սոսկաց, - ասում է Տէրը, - 13քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբիւրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։ 14Միթէ Իսրայէլը ծառա՞յ է, կամ Յակոբը՝ ստրո՞ւկ, որ աւարի մատնուեցին։ 15Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները, բնակիչներից թափուր դառնալով, կործանուեցին։ 16Մեմփացիներն ու տափնացիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին։ 17Միթէ դրա պատճառն այն չէ՞ր, - ասում է քո Տէր Աստուածը, - որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով։ 18Եւ հիմա դու ո՜ւր, եգիպտացիների ճանապարհն ուր. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել. եւ կամ՝ դու ո՜ւր, ասորեստանցիների ճանապարհն ուր. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։ 19Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ։ Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը, - ասում է քո Տէր Աստուածը»։ 20«Ես չհաւանեցի քեզ, - ասում է քո Տէր Աստուածը։ Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր, թէ՝ «Չեմ ծառայի, այլ կը գնամ այնտեղ, բոլոր բարձր բլուրների վրայ եւ բոլոր ստուերախիտ ծառերի տակ, կը զեխանամ պոռնկութեան մէջ»։ 21Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ։ 22Եթէ բորակով էլ լուացուես եւ կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձեալ իմ առաջ քո անիրաւութիւնների մէջ շաղախուած կը մնաս, - ասում է Տէր Աստուածը։ 23Ինչպէ՞ս ես ասում, թէ՝ «Չեմ պղծուել եւ չեմ գնացել Բահաղի յետեւից»։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում եւ իմացի՛ր, թէ ի՛նչ ես արել։ 24Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան պատճառով այսահար դարձաւ։ Անձնատուր եղաւ իր կրքերին, եւ ո՞վ է, որ յետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կը փնտռեն նրան, նեղութիւն չեն կրի. իր ամսականի տառապանքների մէջ կը գտնեն նրան։ 25Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից եւ քո կոկորդը՝ ծարաւից»։ Իսկ նա ասում է՝ «Ուժս տեղն է«, որովհետեւ նա սիրում էր օտար աստուածներին եւ գնում նրանց յետեւից»։ 26«Ինչպէս որ կ՚ամաչի գողը, երբ բռնուի, այնպէս էլ պիտի ամաչեն իսրայէլացիները, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները։ 27Նրանք փայտին ասացին, թէ՝ «Իմ հայրն ես դու», եւ քարին, թէ՝ «Դո՛ւ ծնեցիր ինձ»։ Եւ նրանք ոչ թէ իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձութեան ժամին պիտի ասեն՝ «Արի փրկի՛ր մեզ»։ 28Հապա ո՞ւր են քո այն աստուածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշուառութեան ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստուածները նոյնքան էին, որքան քո քաղաքների թիւը, ո՛վ Յուդայի երկիր։ Չէ՞ որ Երուսաղէմի ճանապարհների թուով զոհեր էին մատուցում Բահաղին։ 29Այժմ ինչո՞ւ էք խօսում ինձ հետ,որովհետեւ դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրէն եղաք իմ դէմ,- ասում է Տէրը։ 30Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերաւ ձեր մարգարէներին, առիւծի պէս յօշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։ 31Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը,այսպէս է ասում Տէրը.«Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞ր, որ իմ ժողովուրդն ասաց. «Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ»։ 32Միթէ հարսը կը մոռանա՞յ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ։ 33Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները։ 34Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ։ 35Դու ասացիր, թէ՝ «Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ»։ Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի։ 36Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր։ 37Այնտեղի՛ց էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես»։
3 «Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ, - ասում է Տէրը։ - 2Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր։ Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր։ 3Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը։ 4Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան։ 5«Միթէ Տէրը յաւիտեան բարկացա՞ծ պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի՞».- ահա այսպէս ասացիր դու,գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»։ 6Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ։ 7Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ «Ինձ մօ՛տ դարձիր», բայց չդարձաւ։ Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը։ 8Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ։ 9Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։ 10Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ՝ դարձաւ ստութեամբ։ 11Իսրայէլը, - ասում է ինձ Տէրը, - արդարացրեց իր ապստամբութիւնը՝ ուխտազանց Յուդայի համեմատութեամբ։ 12Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. «Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ, - ասում է Տէրը։ - Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ, - ասում է Տէրը, ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի։ 13Բայց դու գիտակցի՛ր քո անօրէնութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծու դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր, - ասում է Տէրը։ - 14Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, - ասում է Տէրը։ - Կ՚առնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին եւ ամէն ցեղից՝ երկուսին, ու կը տանեմ ձեզ Սիոն։ 15Իմ սրտին հաճելի առաջնորդներ կը տամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովուութիւն անեն ձեզ։ 16Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք, - ասում է Տէրը, - այլեւս չեն ասելու՝ «Իսրայէլի Սուրբ Ուխտի տապանակը», չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտռուելու այն եւ չի վերաշինուելու։ 17Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղէմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը հաւաքուելու են Երուսաղէմում՝ Տիրոջ անունը մեծարելու եւ այլեւս չեն հետեւելու իրենց չար սրտերի խորհուրդներին։ 18Այն օրերին Իսրայէլի տունը միանալու է Յուդայի տանը, եւ հիւսիսից ու բոլոր գաւառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրեւ ժառանգութիւն տուի նրանց հայրերին»։ 19Ես ասացի՝ թող լինի՛, Տէ՛ր։ «Ձեզ որդիներիս մէջ կարգել կամեցայ՝ ձեզ տալու համար ընտիր երկիրը՝ իբրեւ ազգերի Ամենակալ Աստծու մեծահռչակ ժառանգութիւն. ասացի, որ հայր կոչես ինձ եւ այլեւս երես չթեքես ինձնից։ 20Բայց ինչպէս կինն է անարգում իր ամուսնուն, այնպէս էլ դու ինձ անարգեցիր, ո՛վ Իսրայէլի տուն, - ասում է Տէրը։ - 21Լացի ու պաղատանքի ձայնը գուժեց իսրայէլացիների շուրթերից, քանզի անիրաւութիւն գործեցին իրենց ճանապարհներին եւ մոռացան իրենց սուրբ Աստծուն։ 22Դարձէ՛ք, որդինե՛ր, եւ ես կը փարատեմ ձեր ցաւը»։Նրանք ասացին. «Ահա մենք կանք, քանզի դու ես մեր Տէր Աստուածը։ 23Արդարեւ, ունայն էին բլուրների եւ բարձունքների բագինները եւ նրանց զօրութիւնը. Իսրայէլի տան փրկութիւնը մեր Տէր Աստծու ձեռքին է։ 24Մեր մանկութիւնից ի վեր խայտառակութիւնը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հօտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։ 25Մենք մեր ամօթով քուն մտանք, եւ մեր անարգանքները մեզ ծածկոց եղան, քանզի մենք եւ մեր հայրերը մանկութիւնից մինչեւ այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք եւ մեր Տէր Աստծու ձայնը չլսեցինք»։
4 «Եթէ Իսրայէլը դառնալու է դէպի ինձ, թող դառնայ, - ասում է Տէր Աստուած, - եթէ յանուն Երուսաղէմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի աստուածների անունները, վախենայ ինձնից 2եւ ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ երդուի, թէ՝ «Տէրը կենդանի է», նրա կողմից պիտի օրհնուեն ազգերը եւ նրանով արժանանան պարծանքի»։ 3Այսպէս է ասում Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեցէք ձեզ համար, փշերի մէջ մի՛ սերմանէք։ 4Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատուեցէք, ձեր սրտի անթլփատութի՛ւնը թլփատեցէք, որովհետեւ գուցէ ձեր չար գործերի պատճառով իմ բարկութիւնն իբրեւ հուր ելնի ու բորբոքուի, եւ մէկը չգտնուի, որ հանգցնի այն»։ 5«Գուժեցէ՛ք Հրէաստանի մէջ, լուրը թող հասնի Երուսաղէմ, ասացէ՛ք, փո՛ղ հնչեցրէք երկրով մէկ, աղաղա՛կ բարձրացրէք, գոչեցէ՛ք, հաւաքուեցէ՛ք եւ մտէ՛ք պարսպապատ քաղաքները։ 6Ելէք փախէ՛ք դէպի Սիոն, շտապեցէ՛ք, մի՛ դանդաղէք, որովհետեւ ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հիւսիսից։ 7Առիւծն իր որջից դուրս եկաւ, որպէսզի յօշոտի ազգերին, շարժուեց ու ելաւ իր տեղից, որպէսզի քո երկիրն աւերակ դարձնի։ Քո քաղաքները քանդուելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։ 8Դրա համար էլ քո՛ւրձ հագէք, կոծեցէ՛ք ու ճի՛չ բարձրացրէք, քանզի Տիրոջ ցասումն ու բարկութիւնը յետ չդարձաւ ձեզնից։ 9Եւ այն օրը, - ասում է Տէրը, - թագաւորն ու իշխանները սրտաբեկ պիտի լինեն, քահանաները պիտի յիմարանան, մարգարէներն ապշեն»։ 10Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղութիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել։ 11Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղէմին. «Սա անապատում քո մոլորութեան համար է։Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրութեան եւ ո՛չ էլ սրբութեան համար էր։ 12Նրանց այդ յորդաբուխ շունչն է, որ ողջ սաստկութեամբ գալու է դէպի ինձ. այսուհետեւ ես էլ նրանց հետ իմ դատաստաններով եմ խօսելու»։ 13Ահա նա ելնելու է ինչպէս ամպ. նրա կառքը նման է մրրկի, նրա երիվարներն աւելի արագընթաց են, քան արծիւները։ Վա՜յ մեզ, որ թշուառացանք։ 14«Երուսաղէմ, լուա՛ քո սրտի չարութիւնները, որ փրկուես. քո ցաւալի խորհուրդները մինչեւ ե՞րբ պիտի մնան քո մէջ։ 15Բօթաբեր ձայն է հնչում դրանից, թշուառութեան աղաղակներ են լսուելու Եփրեմի լեռից։ 16Ա՛յս բանը գուժեցէք ազգերին. իմա՛ց տուէք, թէ գնդեր են գալիս հեռաւոր երկրից.ահա հասել են Երուսաղէմ.նրանք իրենց ձայնն են արձակում Հրէաստանի քաղաքների դէմ 17եւ, ինչպէս ագարակի պահապաններ,շրջապատել են Հրէաստանը։ 18Դու անտեսեցիր ինձ, - ասում է Տէրը. - քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամէնը։ Դա է քո չարութիւնը, ինչպէս եւ դառնութիւնը, որ հասաւ սրտիդ»։ 19Որովա՜յնս, որովայնս ցաւ է ընկել, եւ հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլւում է, եւ հոգիս հանգստութիւն չունի, որովհետեւ ես շեփորի ձայն լսեցի եւ պատերազմի ու թշուառութեան գոյժ։ 20Հարուած հարուածի վրայ եկաւ. բողո՛ք բարձրացրէք, քանզի ողջ երկիրն աւերակ դարձաւ, վրանս յանկարծակի խորտակուեց, եւ քանդուեցին վրանիս վարագոյրները։ 21Մինչեւ ե՞րբ պիտի փախստականներ տեսնեմ, շեփորի ձայն լսեմ։ 22Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետեւ նրանք ոչ թէ խելացի, այլ անմիտ որդիներ են. չարութիւն անելիս իմաստուն են, իսկ բարի բան կատարել չգիտեն։ 23Նայեցի երկրին՝ ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դէպի երկինք՝ եւ չկար նրա լոյսը։ 24Նայեցի եւ տեսայ, որ լեռները երերում էին, եւ բոլոր բլուրները՝ սասանւում։ 25Նայեցի, բայց ահա մարդ չկար, եւ երկնքի բոլոր թռչունները սարսափահար էին եղել։ 26Նայեցի եւ տեսայ, որ Կարմելոսն աւերակ էր, իսկ նրա բոլոր քաղաքները՝ հրի մատնուած։ Տիրոջ պատճառով, նրա բարկութեան ու ցասման պատճառով դրանք ամայացան։ 27Այսպէս է ասում Տէրը. «Աւերուելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։ 28Այս ամենի համար երկիրը սուգ պիտի անի, եւ վերից երկինքը պիտի խաւարի, որովհետեւ ե՛ս ասացի՝ եւ չեմ զղջալու, ե՛ս ձեռնարկեցի՝ եւ յետ չեմ կանգնելու դրանից»։ 29Հեծեալների ձայնից եւ լարուած աղեղներնից ամբողջ երկիրը խոյս տուեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնուեցին անտառներում, բարձրացան քարանձաւները. բոլոր քաղաքները լքուեցին, ու նրանց մէջ մարդ չի բնակւում։ 30Իսկ դու, թշուառակա՛ն, ի՞նչ ես անելու։ Եթէ կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարուես ու քո աչքերին ծարիր քսես,քո զարդարանքները զուր են լինելու։ Հոմանիներդ քեզ մերժեցին եւ հոգիդ առնել են ուզում։ 31Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնուած կնոջ ձայնը լինէր։ Սիոնի դստեր ձայնը պիտի նուաղի, յուսահատ՝ նա պիտի տարածի իր ձեռքերն ու ասի.«Վա՜յ ինձ, որ հոգիս մահու չափ խոցուեց սպանուածների համար»։
5 «Երուսաղէմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժուեցէք, նայեցէ՛ք, իմացէ՛ք եւ փնտռեցէ՛ք նրա հրապարակներում.եթէ այնտեղ գտնէք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտութեանը հետամուտ, ապա ես թողութիւն կը տամ նրա բնակիչներին», - ասում է Տէրը։ - 2Եթէ նրանք նոյնիսկ ասեն, թէ կենդանի է Տէրը, իրաւ որ սուտ երդուած կը լինեն։ 3Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից աւելի կարծրացրին եւ չուզեցին դարձի գալ։ 4Եւ ես ասացի՝ թերեւս աղքատ լինելով՝ անկարող եղան ճանաչելու Տիրոջ ճանապարհներն ու Աստծու օրէնքները. 5գնամ հարուստների մօտ եւ նրանց հետ խօսեմ. գուցէ նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրէնքները։ Բայց ահաւասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։ 6Դրա համար էլ անտառի առիւծը կոտորեց նրանց, եւ գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչեւ տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառիւծը, եւ բոլորը, ովքեր այնտեղից դուրս կը գան՝ կ՚ընկնեն իբրեւ դիակ, քանզի իրենց ամբարշտութիւնները բազմացրին եւ իրենց անհնազանդութեան մէջ զօրացան։ 7«Սրանցից որի՞ համար հաշտուեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին եւ չաստուածներով երդուեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթեւանեցին։ 8Նրանք դարձան իգամոլ ձիեր, եւ ամէն մէկն իր ընկերոջ կնոջ վրայ էր վրնջում։ 9Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, -միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։ 10Բարձրացէ՛ք քաղաքի աշտարակների վրայ եւ կործանեցէ՛ք, բայց իսպառ մի՛ աւերէք. թողէ՛ք մնան նրա հիմքերը, որովհետեւ դրանք Տիրոջն են։ 11Յիրաւի, Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ», - ասում է Տէրը։ 12Նրանք ստեցին իրենց Տիրոջը եւ ասացին. «Բան չկայ, մեզ վրայ չարիքներ չեն գայ, սուր ու սով չենք տեսնի։ 13Մեր մարգարէները քամի էին, նրանք չունէին Տիրոջ պատգամը։Այդպէս էլ թող լինի նրանց»։ 14Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Քանի որ այդ բանը բարբառեցին, ահաւասիկ իմ խօսքը քո բերանն եմ դնում իբրեւ կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին ինչպէս փայտ։ 15Ո՛վ Իսրայէլի տուն, - ասում է Տէրը,-ահա հեռուից ես ձեզ վրայ պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չէք լինի եւ խօսքը չէք հասկանայ։ 16Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։ Ամէնքն էլ զօրաւոր են. 17ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, աւերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում էք, սրով հիմնիվեր կործանելու են։ 18Բայց այն օրն էլ, - ասում է քո Տէր Աստուածը, - ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու. 19եւ երբ ասելու լինեն՝ «Մեր Տէր Աստուածն այս ամէնն ինչո՞ւ արեց մեզ», կ՚ասես նրանց. «Քանի որ ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստուածներին,այդպէս էլ օտարներին էք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու»։ 20Այդ մասին իմա՛ց տուէք Յակոբի տանը, թող լսելի դառնայ նաեւ Յուդայի տանը. ասացէ՛ք. 21«Լսեցէ՛ք այս բանը, յիմա՛ր եւ անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունէք, բայց չէք տեսնում, ականջներ ունէք բայց չէք լսում։ 22Միթէ ինձնից չէ՞ք երկնչում, - ասում է Տէրը, - իմ երեսից չէ՞ք դողում,ես, որ աւազը ծովին սահման կարգեցի յաւիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծուի, բայց չկարողանայ դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։ 23Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորուեցին ու անցան գնացին։ 24Իրենց մտքում իսկ չասացին. «Վախեցէ՛ք մեր Տէր Աստծուց, որը, ըստ մեր հնձի ժամանակի,նրանից առաջ եւ յետոյ, անձրեւ է տալիս մեզ եւ պահպանում է մեզ։ 25Մեր անօրէնութիւննե՛րը խախտեցին այդ կարգը, եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները»։ 26Արդարեւ, իմ ժողովրդի մէջ գտնուեցին ամբարիշտներ եւ, մարդկանց ոչնչացնելու համար, թռչնորսների թակարդների պէս որոգայթներ ու ցանցեր լարեցին եւ որսում էին։ 27Ինչպէս որոգայթներն են լի թռչուններով, այնպէս էլ նրանց տներն են լեցուն նենգութեամբ։ 28Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան եւ չարութեամբ զանց առան իմ խօսքերը. արդար դատաստան չարին, որբի իրաւունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։ 29Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։ 30Յիմարութիւններ ու արհաւիրքներ կատարուեցին երկրի վրայ։ 31Մարգարէները սուտ մարգարէութիւն են անում, քահանաները ծափահարում են նրանց, եւ իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ էք անելու դրանից յետոյ»։
6 Բենիամինի՛ որդիներ, արիացէ՛ք Երուսաղէմում, փո՛ղ հնչեցրէք Թեկուէում եւ ազդանշա՛ն դրէք Բեթաքարմայի վրայ, որովհետեւ հիւսիսից յայտնուել են չարիքներ, 2մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի։ 3Հովիւներն իրենց հօտերով նրա մօտ են գալու եւ իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, իւրաքանչիւրը հովուելու է իր ձեռքով։ 4Պատերազմի՛ պատրաստուեցէք նրա դէմ, եկէք նրա դէմ ելնենք կէսօրին. վա՜յ մեզ, որովհետեւ ցերեկն անցաւ, եւ մեզ վրայ հասան երեկոյի ստուերները։ 5Եկէք գիշերով ելնենք եւ խորտակենք նրա հիմքերը։ 6Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ջարդեցէ՛ք նրա փայտաշէն տները, զօ՛րք հանեցէ՛ք Երուսաղէմի դէմ, որովհետեւ նա ամբողջապէս սուտ քաղաք է, բռնութիւնն է իշխում նրա մէջ։ 7Ինչպէս գուբն է իր ջուրը պաղեցնում, այնպէս էլ նա է պաղեցնում իր չարութիւնները. այնտեղ, նրա յանդիման, մշտապէս ամբարշտութիւն ու չարութիւն է լսւում։ Ցաւերով ու տանջանքներով պիտի խրատուես, Երուսաղէ՛մ։ 8Թող այնպէս չլինի, որ ես բաժանուեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, ուր ոչ ոք երբեք չի բնակուել»։ 9Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քաղեցէ՛ք, քաղեցէ՛ք, Իսրայէլի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արէք եւ նորից նոյն գործին դարձէք, ինչպէս այգին քաղողն է դառնում դէպի իր գործը»։ 10Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ, եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն։ 11Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի։ «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու կին առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են։ 12Նրանց տները, նրանց արտերի ու կանանց հետ միասին, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի, - ասում է Տէրը, - պէտք է պատժեմ այդ երկրի բնակիչներին։ 13Նրանք, փոքրերից մինչեւ մեծերը, բոլորն էլ անօրէնութիւններ գործեցին, քահանայից մինչեւ սուտ մարգարէն բոլորն էլ սուտ խօսեցին։ 14Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն». բայց ո՞ւր է խաղաղութիւնը։ 15Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են գտնելու, եւ երբ իրենց պատժելու լինեմ՝ բնաջնջուելու են», - ասում է Տէրը։ 16Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է բարի ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ քաւութիւն կը գտնէք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ։ 17Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը։ Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի։ 18Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովուութիւն էին անում հօտերին։ 19Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին։ 20Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»։ 21Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կը բերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կը վարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կը կորչեն միասին»։ 22Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ զօրք է գալիս հիւսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից յառնելու են բազում թագաւորներ, 23աղեղնաւորներ ու նիզակակիրներ, մի յանդուգն ու անողորմ ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տայ, ինչպէս կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դէմ, ո՛վ Սիոնի դուստր»։ 24Նրանց լուրն առանք, եւ մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պէս մեզ պաշարեցին նեղութիւնները։ 25Դուրս մի՛ գաք դէպի հանդերը եւ մի՛ գնացէք ճանապարհներով, որովհետեւ ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։ 26«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետեւ ձեզ վրայ թշուառութիւնը յանկարծակի է գալու։ 27Ես քեզ, Երեմիա՛, կարգեցի պաշարուած ժողովուրդների համար որպէս փորձիչ, եւ դու պիտի իմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները»։ 28Բոլորն անհնազանդ են եւ գնում են կամակորութեամբ. ինչպէս պղինձ եւ երկաթ՝ բոլորն էլ ապականուած են։ 29Փուքսերը ոչնչացան կրակից, կապարն սպառուեց, արծաթագործը զուր է չարչարւում։ Նրանց չարիքները չհալուեցին։ 30Խոտան արծա՛թ կոչեցէք նրանց, որովհետեւ Տէրը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հրէաստան։
7 Ահա այն պատգամը, որ Տէրը տուեց Երեմիային՝ ասելով. 2«Կանգնի՛ր Տիրոջ Տան դռան մօտ եւ այնտեղ յայտարարի՛ր այս խօսքերը. կ՚ասես. «Լսի՛ր Տիրոջ խօսքը, ո՛ղջ Հրէաստան, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը»։ 3Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Աստուածն Իսրայէլի. «Ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու վարքը, եւ ես կը բնակեցնեմ ձեզ այս վայրում։ 4Մի՛ ապաւինէք սուտ խօսքերին. նրանք, որ ասում են՝ Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, բոլորովին ձեզ չեն օգնի։ 5Եթէ իսկապէս ուղղէք ձեր ընթացքն ու վարքը, եթէ այր մարդու եւ նրա ընկերոջ միջեւ օրէնք ու արդարութիւն պահէք, 6օտարականին, որբին ու այրուն չնեղէք, անմեղ արիւն չթափէք այդտեղ եւ չարութեան չհանդիպելու համար օտար աստուածներին չհետեւէք, 7ապա ձեզ կը բնակեցնեմ այդ վայրում, այն երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուեցի ձեր հայրերին։ 8Իսկ եթէ դուք սուտ խօսքերին ապաւինէք, ինչից ոչ մի օգուտ չէք ունենալու, 9եւ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, սուտ երդում տաք, խնկարկէք Բահաղին, հետեւէք օտար սուտ աստուածներին, որոնց չէք ճանաչում, ապա ձեզ բաժին կը հասնի չարիքը։ 10Ու դուք կը գաք, կը կանգնէք իմ առաջ, այս Տան մէջ, որի վրայ իմ անունն է դրուած, եւ կ՚ասէք՝ «Հրաժարուեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց«։ 11Միթէ ձեր աչքին աւազակների քարա՞յր է դարձել իմ այս Տունը, որի վրայ իմ անունն է դրուած։ Ահաւասիկ ես տեսայ, - ասում է Տէրը։ - 12Գնացէ՛ք Սելով՝ իմ այն տեղը, ուր առաջ հաստատել էի իմ անունը, տեսէք, թէ ինչպէ՛ս վարուեցի նրա հետ Իսրայէլի իմ ժողովրդի չարութիւնների պատճառով։ 13Եւ հիմա, - ասում է Տէրը, - քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտուիք ինձ, 14ապա այդ Տան հետ, որի վրայ դրուած է իմ անունը, եւ որտեղ դուք ապաստան էք գտել, նոյնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաեւ այն երկրի հետ, որ տուեցի ձեզ եւ ձեր հայրերին։ 15Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպէս գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։ 16«Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր դրանց համար, որովհետեւ քեզ չեմ լսելու։ 17Չե՞ս տեսնում, թէ ինչե՛ր են կատարում դրանք Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի ճանապարհներին. 18նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի զօրութիւնների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նուիրում օտար աստուածներին, որպէսզի բարկացնեն ինձ։ 19Բայց միթէ ի՞նձ են բարկացնում, - ասում է Տէրը, - թէ՞ իրենք իրենց, եթէ երեսի ամօթ ունենան»։ 20Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկութիւնը կը թափեմ այդ տեղի վրայ, մարդու եւ անասունի վրայ, ագարակի ծառի վրայ, հողի բարիքների վրայ. թող կրակը բորբոքուի ու չմարի»։ 21Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ձեր ողջակէզները ձեր զոհերի հետ միասին հաւաքեցէ՛ք եւ մի՛ս կերէք։ 22Ձեր հայրերի հետ ոչինչ չխօսեցի եւ ոչ էլ պատուէր տուեցի նրանց ողջակէզների եւ զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտացիների երկրից։ 23Բայց ա՛յս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. «Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստուած կը լինեմ, իսկ դուք ինձ համար կը լինէք ժողովուրդ եւ կը գնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատուիրեցի, որպէսզի լաւ լինի ձեզ համար»։ 24Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին։ 25Եւ այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան Եգիպտացիների երկրից, այն օրից մինչեւ այսօր նրանք յետ գնացին եւ ոչ թէ առաջ։ Ու ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, ուղարկեցի ամէ՛ն օր, առաւօտ կանուխ։ 26Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը։ 27Այս խօսքերը դու կ՚ասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կը կանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տայ։ 28Ու դու կ՚ասես նրանց. «Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծու ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց։ Հաւատքը նուազեց, եւ ճշմարտութիւնը վերացաւ նրա բերանից»։ 29«Կտրի՛ր մազերդ ու դէ՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետեւ Տէրը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում։ 30Արդարեւ, - ասում է Տէրը, - Յուդայի որդիները չարութիւն արին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը կրող Տան մէջ, որպէսզի պղծեն այն։ 31Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին՝ իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտուեցի եւ ոչ էլ մտքովս անցկացրի։ 32Ահա թէ ինչու գալու են օրեր, - ասում է Տէրը, - երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝ Սպանուածների ձոր եւ, տեղը չբաւականացնելու պատճառով, թաղում են կատարելու հէնց Տափեթում։ 33Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների եւ երկրի գազանների համար, եւ մարդ չի լինելու, որ հալածի նրանց։ 34Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը եւ ցնծացողների ձայնը, հարսի ձայնը եւ փեսայի ձայնը, որպէսզի երկիրը դառնայ անապատ»։
8 «Այն ժամանակ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից, 2պիտի չորացնեն արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են լինելու, 3քանի որ մահը նախընտրեցին եւ ոչ թէ կեանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանուել են, ամէն տեղ մնացածների հետ միասին պիտի արտաքսեմ», - ասում է Զօրութիւնների Տէրը։ 4«Ու դու կ՚ասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. «Նա, որ գլորւում է, միթէ չի՞ ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում»։ 5Արդ, Երուսաղէմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորուեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորութեան մէջ յամառեցին ու չցանկացան դարձի գալ։ 6Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում խոստովանել, մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի։ Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։ 7Արդ, արսին թռչունը երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները»։ 8Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը, 9իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը։ Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ։ 10Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետեւ նրանցից ամէն ոք, փոքրից մինչեւ մեծերը, չափից աւելի ագահութիւն է անում, իւրաքանչիւրը, մարգարէից մինչեւ քահանան՝ անիրաւութիւն։ 11Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին արհամարհանքով եւ ասում. «Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն», մինչդեռ խաղաղութիւն չկար։ 12Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին։ Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ լինեն, - ասում է Տէրը։ 13Նրանք հաւաքելու են իրենց բերքը, - ասում է Տէրը, - բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի. ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»։ 14Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք՝ գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան ջուր խմեցրեց մեզ.արդարեւ, մեղք գործեցինք նրա հանդէպ։ 15Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է։ 16Դանից մեզ հասաւ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժոյգների խրխնջոցի ձայնից ցնցուեց ողջ երկիրը։ Թող գայ եւ ուտի երկիրն իր ամէն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։ 17«Ես ահաւասիկ ձեզ վրայ սպանիչ օձեր եմ արձակելու, որոնց վրայ թովչութիւնները չեն ներգործելու, - ասում է Տէրը, - եւ որոնք պիտի խայթեն ձեզ՝ 18անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին»։ 19Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. «Միթէ Տէրը Սիոնում չէ՞, կամ այնտեղ թագաւոր չկա՞յ»։ «Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»։ 20Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք։ 21Իմ ժողովրդի դստեր վէրքն ինձ խորտակեց, խաւարեցի անյուսութեամբ, հալումաշ եղայ, ինչպէս ծննդկանը՝ երկունքից։ 22Միթէ Գաղաադում դեղ չի՞ ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկա՞յ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ։
9 Ո՞վ կը տար իմ գլխին ջուր եւ իմ աչքերին՝ արտասուքի աղբիւրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի այս ժողովրդին եւ իմ ժողովրդի դստեր վիրաւորներին։ 2Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող ենեւ անարգների բազմութիւն։ 3«Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին, - ասում է Տէրը։ 4Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ։ 5Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել։ 6Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք չկամեցան ճանաչել ինձ», - ասում է Տէրը։ 7Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանցեւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ։ 8Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն։ 9Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, -կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու։ 10Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին։ 11Երուսաղէմը գերութեան եմ մատնելու եւ այն տալու եմ վիշապներին բնակութեան համար, իսկ Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան եմ ենթարկելու, այնպէս որ բնակիչներ չլինեն»։ 12Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար կորստեան դատապարտուեց երկիրը։ Լքուեց ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։ 13Եւ Տէրն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին, 14հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը, 15դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր։ 16Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք։ Դրանց վրայ սուր եմ արձակելու, մինչեւ որ սրով կոտորեմ դրանց», - ասում է Զօրութիւնների Տէրը։ 17Մտածեցէ՛ք եւ կանչեցէ՛ք լալական կանանց, որ գան,եւ մարդ ուղարկեցէք՝ կանչելու վարժ եղերամայրերի.թող նրանք գուժեն, 18թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ։ Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն։ 19Սիոնում տարածուեց տխուր մի ձայն. «Ինչպէ՜ս թշուառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետեւ լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը»։ 20Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ, 21քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար»։ 22Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»։ 23Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ, 24եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուածը, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ, - ասում է Տէրը։ 25Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, -երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝ 26Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին։ Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով»։
10 Ո՛վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած։ 2Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։ 3Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր, 4արծաթով եւ ոսկով զարդարուած ձուլածոյ բաներ։ Մուրճերով եւ գամերով ամրացրել են դրանք, որ չշարժուեն. յղկուած արծաթ են, Թարսիսի բանուած արծաթ եւ ոսկի՝ բերուած Մեմփաթայից։ 5Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պէտք է բարձուելով տարուեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրայ,որով տանում են։ Մի՛ վախեցէք նրանցից, որովհետեւ չարութիւն չեն անում, բայց բարութիւն էլ չկայ նրանց մէջ։ 6Քեզ նման ոչ ոք չկայ, Տէ՛ր, մեծ ես դու եւ մեծ է քո անունը զօրութեամբ։ 7Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագաւոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների եւ նրանց բոլորը թագաւորների մէջ ո՞վ է քեզ նման։ 8Թող միանգամից այրուեն, թող սատակեն սրտերը սնոտի աստուածների, 9որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից։Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի զգեստները բոլորը հնարամիտ վարպետների գործն են։ 10Իսկ մեր Տէր Աստուածը ճշմարիտ է, կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր։ Նրա բարկութիւնից երկիրը կը շարժուի, ազգերը չեն դիմանայ նրա բարկութեանը։ 11Այսպէս կ՚ասէք նրանց. «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից»։ 12Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը։ 13Իր ձայնն արձակելիս՝ նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրեւների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։ 14Ամէն մարդ, գիտութիւնից զրկուած, ապուշ դարձաւ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, եւ նրանց մէջ շունչ չկայ. 15սնոտի ու խաբէական գործեր են դրանք։ Երբ նրանց այցելութեան գնան, նրանք կորստեան են մատնուելու։ 16Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը Նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։ 17Ո՛վ դու, որ բնակւում ես ընտրեալների մէջ, հեռուներից հաւաքի՛ր քո զօրութիւնը։ 18Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես նեղութիւնն իբրեւ խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ եւ հալածելու եմ նրանց, որ չգտնուեն»։ 19Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ. 20խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում. այլեւս չկայ իմ խորանի տեղը, չկայ եւ իմ վարագոյրների տեղը»։ 21Հովիւները խելքի չեկան եւ Տիրոջը չփնտռեցին, դրա համար էլ բոլոր հօտերը չճանաչեցին նրանց ու ցիրուցան եղան։ 22Բօթաբեր ձայն է գալու եւ մեծ դղրդում՝ հիւսիսի երկրից, որպէսզի Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան ենթարկի եւ դարձնի ջայլամների կայան։ 23Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը։ 24Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, բայց արդարութեամբ եւ ոչ թէ ցասմամբ, որ մեզ սակաւաթիւ չդարձնես։ 25Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը, որովհետեւ նրանք յօշոտեցին Յակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրանեւ աւերեցին նրա արօտավայրերը։
11 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասում է. 2«Լսեցէ՛ք այս ուխտի պայմանը եւ յայտնեցէ՛ք Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակինչներին։ 3Եւ կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. «Թող անիծեալ լինի այն մարդը, որը չի ընդունի այս ուխտի պայմանը, 4որ աւանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ երկաթէ հնոցից. ասում եմ. ՚ Ակա՛նջ դրէք իմ ձայնին եւ, ինչ որ պատուիրեմ ձեզ, կատարեցէ՛ք ըստ ամենայնի, ու դուք իմ ժողովուրդը կը լինէք, իսկ ես՝ ձեր Աստուածը»։ 5Կը հաստատեմ իմ երդումը, որ երդուեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը, ինչպէս եւ այսօր, մեղր ու կաթ է բխեցնում»։ Պատասխանեցի եւ ասացի. «Այո՛, Տէ՛ր, թող այդպէս լինի»։ 6Եւ Տէրն ինձ ասաց. «Այդ բոլոր խօսքերը յայտարարի՛ր այդտեղ, Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմից դուրս եւ ասա՛. «Լսեցէ՛ք այս ուխտի պատգամները եւ կատարեցէ՛ք դրանք»։ 7Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտացիների երկրից, ու մինչեւ այսօր, ամէն առաւօտ կանուխ, ձեր հայրերին խստագոյնս խրատեցի եւ ասացի. ՚ Ակա՛նջ դրէք իմ ձայնին», բայց նրանք չլսեցին։ 8Ականջները շուռ տուեցին եւ բոլորը, իրենց յօժար սրտով, գնացին դէպի չարիքը։ Եւ որովհետեւ ինչ որ պատուիրեցի նրանց անել՝ չարեցին, իմ այս ուխտի բոլոր խօսքերը կը կատարեմ նրանց նկատմամբ»։ 9Եւ Տէրն ինձ ասաց. «Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի այդ բնակիչների մէջ տեղ է գտել չարամտութիւնը։ 10Նրանք դարձ կատարեցին դէպի իրենց նախահայրերի մեղքերը, որոնք չէին կամենում հետեւել իմ խօսքերին։ Ահաւասիկ նրանք գնում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց։ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։ 11Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես չարիք կը բերեմ նրանց վրայ, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։ 12Յուդայի երկրի քաղաքներն ու Երուսաղէմի բնակիչները կը գնան, կը կանչեն իրենց աստուածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկութիւն չի լինելու իրենց դժբախտութեան ժամանակ։ 13Քո աստուածները, Յուդայի՛ երկիր, թուով այնքան էին, որքան քո քաղաքները, եւ ըստ Երուսաղէմի փողոցների թուի, ամօթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք՝ Բահաղին խունկ ծխելու համար։ 14Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետեւ երբ իրենց դժբախտութեան ժամանակ կանչեն ինձ՝ ես չպիտի լսեմ։ 15Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծութիւն գործեց։ Միթէ աղօթքը եւ զոհերի միսը քեզնից կը վերացնե՞ն քո չարիքները, կամ թէ դրանցով դու կը փրկուե՞ս։ 16Տէրը քո անունը գեղատես ու վարսաւոր ձիթենի կոչեց։ Նրանց թլփատութեան ձայնից դու մեծ նեղութեան մէջ ես. անպէտքացան քո ոստերը։ 17Զօրութիւնների Տէր Աստուածը, որ քեզ տնկեց, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութիւնների պատճառով սպառնաց պատժել քեզ. նրանք իրե՛նք իրենց արեցին դա, որովհետեւ ինձ բարկացնելու համար Բահաղի՛ն խնկարկեցին»։ 18Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կը ճանաչեմ. այն ժամանակ կը տեսնեմ նրանց գործերը։ 19Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»։ 20Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ յանձնեցի իմ դատը։ 21Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտռում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ կը մեռնես մեր ձեռքով»։ 22Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն։ 23Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»։
12 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։ 2Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին։ Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից։ 3Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար եւ, երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց։ 4Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամենուրեք չորանայ։ Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները«։ 5Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ։ Եւ հիմա այս խաղաղ երկրի՞ վրայ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին։ 7Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը։ 8Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան։ 9Միթէ իմ ժառանգութիւնն ինձ համար բորենու ո՞րջ է լինելու կամ նրան շրջապատող քարանձա՞ւ. շրջեցէ՛ք, հաւաքեցէ՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։ 10Բազում հովիւներ ապականեցին իմ այգին, ոտնատակ տուին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին. 11այն ենթարկուեց աւերի ու ապականութեան։ Ողջ երկիրն իմ պատճառով քայքայուեց ու քանդուեց, որովհետեւ իմ սրտին մօտ չհամարեցի պարտահատոյց լինել, եւ չկայ մէկը, որի սիրտը ցաւի դրա համար։ 12Թշուառացած՝ մարդիկ անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչեւ միւսը Տիրոջ սուրն է մաշում, ոչ մի մարմնի համար հանգիստ չկայ։ 13Ցորեն ցանեցիք, սակայն փուշ էք հնձելու, եւ ձեր անդաստանները օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտութիւնն ամօթանքի է փոխուելու այն նախատինքից, որ կրելու էք Տիրոջ առաջ։ 14Այսպէս է ասում Տէրը բոլոր չար հարեւանների մասին, որոնք ձեռք են մեկնում իմ ժառանգութեանը, որ բաշխեցի Իսրայէլի իմ ժողովրդին. «Ահաւասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Յուդայի տունը եւս հանելու եմ նրանց միջից։ 15Բայց նրանց արտաքսելուց յետոյ ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց եւ իւրաքանչիւրին բնակեցնեմ իր ժառանգութեան մէջ, ամէն մէկին՝ իր երկրում։ 16Եւ եթէ նրանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդուեն իմ անունով, թէ կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին երդուել Բահաղին, ապա նրանք կը հաստատուեն իմ ժողովրդի մէջ։ 17Իսկ եթէ դարձի չգան, ես կը ջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կը վերացնեմ նրանց», - ասում է Տէրը։
13 Այսպէս է ասում Տէրը. «Գնա՛ քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։ 2Հետեւելով Տիրոջ խօսքին՝ ես ձեռք բերի մի գօտի ու փաթաթեցի մէջքիս։ 3Տէրը, կրկին խօսքն ինձ ուղղելով, ասաց. 4«Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի քարի խոռոչում»։ 5Ու ես գնացի եւ այն թաքցրի Եփրատի ափին, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։ 6Եւ ահա շատ օրեր անց Տէրն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ վերցրո՛ւ այն գօտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել»։ 7Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի եւ վերցրի գօտին այնտեղից, ուր այն թաղել էի. բայց, ահա, գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։ 8Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. 9այսպէս է ասում Տէրը. «Այդպէս էլ ապականելու եմ Յուդայի երկրի հպարտութիւնը եւ Երուսաղէմի հպարտութիւնը, 10քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ, ընթանում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց եւ երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գօտու պէս, որը ոչ մի բանի պիտանի չէ։ 11Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը, - ասում է Տէրը, - որպէսզի նրանք ինձ համար դառնան անուանի ժողովուրդ եւ պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։ 12«Այդ ժողովրդին կը յայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Ամէն մի տիկ գինով պէտք է լցուի։ Եւ եթէ այնպէս լինի, որ քեզ ասեն, թէ՝ ՚ Միթէ մենք չե՞նք հասկանում ու չգիտե՞նք, որ ամէն մի տիկ գինով պիտի լցուի», 13ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Ահա ես այդպէս պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին եւ թագաւորներին՝ Դաւթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարէներին, Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչներին։ 14Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին, - ասում է Տէրը. - չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց ողորմելու՝ դրանց բնաջնջելու եմ»։ 15Լսեցէ՛ք, ունկնդի՛ր եղէք եւ մի՛ հպարտացէք, քանզի Տէրը խօսեց։ 16Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել։ Լոյս պիտի ակնկալէք, իսկ այնտեղ մահուան ստուերներ են. ձեզ դնելու են խաւարի մէջ։ 17Եւ եթէ չլսէք նրան, դառնութիւնից ձեր հոգու խորքում լաց պիտի լինէք, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափուի, քանզի կործանուեց Տիրոջ հօտը։ 18Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. «Խոնարհուէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից։ 19Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»։ 20«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղէ՛մ, եւ նայի՛ր հիւսիսից յարձակուողներին. ո՞ւր է այն հօտը, որ տրուեց քեզ, քո փառաւոր ոչխարներն ո՞ւր են։ 21Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ։ Միթէ քեզ երկունքի ցաւերը չե՞ն բռնելու, ինչպէս ծննդկան կնոջը։ 22Եւ եթէ քո սրտում ասես՝ «Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ»,ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ քո քղանցքները բացուեցին քո յետեւից՝խայտառակելով քեզ։ 23Թէ որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառիւծը՝ իր խայտուցները, դուք էլ կը կարողանաք բարութիւն անել, դուք, որ սովորել էք չարիք գործել։ 24Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիւի նման։ 25Ինձ չհաւանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ յոյսդ դրեցիր սուտ աստուածների վրայ։ 26Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին,որ երեւան քո ամօթոյքը, 27քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից։ Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղէ՛մ, որ իմ յետեւից գալով՝ չես մաքրուելու։ Մինչեւ ե՞րբ ես այդպէս մնալու»։
14 Տիրոջ խօսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին։ 2«Սուգ մտաւ Հրէաստանը, նրա դռները մնացին թափուր, խաւարը պատեց երկիրը, եւ Երուսաղէմն աղաղակ բարձրացրեց։ 3Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները եւ ջուր չգտան. իրենց ամանները դատարկ յետ բերեցին։ Ամաչեցին ու ամօթահար ծածկեցին իրենց գլուխները։ 4Երկրագործութիւնը դադարեց, որովհետեւ հողն առանց անձրեւի մնաց. մշակներն ամօթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։ 5Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետեւ բուսականութիւն չկար. 6ցիռերը դաշտերում վիշապների պէս օդ ծծեցին, նրանց աչքերը դուրս ընկան, որովհետեւ խոտ չկար»։ 7Թէպէտ մեր մեղքերը կանգնեցին մեր դէմ, բայց դու, Տէ՛ր, վարուի՛ր յանուն քո անուան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ. 8մեղք ենք գործել քո հանդէպ, ո՛վ յոյսդ Իսրայէլի։ Տէ՛ր, նեղութեան ժամին փրկի՛ր մեզ։ Ինչո՞ւ երկրի վրայ պանդխտի պէս եղար կամ երկրի մի բնակչի պէս, որ իր իջեւանն է վերադառնում։ 9Միթէ դու քնած մի մա՞րդ ես, կամ մի ա՞յր, որ զուրկ է փրկելու կարողութիւնից։ Բայց դու, Տէ՛ր, մեր մէջ ես, եւ քո անունը դրուած է մեզ վրայ, մի՛ մոռացիր մեզ։ 10Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. «Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին». եւ Աստուած բարեհաճ չեղաւ նրանց հանդէպ. այժմ պիտի յիշի նրանց անիրաւութիւնները եւ պիտի պատժի նրանց իրենց մեղքերի համար։ 11Տէրն ինձ ասում է. «Այն ժողովրդին բարիք անելու համար մի՛ աղօթիր։ 12Եթէ ծոմ էլ պահեն, ես չեմ լսելու նրանց խնդրանքները. եթէ ողջակէզներ ու զոհեր մատուցեն, դրան էլ հաճութիւն ցոյց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։ 13Իսկ ես ասում եմ. «Ո՛վ դու, որ Տէր Աստուած ես, ահա մարգարէներն ասում են նրանց, թէ՝ «Սուր չէք տեսնելու, սով չի լինելու ձեր մէջ, քանզի ճշմարտութիւն ու խաղաղութիւն պիտի շնորհուեն երկրի եւ այդ տեղի վրայ»։ 14Տէրն ինձ ասում է. «Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ տուել նրանց եւ ո՛չ էլ խօսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարէանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակութիւններ ու հմայութիւններ եւ իրենց սրտի ցանկութիւնները»։ 15Դրա համար Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. «Նրանք մարգարէութիւն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատուիրել եմ նրանց, որ ասեն, թէ՝ «Սուր ու սով չպիտի լինի այս երկրում»։ Մահուան քայքայիչ հիւանդութեամբ եւ սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարէները, 16նաեւ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարէանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին, թէ՛ նրանք, թէ՛ նրանց կանայք եւ թէ՛ նրանց որդիներն ու դուստրերը. եւ նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարութիւնն իրենց վրայ պիտի թափեմ։ 17Կ՚ասես նրանց նաեւ այս խօսքը. «Զօր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեցէք, եւ թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կոյս աղջիկը մեծ կոտորածի, ամենացաւագին հարուածների ենթարկուեց։ 18Դաշտ եմ դուրս գալիս՝ եւ ահա սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում՝ եւ ահա սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը»։ 19Միթէ իսպառ երե՞ս թեքեցիր Յուդայի երկրից, կամ նրանից բոլորովին հեռացա՞ւ քո հոգին. ինչո՞ւ այնպէս հարուածեցիր մեզ, բժշկութիւն չլինի մեզ համար։ Խաղաղութիւն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարուեց, սպասեցինք բժշկութեան ժամին, բայց ահա խռովութիւն եղաւ։ 20Տէ՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը եւ մեր հայրերի անիրաւութիւնները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։ 21Քո անուան համար մեղմի՛ր բարկութիւնդ, կորստեան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. յիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։ 22Հեթանոսական կուռքերի մէջ կա՞յ արդեօք մի կուռք, որ անձրեւ բերի, կամ թէ կարո՞ղ է երկինքը ինքն իրեն հեղեղ տեղալ. այդ անողը միթէ դու ինքդ չե՞ս, ո՛վ Տէր Աստուած մեր, եւ մենք քեզ վրայ ենք դնում մեր յոյսը, քանզի դու ես այդ ամէնը կատարում։
15 Տէրն ինձ ասում է. «Եթէ Մովսէսն ու Սամուէլն իսկ իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա՛։ 2Եւ եթէ պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. «Ովքեր մահուան համար են՝ թող գնան դէպի մահ, ովքեր սրի համար են՝ դէպի սուր, ովքեր սովի համար են՝ դէպի սով, իսկ ովքեր գերութեան համար են՝ դէպի գերութիւն»։ 3Ես նրանցից վրէժ լուծելու համար պիտի դիմեմ չորս միջոցի, - ասում է Տէրը. - սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին՝ յօշոտելու եւ ոչնչացնելու համար։ 4Յուդայի երկրի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառով եւ այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղէմում, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների տանջանքին։ 5Ո՞վ կը խնայի քեզ, Երուսաղէ՛մ, կամ ո՞վ կը տրտմի քեզ համար, եւ կամ ո՞վ կը դառնայ դէպի քեզ՝ հարցնելու քո խաղաղութեան մասին, 6քանզի դու երես թեքեցիր ինձնից, - ասում է Տէրը, - եւ յետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրայ եւ պիտի կործանեմ քեզ։ 7Այլեւս նրանց չեմ լսի, պիտի ցրեմ ու սփռեմ նրանց. իմ ժողովուրդն անզաւակ մնաց դռներին, որովհետեւ ես կորցրի իմ ժողովրդին՝ նրանց չարութեան պատճառով, քանի որ նրանք չուղղուեցին։ 8Նրա չարիքներն աւելի բազմացան իմ շուրջը, քան ծովի աւազը։ Ե՛ւ նրանց վրայ, ե՛ւ իրենց մօր վրայ շարժեցի երիտասարդներին։ Միջօրէին նրանց շուրջը թշնամութիւն գցեցի. յանկարծակի դող ու տագնապ եկաւ։ 9Նա, որ եօթը զաւակ էր ծնել, զրկանքների մատնուեց, նրա հոգին նուաղեց. միջօրէին նրա արեւը մայր մտաւ. ամօթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների աչքի առաջ սրի պիտի մատնեմ», - ասում է Տէրը։ 10Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրեւ ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրեւ մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, 11քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որեւէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառուեց։ 12Թող որ նրանք յաջողութիւն գտնեն բարի բաների մէջ, Տէ՛ր, թէպէտ նրանց փորձութեան ժամին կամ նրանց նեղութեան ժամանակ ես իմ թշնամիների հանդէպ բարիք չեմ գործել։ 13Երկաթի զօրութիւնը կարո՞ղ է ճանաչուել, իսկ քո զօրութիւնը քաղաքի պղնձէ պարսպի զօրութեան պէս է։ 14«Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը, իբրեւ փրկանք, տալու եմ օտարներին։ 15Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկութիւնից կրակ է վառւում, որ բորբոքուելու է ձեզ վրայ։ 16Դու գիտես, Տէ՛ր, յիշի՛ր ինձ, Տէ՛ր, այցելի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ինձ համար մի՛ ուշացիր, գիտցի՛ր, քեզ համար որքա՜ն նախատինք կրեցի քո խօսքերն արհամարհողներից։ 17Մեռցրո՛ւ նրանց, եւ քո խօսքն ինձ՝ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կը լինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրուած, ո՛վ Ամենակալ Տէր Աստուած։ 18Ծաղր անողների հետ ատեան չնստեցի, այլ երկիւղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետեւ դառնութեամբ էի լցուած։ 19Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմութիւն են պատճառում, զօրանում են, իսկ իմ վէրքերն ահաւոր են. ինչպէ՞ս պիտի բժշկուեմ։ Փոխուեցի ու վերածուեցի անհամ ջրի, որի նկատմամբ չկայ հաւատ։ 20Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս,քեզ կը պատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կ՚ապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը,կը լինես ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, 21ես քեզ կը տամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ,բայց չեն կարողանայ սասանել քեզ,քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու եւ պահպանելու համար, - ասում է Տէրը, - 22ես քեզ կ՚ազատեմ չար ձեռքերից, քեզ կը փրկեմ ժանտ ձեռքերից», - ասում է Տէր Աստուածն Իսրայէլի։
16 Տէրը խոսեց ինձ հետ ասելով՝ 2«Քեզ համար կին մի՛ առնիր, եւ այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնուեն», 3քանզի Տէրն այսպէս է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնուեն այդտեղ, նաեւ նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպէս եւ նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։ 4«Նրանք հիւանդութեամբ պիտի հիւծուեն ու մեռնեն. լաց ու կոծի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակուեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառուեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կեր պիտի դառնան»։ 5Այսպէս է ասում Տէրը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա եւ ոչ էլ նրանց վրայ սուգ պահիր, որովհետեւ իմ խաղաղութիւնը, ողորմութիւնն ու գթութիւնը յետ եմ վերցրել այդ ժողովրդից, - ասում է Տէրը։ 6Թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու, նրանց համար արիւնբզիկ չեն լինելու եւ մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման։ 7Նրանց սգոյ հացը մեռնողի վրայ մխիթարութեան համար կտրող չի լինելու, եւ ոչ էլ նրա հօր ու մօր յիշատակին մխիթարութեան բաժակ են խմելու։ 8Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջոյքի տուն մի՛ մտնիր». 9քանզի այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ իմ աչքի առաջ եւ ձեր իսկ օրերում այդտեղից կը վերացնեմ ձայնը ցնծութեան եւ ձայնն ուրախութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի։ 10Եւ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ «Այդ բոլոր մեծ չարիքների համար Տէրն ինչո՞ւ խօսեց մեր դէմ, ի՞նչ անիրաւութիւն կայ մեր մէջ կամ ի՞նչ մեղք, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստծու առաջ», - ապա կ՚ասես նրանց. «Որովհետեւ ձեր հայրերը լքեցին ինձ, - ասում է Տէրը, - եւ գնացին օտար աստուածների յետեւից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողին եւ իմ օրէնքը չպահեցին։ 11Բայց դուք այնքան անզգամ եղաք՝ կատարեցիք աւելին, քան ձեր հայրերը. ահաւասիկ դուք իւրաքանչիւրդ ինձ չլսելու համար ընթանում էք ձեր չար սրտերի հաճոյքների յետեւից։ 12Այս երկրից ես ձեզ կը նետեմ մի երկիր, որը չգիտէք ո՛չ դուք եւ ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կը ծառայէք օտար աստուածներին, բայց ձեզ ողորմածութիւն չեն անի»։ 13«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ այլեւս չեն ասի՝ «Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից», 14այլ կ՚ասեն թէ՝ «Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր արտաքսուել էին, ու նրանց վերստին կը պատսպարի իրենց երկրում, որը տուել էր նրանց հայրերին»։ 15«Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, - ասում է Տէրը, - եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից։ 16Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 17Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։ 18Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։ 19Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։ 20«Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»։
17 «Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով,որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին եւ նրանց զոհասեղանների եղջիւրներին, մինչեւ այն ժամանակ, 2քանի դեռ նրանց որդիները կը յիշեն իրենց մեղքերըեւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների եւ ամայի լեռների վրայ։ 3Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ։ 4Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի»։ 5Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ։ 6Նա կը լինի ինչպէս վայրի մոշին անապատում եւ, երբ բարիքը գայ, չի նկատի. կը բնակուի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի։ 7Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։ 8Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։ 9Սիրտը խոր է, քան ամէն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։ 10Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդիւնքի»։ 11Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր օրերի կէսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգայ իր անմտութիւնը։ 12Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը, 13բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբիւրը։ 14Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։ 15Ահաւասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող այստեղ հասնի»։ 16Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայութեամբ։ 17Ինձնից մի՛ օտարացիր, չար օրը խնայի՛ր դու ինձ։ 18Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարուածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։ 19Այսպէս է ասում Տէրը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները, նաեւ՝ Երուսաղէմի բոլոր դռներին. 20ու կ՚ասես նրանց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի թագաւորնե՛ր, համա՛յն Հրէաստան եւ դուք, Երուսաղէմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում էք այդ դռներով»։ 21Այսպէս է ասում Տէրը. «Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելնէք, 22շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր հայրերին։ 23Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները եւ աւելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպէսզի չլսեն ինձ եւ խրատ չընդունեն։ 24Եւ եթէ լինի այնպէս, - ասում է Տէրը, - որ լաւ լսէք ինձ՝ շաբաթ օրը բեռ չբերէք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահէք, այդ օրը ոչ մի գործ չանէք, 25ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագաւորներ ու իշխաններ, որպէսզի նստեն Դաւթի աթոռին. նրանք պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները, նրանք ու նրանց իշխանները, Յուդայի երկրի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այդ քաղաքը յաւիտեան բնակուած պիտի լինի։ 26Ու ամէն կողմից Յուդայի երկրի քաղաքներից պիտի գան Երուսաղէմ, պիտի գան նաեւ Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից եւ հարաւի կողմերից՝ բերելով ողջակէզներ, խունկ, ընծայ ու կնդրուկ եւ օրհնութիւն պիտի մատուցեն Տիրոջ Տան մէջ։ 27Իսկ եթէ ինձ չլսէք՝ շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կը վառեմ նրա դռներին, որն ամէն կողմից կը լափի Երուսաղէմն ու չի հանգչի»։
18 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց. 2«Գնա իջի՛ր բրուտի տունը եւ այնտեղ կը լսես իմ խօսքերը»։ 3Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի վրայ։ 4Ու մի աման, որը նա պատրաստում էր կաւից, ընկաւ նրա ձեռքից, բայց նա դարձեալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպէս որ իր աչքին հաճելի թուաց անել։ 5Եւ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. 6«Միթէ այդ բրուտի պէս չե՞մ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն։ Ահաւասիկ, - ասում է Տէրը, - ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ դու Իսրայէլի տուն։ 7Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար, 8եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ։ 9Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին՝ նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար, 10բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, - ես եւս կը զղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ կ՚անեմ նրանց։ 11Արդ, խօսի՛ր Յուդայի երկրի տղամարդկանց եւ Երուսաղէմի բնակիչների հետ. կ՚ասես նրանց. «Այսպէս է ասում Տէրը. ահաւասիկ ձեր դէմ ես չարիքներ կը նիւթեմ, ձեր մասին չար խորհուրդներ կը խորհեմ. ամէն ոք թող դառնայ իր չար ընթացքից. ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները»։ 12Բայց նրանք ասում են. «Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի»։ 13Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ՝ ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք կատարեց Իսրայէլի կոյսը։ 14Միթէ կը ցամաքի՞ ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յետ կը շրջուե՞ն։ 15Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին։ Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից ելք չկայ. 16իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի։ Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները։ 17Ինչպէս տապախառն հողմ՝ ես նրանց ցրիւ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս եւ ոչ թէ երեսս պիտի ցոյց տամ նրանց իրենց կորստեան օրը»։ 18Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից եւ խօսքը՝ մարգարէից։ Եկէ՛ք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք»։ 19Լսի՛ր ինձ, Տէ՛ր, անսա՛ իմ արդար ձայնին. 20արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները։ Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի՝քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար։ 21Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ։ 22Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին։ 23Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտա՛ս նրանց անիրաւութիւններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջե՛ս, թող նրանք հիւանդութեամբ տառապեն քո առաջ, նրանց հետ վարուի՛ր ինչպէս քո բարկութեան ժամին։
19 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Գնա քեզ համար ձե՛ռք բեր կաւից շինուած մի կուժ, ժողովրդի աւագներից եւ քահանաների աւագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ, 2բարձրացի՛ր նրանց որդիների գերեզմանոցը, որը գտնւում է Քարսիդի դռների մուտքի առաջ, եւ յայտնի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խօսեմ քեզ հետ։ 3Կ՚ասես նրանց. «Ո՛վ Յուդայի երկրի թագաւորներ, Հրէաստանի մարդիկ եւ Իսրայէլի բնակիչներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ վայրի վրայ ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով որ լսի՝ ականջները դժժան, 4որովհետեւ նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստուածներին, որոնց իրենք եւ իրենց հայրերը չէին ճանաչում։ Յուդայի երկրի թագաւորներն այս վայրը լցրին անմեղների արեամբ։ 5Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատուիրել եւ չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։ 6Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այդ վայրի անունն այլեւս չի կոչուելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ՝ Կոտորածի ձոր։ 7Այդտե՛ղ պիտի խափանեմ Յուդայի երկրի խորհուրդը եւ խորհուրդը Երուսաղէմի. սրով, ինչպէս եւ նրանց հոգիները փնտռողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։ 8Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ ապականութեան ու ենթարկեմ սուլոցի. ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի եւ սուլի նրա կրած բոլոր հարուածների համար։ 9Նեղութեան ու պաշարման մէջ՝ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։ 10Կը փշրես կուժն այն մարդկանց առաջ, որ բարձրանալու են քեզ հետ, 11ու կ՚ասես նրանց. այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. ՛՛Նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպէս որ փշրւում է խեցեղէն ամանը, որն այլեւս չի կարող վերականգնուել։ Եւ թող նրանք թաղուեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։ 12Այդպէս պիտի վարուեմ այդ վայրի հետ, - ասում է Տէրը, - նաեւ բնակչութեան հետ, որ դրա մէջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման։ 13Ու